Եղեգիս
Անվանումը` Եղեգիս
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Եղեգիս
Հուշարձանի տեսակը` բնակավայր
Մարզը` Վայոց ձոր
Համայնքը` Եղեգիս
Բնակավայրը` գ. Եղեգիս
Տեղադրությունը` Վարդենիսի լեռնաշղթայի հարավային ստորոտում, Եղեգիս գետի ձորահովտում:
Պահպանվածությունը` Ներկայիս Եղեգիս գյուղի տարածքում և շրջակայքում կանգուն ու կիսավեր պահպանվել են միջնադարյան բնակավայրի ավերակները և առանձին հուշարձաններն ու համալիրները:
Բարձրությունը` ծ.մ.1580 մ
Դարաշրջանը և թվագրությունը` X-XIV դդ., զարգացած միջնադարից գոյատևում է մինչ օրս
Եղեգիս
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Բնակավայրը և նրա հուշարձանները նկարագրել են XIX-XX դդ. տեղագիրները՝ Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Եր. Լալայան, Հ. Եղիազարյան։ Վիմագրերը հավաքել է Ս. Բարխուդարյանը։
2001 թ. հայ-հրեական արշավախումբը (ղեկ.՝ Հ. Մելքոնյան, Մ. Սթոուն) ուսումնասիրել է Եղեգիսի գետի ձախափնյակում գտնվող XIII-XIV դդ. հրեական գերեզմանոցը, պեղելով նաև բնակելի համալիրի մի հատված։
2006-2007 թթ. Հ. Մելքոնյանի ղեկավարությամբ պեղումներ են իրականացվել Զորաց տաճարի առջև, որտեղ բացվել է ևս մեկ բնակելի համալիր։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն․
Միջնադարյան գյուղաքաղաքի ավերակները հիմնականում զբաղեցնում են ներկայիս Եղեգիս գյուղի տարածքը։ Արևմուտքում է Սմբատաբերդը, հյուսիս-արևելքում՝ Ճգնավորի քար անապատը։ Եղեգիսում պահպանվել են բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր և տոհմական գերեզմանոցներ։
Շերտագրություն․
Եղեգիսը պատմական Սյունիքի հնագույն և նշանավոր բնակավայրերից մեկն է։ Բնակեցման հետքեր կան դեռևս նախապատմական շրջանից։
❈ X-XI դդ. դառնում է Սյունյաց իշխանների կենտրոնը,
❈ սելջուկյան արշավանքներից հետո ավերվում է,
❈ նոր ծաղկում է ապրում XIII-XIV դդ.՝ Օրբելյան իշխանական տան օրոք։
Այս շրջանում կառուցվում են եկեղեցիներ, գրչության կենտրոններ և Օրբելյանների պալատը։
Գետի ձախափնյակում մեկ դար բնակվել է հրեական համայնքը։
XVIII-XIX դդ. այստեղ հաստատվել են թրքախոս բնակիչներ՝ գյուղը կոչելով Ալայազ, իսկ 1988 թ. այստեղ են բնակություն հաստատել Սումգայիթից գաղթած հայերը։
🏛 Ճարտարապետություն
❈ Զորաց (Ս. Ստեփանոս) տաճարը՝ XIV դ. 20-ական թթ., կառուցված Տարսայիճ Օրբելյանի թոռ Ստեփանոսի կողմից։ Ունի միայն Ավագ խորան և երկու ավանդատներ։ Վերականգնվել է 1970-ական թթ.
❈ Օրբելյանների պալատը՝ այժմ չկա, սակայն պահպանվել է ճակատակալ քարը՝ Տարսայիճ Օրբելյանի և նրա կնոջ՝ Մինա Խաթունի պատկերաքանդակներով։
❈ Օրբելյանների տոհմական գերեզմանոցը՝ հարուստ քանդակազարդ խաչքարերով և տապանաքարերով։
🔨 Գտածոներ
Եղեգնաձորի թանգարանում պահվում են XII-XIV դդ. խեցեղեն, մետաղե, ապակե առարկաներ և դրամներ, հայտնաբերված գյուղի և հարակից տարածքների հողերում։
🌍 Նշանակությունը
Եղեգիսը միջնադարյան մշակութային և վարչական կենտրոն էր, Սյունյաց Վասակյան և ապա Օրբելյան իշխանների նստավայր։
Հայտնի է իր պատմաճարտարապետական հուշարձաններով և գեղատեսիլ միջավայրով՝ հանդիսանալով Վայոց ձորի ամենահետաքրքիր հնավայրերից մեկը։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Բնակավայրը և նրա տարածքում գտնվող հուշարձանները նկարագրել են XIX-XX դդ. տեղագիրները (Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Եր. Լալայան, Հ. Եղիազարյան): Պաշտամունքային կառույցներին, խաչքարերին վերաբերող տարբեր խնդիրներ ուսումնասիրել են հայ արվեստի ու մշակույթի ականավոր մասնագետները: Վիմագրերը հավաքել է Ս. Բարխուդարյանը: 2001 թ. հայ-հրեական արշավախմբի կողմից (ղեկ.՝ Հ. Մելքոնյան, Մ. Սթոուն) ուսումնասիրվել է Եղեգիս գետի ձախափնյակում գտնվող XIII-XIV դդ. հրեական գերեզմանոցը: Պեղվել են մոտակա բնակելի համալիրի մի հատվածն ու ջրաղացները: 2006-2007 թթ. Հ. Մելքոնյանի ղեկավարությամբ պեղումներ են իրականացվել Զորաց տաճարի առջև ընկած հրապարակում, ուր բացվել է բնակելի մեկ այլ համալիր:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Միջնադարյան գյուղաքաղաքի ավերակները մեծ մասամբ զբաղեցնում են ներկայիս Եղեգիս գյուղի տարածքը: Գյուղաքաղաքի արվարձանները տարածվելով հասել են նույնիսկ Շատին գյուղի մոտ գտնվող պատմական Ոստինք (Հոստուն) գյուղատեղիի սահմանները: Գյուղաքաղաքից արևմուտք բարձրադիր հրվանդանի վրա տեղակայված է Եղեգիսի անառիկ բերդը (Սմբատաբերդ): Եղեգիսից հյուսիս-արևելք ձորակի մեջ է Ճգնավորի քար անապատը: Գյուղաքաղաքի տարբեր հատվածներում են գտնվում Զորաց տաճարը, Ս. Նշան, Ս. Աստվածածին, Կաթողիկե եկեղեցիները, Օրբելյանների պալատը (այժմ չկա), բազմաթիվ մահարձաններ, խաչքարեր ու տոհմական գերեզմանոցներ: Գյուղի փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ տապանաքարեր, խաչքարեր:
Շերտագրություն
Եղեգիսը պատմական Սյունիքի Վայոց ձոր գավառի հնագույն ու նշանավոր բնակավայրերից մեկն է: Եղեգիս գետի կիրճի քարայրներում մարդու բնակեցման հետքերը նկատվում են դեռևս նախապատմական շրջանից: Եղեգիսն իր երկարատև պատմության ընթացքում ունեցել է երկու ծաղկման շրջան: X-XI դդ. դառնում է Սյունյաց գահերեց իշխանների վարչաքաղաքական կենտրոնը: Սելջուկյան արշավանքներից հետո բնակավայրն ավերվում է: Նոր ծաղկումը համընկնում է XIII-XIV դդ. Օրբելյան իշխանական տան կառավարման շրջանի հետ: Նրանց օրոք են կառուցվում բնակավայրի հայտնի հուշարձանները՝ Օրբելյանների պալատը, եկեղեցիները, որոնց կից ստեղծվում են գրչության կենտրոններ: Այս շրջանում Եղեգիսում՝ գետի ձախափնյակում մոտ մեկ դար հաստատվում է հրեական համայնքը: XV-XVIII դդ. հիշատակությունները Եղեգիսի մասին կցկտուր են: XVIII-XIX գյուղում հաստատվում է թրքախոս ազգաբնակչություն, որը գյուղն անվանափոխում է Ալայազ: 1988 թ. Եղեգիսում բնակվում են Սումգայիթի ջարդերից հետո Ադրբեջանից գաղթած հայերը:
Ճարտարապետություն
Եղեգիսի տարբեր հատվածներում գտնվող պատմաճարտարապետական հուշարձաններից ուշագրավ են.
Եղեգիսի արևելյան կողմում գտնվող հայկական ճարտարապետության ինքնատիպ եկեղեցիներից մեկը՝ Զորաց (Ս. Ստեփանոս) տաճարը, որն ունի միայն Ավագ խորան և դրա երկու կողմերում ավանդատներ: Ըստ պահպանված վիմագրի՝ կառուցել է Տարսայիճ Օրբելյանի թոռ Ստեփանոսը, XIV դ. 20-ական թթ.: Վերականգնվել է 1970-ականների սկզբներին:
Օրբելյանների պալատն այժմ գոյություն չունի, սակայն XX դ. սկզբին հայտնաբերվել էր մուտքի ճակատակալ քարը Տարսայիճ Օրբելյանի և նրա կնոջ՝ Մինա խաթունի պատկերաքանդակներով և արձանագրությամբ:
Եղեգիսում է գտնվում Օրբելյանների տոհմական գերեզմանոցը՝ յուրօրինակ քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով:
🔨 Գտածոներ
Տարիներ շարունակ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հավաքածուն համալրվել է հողագործական աշխատանքների արդյունքում պատահականորեն հայտնաբերված XII-XIV դդ. թվագրվող տարաբնույթ գտածոներով (խեցեղեն, մետաղե, ապակե առարկաներ, դրամներ), որոնք հայտնաբերվում են միջնադարյան գյուղաքաղաքի վրա նստած ներկայիս գյուղի և շրջակա տարածքներից:
🌍 Նշանակությունը
Եղեգիս գյուղաքաղաքը միջնադարյան կարևոր քաղաքատիպ բնակավայրերից մեկն էր, որը եղել է Սյունյաց Վասակյան, ապա Օրբելյան իշխանների նստավայրը և մշակութային կենտրոնը: Հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով:
📚 Սկզբնաղբյուրները
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, Սովետական գրող, 615 էջ:
- Բարխուդարյան Ս. 1967, Դիվան հայ վիմագրության III, Վայոց ձոր. Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 427 էջ:
- Եղիազարյան Հ. 1955, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, «Հայպետհրատ», 111 էջ:
- Մելքոնյան Հ., Հակոբյան Ն. 2002, Եղեգիսի 2001 թ. պեղումները, Հին Հայաստանի մշակույթը, XII, Երևան, 2002, էջ 97-102:
- Մելքոնյան Հ., Հակոբյան Ն. 2016, Պեղումներ Եղեգիսի Զորաց տաճարի շուրջը, «Էջմիածին», Ը, էջ 144-166:
- Քաջբերունի 2003, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, ‹‹Մուղնի››, 498 էջ:
- Amit D., Stone M.E. 2002, Report on the Survey of a Medieval Jewish Cemetery in Eghegis, Vaiots Dzor Region, Armenia, Journal of Jewish Studies, N53, pp. 66-106.
Հուշարձանների ցանկ
Վայոց ձոր
9.2.11 Զորաց տաճար
9.21.9 Ս. Աստվածածին եկեղեցի
9.10.1 Սմբատաբերդ
9.21.5. հրեական գերեզմանոց
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։