Շամիրամ
Անվանումը՝ Շամիրամ
Հուշարձանի տեսակը՝ Դամբարանադաշտ
Շրջան՝ Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան՝ Նախապատմական
Անվանումը՝ Շամիրամ
Հուշարձանի տեսակը՝ Վաղ երկաթի դարի քաղաքատեղի, դամբանադաշտեր, պաշտամունքային և ծիսական կառույցներ, արհեստական ջրամբար, մեգալիթյան աշտարակներ, հելլենիստական ամրոց-բնակատեղի և գերեզմանոց։
Մարզը՝ Արագածոտն
Համայնքը՝ Շամիրամ
Բնակավայրը՝ Շամիրամ
Տեղադրությունը՝ Շամիրամը գտնվում է Արագածոտնի մարզում, համանուն գյուղի հարավարևմտյան հատվածում՝ Քասաղ գետի եռանկյունաձև հրվանդանի վրա, որը երեք կողմերից շրջապատված է խորը կիրճով, իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ մեծաչափ տուֆ քարով կառուցվածքով հնգաշարք պարսպապատով։
Ընդարձակ դամբանադաշտը՝ տարբեր արտաքին կառուցվածք ունեցող դամբաններով և ծիսապաշտամունքային բնույթի այլ կառույցներով (ուղղանկյուն հիմքով կառույցներ, զոհասեղան), գտնվում է ամրոցակիր հրվանդանի հարավային կողմում։ Մեծ դամբանաբլուրները գտնվում են Շամիրամաձորի ձախ ափին, ամրոցից հյուսիս։
Պահպանվածությունը՝ Հուշարձանը կիսավեր վիճակում է։ Ամրոցի պարիսպները` կանգուն։ Դամբանադաշտի տարածքը կառուցապատվել է եզդիական գերեզմանոցով։
Կոորդինատները՝ 40,16’16.32 N, 440, 35’37.02 E
Բարձրությունը՝ 1150 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Հուշարձանը բազմաշերտ է։ Պեղումներով և վերգետնյա նյութի դիտարկումով ամրոցում առանձնացվել է բնակեցման հետևյալ փուլերը՝ ուշ բրոնզի և վաղ երկաթի դարեր (մ.թ.ա. XIV-VIII դարեր), հետուրարտական ժամանակաշրջան (մ.թ.ա. VI-IV դարեր), անտիկ ժամանակաշրջան (մ.թ.ա. III-I դարեր)։ Դամբանադաշտում պեղվել են միջին և ուշբրոնզեդարյան թաղումներ (մ.թ.ա. XX-XVI ), իսկ ամրոցի հարևանությամբ գտնվող դամբանադաշտում՝ մ.թ.ա. XII-VIII դդ. դամբաններ։
Շամիրամ
📍 Ուսումնասիրության պատմություն
Հուշարձանը 1922 թ. հայտնաբերել է Սենեքերիմ Տեր-Հակոբյանը, իսկ 1924 թ. ուսումնասիրել է հուշարձանների պաշտպանության կոմիտեի արշավախումբը։ Առավել հանգամանորեն այն ուսումնասիրվել է 1975 թ. ԵՊՀ և ՀԱԻ երթուղային միացյալ արշավախմբի կողմից։
🏺 Հնագիտական նկարագրություն
Շամիրամի հուշարձանը գտնվում է Շամիրամ և Արուճ գյուղերի միջև՝ կիրճերի շրջանում, ընդգրկում է հրվանդան (10 հա) և դամբարանադաշտ։ Հրվանդանը պաշտպանված է հինգ շարք պարիսպներով՝ ուղղանկյուն աշտարակներով և արհեստական խանդակներով, լքվել է մ.թ.ա. IX–VIII դարերում, ապա վերաբնակեցվել հետուրարտական շրջանում։
Դամբարանադաշտում կան տուֆե հարթասալերով դամբաններ, դոլմեններ և պաշտամունքային կառույցներ՝ խոշոր քանդակներով։ Պեղումներից հայտնաբերվել են խեցեղեն, զենքեր, զարդեր և մարդակերպ կոթողներ։
🔎 Նշանակությունը
Շամիրամի հուշարձանախումբը ունի հանրապետական նշանակություն, և դրա տվյալները կարևոր են նախաուրարտական ժամանակաշրջանի ամրաշինական կառույցների և քաղաքային քաղաքակրթությունների վաղ շրջանի ուսումնասիրության համար։
Դամբանադաշտը, որտեղ հաշվվել է ավելի քան 5000 դամբան, համարվում է տարածաշրջանի երկաթեդարյան ամենամեծ համալիրներից մեկը։
Ուսումնասիրության պատմությունը
Շամիրամում հետախուզություններ, դիտարկումներ են կատարել Ե. Լալայանը, Հ. Մարտիրոսյանը, Լ. Բարսեղյանը, Ա. Քալանթարյանը, Կ. Կ. Ղաֆադարյանը, Պ. Ավետիսյանը և այլք։
1924 թ. Արուճում և Շամիրամում հետախուզական աշխատանքներ է կատարել Թ. Թորամանյանը։
