Տաթևի վանական համալիր

Անվանումը` Տաթևի վանական համալիր
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Տաթևի վանական համալիր

Այլ անվանում` Տաթևի վանք

Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր

Մարզը՝ Սյունիք

Համայնքը՝ Տաթև

Բնակավայրը՝ Տաթև գյուղ

Տեղադրությունը՝ Վանական համալիրը գտնվում է Գորիս քաղաքից 25կմ հարավ- արևմուտք, Տաթև գյուղի հարավային մասում: Վանքային համակառույցը սփռված է արևելյան և հարավարևմտյան կողմերից կիրճերով շրջապատված և բնականորեն լավ պաշտպանված հրվանդանի վրա:

Պահպանվածությունը՝ 1931թ. երկրաշարժից էապես վնասված վանքային համակառույցի մեջ մտնող հուշարձանները հիմնովին վերականգնվել են 1980-1990- ական թթ.: 2010թ. սկսած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում վերականգնվել է ձիթանը, հյուսիսային մուտքը, աղբյուրը, Ս. Աստվածածին վերդարպասյա եկեղեցին:

Բարձրությունը՝ ծ.մ. 1493մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքի պահպանված կառույցները թվագրվում են զարգացած և ուշ միջնադարով` IX-XVIIդդ.:

Տաթևի վանական համալիր

🔍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Վանական համալիրին անդրադարձել են տեղագիրները և ճարտարապետության պատմության հետազոտողները:

1969թ. հնագիտական ուսումնասիրություններ իրականացվել են Մշակույթի հուշարձանների վերականգնման հատուկ գիտա-արտադրական արվեստանոցի արշավախմբի կողմից (ղեկ. Ա. Քալանթարյան):

2014–2015թթ. Վանի տարածքում պեղումներ իրականացրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկ. Հ. Մելքոնյան)՝ պայմանավորված վանքի վերականգնման աշխատանքներով:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Տաթևի վանքը ներկայացնում է պաշտամունքային և աշխարհիկ շենքերի մեծ ու պարսպապատ հուշարձանախումբ:

❈ Կենտրոնական մասում բարձրանում է վանքի գլխավոր հուշարձանը՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին:

❈ Պարսպներին կից կառուցված են բնակելի սենյակներ, բաղնիքներ, արտադրական կառույցներ, իսկ պարսպից դուրս պահպանված են գործող ձիթաններ:

Ճարտարապետություն

❈ Հիմնադրվել է ավանդությամբ V դարում, սակայն պահպանված կառույցներից ամենավաղը թվագրվում է IX դարով:

❈ Տաթևը XII դ. եղել է Սյունյաց եպիսկոպոսանիստ կենտրոն, X դ. շուրջ 1000 վանական ապրել է համալիրում:

Վանքի զարգացման փուլեր՝

XIII դար – ճարտարապետական համալիրի նոր փուլ, նոր շինություններ, համալսարանի հիմնադրում:

XIV դար – Տաթևում գործում է հայտնի համալսարանը, մանրանկարչական դպրոց:

XVII դար – կից շինությունների կառուցապատում:

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ կառուցվել է 848թ., ավերվել սելջուկների ասպատակությունների ժամանակ, վերաշինվել, նորից ավերվել 1138թ. երկրաշարժից, վերականգնվել 1295թ.:

Ս. Պողոս-Պետրոս եկեղեցի՝ 895–906թթ., գլխավոր հոգևոր կառույց, ուղղանկյուն (16.4×27.2մ), ավանդատներ արևելյան և արևմտյան կողմերում, գմբեթը կործանվել է 1138թ., վերաշինվել 1274թ.:

❈ Ներքին պատերը ծածկված են որմնանկարներով, պահպանվել են միայն որոշ հատվածներ:

Ս. Աստվածածին եկեղեցի՝ 1087թ., հյուսիսարևելյան անկյունում, փոքր, միանավ, արտաքուստ ուղղանկյուն:

Գավազան կամ ճոճվող սյուն՝ կանգնեցվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից, ընդհանուր բարձրություն մոտ 6 մ, կրում է Սուրբ Երրորդություն անվանումը:

❈ Զանգակատունը վերակառուցվել է XIX դ.:

❈ Ներքին պատերի որմնանկարների վրա պատկերված է եղել «Ահեղ դատաստան»:

🔨 Գտածոներ

❈ 1969թ.՝ զանգակատան փլատակներից հայտնաբերվել են երկու մեծ զանգեր, արձանագրություններով:

❈ 2014–2015թթ.՝ հայտնաբերվել են խեցեղեն, ապակե, մետաղե բազմաթիվ գտածոններ:

🌍 Նշանակությունը

❈ Տաթևի վանքում հիմնված համալսարանը XIV դ. եղել է գիտակրթական և մշակութային կարևոր կենտրոն:

❈ Համալսարանն ունեցել է հարուստ ձեռնագրատուն-մատենադարան, պահպանվել է 10 հազարից ավելի ձեռագրեր:

❈ Ուսանողներից բացի այստեղ գործել են նշանավոր փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ և նկարիչներ:

📜 Ավանդազրույցներ

❈ Ըստ ավանդույթի՝ Տաթև անունը ծագում է հայերեն «տա թևեր» արտահայտությունից. վարպետը կանգնում է կիրճի եզրին, ասում՝ «Հոգին Սուրբ տա թև» և ցած է նետվում. Սուրբ Հոգին շնորհում է թևեր:

❈ Մեկ այլ ավանդույթ՝ վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, որը I–IV դդ. քարոզել է քրիստոնեություն Հայաստանում և տանջամահ է եղել, իսկ գերեզմանի վրա կառուցվել է եկեղեցի, որը օծվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի կողմից:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանական համալիրին անդրադարձել են տեղագիրները և ճարտարապետության պատմության հետազոտողները: Հնագիտական ուսումնասիրություններ համալիրում իրականացվել է 1969թ. Մշակույթի հուշարձանների վերականգնման հատուկ գիտա-արտադրական արվեստանոցի արշավախումբի կողմից (ղեկ. Ա. Քալանթարյան): 2014-2015թթ. Վանի տարածքում պեղումներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկ. Հ. Մելքոնյան)` պայմանավորված հուշարձանի վերականգնման աշխատանքներով:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Տաթևի վանքը ներկայացնում է պաշտամունքային և աշխարհիկ շենքերի մեծ ու պարսպապատ հուշարձանախումբ, որի պարագծով կառուցված են աշխարհիկ շենքեր, իսկ կենտրոնական մասում բարձրանում է վանքի գլխավոր հուշարձանը` Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին: Վանական համալիրի պարիսպներին կից կառուցված են բնակելի սենյակներ, բաղնիքներ, արտադրական կառույցներ: Պարսպից դուրս գտնվում են բավականին լավ պահպանված գործող ձիթաններ:

Ճարտարապետություն
Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է: Ըստ ավադության վանքը հիմնվել է Vդ., սակայն նրա այժմյան կառույցներից ամենավաղը թվագրվում է IXդ.: Տաթևի վանքը Սյունիքի թագավորության քառասունութ վանքերից ամենագլխավորն էր, XIIդ. հանդիսացել է Սյունյաց եպիսկոպոսանիստ կենտրոնը: Xդ. արդեն վանական համալիրում ապրել է շուրջ հազար վանական, իսկ վանքապատկան ընդարձակ կալվածքների վրա գործել են բազմաթիվ արհեստանոցներ, կառուցել են տարբեր նշանակության բազմաթիվ շենքեր: Սակայն վանքի վերոնշյալ կառույցների մեծ մասն ավերվել է սելջուկյան արշավանքների ժամանակ: Շատ չանցած վանքը նորից է վերականգնվում, սակայն դարձյալ հիմնահատակ ավերվում է 1931թ. եկրաշարժի ժամանակ:
XIII դ. սկսվում է ճարտարապետական համալիրի ձևավորման նոր փուլը, երբ վերակառուցվում են հները և կառուցվում նոր շինություններ: XIVդ. Տաթևում սկսում է գործել հայտնի համալսարանը՝ մի քանի բաժիններով և ուսանողների մեծ թվով: Տաթևն այդ ժամանակ հայտնի էր նաև իր հռչակավոր մանրանկարչական դպրոցով:
Վանքի ծավալուն շինարարական հաջորդ փուլը XVII դարն է, երբ այն կառուցապատվում է կից շենքերով, որոնք կանգուն էին մինչև 1931թ. ուժեղ երկրաշարժը, որից խիստ տուժում է Պողոս-Պետրոս եկեղեցին և զանգակատունը:
Օրբելյան իշխանների աջակցությամբ այստեղ հիմնադրվել և գործել է Տաթևի համալսարանը, որտեղ ուսանել են աստվածաբանություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա, քերականություն, գրչության արվեստ, մանրանկարչություն, երաժշտություն:
Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Փիլիպպե իշխանը 848թ., գոյություն ունեցող հին եկեղեցու հարավային կողմում: Եկեղեցին ավերվել է սելջուկների ասպատակությունների ժամանակ, հետո վերաշինվել, սակայն նորից կործանվել է 1138թ. երկրաշարժից: 1295թ. Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և գավիթը կառուցվել են Ստեփանոս Օրբելյանի ջանքերով:

Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին վանքի գլխավոր հոգևոր կառույցն է: Կառուցվել է 895-906թթ. Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից: Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է (16.4×27.2մ), արևելյան և արևմտյան կողմերում ավանդատներով: Տաճարի սկզբնական գմբեթը կործանվել է դեռևս 1138թ. երկրաշարժի ժամանակ և վերստին կառուցվել է 1274թ.: Տաճարի գլխավոր մուտքը արևմտյան կողմից է: Եվս մեկ մուտք եղել է հարավային կողմից, որի առաջ հետագայում մի մատուռ է կցակառուցվել: Լուսամուտները բավականին մեծ են, հատկապես աչքի են ընկնում լուսամուտների կամարունքների մարդկային քանդակները` երկու կողմից գալարուն օձերով` գլուխներն ուղղված մարդապատկերի կողմը: Այլ
հուշարձաններում (Օձուն, Մրեն) նույնպես հանդիպող այդ օձապատկերներին վերագրվում է պաշտպանիչ էակի նշանակություն: Եկեղեցու հարավայում կողմում է գտնվում աստվածաբան, փիլիսոփա, միջնադարի նշանավոր եկեղեցական գործիչ, սրբադասված Գրիգոր Տաթևացու դամբարանը:
Ավերված հին զանգակատան փոխարեն XIXդ. վերջին եկեղեցու արևմտյան կողմից կցվել է նոր զանգակատունը:
Տաճարի ներքին պատերը Հակոբ Դվինեցի եպիսկոպոսի նախաձեռնությամբ 930թ. ծածկվել են որմնանկարներով, որոնցից մեզ են հասել աբսիդի, հյուսիսային և արևմտյան պատերի որմնանկարների առանձին հատվածներ միայն: Ավագ խորանին պատկերված է եղել «Ահեղ դատաստան» հորինվածքը:
Ս. Աստվածածին (կամ վերդարպասյա) եկեղեցին տեղադրված է վանքի պարիսպների հյուսիսարևելյան անկյունում գտնվող փոքրաչափ թաղակապ սենյակների (ենթադրաբար դամբարան, Ս. Մնացականյան ) վրա: 1087թ. կառուցված եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն է, առանց ավանդատների, արևմտյան կողմում մուտքով:

Գավազան կամ ճոճվող սյունը գտնվում է վանքի բակի հարավային կողմում: Այն կանգնեցվել է վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից, գլխավոր եկեղեցու շինարարությունն ավարտելուց հետո, և կնքվել Սուրբ Երրորդություն անվամբ: Գավազան սյունը կանգնեցված է եզրաքարերով շրջապատված մի ութանկյուն փոսի մեջ: Եռաստիճան հորինվածքը շուրջ 6.0մ ընդհանուր բարձրություն ունի: Հիմքում դրված միակտոր քարե պատվանդանի վրա բարձրացող բազմանիստ առաջին և երկրորդ աստիճաններն ավարտվում են քիվերով, իսկ երրորդը` պատվանդանի վրա ագուցված խաչքարով: Սյան ճոճումը իրականում տեղի է ունենում ներքնասալի ստորին հարթությանը որոշ թեքություն տալու արդյունքում:

