Թեղենյաց վանք
Անվանումը` Թեղենյաց վանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Կոտայքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Թեղենյաց վանք
Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր
Մարզը՝ Կոտայք
Համայնքը՝ Նաիրի
Բնակավայրը՝ գ. Բուժական
Տեղադրությունը՝ Բուժականից 3կմ հյուսիս, Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավային ստորոտում, Արագետի և նրա վտակի միացման մոտ՝ սարահարթի հարավային եզրին, անտառապատ տարածքում: Հասանելիությունը՝ ամենագնաց մեքենայով կամ քայլարշավով:
Պահպանվածությունը՝ Կիսավեր, մասնակի վերականգնված
Բարձրությունը՝ ծ.մ.2100մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ VII-XVII դդ., վաղ միջնադարից մինչև ուշ միջնադարարին` XIII դ.:
Թեղենյաց վանք
🔍 Ուսումնասիրության պատմություն
❈ Վանքի առաջին նկարագրությունները արել են XIX-XX դդ. Հ. Շահխաթունեանց, Ղ. Ալիշան, Հ. Եղիազարյան, Վ.Մ. Պետրոսյանց
❈ 1979-1989 թթ. և 2008-2011 թթ. Գ.Գ. Սարգսյանի ղեկավարությամբ իրականացված պեղումներով բացվեցին վանքի հիմնական կառույցները՝ Կաթողիկե եկեղեցի, գրատուն, գավիթներ, VII դ. եկեղեցի, սեղանատուն
❈ Լույս կտեսնի Գ.Գ. Սարգսյանի վանքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մենագրությունը
🧱 Տեղադրություն
❈ Անտառով շրջապատված բացատում, գերեզմանոց՝ հյուսիսում և բնակատեղիի մնացորդներ՝ հարավ-արևմուտքում
❈ Հուշարձանախումբը ընդգրկում է բոլոր հիմնական կառույցները
Շերտագրություն
❈ Վանքն եղել է միջնադարյան հոգևոր և կրթամշակութային կենտրոն
❈ VII դ. կառուցվել է քառախորան, փոքր խաչաձև եկեղեցի
❈ XII-XIII դդ. ծաղկման շրջան՝ կառուցվում են հիմնական շինությունները, հիմնվում գրչատուն
❈ XIII-XIV դդ. կապվել է Վաչուտյան տոհմի և միջնադարյան բարձր դպրոցի հետ
❈ XIV դ. կեսից հետո վանքը շարունակում է կենսագործունեություն՝ հնագիտական գտածուների շնորհիվ
❈ Պեղված շինությունները մասնակի ամրակայվել ու վերականգնվել 2010-2015 թթ.
Ճարտարապետություն
❈ Համալիրը՝ կաթողիկե եկեղեցի, գավիթներ, գրատուն, սեղանատուն, այլ վանական կառույցներ
❈ Կաթողիկե եկեղեցի՝ գմբեթավոր դահլիճ, մեծ վարպետությամբ քանդակազարդ խորան, կենտրոնական սալը՝ սիրամարգի հարթաքանդակով
❈ Գրատուն՝ ուղղանկյուն, չորս խցերով, հարավային շքամուտքով, կապվում է Կաթողիկեի հետ
❈ Գավիթ՝ 1207 թ., կենտրոնակազմ մեծ սրահ, կամարակապ ծածկ, շաղկապ և շախմատաձև քարերով զարդարանք
❈ Երկրորդ գավիթը՝ առաջինին կից, հնարավոր ուսումնարան կամ մատենադարան, ուշ վերակառուցվել է տնտեսական նպատակների համար
❈ Սեղանատուն՝ երկարաձգված թաղակապ շենք, երկու մուտք, հարավակողմյան բնակելի-տնտեսական սենյակներ՝ հնագիտական հարուստ նյութով
🔨 Գտածոներ
❈ Ճարտարապետական դետալներ, խաչքարերի բեկորներ, մոտ 40 վիմագրեր, խեցեղեն, ապակե և մետաղե գտածոներ
📜 Նշանակություն
❈ Կրթության և գրչության կարևոր կենտրոն
❈ Հայ եկեղեցու պատմության մեջ XII դ.՝ Ներսես կաթողիկոսի ժամերգության կանոնների հիմք
🌍 Ավանդազրույցներ
Անունը ծագում է թեղի ծառից, որը տարածված էր վանքի տարածքում
