Տավուշ ամրոց
Goshavank Monastery Complex
Goshavank Monastery Complex

Տավուշ ամրոց

Անվանումը` Տավուշ ամրոց

Հուշարձանի տեսակը` Ամրոց

Շրջան` Տավուշի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Տավուշ ամրոց


Այլ անվանում՝
Ցլիկ Ամրամի բերդ

Հուշարձանի տեսակը՝ Ամրոց

Մարզը՝ Տավուշի մարզ

Համայնքը՝ Բերդ

Բնակավայրը՝ Ք. Բերդ

Տեղադրությունը՝ Ամրոցը գտնվում է Բերդ քաղաքի հարավարևելյան մասում, ձվածիր ժայռաբլրին:

Պահպանվածությունը՝ Հնավայրի տարածքում պահպանվել են միջնաբերդի հյուսիսային պարիսպները, ստորին բերդի պարսպապատերի որոշ հատվածներ, ինչպես նաև արևելյան լանջին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին, որի հիմքերն են պահպանված:

Բարձրությունը՝ ծ.մ. 960 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Տավուշ ամրոցը զարգացած միջնադարի հուշարձան է, թվագրվում է X-XIII դդ.:

Տավուշ ամրոց

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Առաջին ուսումնասիրությունը՝ Մակար եպս. Բարխուդարյան, 1890-ական թթ.

❈ 1935թ.՝ Կարո Ղաֆադարյանի արշավախումբը մանրամասն նկարագրել է հուշարձանի վիճակը և պահպանված կառույցները.

❈ 1954թ.՝ Հ. Եղիազարյանի գլխավորությամբ Հուշարձանների պահպանության կոմիտեի արշավախումբ.

❈ 1986-1988թթ.՝ Հ. Եսայան.

❈ 2020-2022թթ.՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբ, ղեկավար՝ Տ. Ալեքսանյան.

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Հնավայրի տարածք՝ մոտ 13 հա.

❈ Ներառում է միջնաբերդը, ստորին բերդը և Ս. Աստվածածին եկեղեցին.

 Իշխող դիրք, հայտնի իր անառիկությամբ.

❈ Միջնաբերդի մակերես՝ մոտ 500 մ², կառուցված է ժայռեղեն բլրի գագաթին.

Շերտագրություն

❈ Հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ.

❈ Տվյալներ՝ X-XIII դդ., դադարել է մոնղոլական արշավանքներից հետո.

❈ Առաջին հիշատակումը՝ X դ., Հովհաննես Դրասխանակերտցի.

❈ Կառավարվել է Կյուրիկյանների, սելջուկների, Զաքարյանների կողմից.

Ճարտարապետություն

❈ Միջնաբերդի պարիսպներ՝ կիսաբոլոր աշտարակներով, պաշտպանված բարձր հիմնաժայռերով.

❈ Հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմից ամուր պարիսպներ.

❈ Հնում Կիլիլվան առվակից ջուր հասցվել է ստորին բերդ.

❈ Ս. Աստվածածին (1019թ., վերականգնվել 1139թ.՝ Աբաս Կյուրիկյանի կողմից).

❈ Փոքր, միանավ սրահ, հարավարևելյան ավանդատով.

❈ Միակ մուտք՝ հյուսիսարևմտյան կողմից.

❈ Հարավում՝ հիմնաժայռում տարբեր չափերի ու խորության հորեր.

❈ Գավթի տարածքում և եկեղեցու արևելյան հատվածում բացվել են տապանաքարեր, արձանագիր՝ «ԱՍՏՎԱԾ ՈՂՈՐՄԻ ՄԱՄՔԱՆԱՅ».

🔨 Գտածոներ

❈ Գտնվել են խեցեղեն, կավամաններ, շինարարական խեցեղեն, քարե գործիքներ (երկանք, աղորիքներ), մետաղե, քարե, ապակե իրեր.

❈ Հատուկ արժեք ունի մետաղադրամ, թողարկված Գանձակի Շադդադյան Ֆադլ I-ի օրոք (985-1031թ.).

❈ Կան նաև երկաթեդարյան կենդանակերպ անոթների մասեր և միջնադարյան պատկերազարդ սալեր.

🌍 Նշանակությունը

 Հանրապետական նշանակության հուշարձան.

❈ Տարածաշրջանի կարևոր ամրաշինական կառույցներից է, բնորոշում է տվյալ դարաշրջանի ամրաշինական ձեռքբերումները և զարգացումները.

📜 Ավանդազրույցներ

❈ Ժողովրդի շրջանում հայտնի է որպես Ցլիկ Ամրամի բերդ.

❈ Ըստ ավանդության՝ Ուտիքի կառավարիչ Ցլիկ Ամրամը այստեղ է պահել իր ընտանիքը, մարտնչել Աշոտ Երկաթի զորքի հետ.

