Սուրբ Աստվածածին եկեղեցի
Անվանումը` Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Կոտայքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այլ անվանում՝ Եղվարդի երկհարկ եկեղեցի
Հուշարձանի տեսակը՝ Դամբարան–եկեղեցի
Մարզը՝ Կոտայք
Համայնքը՝ Եղվարդ
Բնակավայրը՝ Քաղաք Եղվարդ
Տեղադրությունը՝ Գտնվում է Եղվարդ քաղաքի կենտրոնական մասում:
Պահպանվածությունը՝ Կանգուն, գործող Եզակի հուշարձանններից մեկն է, որը մեզ են հասել առանց էական վերափոխության:
Բարձրությունը՝ ծ.մ. 1325 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Զարգացած միջնադար` 1301թ.
Սուրբ Աստվածածին եկեղեցի
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ 1969–1971 թթ. կատարվել են վերանորոգման աշխատանքներ՝ սյունաշար, վեղար, գմբեթ, 2-րդ հարկի բեմահարթակ
❈ Կատարել են հնագիտական պեղումներ՝ հորերում բացվել են մարդկային ոսկորներ
❈ 2007 թ. բացվել են ավագ խորանով IV-V դդ. և VII դ. կառույցների հիմքեր
🧱 Հնագիտական նկարագրություն
Ճարտարապետություն
❈ Եկեղեցին պատկանում է XIII դ. վերջ–XIV դ. I տասնամյակների աշտարակաձև, գմբեթավոր, երկհարկանի տիպին
❈ Առաջին հարկ՝ քառակուսի հատակագիծ, կիսաշրջանաձև ավագ խորան, փոքր ուղղանկյուն ավանդատներ
❈ Երկրորդ հարկ՝ խաչաձև հատակագիծ, շթաքարային գմբեթարդ, 12-սյունանի ռոտոնդա՝ կոնաձև վեղարով
❈ Մուտք՝ արևմտյան կողմում, աստիճանները՝ սիմետրիկ դասավորված քարե պահունակներով
❈ Կառուցված է մուգ մոխրագույն ու սև (1-ին հարկ), դեղնա–դարչնագույն և կարմրավուն (2-րդ հարկ) տուֆից
❈ Ճակատները զարդարված են ներկված քանդակներով (բուսական, կենդանական, մարդակերտ)
❈ Թմբուկի վերին շարքում՝ XIII-XIV դդ. հախճասալեր պարսկերեն գրություններով
🔨 Գտածոներ
❈ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեղեն, թևավոր խաչեր, խաչքարեր և կղմինդրի բեկորներ
🌍 Նշանակությունը
❈ Հուշարձանը առանձնանում է եզակի և հարուստ պատկերաքանդակներով (Տիրամայրը մանկան հետ, Եսայի մարգարեն, առյուծ և ցուլ, հորթին ճանկած արծիվ, եղնիկ որսացող հովազ, քարայծ)
❈ Ավանդազրույցը կապում է եկեղեցին գյուղի տանուտիրոջ աղջկա ողբերգական ինքնասպանության հետ
🔍Ուսումնասիրության պատմությունը
1969–1971 թթ. հեռացվել են կցված անավարտ եռանավ եկեղեցու մնացորդները, կատարվել են վերանորոգման աշխատանքներ (սյունաշարը, վեղարը, գմբեթը, բոլոր լանջերը, 2-րդ հարկի քայքայված բեմահարթակը): Կառույցը շրջապատի բերածո հողի հաստ շերտից (մինչև 1,9 մ) ազատելու ժամանակ կատարվեցին հնագիտական պեղումներ: Ամեն հորում բացվել են մարդկային ոսկորներ:
2007 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (Հ.Մելքոնյան, Գ.Սարգսյան) պեղումներ է կատարել եկեղեցու շրջակայքում: Նրա հյուսիսարևմտյան կողմում բացվել են վաղմիջնադարյան երկու եկեղեցական կառույցների հիմքերը: Առաջին եկեղեցին IV-V դդ. պայտաձև ավագ խորանով միանավ թաղակապ կառույց է: Այս եկեղեցու ավերումից հետո` VII դ., նրա ծավալի վրա ներգծել են քառախորան, կենտրոնագմբեթ մեկ այլ հոգևոր կառույց:
🧱Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետություն
Եղվարդի եկեղեցին պատկանում է XIII դ. վերջին և XIV դ. I տասնամյակներում ստեղծված պաշտամունքային նոր` աշտարակաձև, գմբեթավոր, երկհարկանի եկեղեցու տիպին (Գոշավանքի գրադարան-եկեղեցի, Կապուտանի Սբ. Մինաս, Նորավանքի Սբ. Աստվածածին):