🔍Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի առաջին նկարագրություններն արել են XIX-XX դդ. տեղագիրներն ու պատմաբանները (Հ. Շահխաթունեանց, Ղ. Ալիշան, Հ. Եղիազարյան, Վ.Մ. Պետրոսյանց): Մինչ պեղումները հուշարձանախմբի շինություններից կիսականգուն էին գավիթն ու սեղանատունը, որոնք ուսումնասիրել են ճարտարապետներ Ս. Մնացականյանը և Հ. Խալփախչյանը: 1979-1989 թթ. և 2008-2011 թթ. վիմագրագետ Գ.Գ. Սարգսյանի ղեկավարությամբ իրականացված պեղումներով բացվեցին փլատակների ու հողի թանձր շերտի տակ հայտնված վանքի մյուս կառույցները՝ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, երկրորդ գավիթը, VII դ. եկեղեցին, սեղանատանը և երկրորդ գավթին հարակից շինությունները: Շուտով լույս կտեսնի Գ.Գ. Սարգսյանի՝ վանքի պատմությունն ու մշակույթը ներկայացնող լայնածավալ մենագրությունը:
🧱Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Գտնվում է անտառով շրջապատված բացատում: Հիմնական հուշարձանախմբից 200 մ հյուսիս՝ անտառի մեջ, տարածվում է գերեզմանոցը: Կենդանակերպ տապանաքարերով մյուս գերեզմանոցն ու բնակատեղիի մնացորդները գտնվում է համալիրից 50մ հարավ-արևմուտք:
Շերտագրություն
Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր ու կրթամշակութային օջախներից է: Մատենագիր աղբյուրներում հիշատակվում է VIII դ. 20-ական թթ., երբ արաբ ոստիկանի հետապնդումից վանքում որոշ ժամանակ ապաստանել է Վահան Գողթնեցի իշխանը: Վանական համալիրի ամենավաղ կառույցը VII դ. քառախորան, փոքր խաչաձև եկեղեցին է, որի հիմնապատերն ամբողջությամբ բացվել են պեղումներով: Վանքի ծաղկման շրջանը XII-XIII դարերն են, երբ կառուցվում են հիմնական շինությունները, ընդարձակվում է միաբանությունը, հիմնվում գրչատուն: XIII-XIV դդ. վանքի պատմությունը կապվում է Վաչուտյան տոհմի հետ: XIII-XIV դդ. վանքում գործում էր հոգևոր բարձր դպրոց, ուր դասավանդում էին միջնադարի ականավոր ուսուցիչներն ու գիտնականները: XIV դ. կեսից հետո գրավոր աղբյուրներում վանքը չի հիշատակվում, սակայն հայտնաբերված հնագիտական հավաքածուում ուշմիջնադարյան նմուշները փաստում են նրա հետագա կենսագործունեության մասին: Հուշարձանախմբի՝ պեղումներով բացված շինությունների մի մասը մասնակի ամրակայվել ու վերականգնվել է 2010-2015 թթ. ընթացքում:
Ճարտարապետությու
Համալիրը բաղկացած է կաթողիկե եկեղեցուց, գավթից, «երկրորդ գավթից», գրատնից, սեղանատնից, վանական այլ կառույցներից: Հիմնական հուշարձանախմբից 30 մ արևելք գտնվում է VII դ. քառախորան եկեղեցին:
Կաթողիկե եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է, որի Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Գլխավոր մուտքը բացվում է գավթի մեջ: Կաթողիկեի հարդարանքում ուշագրավ է խորանի բեմառէջքը՝ կազմված տարբեր մոտիվներով քանդակազարդ վեց սալերից: Քանդակային հորինվածքներն աչքի են ընկնում կատարման մեծ վարպետությամբ: Իր բացառիկությամբ առանձնանում է կենտրոնական սալը՝ սիրամարգի հարթաքանդակով: Անմահության գաղափարը կրող սիրամարգի պատկերումը տարածված է հայկական մանրանկարչության մեջ, սակայն եզակի է քանդակային արվեստում:
Գրատունը կաթողիկեին հարավից կից ուղղանկյուն, անսյուն թաղակապ կառույց է՝ արևելյան կողմում միջնորմներով բաժանված չորս խցերով, հարավարևմտյան կողմում առանձնացված ուղղանկյուն սենյակով: Գլխավոր մուտքը հարավային ճակատում է՝ ընդգծված շքամուտքով: Հյուսիսային մուտքով հաղորդակցվում է Կաթողիկեի հետ, իսկ հյուսիսարևմտյան ներքին մուտքը բացվում է գավթի մեջ:
Գավիթը կառուցվել է 1207 թ., Վահրամ չավուշի օժանդակությամբ: Արևմուտքից կից է կաթողիկեին: Քառասյուն կենտրոնակազմ մեծ սրահ է՝ կամարակապ ծածկով: Կենտրոնական քառակուսին պսակված է եղել երդիկ ունեցող գմբեթով: Ներքուստ ութանիստ գմբեթահիմքի անկյունները զարդարված են շթաքարե հարդարանքով, որոնց միջև պատերն ունեն երկգույն քարերով շախմատաձև դասավորություն: Գմբեթի հիմքը գոտևորում են շղթայաձև, հյուսածո նրբաքանդակ երիզները: Մուտքն արևմուտքից է՝ ամփոփված ուղղանկյուն շրջանակի մեջ:
Ճակատակալը ձևավորված է սև և գորշ դեղնավուն տուֆ քարերի ճառագայթաձև դասավորությամբ: Երկգույն քարերով շարվածքը աշխուժացնում է գավթի պատերի ներքին և արտաքին միապաղաղ հարթությունները:
«Երկրորդ գավիթը» պեղումներով բացվել է առաջին գավթի հյուսիսային պատին կից: Հատակագծով և չափերով կրկնում է առաջինի հորինվածքը: Թերևս, եղել է վանքի ուսումնարանը կամ մատենադարանը: Ուշ շրջանում այն վերակառուցվել է՝ դառնալով տնտեսական նպատակների ծառայող շենք: «Երկրորդ գավթից» արևելք պեղումներով բացվել է բնակելի-տնտեսական մեծ սենյակ՝ հյուսիսարևելյան կողմում սլաքաձև վերնամասով բուխարիով:
Սեղանատունը համալիրի հյուսիսարևմտյան կողմում է: Ուղղանկյուն երկարաձգված թաղակապ շենք է, որից պահպանվել է հյուսիսային ճակատը, մյուս հատվածներում պեղումներով բացվել են հիմնապատերը:
Սեղանատան կոնստրուկտիվ մասերը՝ անկյունները, սյուները, կամարները, կառուցված են սրբատաշ բազալտե քարերով, իսկ կամարների միջև պատերը շարված են կոպտատաշ մանր ու միջին քարերով: Ունի երկու մուտք՝ հարավարևելյան և հյուսիսարևելյան կողմերում: Սեղանատան հարավակողմում պեղումներով բացվել են բնակելի-տնտեսական սենյակներ՝ հնագիտական հարուստ նյութով:
🔨 Գտածոներ
Ճարտարապետական դետալներ, խաչքարերի բեկորներ, մոտ 40 վիմագրեր, խեցեղեն, ապակե և մետաղե գտածոներ:
📜 Նշանակությունը
Թեղենյաց վանքը կրթության ու գրչության հայտնի կենտրոն էր: Կարևոր նշանակություն ունի նաև Հայ եկեղեցու պատմության մեջ: XII դարում վանքի ժամերգության կանոնները Ներսես կաթողիկոսի կողմից նոր ժամակարգի կազմման հիմքն են դարձել:
🌍 Ավանդազրույցներ
Թեղենյաց վանքի անունը ծագում է թեղի ծառի անունից:
📚Սկզբնաղբյուրները
- Պետրոսյանց Վ.Մ. 1988, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, «Հայաստան», 88 էջ:
- Բաբաջանյան Ա., Միրիջանյան Դ. 2013, Թեղենյաց վանքի խեցեղենը, Պատմա-բանասիրական հանդես, N1, էջ 134-150:
- Սարգսյան Գ.Գ. 1990, Թեղենյաց վանքի պեղումները, Պատմաբանասիրական հանդես, N2, 174-190:
Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.20/12
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։