Զվարթնոց

Անվանումը՝ Զվարթնոցի տաճար
Հուշարձանի տեսակը՝ Տաճար
Տարածաշրջանը՝ Արմավիրի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան

Անվանումը՝ Զվարթնոցի տաճար

Այլ անվանում՝ Սբ. Գրիգոր եկեղեցի, Ներսեսակերտ եկեղեցի

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի

Մարզը՝ Արմավիրի մարզ

Համայնքը՝ Վաղարշապատ

Բնակավայրը՝ Ք. Վաղարշապատ (1945–1995 թթ.` Էջմիածին), Զվարնոց թաղամաս

Տեղադրությունը՝ Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15կմ դեպի արևմուտք:

Պահպանվածությունը՝ Տաճարի ավերակները վերականգնված են մինչև առաջին հարկի կամարերը:

Բարձրությունը՝ ծ.մ. 880 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վաղ միջնադարյան հուշարձան է` 641-661 թթ.:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Զվարթնոցի տաճարն արժանացել է տարբեր դարաշրջանների գրեթե բոլոր պատմիչների ուշադրությանը: Հովհաննես Դրասխանակերտցին ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Զվարթնոցի տաճարում Գրիգոր Լուսավորչի մասունքների ամփոփման մասին:
XIX դարի վերջին քառորդում գիտական հասարակության ուշադրության կենտրոնում է հայտնվում Զվարթնոցը: Հովհաննես Շահխաթունյանցը պեղումներից շուրջ 60 տարի առաջ նկարագրում է տաճարի ավերակները, որոնք ըստ նրա, տեղի բնակիչները բնորոշում էին որպես հանգուցյալ, ընկած, խոնարհված: Երկար ժամանակ ավերված տաճարի քարերը օգտագործվում էին շրջակա գյուղերի բնակիչների կողմից որպես շինանյութ: Տաճարի ճարտարապետական որոշ մանրամասներ, մասնավորապես Ներսես կաթողիկոսի անունը կրող խոյակները, հայտնվում են Էջմիածնում, որտեղ էլ դրանք 1890թ. տեսնում է ճարտարապետության պրոֆեսոր Յոզեֆ Ստրժիգովսկին և իրավացիորեն եզրակացնում, որ խոյակները բերված են Զվարթնոցից: Այս գտածոներով ոգևորված երիտասարդ հոգևորական Մեսրոպ Տեր-Մովսիսյանը (հետագայում հայտնի պատմաբան, բանասեր Մագիստրոսը) 1893թ. պեղումներ է ձեռնարկում տաճարի հյուսիս-արևմտյան մույթի շրջանում: Սակայն, չունենալով համապատասխան թույլատվություն, շուտով ստիպված է լինում դադարեցնել աշխատանքները: Զվարթնոցի հետագա պեղումները և գիտական լայն շրջանակների ուշադրության կենտրոնացումը հուշարձանի վրա, կապված են Էջմիածնի հոգևորական Խաչիկ վարդապետ Դադյանի անվան հետ: Ամենայն Հայոց կաթողիկոսի հանձնարարությամբ և Ռուսաստանի Կայսերական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ, 1900թ. մայիսին Խաչիկ Դադյանը ձեռնարկում է Զվարթնոցի պեղման և մաքրման աշխատանքները (1900-1907թթ.): Արդեն հունիսին հայտնաբերվում են Հայաստանի վաղ շրջանի պատմությանն առնչվող նյութեր: Հայտնաբերվում է Վանի թագավոր Ռուսա II շինարարական բնույթի սեպագիր արձանագրությունը: 1904թ.-ից Խաչիկ վարդապետ Դադյանի հետ սկսեց համագործակցել հայկական ճարտարապետության նվիրյալ Թորոս Թորամանյանը, որը տվեց տաճարի առաջին գիտական վերականգնումը: Նա արդեն աշխատում էր Անիում, վայելելով ակադեմիկոս Ն. Մառի աջակցությունն ու վստահությունը: 2003 թ. հունիսից գործում է ՀՀ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղ անվանումով: 1957թ. ՀԽՍՀ կառավարության որոշմամբ հուշարձանի տարածքում վերականգնվել է VII դարի բնապատմական միջավայրը, կատարվել է տարածքի կանաչապատում, ստեղծվել բնապատմական միջավայր և այգեպուրակային համալիր: 1980-90-ական թթ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով վերականգնվել են խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, տաճարի առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 2000-2003 թթ. ճարտարապետ Մ.Դանիելյանի նախագծով վերականգնվել է հարավային կամարաշարը և արևմտյան շքամուտքը: 2003 թ. ավարտին է հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահներ`երկուսը մշտական, իսկ մեկը` ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման համար:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Ճարտարապետություն