Քառակուսի հատակագծով ու արևելակողմում կիսաշրջանաձև ավագ խորանով (նման է Սաղմոսավանքի գրատան խորանին) առաջին հարկը ծածկված է խաչվող թաղերով: Ավագ խորանից աջ և ձախ փոքր ուղղանկյուն թաղածածկ ավանդատներ են: 2-րդ հարկն ունի խաչաձև հատակագիծ: Առանձնանում են շթաքարային գմբեթարդով (ծածկով) պատարագի խորանը, ճոխ մշակում ունեցող գմբեթակիր կամարները, որոնց վրա բարձրանում է սլացիկ համաչափություններ ունեցող 12-սյունանի ռոտոնդան` ծածկված կոնաձև վեղարով: 2-րդ հարկը նախատեսված է եղել առանձնաշնորհյալ մարդկանց համար և ծիսակատարություն հազվադեպ էր կատարվում: Դեպի 2-րդ հարկն են տանում գլխավոր ճակատի վրա սիմետրիկ դասավորություն ունեցող քարե պահունակային աստիճանները: Եկեղեցու միակ մուտքն արևմտյան կողմում է: Կառուցված է մուգ մոխրագույն ու սև (1–ին հարկ), դեղնա–դարչնագույն և կարմրավուն (2-րդ հարկ) տուֆից:
Ճակատները ծածկող քանդակների մեծ մասը եղել է ներկված (սպիտակ, կարմիր, դեղին):
Թմբուկի վերին շարքի շարվածքում ագուցվել են հարուստ հարդարանք ունեցող XIII-XIV դդ. հախճասալեր` պարսկերեն գրություններով (Ֆիրդուսու «Շահնամեից»):
Վերանորոգվել է 1745 թ.: Սբ. Աստվածածնին կից 1900-ական թթ. սկզբին կառուցվել էր անարվեստ փայտածածկ մի ժամատուն: Հավանական է, որ շինարարության ժամանակ ջարդվել են 2-րդ հարկ տանող աստիճանների ստորին շարքերը: Եկեղեցու հյուսիսային ճակատին` արծվի քանդակի տակ, կամարաձև պատի վրա, կարդում ենք ճարտարապետի անունը` Շահիկ Վարդապետ:
🔨 Գտածոներ
Պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեղենի, թևավոր խաչերի, խաչքարերի և կղմինդրի բազմաթիվ բեկորներ:
🌍 Նշանակությունը
Հուշարձանն առանձնանում է զարդաքանդակների ու եզակի պատկերաքանդակների առատությամբ (Տիրամայրը մանկան հետ ու Եսայի մարգարեն, առյուծ և ցուլ, հորթին ճանկած արծիվ, եղնիկ որսացող հովազ, քարայծ), նրբագեղ զարդաձևերով:
Ավանդազրույցներ Եղվարդ գյուղի տանուտիրոջ աղջկա գեղեցկության համբավը հասնում է Երևանի խանին, և նա պահանջում է իր հարեմը բերել նրան: Տանուտերը մերժում է, և խանը զինվորներ է ուղարկում, որ բռնի բերեն աղջկան: Նրանց ձեռքը չընկնելու համար տանուտիրոջ աղջիկը բարձրանում է գյուղի եկեղեցու գմբեթն ու այնտեղից իրեն ցած նետելով` ինքնասպան է լինում:
📚Սկզբնաղբյուրները
- Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
- Մնացականյան Ստ. 1971, Երևանը և նրա շրջակայքը, Երևան, «Հայաստան» հրատ., 201 էջ:
- Ժամկոչյան Ա., Քալանթարյան Ա. 1971, Եղվարդի Աստվածածին եկեղեցու հախճասալերը, Պատմա-բանասիրական հանդես, N 4, էջ 277-281:
- Հովհաննիսյան Կ. 1978, Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Երևան, «Հայաստան» հրատ., 249 էջ:
- Թումանյան Յու. 1988, Հուշարձաններին նոր կյանք, Երևան, «Հայաստան» հրատ., 208 էջ:
- Թորամանյան Թ. 2013, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, ԵՊՀ հրատ., 864 էջ:
- Մելքոնյան Հ. 2007, Նորահայտ եկեղեցի Եղվարդում, Հայ արվեստ, N 3-4, էջ 34:
- Հասրաթյան Մ. 2017-2018, Զարգացած միջնադարի հայկական երկհարկ, գմբեթավոր եկեղեցիները, Հուշարձան տարեգիրք, ԺԲ-ԺԳ, էջ 53-74:
Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.4/7
Լուսանկարները
Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 164.
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։