Սիսավանի Կաթողիկե
Անվանումը՝ Սիսավանի Կաթողիկե
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Սիսավանի Ս. Հովհաննես եկեղեցի
Այլ անվանում՝ Սյունի վանք
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի
Մարզը՝ Սյունիք
Համայնքը՝ Սիսիան համայնք
Բնակավայրը՝ Ք. Սիսիան
Տեղադրությունը՝ Գտնվում է Սիսիան քաղաքի հյուսիս արևմտյան մասում, դարավանդի վրա
Պահպանվածությունը՝ Կառույցն ամբողջությամբ պահպանված է, գործող եկեղեցի է
Բարձրությունը՝ ծ.մ. 1620 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Եկեղեցին թվագրվում է վաղ միջնադարով` VIIդ.
Ուսումնասիրության պատմությունը
Ստեփանոս Օրբելյանը Սյունիքի հոգևոր կառույցների շարքում Սյունի վանքը իր կարևորությամբ նշում է երրորդը: Պատմիչը գրում է նաև, որ վանքի առջև իշխանները կառուցում են արքունական տուն և իշխանանիստ ապարանք, որոնցից ոչինչ չի պահպանվել: Եկեղեցու կառուցման թվականի վերաբերյալ հավաստի տվյալներ չկան, և ելնելով ճարտարապետա-գեղարվեստական ձևերից թվագրվում է VI-VIIդդ.: Հետագայում, գմբեթի թմբուկին պահպանված բարձրաքանդակների ու վիմագրերի ուսումնասիրությունների հիման վրա կառուցման ժամանակը ճշտվել է VIIդ.՝ 80-90-ական թթ. (Ս. Մնացականյան): 1959-1962 թթ. կատարվել են հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:
Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետություն
Եկեղեցին պատկանում է «հռիփսիմեատիպ» հուշարձանների տիպին: Կառուցված է սրբատաշ, կապտավուն բազալտով, եռաստիճան գետնախարիսխի վրա, ունի խաչաձև կենտրոնագմբեթ, չորս անկյուններում քառանկյուն ավանդատներով հորինվածք: Մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան կողմերից: Հուշարձանի արժանիքներից մեկն էլ ներսից միանգամայն անաղարտ վիճակում պահպանվածությունն է: Եկեղեցու արտաքին խորշերի վերնամասում՝ կենտրոնական հատվածում, տեղադրված են գրեթե կլոր քանդակի բարձրության հասնող գլուխներ (խորշերը ութն են՝ երկուական ամեն երեսին, բայց ոչ բոլորի քանդակներն են պահպանվել): Այդ պատկերների մեջ կան ինչպես մարդու, այնպես էլ կենդանիների գլուխներ: Մարդկային կերպարներից է կնոջ պատկերը՝ փարթամ սանրվածքով և վզնոցով, մյուսը տղամարդու դեմք է՝ սրածայր գլխարկով՝ նման հոգևորականների հանդերձանքի: Մյուս պահպանված քանդակը խոյի գլուխ է: Այս պատկերները համալրում է հայկական և վրացական միջնադարյան արվեստում տարածված դիմակների կամ «դեմքերի» շարքը: Գմբեթին պատկերված են չորս ավետարանիչները, որոնց մի ձեռքը վեր է բարձրացրած՝ ուղղված դեպի աշխարհի չորս կողմերը: Պատկերաքանդակների անմիջապես տակը առկա են Ավետարանիչների անունները ցուցող արձանագրություններ` Մատթեոսը՝ արևմտյան, Մարկոսը՝ հարավային, Ղուկասը՝ արևելյան, Հովհաննեսը՝ հյուսիսային ճակատներին: Եկեղեցու արևմտյան ճակատին հազիվ նշմարելի է ևս մի բարձրաքանդակ՝ աջ ձեռքը բարձրացրած մարդ, որի ով լինելը պարզվում է մակագրությունից՝ «Յոհանէս եկեղցեպան»: Հավանաբար այն կարելի է դասել եկեղեցու կտիտորական քանդակների շարքին, որը, հնարավոր է, հավելվել է մի փոքր ավելի ուշ: Պատկերաքանդակների հաջորդ խումբը գտնվում է եկեղեցու ներսում: Երկուսը անմիջապես գմբեթի տակ են` նրա հյուսիսարևելյան փոքր տրոմպերի վրա, այնպես, որ տեսանելի են ներս մտնողի համար: Երրորդ քանդակը տեղ է գտել թմբուկի հյուսիսային նիստի վերին մասում: Համաձայն արձանագրությունների՝ պատկերաքանդակներից մեկը Սյունյաց Կոհազատ իշխանն է, իսկ մյուս երկուսը` Սյունյաց Հովսեփ եպիսկոպոսն ու Թեոդորոս վանականը: Սրանք, անկասկած, եկեղեցու պատվիրատուներն ու հովանավորներն են: Այս քանդակները խոշորագույններից են VII դ. պատկերաքանդակների շարքում: Բոլոր պատկերաքանդակներում առանձնակի շեշտված են դեմքերը: Կոհազատ իշխանը պատկերված է մինչև գոտկատեղը, ուղղահայաց, կտիտորներին հատուկ աղոթողի դիրքով՝ ձեռքերը ուղղած խորանի ուղղությամբ: Քանդակագործը հատուկ ուշադրություն է դարձրել իշխանի հագուստին, որը մշակված է ամենայն մանրամասնությամբ: Նա առանց գլխարկի է: Հաջորդ պատկերաքանադակը, որը ներկայացնում է Սյունյաց հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոսին, գտնվում է հյուսիսարևելյան հաջորդ տրոմպի վրա: Արձանագրությունը պատկերների կողքին է. հողմահարվել է ձախ կողմից և մասամբ էլ տուժել են պատկերի քիթն ու աչքերը: Բայց ընդհանուր առմամբ պատկերաքանդակը ընթեռնելի է: Որպես հոգևոր դասի ներկայացուցիչ` Հովսեփը գլխին ունի վեղար, որի ճակատային մասում կա խաչի պատկեր: Օրհնողի դիրքով մի ձեռքը հենվում է մյուս ձեռքին գտնվող գրքի վրա: Նման անհատական դիմագծերով է օժտված նաև երրորդ պատկերաքանդակը, որը հյուսիսային նիստի վերին հատվածում
Նշանակությունը
Հուշարձանի քանդակային հարդարանքը եզակի է այն առումով, որ այստեղ ներկայացված են տարբեր նշանակություն ունեցող քանդակներ՝ սրբեր, հոգևոր և աշխարհիկ դեմքեր: Բոլոր քանդակներն ունեն կատարման առանձնահատկություններ ու պատկերագրական տարբեր կանոններ:
Ավանդազրույցներ
Եկեղեցին հիշատակվում է Ս. Գրիգոր անունով, այժմ հայտնի է որպես Ս. Հովհաննես: Ենթադրվում է, որ զավթիչների ասպատակումների հետևանքով, Սյունյաց բնակավայրերը ամայացել էին, իսկ վերաբնակեցված ժողովրդին հայտնի չէր եկեղեցու իսկական անունը։ Այդ պատճառով տեղացիներին այն վերանվանել են Ս.Հովհաննես անունով, որը տրվել էր արևմտյան պատին պահպանված «ՅՈՀԱՆԷՍ ԵԿԵՂՑԵՊԱՆ» արձանագրության հիման վրա:
Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Ստեփանոս Օրբելյան 1910, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, Ն. Աղանեանցի տպ., 619 էջ:
- Դիվան հայ վիմագրության 1960, Պրակ 2, Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 143 էջ:
- Ս. Մնացականյան 1961, Սիսավանի պատկերաքանդակները և տաճարի կառուցման ժամանակը, ‹‹Տեղեկագիր››, N10, էջ 63-76: Մնացականյան Ս. 1964, Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 322 էջ:
- Հակոբյան Զ. 2016, Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր), Երևան, ԵՊՀ հրատ., 169 էջ:
- Վ. Հարությունյան 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, ‹‹Լույս››, 540 էջ:
- Թ. Սյունի 2007, Սյունի վանքը, Մոսկվա, 66 էջ:
Հուշարձանների ցանկ
Սյունիք 8.6.14
Լուսանկարները
- Ս. Հովհաննես եկեղեցու հատակագիծը (Մնացականյան 1964, 145):
- Սյունի վանքը XXդ. սկզբին (‹‹Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն›› ՊՈԱԿ-ի արխիվ):
- Ս. Հովհաննես եկեղեցին հարավից (լուս. Դ. Դավթյան):
- Ս. Հովհաննես եկեղեցին հարավ-արևելքից (լուս. Դ. Դավթյան):
- Ս. Հովհաննես եկեղեցին արևելքից (լուս. Դ. Դավթյան):
- Ս. Հովհաննես եկեղեցին բլրի ստորոտից (լուս. Դ. Միրիջանյան):
- Հոգևորականի դիմաքանդակ եկեղեցու հարավային պատի արևելյան խորշի վերևում (ըստ լուս. հեղինակ Թ. Սյունու մեկը արևմտյան պատի
հարավային խորշի վերևում (լուս. Թ.Սյունի): - Արևմտյան պատի հյուսիսքանդակը պատկերում է Սյունիքի եպիսկոպոս Տեր Վրթանեսին):
- Կոհազատ իշխանի դիմաքանդակը (Մնացականյան 1964, նկ. 59):
- Թեոդորոս վանականի պատկերաքանդակը(Մնացականյան 1964, նկ. 59ա):
- Պատկերաքանդակներից ային խորշի վերևում գտնվող քանդակը (լուս. Թ. Սյունի):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։