🔨 Գտածոներ

1969թ. զանգակատան փլատակները մաքրելու ժամանակ գտնվել են երկու մեծ զանգ, որոնք մինչև երկրաշարժը կախված են եղել զանգակատանը: Զանգերն արձանագիր են: 2014-15թթ. պեղումների ժամանակ հայտնաբերվել են խեցեղեն, ապակե, մետաղե բազմաթիվ գտածոներ:

🌍 Նշանակությունը

Տաթևի վանքում XIVդ. հիմնված համալսարանը գիտակրթական և մշակութային կարևոր կենտրոններից էր: Համալսարանն ունեցել է հարուստ ձեռագրատուն-մատենադարան, որտեղ պահպանվել են 10 հազարից ավելի ձեռագրեր: Բացի ուսանողներից համալսարանում ապրում և ստեղծագործում էին ժամանակի հայտնի փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ և նկարիչներ։
Ավանդազրույցներ Համաձայն ավանդույթի, Տաթև անունը ծագում է հայերեն «տա թևեր» արտահայտությունից: Վանքի շինարարությունն ավարտելուց հետո,
վարպետը կանգնում է կիրճի եզրին և ասում՝ «Հոգին Սուրբ տա թև»,և ցած է նետվում։ Սուրբ Հոգին շնորհում է մեծ վարպետին թևեր։
Ըստ մեկ այլ ավանդույթի վանքը կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով։ Նա քրիստոնեություն էր քարոզում Հայաստանում, ինչի համար էլ տանջամահ է լինում, իսկ IVդ. իր գերեզմանի վրա կառուցվում է եկեղեցի, որն օծում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
  2. Դիվան հայ վիմագրության 1960, Պրակ 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 143 էջ:
  3. Ս. Մնացականյան 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
  4. Ա. Քալանթարյան 1974, Տաթևի վանքի զանգերը և նրանց արձանագրությունները, Հայագիտական հետազոտություններ, պրակ Ա, Երևան, էջ 115-119:
  5. Л. Дурново 1979, Очерки изобразительного искусства средневековой Армении, Москва, Искусство, 331с.
  6. H. Melkonyan, A. Harutyunyan, D. Davtyan 2017, Excavations at Tatev monastery in 2014-2015, Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford, vol. 11, N1-2, pp. 305-320.

Հուշարձանների ցանկ
Սյունիք 8.97.8

📷 Լուսանկարներ

  1. Վանական համալիրի հատակագիծը (Մնացականյան 1960):
  2. Տաթևի վանքը մինչ 1931թ. երկրաշարժը (Մնացականյան 1960):
  3. Տաթևի վանքը 1931թ. երկրաշարժից հետո (Մնացականյան 1960):
  4. Երկրաշարժից վնասված Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու չափագրությունը (Մնացականյան 1960):
  5. Վանական համալիրի ընդհանուր տեսքը (լուս. Ա. Հարությունյանի):
  6. Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին հյուսիս-արևմուտքից (լուս. Ա. Հարությունյանի):
  7. Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու լուսամուտների կամարունքների մարդկային քանդակները` երկու կողմից օձերի պատկերներով (լուս. Ա. Հարությունյանի):
  8. Վանքի խաչային հորինվածքներից մեկը (լուս. Ա. Հարությունյանի):
  9. Ս. Աստվածածին վերդարպասյա եկեղեցին (լուս. Ա. Հարությունյանի):
  10. Ս. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային կողմում գտնվող Գրիգոր Տաթևացու դամբարանը (լուս. Ա. Հարությունյանի):
  11. Ճոճվող սյունը կամ գավազանը (լուս. Ա. Հարությունյանի):
  12. Պեղումներով հայտնաբերված թասը (H. Melkonyan, A. Harutyunyan, D. Davtyan 2017, p. 320):
  13. Պեղումներով հայտնաբերված գտածոները (H. Melkonyan, A.Harutyunyan, D. Davtyan 2017, p. 319):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