Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցի
Անվանումը՝ Մեղրու Սբ. Հովհաննես
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը` Մեղրու Սբ. Հովհաննես Մկրտիչ (Ս. Սարգիս) եկեղեցի
Այլ անվանում՝ Փոքր թաղի եկեղեցի
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի
Մարզը՝ Սյունիք
Համայնքը՝ Մեղրի համայնք
Բնակավայրը՝ քաղաք Մեղրի
Տեղադրությունը՝ Գտնվում է Մեղրու Փոքր թաղում, ունի իշխող դիրք: Հուշարձան կարելի է հասնել խիտ
կառուցապատված բնակելի տների արանքում կառուցված աստիճաններով:
Պահպանվածությունը՝ Եկեղեցին ամբողջությամբ վերականգնված է:
Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքը թվագրվում է ուշ միջնադարով` XVIIդդ.
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Եկեղեցու ճարտարապետական քննությաննը առաջին անգամ մանրամասն անդրադարձել է Մ. Հասրաթյանը: Ներսից եկեղեցին ամբողջությամբ պատված է որմնանկարներով: 1980-ական թթ. դրանք մասամբ վերականգնվել են, սակայն տարբեր պատճառներով աշխատանքները մնացել են անավարտ: 2017-2019թթ. ԱՄՆ դեսպանատան Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են որմնանկարների կոնսերվացման և ամբողջական վերականգնման աշխատանքներ: Պահպանված որմնանկարների ուսումնասիրությանն ու կատարված աշխատանքներին անդադարձել է Ա. Ավեսիսյանը:
🧱Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետությունը
Մեղրու Փոքր թաղի եկեղեցին պատկանում է ուշ միջնադարում ողջ Հայաստանում տարածված եռանավ բազիլիկների տիպին: Ուղղանկյուն դահլիճը երկու զույգ T-աձև մույթերով բաժանվում է երեք նավի: Կիսաշրջանաձև խորանի երկու կողմում երկհարկանի թաղածածկ ավանդատներն են: Տանիքի կենտրոնում կառուցված է 6 սյունանի աղյուսաշեն զանգաշտարակը, որը որոշ չափով աշխուժացնում է կիսամշակ բազալտից կառուցված եկեղեցու ծավալային հորինվածքը: Մեծ արժեք են ներկայացնում եկեղեցու որմնանկարները, որոնք ծածկում են գրեթե ողջ ներքին մակերեսը: Առկա են ամենաքիչը երեք որմնանկարչական շերտեր` արված 1700, 1793 և 1866թթ.: 1700թ. շերտը, որն ընդգրկում է եկեղեցու որմնանկարների գերակշիռ մասը, հավանաբար արվել է Նաղաշ Հովնաթանի կամ նրա աշակերտներից մեկի կողմից: Այս շերտին են պատկանում սյուժետային բոլոր 23 տեսարաններն ու սրբերի պատկերների մեծ մասը: 1793թ. որմնանկարները, որոնք թվով չորսն են (Պողոս և Պետրոս առաքյալները, Ս. Հովհաննես Մկրտիչն ու Ս. Ստեփանոս նախավկան), արված են Աստվածատուր Աստապատցու կողմից: 1866թ. սրբերի մի քանի պատկերներ նկարվել կամ վերանկարվել են անհայտ նկարչի կողմից:
Մեղրու բերդը Հայկական միջնադարյան պաշտպանական կառույցների մեջ իր հորինվածքով առանձնակի տեղ ունի: Գտնվում է Մեղրու Մեծ թաղի հյուսիսային կողմում, լեռնաշղթաների դժվարամատչելի գագաթներին՝ պայտաձև ընդգրկելով բնակավայրը, ապահովելով դրա հուսալի պաշտպանությունը հյուսիսային, արևմտյան և արևելյան կողմերից: Բերդի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Առաջին պատմական տեղեկությունները հանդիպում են պատմիչ Ստեփանոս