Zorats Karer

Զորաց Քարեր

Անվանումը՝ Զորաց Քարեր
Հուշարձանի տեսակը՝ Դամբարանադաշտ
Շրջան՝ Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան՝ Նախապատմական

Անվանումը` Զորաց Քարեր

Այլ անվանում՝ Քարահունջ, Քարենիշ, նաև հայտնի են հնավայրի այլ անվանումները. Ցից քարեր, Դիք-դիք քարեր:

Հուշարձանի տեսակը՝ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք:

Մարզը՝ Սյունիք

Համայնքը՝ Սիսիան

Բնակավայրը՝ Սիսիան

Տեղադրությունը՝ Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս:

Պահպանվածությունը՝ Ավերակ, պեղավայր

Կոորդինատները՝ 39°33′02″ հս․ լ. 46°01′43″ ավ. ե.

Բարձրությունը՝ ծ.մ. 1770մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ մ.թ.ա. III-I հազաևամյակներ

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIVդդ.: Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտավորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին: 1920-ական թվականների վերջերին Զորաց Քարերում դիտարկումներ է կատարել Ս. Դ. Լիսիցյանը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Մ. Ս. Հասրաթյանը, սակայն նրանց հրատարակած աշխատանքներում համար 1 դամբարանային կառույցը հատուկ ուսումնասիրության և վերլուծական նկարագրության առարկա չի դարձել: 1967թ. Զորաց Քարերում վերգետնյա նյութեր է հավաքել Գ. Ե. Արեշյանը: Դրանց մեջ ակնառու էր մ.թ.ա. XIX-XVII դդ. բնորոշ թռեխք-վանաձորյան և Ուզերլիկյան ոճի գունազարդ խեցեղենի բեկորների առկայությունը: Այնուհետև 1970-ական թվականների վերջից մինչև 2000թ.-ը Զորաց Քարերում դիտարկումներ և փոքրածավալ հետախուզական պեղումներ են կատարել Օ. Խնկիկյանը, Պ. Ավետիսյանը, Շ. Կրոլլը, Ու. Հելլվագը և Մ. Զարդարյանը: Միևնույն ժամանակ 1990-ական թվականներին տարածում ստացավ Պ. Հերունու վարկածը, համաձայն որի Զորաց Քարերի ուղղահայաց կանգնեցված անցքերով մեգալիթները հնագույն աստղադիտարանի մնացորդներ են: Պ. Ավետիսյանը և Շ. Կրոլլը հերքեցին Պ. Հերունու կարծիքը` պարզելով, որ անցքեր կրող ուղղահայաց մեգալիթներով պատվել է պաշտպանական պարսպի արտաքին կողմը: Զորաց Քարերի վերաբերյալ Պ. Ավետիսյանի և Շ. Կրոլլի նախնական եզրակացությունն էր, որ այդ հնավայրը սկզբից եղել է մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, որից հետո այն փոխարինվել է աքեմենյան-անտիկ դարաշրջանների ամրացված բնակավայրով: Վերոհիշյալ գիտնականները հաստատեցին Ս. Դ. Լիսիցյանի եզրակացությունը այն մասին, որ Զորաց Քարերի մեգալիթներում արված անցքերը օգտագործվել են այդ քարերը քաշելով տեղափոխելու համար. Անցքերից անց են կացվել պարաններ և մեգալիթները քաշել են եզներով: Այդ տեխնիկան հարատևել է Սիսիանում մինչև Երկրորդ Աշխարհամարտը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Զորաց Քարերը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝ 39°33′02″ հս․ լ. 46°01′42″ ավ. ե.՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում և զբաղեցնում է 7 հա տարածք Որոտան գետի Դարբ վտակի ձորի ձախ ափին:

Շերտագրությունը
Զորաց Քարերի թիվ 1 համալիրում հնագույն թաղումը կատարվել է ոչ ուշ քան ուշ բրոնզեդարի վերջում (մ.թ.ա. XIII-XI դարերի ընթացքում), Զորաց Քարերում մ.թ.ա III դարից ուշ թվագրվող գտածոների բացակայությունը հուշում է, որ մեգալիթյան անցքավոր քարերով պաշտպանական պարիսպը հավանաբար կառուցվել է Արտաշես Ա Մեծագործի կողմից Ծղուկի գրավումից առաջ: Այս դատողությանը համահունչ է Սիսիանից գտնված Արտաշեսյան կայսրության հիմնադրի արամեերեն արձանագրության հայտնաբերման փաստը:

Ճարտարապետությունը
Զորաց Քարերը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Այդ կառույցներն են՝ կենտրոնական շրջանը, հյուսիսային և հարավային թևերը, հյուսիս–արևելյան քարուղին, շրջանը հատող լարագիծը, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Անցքերն ունեն 4-5 սմ տրամագիծ և գտնվում են քարերի գագաթներից 15-20 սմ ներքև։ Անցքերը երկու կողմից կոնաձև լայնանում են տրամագծում մինչև 12սմ։ Անցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկներ ունեցող թրծակավե գործիքներով, ներսի կողմի մակերեսը մաքուր է ու ողորկ։ Գ. Ե. Արեշյանն իր բազմամյա դիտարկումների հիման վրա ձևավորվել է մի վարկած, ըստ որի Զորաց Քարերը հսկայական ծիսա-պաշտամունքային համալիր է, որի ձևավորումը սկսվել էր մ.թ.ա. երկրորդ հազարամյակի առաջին քառորդի ընթացքում, և վերափոխվելով շարունակվել է, ներառելով մ.թ.ա. առաջին հազարամյակի երկրորդ կեսը: Այնուհետև հուշարձանախումբը պարբերաբար բնակեցվել, կամ այցելվել է նաև միջնադարի ընթացքում: Հայաստանի Ամերիկյան համալսարանը դրամային նվեր ստանալով 2018թ-ին դաշտային աշխատանքներ կատարելու նպատակով` ուղղեց այդ միջոցները նույն թվականին վերգետնյա վավերացման աշխատանքներին:

2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Զորաց Քարերում երկու մանրամասն տեղահանույթներ կատարվեցին, մեկը՝ լազերային թեոդոլիթային համապարփակ կայանով (Leica total station, Ս. Դավթյան), մյուսը՝ դրոնային համատարած լուսանկաման վերածումը եռաչափ տեղահանույթի համակարգչային ծրագրերի միջոցով (Ա. Մկրտչյան): Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախաձեռնած վերգետնյա վավերագրման աշխատանքներին զուգընթաց Պատմա-մշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության խումբը (ղեկավար՝ Ա. Փիլիպոսյան) սահմանափակ ծավալի պեղումներ են կատարել հուշարձանախմբի տարածքում, որոնք սկսված էին դեռ 2014թ-ին՝ դամբարանային համար 1 ճարտարապետական համալիրի դամբանասրահի (այսպես կոչված «աստղադիտարանի») մասնակի մաքրումով: Արդյունքում ճշգրտվեց, որ Զորաց Քարերի տարածքը 7հա է, մեծ մասը զբաղեցնում են մոնումենտալ ճարտարապետության մի քանի տասնյակի հասնող համալիրներ, որոնց անբաժանելի մասն են կազմում դամբանասրահները:

Դրոնային լուսանկարների և վերգետնյա դիտարկումների համադրումը թույլ է տվել էական եզրակացությունների հանգել նաև Զորաց Քարերի կառուցապատման փուլաբաժանման վերաբերյալ: Դրանից արված լուսանկարներում հստակ երևում է Զորաց Քարերի հրվանդանը հյուսիսից հարավ հատող պարիսպը, որը ձգվելով մի կիրճի բերանից մինչև մյուս կիրճը անջատել էր հրվանդանը արևելյան կողմում տարածվող սարահարթից: Զորաց Քարերի եռանկյունի հրվանդանի վրա տեղակայված կառուցապատ տարածքը պաշտպանված էր բնական ձորերով հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան կողմերից, իսկ արևելյան կողմը պաշտպանվել է պարսպով: Պարիսպը հատել էր համալիրի պարույրաձև սյունաշարը, հետևաբար խաթարել է ամբողջ համալիրի ծիսա-արարողական համակարգը, այսինքն ապասրբացնելով դրա սկզբնական նշանակությունը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ պաշտպանական պարիսպը կառուցվել էր ավելի ուշ քան թիվ 1 ճարտարապետական դամբարանային համալիրը, երբ դրանով ներկայացված առասպելա-ծիսական բովանդակությունը այլևս նշանակություն չի ունեցել պարիսպը կառուցողների համար: Միևնույն ժամանակ Ա. Փիլիպոսյանի կատարած պեղումները բացեցին այդ պարսպի արտաքին ու ներքին ճակատները մեկ պեղամասի տարածքում: Անցքավոր մեգալիթները շարժվել են պարսպի արտաքին երեսին՝ ամրապնդելով դրա կայունությունն ու պաշտպանունակությունը:

Տեղագրական իրավիճակից ելնելով ընդունելի է այն վարկածը, որ թիվ 1 ճարտարապետական դամբարանային համալիրը առանձնահատուկ տեղ է ունեցել Զորաց Քարերի հուշարձանախմբում ու այն վաղ շինություններից մեկն է: Համալիրը կառուցվել է Զորաց Քարերի հուշարձանախմբի ձևավորման հնագույն փուլում, որը բավականաչափ հստակ է թվագրում դրա տարածքից հավաքված մ.թ.ա. 1900-1700թթ. միջին բրոնզեդարյան գունազարդ խեցեղենով: Համալիրի հիմնական դամբասենյակում Ա. Փիլիպոսյանի 2017թ-ին կատարած պեղումները ի հայտ են բերել թաղման ծիսակարգի ընծաների մի ամբողջ համալիր, որը համապաասխան զուգահեռների հիման վրա (Քանագեղ, Մինգեչաուր) թվագրվում է մ.թ.ա. 1300-1100թթ., այսինքն՝ ուշ բրոնզեդարի վերջին փուլով: Ուստի բացառված չէ, որ ամբողջ համալիրը նույնպես կառուցված լիներ ուշ բրոնզեդարի վերջում: Խնդրի լուծման բարդությունը ծագում է նրանից, որ Համար 1 համալիրի հիմնական դամբանասենյակը բազմիցս օգտագործվել է թաղումների համար, ինչը թողել էր տարբեր ժամանակաշրջաններին պատկանող թաղման ծիսակարգի ընծաներ՝ խառնված շերտագրական վիճակով:

🔨 Գտածոներ

 Գտածոների մեջ հստակ առանձնանում են նաև ուշ ուրարտական (մ.թ.ա. 700-500թթ.) և աքեմենյան-հետաքեմենյան/երվանդյան (մ.թ.ա.500-200թթ.) դամբարանային ընծաների համալիրները: Վերջինիս ցայտուն բնորոշիչներն են ներճկված մեջքով բրոնզե ապարանջանները և դեղնաձիթապտղագույն մակերեսով կուժը՝ դարչնագույն ներկի խաչվող լայն ժապավեններով զարդարված: Հիմնական դամբասենյակի ծածկասալերից մեկը նույնպես անցքավորված է, սակայն հաշվի առնելով, որ թիվ 1 ճարտարապետական համալիրը շուրջ մեկ հազարամյա թաղումային օգտագործման պատմություն ունի, դժվար է պնդել, թե որ փուլում է այն տեղադրվել:

🌍 Նշանակությունը

Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է, միակ մեգալիթյան հուշարձանը ամբողջ Կովկասում, որը այդպիսի ծավալով և այս մակերեսով պահպանվել է։ Կովկասի ու Արևելքի հնագիտությանը քիչ թե շատ լավատեղյակ հնագետներն, ովքեր այցելելու են Զորաց Քարեր միանգամից նկատելու են այդ հնավայրի եզակիությունը, եզրակացնելով որ նման մեկ այլ հնավայր հայտնի չէ իրենց ծանոթ ամբողջ տարածաշրջանում:

