Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցի

  • Անվանումը՝  Սուրբ Գայանե եկեղեցի
  • Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
  • Շրջան՝ Արմավիրի մարզ
  • Ժամանակաշրջան՝ Միջնադարյան

Անվանումը` Ս. Գայանե եկեղեցի

Այլ անվանում` Ս. Գայանե վանք, Ս. Գայանե տաճար

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի–վկայարան,

Մարզը` Արմավիրի մարզ

Համայնքը` Վաղարշապատ

Բնակավայրը` Ք. Վաղարշապատ (1945–1995 թթ.` Էջմիածին)

Տեղադրությունը` Գտնվում է Վաղարշապատի հարավային կողմում, Մայր տաճարից հարավ-արևելք` մոտ 200 մ հեռավորւոթյան վրա:

Պահպանվածությունը` Կառույցը կանգուն վիճակում է: Չնայած XVII դ. վերանորոգումներին` պահպանվել է հիմնական ծավալային հորինվածքը:

Բարձրությունը` ծ.մ.853 մ

Դարաշրջանը և թվագրությունը` Գայանեի և 2 կույսերի նահատակման վայրում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է մատուռ–վկայարան, IVդ.: Եզր Ա. Փառաժնակերտցի (630-641) կաթողիկոսը քանդել է այն` պահպանելով ստորգետնյա մասը և հենց դամբարանի վրա կառուցել խորանը: Թվագրվում է 630 թ. կամ VII դ. 30-ական թթ.

Սուրբ Գայանե եկեղեցի

Վաղարշապատի տպավորիչ սրբավայրերից մեկը՝ հայկական հոգևոր ճարտարապետության գոհար։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

📜 Պատմական ակնարկ

Ս. Գայանեն հիշատակվել է ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ճանապարհորդների ու գիտնականների գրառումներում։ Եկեղեցու համապարփակ ուսումնասիրությունը կատարել է Ա. Ղազարյանը, վիմագրերը՝ Ա. Հարությունյանը։

Հուշարձանը ենթարկվել է մի քանի հիմնական վերանորոգումների՝ 1650-ականներին Փիլիպոս Ա կաթողիկոսի, 1680-ականներին Եղիազար Ա Այնթապցու, 1800-ականներին Գևորգ Դ Կ. Պոլսեցու օրոք։

Խոշոր վերանորոգում կատարվել է նաև Վազգեն Ա կաթողիկոսի տարիներին՝ 1950-ականներից սկսած։ Վերջին տարիներին՝ 2004-ից ի վեր, վերականգնման աշխատանքները շարունակվում են։

🏗 Ճարտարապետություն

Ս. Գայանեն կառուցված է դեղնադարչնագույն տուֆից։ Աղոթասրահը ուղղանկյուն է, իսկ ներսից՝ խաչաձև՝ երեք նավերով և կենտրոնում բարձրացող 8-նիստ թմբուկով գմբեթով։

Եկեղեցին ունի երեք մուտք, դամբարանը տեղակայված է հարավարևելյան ավանդատան հատվածում։

Արտաքին հարդարանքը պահպանել է իր պարզությունը. դռներն ու լուսամուտները՝ քանդակազարդ, ներսում՝ խիստ կարմիր և սպիտակ երանգներով տրոմպներ։

Գավիթը կառուցվել է 1688 թ․՝ եռակամար բացվածքով։ Այստեղ կան Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալներին նվիրված խորաններ, փոքր զանգակատուն, և այստեղ են թաղված մի շարք կաթողիկոսներ ու հոգևորականներ։

🎨 Որմնանկարներ և խաչքարեր

Տարիների ընթացքում մաքրման աշխատանքների ժամանակ բացվել են միջնադարյան որմնանկարներ, որոնց թվում են Հիսուսի դիմապատկերը, առաքյալների պատկերները, խաչելության տեսարան և ուրիշներ։