❈ Հաջորդ ավանդազրույց՝ Աշոտ Երկաթը արաբներից պաշտպանվելու համար ամրանում է Տավուշ բերդում, բերդականները դիմադրում են, Աշոտը գիշերով աննկատ դուրս է գալիս և տեղափոխվում Սևան:

🔍Ուսումնասիրության պատմությունը

  1. Հուշարձանի նկարագրությանն առաջին անգամ անդրադարձել է տեղագիր Մակար եպս. Բարխուդարյանը, 1890-ական թթ.:
  2. 1935 թ. Տավուշ ամրոց է այցելում Կարո Ղաֆադարյանի գխավորած արշավախումբը: Տեղում իրականացրած տեղազննությունից հետո, Կ. Ղաֆադարյանը մանրամասն նկարագրել է հուշարձանի ընդհանուր վիճակը, պահպանված կառույցները, դրանք համադրել նախորդ հետազոտողների տեղեկությունների հետ:
  3. Շամշադինի շրջանի պատմական հուշարձանների ուսումնասիրման նպատակով, 1954թ. Տավուշ ամրոց է ժամանում Հուշարձանների պահպանության կոմիտեի արշավախումբը՝ հնագետ Հ. Եղիազարյանի գլխավորությամբ:
  4. Ամրոցի առաջին հնագիտական հետազոտությունները կատարվել են 1986-1988թթ. հնագետ Հ. Եսայանի կողմից:
  5. 2020-2022թթ ամրոցում պեղումներ է իրականացրել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկ.՝ Տ. Ալեքսանյան):

🧱Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Հնավայրի ընդհանուր տարածքը շուրջ 13հա է, որը ներառում է բլրի գագաթին կառուցված միջնաբերդը, ստորին բերդը և վերջինիս արևելյան լանջին պահպանված Ս. Աստվածածին եկեղեցին: Տարածքի նկատմամբ ամրոցն ունի իշխող դիրք և հայտնի է իր անառիկությամբ, որի մասին վկայում են նաև գրավոր աղբյուրները: Ամրոցի միջնաբերդը կառուցված է սրացումով ավարտվող ժայռեղեն բլրի գագաթին և ունի մոտ 500մ2 մակերես: Նրա տարածքում ճարտարապետական կառույցներ չեն պահպանվել:

Շերտագրություն
Ամրոցի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Գրավոր սկզբնաղբյուրների և պեղումներով հայտնաբերված հնագիտական նյութերի քննությամբ այն թվագրվում է X-XIII դդ., և մոնղոլական արշավանքներից հետո դադարել է գոյություն ունենալուց: Առաջին անգամ բերդը հիշատակվում է Xդ. հայոց կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու կողմից: Ներկայացնելով հայոց արքա Աշոտ Երկաթի (914-928) դեմ ապստամբությունը՝ պատմագիրը նշում է, որ անհնազանդների թվում էր նաև Ուտիքի կառավարիչ Ցլիկ Ամրամը, որը Տավուշ ամրոցում էր պահում իր ընտանիքը: Ժամանակի ընթացքում բերդն անցել է Կյուրիկյաններին, սելջուկներին, Զաքարյաններին և մեծապես տուժել հատկապես մոնղոլների արշավանքներից:

Ճարտարապետություն
Ամրոցի միջնաբերդի հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան կողմում կառուցվել են կիսաբոլոր աշտարակներով հզոր պարիսպներ, հարավային մասը անմատչելի է, պաշտպանված է բարձր, ուղիղ կտրվող հիմնաժայռով, իսկ արևելյան և արևմտյան մասերում, բնական անառակությունից բացի, կառուցվել են նաև լրացուցիչ պաշտպանական կառուցվածքներ: Միջնաբերդի տարածքի զգալի մասը զբաղեցնում է հիմնաժայռը, որի սրացող հատվածները երակի պես ձգվում են հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք: Միջնաբերդի բնակելի հատվածը դարավանդաձև հարթություն է, որտեղ պահպանվել են տնտեսական և բնակելի կառուցվածքները: Հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերից դրանք շրջափակվել են մինչ օրս լավ պահպանված, ամուր պարիսպներով:
Մակար Բարխուդարյանի փոխանցմամբ, հնում կավե խողովակներով Կիլիլվան կոչվող առվակից ջուրը հասցրել են մինչև ստորին բերդը:
Ս. Աստվածածին եկեղեցին գտնվում է բլրալանջին, նախքան հնագիտական աշխատանքները մեծամասամբ ծածկված է եղել հողով: Հուշարձանը հիմնականում պեղվել է 1986-1988թթ. և ավարտին հասցվել 2020թ. պեղումներով: Նախորդ դարի պեղումների ընթացքում հայտնաբերվել է շինարարական արձանագրությունը, որում նշվում է, որ Ս. Աստվածածինը կառուցվել է 1019թ., 1139թ. կործանվել Գանձակի երկրաշարժից, ապա վերականգնվել Աբաս Կյուրիկյանի կողմից: Եկեղեցին փոքր, միանավ սրահ է՝ հարավարևելյան մասում կցված ավանդատնով: Միակ մուտքը հյուսիսարևմտյան կողմից է: Հյուսիսային մասում եղել է գավիթը, որը կառուցվել է ավելի ուշ և համեմատաբար վատ է պահպանվել: Պեղումների արդյունքում գավթի տարածքում և եկեղեցու արևելյան հատվածում բացվել են երկու տասնյակի հասնող տապանաքարեր: Արձանագիր է տապանաքարերից միայն մեկը, որում նշվում է նաև հանգուցյալի անունը՝ ԱՍՏՎԱԾ ՈՂՈՐՄԻ ՄԱՄՔԱՆԱՅ: Եկեղեցուց հարավ բացվել են հիմնաժայռի մեջ իջեցված տարբեր չափերի և խորությունների հորեր:

🔨 Գտածոներ

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մեծաքանակ հնագիտական նյութեր, որոնցում գերակշում են խեցեղեն գտածոները: Դրանցում առկա են տարբեր ձևի և նշանակության կավամաններ, շինարարական խեցեղենի օրինակներ: Մեծ թիվ են կազմում նաև քարե գործիքները, մասնավորապես երկանքները, աղորիքները: Հայտնաբերված իրերի շարքում կան նաև մետաղե, քարե, ապակե իրեր: Առանձնահատուկ նշելի է մետաղադրամը, որը թողարկվել է Գանձակի Շադդադյան կառավարիչ Ֆադլ I-ի օրոք (կառավարման տարիները՝ 985-1031թթ.): Կարևոր են նաև երկաթեդարյան կենդանակերպ անոթների մասերը և միջնադարյան պատկերազարդ սալերը։

🌍 Նշանակությունը

Հանրապետական նշանակության հուշարձան է: Այն տարածաշրջանային կարևոր նշանակություն ունեցող հուշարձաններից է, բնորոշում է տվյալ դարաշրջանի ամրաշինական ձեռքբերումները և զարգացումները։

📜Ավանդազրույցներ

ժողովրդի շրջանում հուշարձանը տարածված է նաև Ցլիկ Ամրամի բերդ անվանաձևով: Ավանդաբար համարվում է, որ Աշոտ Երկաթի դեմ ապստամբած Ուտիքի կառավարիչ Ցլիկ Ամրամը հենց այստեղ է մարտի բռնվել արքունի զորքի հետ: Այս տեսակետը գիտական հիմքեր չունի: Նման տեսակետի համար առիթ են հանդիսանում Հովհաննես Դրասխանակերտցու վկայությունները Ցլիկի կողմից ընտանիքն այստեղ տեղափոխելու մասին: Ամրոցի հետ կապված մեկ այլ ավանդազրույցի համաձայն, արաբներից պաշտպանվելու նպատակով Աշոտ Երկաթն ամրանում է Տավուշ բերդում (Ղալի քար): Բերդականները կատաղի դիմադրություն են ցույց տալիս թշնամուն և անձնատուր չեն լինում: Աշոտ Երկաթին հաջողվում է գիշերով աննկատ դուրս գալ բերդից և տեղափոխվել Սևանի կողմերը։

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմութիւն հայոց,
  2. Թիֆլիս, 1912, Ն. Աղանեանցի տպարան, 428 էջ:
    Ալեքսանյան Տ., Բադալյան Հ. 2021, Տավուշ ամրոցի նախընթաց և ներկա հետազոտությունները,
  3. Հայագիտության հարցեր (ԵՊՀ), N 2, էջ 113-127:
    Եսայան Հ., Սաղումյան Ս., Շահնազարյան Ա. 1991, Տավուշ ամրոցի պեղումները, Լրաբեր հասարակական գիտությունների, N 2, էջ 132-141:
  4. Մակար եպս. Բարխուտարեանց, Արցախ, Բագու, 1895, «Արօր», 462 էջ:
  5. Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 207:

Հուշարձանների ցանկ
Տավուշ 10.2.2

📷 Լուսանկարներ

  1. Միջնաբերդի չափագրությունը (չափագր. Ա. Հախվերդյանի)
  2. Տավուշ ամրոցի միջնաբերդ, ընդհանուր տեսքը հյուսիսից (լուս. Լ. Մկրտչյան)
  3. Ամրոցի պարիսպների 3D պատկերը (հեղ. Լ. Մկրտչյան)
  4. Միջնաբերդի պարիսպները (լուս. Տ. Ալեքսանյանի)
  5. Ամրոցի և շրջակայքի 3D պատկերը (հեղ. Լ. Մկրտչյան)
  6. Եկեղեցու ընդհանուր հատակագիծ և կտրվածքներ (չափագր. Ա. Հախվերդյանի)
  7. Ս. Աստվածածին եկեղեցի, ընդհանուր տեսքը վերևից (լուս. Լ. Մկրտչյան)
  8. Միջնաբերդից հայտնաբերված սափոր, 11-12-րդ դդ. (լուս. Վ. Հակոբյան)
  9. Եկեղեցու պեղումներից հայտնաբերված խաչաքանդակ սալի բեկոր, 12-13-րդ դդ. (լուս. Վ. Հակոբյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Tavush Fortress

Մոտակա հուշարձաններ