1975 թ. սկսած Շամիրամում պարբերական հնագիտական պեղումներ է սկսում Երևանի պետական համալսարանի արշավախումբը (արշ․ ղեկ.՝ Գր. Արեշյան)։
Հնագիտական նկարագրությունը
Հուշարձանը տարածվում է Շամիրամ և Արուճ գյուղերի միջակայքում, Շամիրամ գյուղի հարավարևմտյան եզրին՝ երկու ոչ խորը ձորերի առաջացրած կիրճերի միջև ընկած ընդարձակ հատվածում։
Հրվանդանը, որի բնակեցումը սկիզբ է առնում ուշ բրոնզ- և վաղ երկաթեդարյան ժամանակաշրջանում, ընդգրկում է 10 հա տարածք։ Հրվանդանը լայնական հատում են պաշտպանական պարիսպների հինգ շարքեր, որոնցից առաջինը անջատում է հրվանդանը հարթավայրից և օժտված է երկու ուղղանկյուն աշտարակներով։ Առավել խոցելի հատվածում փորվել է արհեստական խանդակ։ Երկրորդ և երրորդ պաշտպանական գոտիներն զուգահեռ են իրար։ Չորրորդ պարսպի աշտարակի լայնությունն 14 մ է։ Հրվանդանի ծայրում՝ պարսպի հինգերորղ շարքի մոտ, գտնվում է ուղղանկյուն հատակագծով մի շինությունը, որը հավանաբար ունեցել է պաշտամունքային բովանդակություն։ 1-ին, 3-5-րդ պարիսպների մուտքերը դասավորված են ոչ սիմետրիկ, յուրաքանչյուրը պարսպի տարբեր մասերում։
Պարիսպների պատերը ամրացված են հավասար հեռավորության վրա կառուցված ուղղանկյուն աշտարակներով։ Ամրոցը լքվել է մ.թ.ա. IX դարի վերջին կամ VIII դարի սկզբին՝ հարձակման հետևանքով, որից հետո ամրոցի տարածքը վերաբնակեցվել է հետուրարտական ժամանակաշրջանում։
Հրվանդանի վերջնամասում, 4-րդ և 5-րդ պաշտպանական պարիսպների միջև և 5-րդ պարսպից մինչև հրվանդանի վերջն ընկած տարածքում (1.5 հա) է գտնվում հելլենիստական և անտիկ ժամանակաշրջանում կառուցված շինություններից կազմված բնակավայրը։
Ամրոցից հարավ ընկած հատվածում տարածվում է դամբանադաշտը, որտեղ փաստագրվել են դամբանային կառույցների մի քանի ձևեր։ Այստեղ հայտնի են կողքի վրա ուղղահայաց դրված տուֆե հարթասալերով եզրագծված կամ գետաքարից հենապատերով դամբաններ, դոլմեններ ևն, պաշտամունքային կառույցներ և այլն։ Հենապատերի սալերից որոշների վրա Շամիրամի արշավախումբը փաստագրել է ձիավորների, մարտակառքերի, արևային խորհրդանշանների քանդակներ։ Շամիրամի ամրոցին մոտ դամբանադաշտը թվագրվում է վաղերկաթեդարյան ժամանակաշրջանով։ Ինքնամփոփ խումբ են կազմում Շամիրամաձորի ձախ ափին, Շամիրամ ամրոցից հյուսիս, Արուճ գյուղի արևելյան կողմում գտնվող միջին և ուշբրոնզեդարյան մեծ դամբանաբլուրները։
Շամիրամի հնագիտական համալիրը բազմաշերտ հնավայր է։ Հրվանդանի տարածքը, ճիշտ է, բնակեցվել է մ.թ.ա. II հազարամյակի սկզբներին (առկա են կարմիրբերդյան գունազարդ բեկորներ), սակայն քաղաքատեղիում պեղումներով ուրվագծվում է շինարարական երեք հորիզոններ՝ ա) ուշ բրոնզի և վաղ երկաթի դարի համատեղ շերտ (մակերեսից 130-180 սմ խորություն), բ) վաղ երկաթի դարի շերտ (մակերեսից 50-120 սմ խորություն) և անտիկ ժամանակաշրջանի շերտ (մակերեսից 10 – 50 սմ խորություն)։
Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերին են վերագրվում անտաշ տուֆ քարից և «միդիս» տեխնիկայով շարված մոնումենտալ կառույցները, որոնք տեղ-տեղ ունեն 1.3 մ բարձրություն և 1.7 մ լայնություն։
Անտիկ ժամանակաշրջանում հրվանդանի եզրին գտնվող վաղերկաթեդարյան մշակութային շերտն ամբողջապես մաքրվել է, սակայն այս փուլին վերաբերվող կառույցների մնացորդներ պահպանվել են հրվանդանի եզրային հատվածներում և պարիսպների միջակայքերում։ Անտիկ Շամիրամի պեղումներով բացված կառույցները ըստ նշանակության պաշտպանական են և բնակելի համալիրներ։