Նախասրահում տեղադրված են նաև վարպետ Սարգիս և Քիրամի խաչքարերը։

🪦 Հայտնի գերեզմաններ

Եկեղեցու հյուսիսային կողմում է գտնվում նշանավոր գերեզմանոցը։ Այստեղ ամփոփված են՝

❈ Վարդան Աբովյան (Խ. Աբովյանի որդին)

❈ Սամսոն Տեր-Պողոսյան (Րաֆֆու «Խենթ» վեպի հերոս Վարդանի նախատիպը)

❈ Զորավար Դանիել Բեկ Փիրումյան

❈ Զորավար Մախլուտո (Սմբատ Բորոյան)

❈ Լուսինե Զաքարյան

📜 Ավանդազրույց

Ս. Գայանեն Հռիփսիմյանց 37 կույսերից էր, որոնք Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից փախել էին Հայաստան։

Երբ Հռիփսիմեն մերժում է Տրդատ Մեծ արքայի սերը, սկսվում է դաժան հալածանք։ Գայանեն նահատակվում է իր երկու ընկերուհիների հետ։ Տեսիլքով Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նրանց նահատակության վայրը, և այդ վայրում էլ կառուցվում է եկեղեցին։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Եկեղեցին հիշատակում են Հայաստան այցելած հայ և օտարազգի գիտնականներն ու ճանապարհորդները: Այն ներառվել է ինչպես հայկական, այնպես և միջնադարյան ճարտարապետությանը նվիրված աշխատություններում (Ա. Յակոբսոն, Ն. Տոկարսկի, Հովհ. Խալփախչյան, Մ. Հասրաթյան, Ս. Մնացականյան): Հուշարձանին նվիրված համապարփակ ուսումնասիրություն է կատարել Ա. Ղազարյանը, իսկ վիմագրերն առանձին մանրամասն ուսումնասիրվել է Ա. Հարությունյանի կողմից:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Շերտագրություն
Եկեղեցու կառուցման վերաբերյալ պատմական տեղեկությունները սուղ են: Շինարարական արձանագրությունը չի պահպանվել, սակայն պատերին առկա են VII դ. շարված քարերը և քարտաշ վարպետների նշանները:

Մինչև XVII դ. վանքում տարվող շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ մեզ չեն հասել: Դարերի ընթացքում անխնամ վիճակում հայտնված եկեղեցին վերանորոգվել է 1651–1653 թթ. Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք: Վերակառուցվել են բոլոր ծածկերը, ամբողջությամբ վերափոխվել է տանիքի սալածածկը, վերականգնվել է մասամբ կործանված գմբեթը, վերակառուցվել է դամբարանն ու բեմը:

1679 թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից վանքը հայտնվել է անմխիթար վիճակում: Այն բարենորոգվել է Եղիազար Ա Այնթապցի կաթողիկոսի օրոք: Համաձայն եկեղեցու արևմտյան պատի արձանագրության` 1688 թ. տաճարի արևմտյան որմին կից նա կառուցել է եռակամար բաց նախասրահը, որի հյուսիսային և հարավային կողմերում առկա են Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների անուններով խորանները (պատարագի սեղանները)` պսակված փոքր զանգակատնով: Այստեղ են գտնվում ուշ միջնադարում գահակալած մի շարք հայրապետների և բարձրաստիճան հոգևորականների տապանաքարերը:

Նա պարսպապատել և բարեկարգել է վանքի ամբողջ տարածքը, կառուցել վանական խցեր, տնտեսատուն: Տեղում հաստատվել է միաբանություն: Կաթողիկոսը թաղված է նախասրահի հյուսիսային կողմում:

Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը (1763–1780) տաճարի հարավարևմտյան մասում կառուցել է գետնափոր շինություն` «մաղազա» (արաբ. «ապրանքներ պահելու պահեստ, նկուղ»), որը ծառայել է իբրև սառցարան:

