Ցաղաց քար սբ. Աստվածածին
Անվանումը` Ցաղաց Քար սբ. Աստվածածին
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Ցաղաց քար սբ. Աստվածածին
Անվանումը այլ` Ղոշավանք (զույգ վանք)
Հուշարձանի տեսակը` Վանական համալիր
Մարզը` Վայոց ձոր
Համայնքը` Եղեգիս
Բնակավայրը` գ. Արտաբույնք
Տեղադրությունը` Արտաբույնքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռնաշղթայի հարավարևմտյան լեռնաբազուկներից մեկի վերջավորության սարահարթի վրա: Հասանելիությունը՝ ամենագնաց մեքենայով կամ քայլարշավով:
Պահպանվածությունը` Արևմտյան խումբը՝ կիսավեր, արևելյանը՝ վերականգնված
Բարձրությունը` ծ.մ. 2075 մ
Դարաշրջանը և թվագրությունը` X-XVII դդ., զարգացած միջնադարից մինչ ուշ միջնադար
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանն առաջին անգամ նկարագրել են XIX-XX դդ. տեղագիր ուսումնասիրողները (Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Եր. Լալայան, Հ. Եղիազարյան): Ճարտարապետությունն ուսումնասիրել է Ս. Մնացականյանը, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը: 1986-1992 թթ. հնագետ Հ. Մելքոնյանի ղեկավարությամբ իրականացված պեղումներով բացվեցին վանքի արևմտյան խմբի կառույցները, ի հայտ եկան 85 նոր վիմագրեր: Հրատարակության է պատրաստվում Հ. Մելքոնյանի՝ վանքի պատմությանն ու վիմագրերին նվիրված մենագրությունը:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Բաղկացած է բարձրադիր սարավանդի վրա միմյանցից 150 մ հեռավորությամբ կառուցված երկու հուշարձանախմբից:
Շերտագրություն
XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Ցաղաց քարի մենաստանը հիշատակում է V դ. հետավարայրյան իրադարձությունների հետ կապված, սակայն պեղումներով V-IX դդ. մշակութային շերտեր և կառույցներ չեն հայտնաբերվել: Ըստ Ասողիկի՝ մենաստանը հիմնադրվել է X դ. Աբաս Բագրատունու օրոք, հայր Ստեփանոսի կողմից: Վանքի երկու առանձին հուշարձանախմբերից արևմտյանն ավելի վաղ է կառուցվել: Արևմտյան խմբի շինությունները կառուցվել են X-XI դդ. ընթացքում և պահպանված վիմագրերի համաձայն՝ բազմիցս նորոգվել XIII-XIV դդ.:
Արևելյան խմբի շենքերը կառուցվել են 1041 թ. հայր Վարդիկի կողմից: XIII-XIV դդ. Օրբելյան, Պռոշյան իշխանների և այլոց նվիրատվությունների շնորհիվ վանքի տնտեսությունը ընդարձակվել է: Մատենագիր և վիմագիր աղբյուրներում հիշատակվում է մինչև XVII դ.:
Ճարտարապետություն
Արևմտյան խումբը բաղկացած է պարսպափակ բակում արևելյան ուղիղ գծով դասավորված եկեղեցիներից, սյունասրահներից, գավիթներից, ընդ որում պարսպի արևելյան պատը համակառույցների արևելյան պատերն են: Գլխավոր կամարակապ դարպասը նեղ միջանցքով տանում է դեպի համալիրի բակը: Պարսպից դուրս արևմտյան կողմում կան բնակելի շինությունների ու ձիթհանի ավերակներ, նաև առանձին խաչքարեր ու տապանաքարեր:
Խմբի գլխավոր Ս. Աստվածածին եկեղեցին քառախորան, խաչաձև գմբեթավոր հորինվածք է՝ չորս անկյուններում ավանդատներով: Արևմտյան մուտքը բացվում է թաղակապ գավթի մեջ, որի հյուսիսային պատի երկայնքով տեղադրված չորս որմնամույթերը միանում են կամարներով՝ պատի մեջ ստեղծելով խորը մեծ խորշեր: Թերևս, եղել է գրատունը: Հարավային մուտքը բացվում է նմանատիպ ավելի նեղ, հարավային կողմում բաց կամարաշար սրահի մեջ:
Այս խմբի հարավային ծայրում գտնվում է Ս. Հովհաննես միանավ եկեղեցին, որի հարավային պատի երկայնքով տեղավորված են երկու ավանդատները: Արևելյան պատին պահպանվել է 989 թվականը կրող արձանագրություն: Մուտքերը բացվում են արևմտյան և հարավային ճակատներում:
1986-1992 թ. իրականացրած պեղումներով բացվել են Ս. Հովհաննեսի հարավային կողմում XI դ. կառուցված սյունասրահը, արևմուտքից կից գավիթը, Ս. Աստվածածնին արևելքից կից ուղղանկյուն խորանով եկեղեցին, դարպասի վրա կառուցված եկեղեցին:
Արևելյան խումբը բաղկացած է Ս. Կարապետ եկեղեցուց, նրա արևելյան կողմում գտնվող Ս. Նշան կրկնահարկ մատուռ-դամբարանից, որոնք կառուցել է Վարդիկ վարդպետը, 1041 թ.:
Ս. Կարապետը չորս անկյուններում ավանդատներ ունեցող գմբեթավոր դահլիճի տարբերակ է՝ սրածայր վեղարով պսակված գլանաձև բարձր թմբուկով: Հարավային և արևելյան ճակատներն ունեն զույգ եռանկյունաձև խորշեր: Շեշտված դեկորատիվությամբ աչքի են ընկնում եկեղեցու արտաքին ճակատները, լուսամուտների շրջանակներն ու կամարունքները, հարավային միակ մուտքի՝ վերնաքիվով պսակված լայն երեսակալով ուղղանկյուն շքամուտքը: Հարավային և հյուսիսային ճակատները զարդարում են իրենց մոնումենտալությամբ աչքի ընկնող զոհը ճանկած արծվաքանդակը և առյուծի ու ցուլի գոտեմարտը ներկայացնող բարձրաքանդակը: Ավագ խորանի բարձր բեմառէջքը հարդարված է կամարաշարի մեջ տեղավորված սափորների բարձրաքանդակներով:
Ս. Նշանի առաջին հարկը կիսագետնափոր է. բաղկացած է պայտաձև աբսիդով թաղածածկ մատուռից և արևմտյան կողմում ուղղանկյուն սրահ-դամբարանից՝ ներքուստ աստղաձև առաստաղով: Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կամարակապ ճակատով: Երկրորդ հարկի մատուռը կառուցված է գավթի վրա: Մուտքը հյուսիսային կողմի լեռնալանջից է՝ առաջին հարկի տանիքից: Արևմտյան ճակատը հարդարված է երկկամար խորշի երկու կողմերում տեղադրված բավական մեծ չափերի գեղաքանդակ խաչքարերով:
Ս. Կարապետի մուտքի առջև կանգնեցված են երկու խաչքարեր, որոնք հայկական խաչքարագործության լավագույն նմուշներից են: Շուրջը տարածված ընդարձակ գերեզմանոցում կան X-XVII դդ. բազմաթիվ խաչքարեր: Արևելյան խմբի կառույցները վերանորոգվել են 2013 թ.:
🔨 Գտածոներ
1986-1992 թթ. պեղումներով հայտնաբերվել են քանդակազարդ բեկորներ, եկեղեցու մանրակերտով կտիտորական հորինվածքի մասեր, խաչքարեր, նաև մետաղե ձեռաց խաչեր ու եկեղեցական սպասքի այլ նմուշներ:
🌍 Նշանակությունը
Եղել է Սյունյաց Վասակյան իշխանների հովանավորությամբ կառուցված հռչակավոր մենաստան: Ցաղաց քարի ճարտարապետական կոթողներն իրենց նրբաճաշակ հարդարանքով և քանդակներով, ինչպես նաև խաչքարերը միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի լավագույն նմուշներից են:
📚 Սկզբնաղբյուրները
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, «Սովետական գրող», 615 էջ:
- Եղիազարյան Հ. 1970, Ցախացքարի վանքը կամ Ղոշավանքը և նրա արձանագրությունները, Էջմիածին, N4, էջ 41-50:
- Մելքոնյան Հ. 2001, Ցաղաց Քար վանքի պեղումները և նորայայտ արձանագրութիւնները, «Նորավանք» հայագիտական տարեգիրք, Բ. հրատ., Մոնրեալ-Երևան, էջ 84-98:
- Մնացականյան Ս. 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
- Քաջբերունի 2003, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, «Մուղնի», 498 էջ:
Հուշարձանների ցանկ
Վայոց ձոր 11.10/9
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։