Տաճարը եղել է արտաքուստ եռաստիճան, հաջորդաբար նվազող երեք բազմանիստ գլանային ծավալների միասնական, ներդաշնակ հորինվածքով շինություն: Համաձայն հատակագծային հորինվածքի այն յոթ աստիճաններից կազմված պատվանդանի և եռաստիճան որմնախարիսխի վրա բարձրացող, 35,75մ տրամագիծ ունեցող, շրջանաձև սրահի մեջ ներգծված խաչ է: Նրա երեք խաչաթևերը կազմված են զամբյուղահյուս խոյակներով պսակված վեց սյուներով: Դրանք իրար են միացել կամարների միջոցով: Խոյակների վրա` մեդալիոնների մեջ, պահպանվել են Ներսես Շինողի անվան հունարեն սկզբնատառերը, որոնք տեղակայված են խաչի շուրջ:
Տաճարի ավագ խորանը զարդարված է եղել որմնանկարով և խճանկարով, որոնց մանրամասները գտնվել են պեղումների ժամանակ: Ներգծված քառախորանը շրջապատող սրահի պատը ներքուստ շրջանաձև է, իսկ արտաքուստ` բազմանիստ: Խորանների հատման կետերում տեղակայված չորս զանգվածեղ մայր մույթերը և դրանք իրար կապող չորս կամարներն ու առագաստները կազմում են միաձույլ գմբեթակիր համակարգը: Մայր մույթերը իրենց դիմաց տեղադրված թևատարած արծվաքանդակ խոյակներով պսակված չորս միակտոր խոշոր սյուներին կապված են թաղակիր կամարներով: Արծվախոյակ սյուները ևս իրար միացված են կամարներով, որոնք էլ խորանների միջնահատվածների հետ կրել են տաճարի երկրորդ հարկի պատի օղակաձև հիմքը: Տաճարի հինգ շքամուտքերը հյուսիսից, հյուսիս-արևմուտքից, արևմուտքից, հարավ-արևմուտքից և հարավից բացվում են շրջանաձև սրահի մեջ, որի ընդհանուր բարձրությունը թաղով բաժանված է եղել երկու հատվածի` ստեղծելով վերնահարկ: Այս հատվածի նիստերի վերին մասում տեղադրված են եղել կլոր լուսամուտներ: Ըստ ուսումնասիրողների մեծամասնության կարծիքի վերնահարկ տանող սանդուղքները տեղակայված են եղել տաճարի արևելյան հատվածում գտնվող ուղղանկյուն կառույցում: Տաճարի արևելյան խորանին կից է գտնվում հատակից որոշակի բարձրություն ունեցող հարթակը, որի վրա տեղադրված է քարե ամբիոնը: Հարթակ բարձրանում էին երեք կողմից տեղադրված քարե սանդուղքներով: Կենտրոնական սանդուղքի դիմաց` տաճարի ուղիղ կենտրոնում է գտնվում այսպես կոչված մկրտության ավազանը: Կառույցի գործառութային նշանակության վերաբերյալ Ս. Մնացականյանի կարծիքն այլ է: Ըստ նրա ենթադրության այստեղ ամփոփված են եղել Գրիգոր Լուսավորիչի մասունքները: Կառույցի հարավային մասում տեղադրված է եղել արևի բոլորակ-ժամացույցը: Առաջին աստիճանի խորանաշարի վերին մասը պարագծով ընդգրկող քանդակազարդ գոտին հարդարված է խաղողի որթի ու նռան ճյուղերի քանդակներով: Որմնակամարների միացման անկյուններում եղել են հոգևոր և աշխարհիկ անձանց 32 բարձրաքանդակներ, որոնցից պահպանվել են ինը: Ըստ Բ. Առաքելյանի դրանք պատկերում են տաճարի շինարար վարպետներին: Դրանցից մեկի վրա կարդացվում է Յոհան անունը, որը ենթադրաբար տաճարի ճարտարապետն է: Մեկ այլ կարծիքի համաձայն այն պատկերում է Տրդատ արքային (Զ. Հակոբյան, 2016, 142)Կարծիքներ կան նաև, որ բարձրաքանդակների կերպարները ներկայացնում են հոգևոր և աշխարհիկ այն անձանց, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել տաճարի շինարարությանը և կամ որևէ ձևով օժանդակել դրան:
Տաճարը կործանվել է 970-973 թթ. ընդգրկող ժամանակահատվածում` Թալին-Արուճ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում:
Զվարթնոցի կաթողիկոսական պալատը վաղ միջնադարյան աշխարհիկ ճարտարապետության դասական կառույցներից է: Պալատական շինությունները տեղակայված են տաճարից հարավ-արևմուտք: Ինը սենյակներից բաղկացած հարավային թևը քառանկյունի մի կառույց է` շրջապատված հյուսիսային, հարավային և արևմտյան սյունասրահներով: Բոլոր սենյակները սալահատակված են: Ըստ Վ. Հարությունյանի ինը սենյակներից հինգը եղել են բնակելի:

Զվարթնոցի բաղնիքը. Հայաստանում վաղ միջնադարով թվագրվող եզակի կառույցներից է: Այն տեղակայված է տաճարի հարավային շինությունների արևելյան հատվածում: Ցավոք, բաղնիքը հետագա դարերում ենթարկվել է մեծ վերափոխումների և հավանաբար, օգտագործվել տնտեսական նպատակով: Զվարթնոցի բաղնիքը ինքնատիպ է այն առումով, որ իբրև տաքացնող մակերես հանդես է գալիս ոչ միայն հատակը, այլև պատերն ու մույթերը:
Զվարթնոցի միջնադարյան հնձանը տեղակայված է համակառույցի հարավ-արևելյան կողմում, որը մասնակի բացվել էր դեռ 1930-ական թթ., իսկ ամբողջովին պեղվել է 1958թ.: Հնձանն ուղղանկյունաձև կառույց է: Այն միջանցքով բաժանված է երկու հավասար հատվածների, որոնցից հարավայինում տեղակայված են չորս հարթակներ, որոնցից եզրայինները համեմատաբար մեծ են: Հարթակները սալարկված են գետաքարերով և սվաղած կրաշաղախով:

🔨 Գտածոներ

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների խեցեղեն անոթներ, մետաղե գործիքներ, արձանագիր և պատկերագիր բազմաթիվ քարաբեկորներ:

🌍 Նշանակությունը

Զվարթնոցը նոր խոսք էր ոչ միայն ճարտարապետական կառույցի առումով, այլև իր արտաքին և ներքին հարդարանքով: 2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ, Զվարթնոցը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Ավանդազրույցներ Ներսես կաթողիկոսը Զվարթնոցի տաճարը կառուցել է Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հանդիպման վայրում:
Մեկ այլ ավանդապատում-տեղեկության համաձայն, որը հաղորդում է պատմիչ Մովսես Կաղանկատվացին, ըստ որի Զվարթնոցի օծմանը մասնակցել է նաև Բյուզանդիայի Կոստանդ II (641-668թթ.) կայսրը: Ըստ պատմիչի կայսրն այնքան էր հիացած կառույցով, որ շինարարներին հրամայում է գնալ իր հետ Բյուզանդիա`իր մայրաքաղաքում նման եկեղեցի կառուցելու համար, սակայն ճանապարհին վարպետը մահանում:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Բ. Առաքելյան 1949, Հայկական պատկերաքանդակները IV-VII դարերում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 128 էջ:
  2. Թ. Թորամանյան 1942, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հատ. 1, Երևան, ԱՐՄՖԱՆԻ հրատ., 403էջ:
  3. Զ. Հակոբյան 2016, Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր), Երևան, ԵՊՀ, 170 էջ:
  4. Տ. Մարության 1963, Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ, Երևան, Հայպետհրատ, 185էջ:
  5. Ս. Մնացականյան 1971, Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 259էջ:
  6. Շախաթունյանց Հ. 1842, Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, Էջմիածին, հատոր առաջին, 293 էջ:
  7. Ա. Քալանթար 2007, Հին Վաղարշապատի պեղումները, Հայաստան. քարե դարից միջնադար, Երկերի ժողովածու, Երևան, ‹‹Գիտություն››, էջ 317-359:
  8. Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore.

Հուշարձանների ցանկ
‹‹Զվարթնոց›› պատմա-մշակութային արգելոց-թանգարան

📷 Լուսանկարներ

  1. Տաճարի և հարակից կառույցների ընդհանուր հատակագիծը (Cuneo P. 1988, p. 102):
  2. Տաճարի հարավային շքամուտքը (լուս. Դ. Միրիջանյան):
  3. Ներսես Շինողի անվան հունարեն սկզբնատառերը (լուս. Դ. Միրիջանյան):
  4. Արծվաքանդակ խոյակը (լուս. Դ. Միրիջանյան):
  5. Վանի թագավոր Ռուսա II սեպագիր արձանագրությունը (կրկնօրինակ) (լուս. Դ. Միրիջանյան):
  6. Հարավային պատի արևի ժամացույցը (կրկնօրինակ) (լուս. Դ. Միրիջանյան):
  7. Նռան ճյուղերի քանդակները (լուս. Դ. Միրիջանյան):
  8. Խաղողի որթի քանդակները (լուս. Դ. Միրիջանյան):
  9. Կաթողիկոսական պալատը (լուս. Դ. Միրիջանյան):
  10. Հնձանի քառակուսի հորերից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):
  11. Հնձանի շրջանաձև հորերից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):
  12. Զվարթնոցի արջուկի քանդակը խաղողի որթի մոտ (լուս. Դ. Միրիջանյան):
  13. Յոհան անունը կրող հոգևորականի քանդակը (լուս. Դ. Միրիջանյան):
  14. Հայտնաբերված գինու կարասներից երկու, յուրաքանչյուրը 500լ տարողությամբ (լուս. Դ. Միրիջանյան):
  15. Տաճարի ավագ խորանի խճանկարի բեկորները, ցուցադրվում է Զվարթնոցի թանգարանում (լուս. Դ. Միրիջանյան):
  16. Պեղումների արդյունքում հայտնաբերված ջնարակապատ խեցեղենի մի քանի օրինակ (լուս. Դ. Միրիջանյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