Ամրոցի հիմնական մուտքը անտիկ ժամանակաշրջանում ենթարկվել է վերակառուցումների։ Պեղումներով բացվել է կառուցապատված հինգ հատվածներ, որոնք իրար կապված են եղել փողոցներով, մուտքով ու միջանցքներով։
1983 թվականին բացված տեղամասում բացվել են քարե գլանաձև հորեր, որոնք միաժամանակ օգտագործվել են անտիկ թաղումների համար։
Շամիրամի ամրոցի և բնակատեղիի վաղ շերտերի պեղումներից հայտնաբերվել են մեծաքանակ խեցեղեն առարկաներ։ Խեցեղեն առարկաների մեջ առանձնանում են կճուճներ, կարասներ, սափորներ, քրեղաններ, մանր առարկաներ։ Առավել հետաքրքրական տվյալներ տվել դամբանադաշտի պեղումները, որտեղից ի թիվս տարատեսակ խեցանոթների, գտնվել են բրոնզե և երկաթե զենքեր, բրոնզե գոտիներ, զարդարանքի պարագաներ։ Հիշատակելի են նաև Շամիրամի դամբանադաշտից գտնված մարդակերպ կոթողները, կաթսան, միտանիական կնիքը։
Նշանակությունը
Շամիրամի հուշարձանախումբը հանրապետական նշանակության հուշարձան է, որի տվյալները կարևոր են նախաուրարտական ժամանակաշրջանի ամրաշինական կառույցների և քաղաքային քաղաքակրթությունների վաղ շրջանի ուսումնասիրության համար։ Դամբանադաշտը, որտեղ հաշվվել է ավելի քան 5000 դամբաններ, տարածաշրջանի երկաթեդարյան ամենամեծ համալիրներից մեկն է։
Սկզբնաղբյուրները
- Արեշյան Գ. Ե., Շամիրամ, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 8, Երևան, 1982, էջ 441-442։
- Արեշյան Գ., Սիմոնյան Հ. 1976, ԵՊՀ-ի Հայագիտական հետազոտությունների պրոբլեմային լաբորատորիայի 1975 թ. կատարած հնագիտական աշխատանքները, Բանբեր Երևանի Համալսարանի, №1, էջ 284-288։
- Արեշյան Գ., Ղաֆադարյան Կ., Սիմոնյան Հ., Տիրացյան Գ., Քալանթարյան Ա. 1977, Հնագիտական հետազոտություններ Հայկական ՍՍՀ Աշտարակի և Նայիրի շրջաններում, Լրաբեր Հասարակական գիտությունների, №4, էջ 77-92։
- Թորամանյան Թ. 1942, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, I, Երևան:
- Սիմոնյան Հ. 1985, Շամիրամի քաղաքատեղիի 1‐ին շերտագրական
տեղամասի 1983 թ. պեղումների արդունքները, Հայկական ՍՍՀ-ում 1983-1984 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, զեկուցումների թեզիսներ, ապրիլ 1985, Երևան, էջ 15-17: - Օհանյան Հ. 1989, Շամիրամի անտիկ ժամանակաշրջանի բնակավայրի խեցեղենը (1981-1987 թթ. պեղումներ), Բանբեր Երևանի համալսարանի, էջ 208-221։
- Օհանյան Գ. 1990, Հայաստանի անտիկ բնակավայրերի մշակույթը (ըստ Արագածոտնի բնակավայրերի պեղումների), Գիտական թեզ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու համար, ՀԳԱ ՀԱԻ, ԵՊՀ, Երևան։
- Арешян Г., Акобян А. 1977, Архитектура погребальных сооружений главного некрополья Шамирама, III республиканская научная конференция по проблемам культуры и искусства Армении, Тезисы докладов, Ереван, 98-99
- Симонян А. 1985, Исследование стратиграфии Шамирамского городища, Археологические открытия 1983 года, Москва, стр. 498-499.
- Smith A.1996, Imperial Archipelago: The Making of the Urartian Landscape in Southern Transcaucasia, University of Arizona, 1996, p. 972.
Հուշարձանների ցանկ
2.81.1 Շամիրամ քաղաքատեղի
2.81.1.1 Միջնաբերդ
2.81.1.1.1 Դղյակ
2.81.1.2 Դամբանադաշտ
2.81.1.3 Դամբանադաշտ
2.81.1.3.1 Զոհասեղան
2.81.2. Մենհիր
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։