Օրբելյանի երկում, ըստ որի՝ 1083 թ. բերդն արդեն կառուցված է եղել: Հիմնովին վերակառուցվել է XVIII դ.: Բաղկացած է 6 աշտարակներից: Բերդն իր հատակագծային հորինվածքով և կառուցվածքով եզակի է հայկական ամրաշինության մեջ նրանցով, որ չունի պարսպապատեր (դրանց փոխարինում են լեռնաշղթաները), և հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ բնակավայրը գտնվել է որոշակի հեռավորության վրա: Իրենց հատակագծերով բերդի 6 աշտարակները երկու տեսակի են՝ ուղղանկյուն և կլոր: Ուղղանկյուն հատակագիծ ունեն երկու, իսկ կլոր հատակագիծ՝ չորս աշտարակները: Թե´ կլոր, թե´ ուղղանկյուն աշտարակները երկհարկանի են և կառուցված են կոպտատաշ ու անմշակ գրանիտից: Պաշտպանական առանձնահատկությունների, հրազենի կիրառման հնարավորության շնորհիվ 1723 թ. Մեղրու բերդը Դավիթ Բեկի գլխավորությամբ կարողացավ դիմակայել թուրքական հարձակումներին:
🌍 Նշանակությունը
Հայ արվեստի համար մեծ արժեք են ներկայացնում եկեղեցու որմնանկարները, նմանօրինակ ուշմիջնադարյան որմնանկարներով հարուստ կառույց Հայաստանում որևէ այլ տեղ չենք հանդիպում:
📚 Սկզբնաղբյուրները
❈ Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
❈ Մ. Հասրաթյան, Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1973, 162 էջ:
❈ Մ. Հասրաթյան, Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, ‹‹Հայաստան››, 1987, 78 էջ:
❈ Ա. Ավետիսյան 2020, Մեղրու փոքր թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու որմնանկարների 2017-2019թթ. ուսումնասիրման և վերականգնման աշխատանքները, ‹‹Հուշարձան տարեգիրք››, ԺԵ, էջ 9-29:
Հուշարձանների ցանկ
Սյունիք N 9.5/2.20 (եկեղեցի)
Սյունիք N 8.5.1.2 (ամրոց)
📷 Լուսանկարներ
- Եկեղեցու հատակագիծը և կտրվածքը (Հասրաթյան 1987, 59):
- Մեղրու բերդի հյուսիս-արևմտյան կլոր աշտարակի հատակագիծը և կտրվածքը (Հասրաթյան 1987, 40):
- Մեղրու բերդի արևմտյան ուղղանկյուն աշտարակի հատակագիծը և կտրվածքը (Հասրաթյան 1987, 42):
- Եկեղեցին 1932թ. դրությամբ (Հայաստանի պատմության թանգարանի արխիվ):
- Եկեղեցու բեմը. լուսանկարը 1932թ. (Հայաստանի պատմության թանգարանի արխիվ):
- Եկեղեցին հարավից (լուս. Դ. Միրիջանյան):
- Եկեղեցին հյուսիս-արևելքից (լուս. Դ. Միրիջանյան):
- Եկեղեցու միակ հարավային մուտքը (լուս. Դ. Միրիջանյան):
- Եկեղեցու ավագ խորանը (լուս. Դ. Միրիջանյան):
- ‹‹Քրիստոսի մուտքը Երուսաղեմ›› որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- ‹‹Սուրբ Ստեփանոսի քարկոծումը›› որմնանկարը(լուս. Դ. Միրիջանյան):
- ‹‹Ահեղ դատաստան›› որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- ‹‹Դավիթ թագավոր›› (լուս. Դ. Միրիջանյան):
- Կենտրոնում ‹‹Հիսուսի ծնունդը›› որմնանկարը (լուս. Դ. Միրիջանյան):
- Առաստաղի պատկերազարդումը(լուս. Դ. Միրիջանյան):
- Հարավային պատի և կամարների որմնանկարները (լուս. Դ. Միրիջանյան):
- Հյուսիսային պատի և կամարների որմնանկարները (լուս. Դ. Միրիջանյան):
- Մուտքի որմնանկարները (լուս. Դ. Միրիջանյան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։