📜 Ավանդազրույցներ

Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և Ղոշուն դաշ անվանական տարբերակներով: Վերջին ժամանակներս հուշարձանը սխալմամբ հորջորջվում է նաև Քարահունջ: Մի շարք աստղագետների կարծիքով այս տարածք կիրառվել է որպես աստղադիտարան, նրանց մեջ շատ են պատմվում առասպելներ, թե արևը ծագում է և մոլորակները դիտելի են այս անցքերից, կամ այլմոլորակայիննների հետ առնչությունները և այս տեղի համեմատականները անգլիական Սթոունհենջի հետ: Սիսիանի ազգաբնակչության մեջ հետաքրքիր առասպելներ են պատմվում Զորաց Քարեր անվան ստուգաբանոթյան համար, թե իբր Լենկ Թեմուրը իր արշավանքների ժամանակ գալիս է բնակչությանը կոտորելու և շրջապատում է քաղաքը: Բնակիչները ամբողջ գիշեր աղոթում են և առավոտյան ելնում և տեսնում են, որ Լենկ Թեմուրի զինվորները քարացել են և այստեղից էլ Զորաց քարեր անվանումը և այդ ցից-ցից կամ դիք-դիք քարերը երբեմնի Լենկ Թեմուրի զորքն են:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Ավետիսյան Հ., Գնունի Ա.,Բոբոխյան Ա.,Սարգսյան Գ. 2015, Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Երևան, էջ 57-60:
  2. Բարխուդարյան Ս. 1960, Գորիսի, Սիսիանի եւ Ղափանի շրջաններ, «Դիվան հայ վիմագրության» մատենաշար, No Ա, Երևան, էջ 122:
  3. Եսայան Ս. 1972, Զանգեզուրի վաղ հնագիտական հուշարձանները, «Լրաբեր», No 4, էջ 65:
  4. Լալայան Յ. 1931, Դամբանների պեղումներ Խորհրդային Հայաստանում, Երևան, էջ 63-66:
  5. Լալայեան Յ. 1898, Սիսիան, նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար, «Ազգագրական Հանդէս» No Գ, Թիֆլիս, էջ 162-182:
  6. Լալայեան Յ. 1904, Շարուր Դարալագեազի գաւառ,«Ազգագրական Հանդէս» գիրք XII, Թիֆլիս,  էջ 264:
  7. Լիսիցյան Ստ. 1969, Զանգեզուրի հայերը, Երևան, տախտակ CXIV:
  8. Խնկիկյան Օ. 1984, «Սիսիանի Զորաքարերը», «Հայաստանի բնություն», No4, Երևան,. էջ 33:
  9. Հասրաթյան Մ. 1985, Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան, էջ 175:
  10. Հարությունյան Վ. 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, էջ 13:
  11. Հերունի Պ. 1998, Քարահունջ – հնագույն աստղադիտարան Սիսիանում, «Գարուն»,  No 5, Երևան, էջ 87-93:
  12. Հերունի Պ. 2006, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան, էջ 17, 52-54:
  13. Փիլիպոսյան Ա. 2016, Զորաց քարեր հնավայրը, Պատմություն և հասարակագիտություն, Տարեգիրք No 2, Երևան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան պատմության և իրավագիտության ֆակուլտետ, 25-43:
  14. Փիլիպոսյան Ա., Ավագյան Ա. 2016, Զորաց քարեր, Երևան ՀՀ մշակույթի նախարարություն, կատալոգ, 19 էջ:
  15. Геруни П. 1998, Доисторическая каменная обсерватория Карахундж-Карениш, «Доклады Национальной Академии Наук Армении», No 4, Ереван, с. 307-328.
  16. Арутюнян Н. 1983, Новая урартская надпись из Сисиана, сб. «Древний Восток», No 4, Ереван, с. 217-218.

Հուշարձանների ցանկ
«Զորաց քարեր բնակատեղի» Պատմամշակութային Արգելոց 

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