Երրորդ կարևոր վերանորոգչական աշխատանքներն իրականացվել են XIX դ. Գևորգ Դ Կ. Պոլսեցի կաթողիկոսի (1866–1882) օրոք, Մոսկվայի Լազարյան ճեմարանի սան, թիֆլիսեցի Վահան վարդապետ Բաստամյանցի ղեկավարությամբ: Նա նորոգել է եկեղեցու պատերը, հյուսիսային դուռը, բարեկարգել է տաճարի շրջակայքը, կառուցել է նոր շենքեր միաբանության համար, պարսպի կամարակապ մեծ դուռը, բակի հարավային կողմի ներքնատան վրայի սենյակները ևն: Այստեղ բացվել է դպրոց, ուր ուսանել են հայերեն ու ռուսերեն: Հիմնել է տպագրատուն (1870), ուր հրատարակվել է «Դպրոց» ուսանողական հանդեսը:

Եկեղեցին մասնակի վերանորոգվել է (տանիքն ու հատակը) Խրիմյան Հայրիկի (1898–1907) օրոք: Վերջին և հիմնական վերանորոգումները իրականացվել են Վազգեն Ա կաթողիկոսի (1955–1995) օրոք: 1959 թ. սկսած մաքրվել են հուշարձանի ներսի պատերի ծեփը, բարեկարգվել են մայթերը և բակում գտնվող աղբյուրը, վերանորոգվել են տանիքը, դռներն ու պատուհանները, սալարկվել հատակն ու փոխվել որմերի  քայքայված քարերը, կառուցվել է նոր մատաղատուն (ճարտ.` Բ. Արզումանյան), վերանորոգվել և մասամբ բարձրացվել է գմբեթը` ավելի սլացիք տեսք հաղորդելով շինությանը, տեղադրվել է Նոր Նախիջևանում 1910 թ. պատրաստված Ս. Գայանե կույսի սև գրանիտե արձանագիր տափանաքարը:

Աշխատանքները շարունակվել են 1980 թ. լոնդոնահայ բարերար Հարություն Մութաֆյանի միջոցներով` ի հիշատակ 1915 թ. Եղեռնի ժամանակ զոհված իր հարազատների:

Վանքում վերանորոգման հերթական աշխատանքներ են տարվում` սկսած 2004 թ.:

1970-1980-ական թթ. բարեկարգման աշխատանքների ընթացքում որմերի ծեփը մաքրելիս պատահմամբ բացվել են մի քանի որմնանկարներ: Արևմտյան մուտքի բարավորին «Քրիստոսի ընծայումը տաճարին» տեսարանն է: Հավանաբար այն հետագայում վերանկարել են և ենթարկել փոփոխությունների (Ա. Հարությունյան): Պահպանվել են Պողոս ու Պետրոս առաքյալների որմնանկարները, Հիսուսի դիմապատկերը` վարշամակով, 2 հրեշտակների ուղեկցությամբ, Եղիազար Ա Այնթափցի կաթողիկոսի պատկերը, Հիսուսի խաչելության տեսարանը:

Նախասրահի խորանների որմերին ագուցված են Սարգիս և Քիրամ հայտնի քարգործ վարպետների խաչքարերը:

Վանքի գլխավոր մուտքը տանող ճանապարհի ձախ կողմում ճարտարապետ Ռ. Իսրայելյանի նախագծով կառուցվել է աղբյուր–հուշարձան: 1984 թ. վանքի գլխավոր մուտքը տանող ճանապարհի աջ կողմում բացվել է աղբյուր-հուշաձան` ի հիշատակ Մեծ եղեռնի ժամանակ նահատակված կարնեցիների:

Եկեղեցու շրջակայքում են թաղված (հիմնականում հյուսիսային կողմում) նաև Մայր Աթոռի միաբաններ, հոգևոր ու մշակութային գործիչներ, ովքեր ապրել ու գործել են XIX-XX դդ.:

Ճարտարապետություն
Եկեղեցին (16,75 x 23, 80 մ) կառուցված է դեղնադարչնագույն տուֆից, աստիճանավոր գետնախարսխի վրա: Ուղղանկյուն հատակագծով աղոթասրահի ներքին տարածությունը խաչաձև է,

այն 4 հզոր մույթերով բաժանված է 3 նավերի, իսկ 8-նիստ թմբուկով գմբեթը բարձրանում է մույթերի առաջացրած կենտրոնական քառակուսու վրա: Կիսաշրջանաձև ավագ խորանին կից գտնվում են հատակագծում քառակուսի ավանդատները: Եկեղեցին ունի 3 մուտք (հարավայինը և հյուսիսայինը կառուցվել են XVII դ.): Մուտքը դեպի դամբարան բացված է հարավարևելյան ավանդատան միջից: Ամենայն հավանականությամբ, մուտքը եղել է բեմի առջևից, ինչպես Հռիփսիմեի տաճարում:

Արտաքին հարդարանքը պարզ է. դռները երեսակալված են, մուտքերի շեղադիր գոտիները, լուսամուտների կամարունքերը՝ քանդակազարդ (երկրաչափական ու բուսական մոտիվներ): Քիվերի նախնական ձևերը հայտնի չեն: Ներքին հարդարանքում առանձնանում են կարմիր և սպիտակ ներկով պատված տրոմպները: Հավանաբար պատերին ժամանակին եղել են որմնանկարներ (Ա. Ղազարյան):

Առանձնանում են Հակոբ Շամախեցի կաթողիկոսի փակագիրը` գավթի կենտրոնական կամարասյան արևմտահայաց կողմում և արևային ժամացույցը հարավային որմին:

🌍 Նշանակությունը

Եկեղեցին նշանավոր է իր գերեզմանոցով, ուր թաղվել են նշանավոր հասարակական և ռազմական գործիչներ: Տաճարի հյուսիսային կողմում են գտնվում Խաչատուր Աբովյանի որդու` Վարդանի, Սամսոն Տեր-Պողոսյանի (Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդան, 1846-1911), Սարդարապատի մարտերի զորավար հերոս Դանիել Բեկ Փիրումյանի (1861-1921), զորավար Սմբատ Բորոյանի «Մախլուտոյի» (1875-1956), Լուսինե Զաքարյան-Պալյանի տապանաքարերը:

Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

📜 Ավանդազրույցներ

Գայանեն Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից Հայաստան փախած 37 կույսերից մեկն է: Երբ նրանց միջից Հռիփսիմեն մերժում է Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի սերը, վերջինիս հրամանով դահիճները դաժանաբար սպանում են բոլորին: Գայանեն մարտիրոսանում է իր 2 ընկերուհիների հետ:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Ագաթանգեղոս 1835, Պատմութւին հայոց, Վենետիկ, Սուրբ Ղազար, 686 էջ:
  2. Ալիշան Ղ. 1890, Այրարատ, Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, Ս. Ղազար, 590 էջ:
  3. Պատմութիւն Առաքել ՎարդապետիԴաւրիժեցւոյ 1896, Վաղարշապատ, Տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 711 էջ:
  4. Տ. Ներսես Աբեղա Խալաթյան 2008, Ս. Գայանե վանքի վերանորոգությունները, Էջմիածին, N 3, էջ 55–72:
  5. Հարությունյան Ա. 2016, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատ., 548 էջ:
  6. Թորամանյան Թ. 2013, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, ԵՊՀ հրատ., 864 էջ:
  7. Շահխաթունեանց Յ. 2014, Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հին գաւառացն Արարատայ, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատ., 560 էջ:
  8. 9. Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и развитие традиций, Том II, Москва: Локус Станди, 640 с.

Հուշարձանների ցանկ
Արմավիր 3.2.16

📷 Լուսանկարներ

Հատակագիծ` Հարությունյան Վ. 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, էջ 74:

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձանները