Sanahin Monastery Complex
Sanahin
Sanahin

Սանահինի վանական համալիր

Անվանումը` Սանահինի վանական համալիր
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Սանահինի վանական համալիր

Այլ անվանում՝ Սանահնի վանք

Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր

Մարզը՝ Լոռու մարզ

Համայնքը՝ Ալավերդի համայնք

Բնակավայրը՝ Ալավերդի քաղաք

Տեղադրությունը՝ Գտնվում է Սանահին թաղամասի հյուսիսակողմյան բարձրադիր մասում:

Պահպանվածությունը՝ Վանական համալիրի հիմնական կառույցները գրեթե ամբողջությամբ պահպանված են: Վերանորոգման որոշ աշխատանքներ իրականցվել են ինչպես միջնադարում, այնպես և խորհրդային շրջանում:

Կոորդինատները` 41o05’13.47”   44o39’58.17”

Բարձրությունը՝ ծ.մ. 1040մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանական համալիրը թվագրվում է զարգացած միջնադարով` X-XIII դդ.:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Սանահինի վանքի մասին աղբյուրագիտական մանրամասն ուսումնասիրությունն իրականացրել է Կ. Ղաֆադարյանը, որի արդյունքում հրատարակել է համալիրի մասին առաջին մենագրությունը:
Վանական համալիրի հնագիտական ուսումնասիրությունն իրականացվել է 2019թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից, ղեկ. Ա. Նալբանդյան:
2021թ. վանական համալիրի պեղումներն իրականացրել է «Պատմամշակությային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը, ղեկ. Ա. Նալբանդյան:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Սանահինի վանական համալիրը բաղկացած է 10-12-րդ դարերում կառուցված պաշտամունքային և քաղաքացիական շինություններից՝ երեք եկեղեցիներից, գրատուն-մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, դամբարաններից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից: Վանքի միջուկը կազմող հուշարձաններից բացի` պարսպով շրջափակված տարածքում ու նրանից դուրս, պահպանվել են Արղության-Երկայնաբազուկների և Զաքարյան իշխանների դամբարանները, վանքի աղբյուրը, նրբահյուս զարդաքանդակներով մեծ թվով խաչքարեր, Սուրբ Հակոբ, Սուրբ Հարություն ու Սուրբ Կարապետ եկեղեցիներն ու Սուրբ Սարգիս մատուռը, Գրիգոր Տուտեորդու գեղաքանդակ խաչքարը (1184թ.):
Սանահինի վանքի միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից էր: Այստեղ գրվել են բազմաթիվ գրքեր, վանքի դպրոցի գիտնական վարդապետները հեղինակել են մի շարք կրոնական, փիլիսոփայական բնույթի աշխատություններ:

Ս. Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 940-ական թթ., Բագրատունի Աբաս թագավորի օրոք (928-953թթ.) հակաքաղկեդոնական մի խումբ հոգևորականների կողմից, որոնք հալածվել էին Բյուզանդիայի կայսեր Ռոմանոսի կողմից (920-944թթ.) և փախել Հայաստան: Եկեղեցին ներսից խաչաձև, դրսից ուղղանկյուն կառույց է: Խաչաթևերից արևելյանը կիսաշրջան ավագ խորանն է, երկու կողմերում ավանդատներով: Մյուս խաչաթևերը ուղղանկյուն են:
Ս. Աստվածածին-եկեղեցու խաչաթևերի հատման անկյուններում կան կենդանիների և մարդկային գլուխների քանդակներ: Նմանօրինակ քանդակներ կան նաև արտաքուստ` թմբուկի հարավահայաց կողմում: Հյուսիսարևելյան ավանդատան մուտքից վերև` զույգ սյուների վրա, տեղադրված է եկեղեցու քարե մանրակերտը: Զանգակատունը գտնվում է նախագավթի հյուսիսարևմտյան հատվածում: Այս զանգակատունը Հայաստանի նմանօրինակ ամենավաղ կառույցներից մեկն է:
Ս. Ամենափրկիչ վանքը կամ Կաթողիկեն կառուցվել է 966թ. Աշոտ Ողորմած Բագրատունի արքայի կնոջ` Խոսրովանույշ թագուհու պատվերով և ակտիվ մասնակցությամբ: 979թ. Սմբատ Բ արքայի հրովարտակով վանքը դառնում է եպիսկոպոսանիստ` դառնալով Գուգարքի հոգևոր կենտրոնը: Ս.Ամենափրկիչը պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին: Հատակագծում խաչաձև աղոթասրահի չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներ են տեղավորված: Եկեղեցին ներսից պատված է եղել որմնանկարներով, որոնցից այժմ քիչ հետքեր են պահպանվել: Եկեղեցու արևելյան ճակատում, ուղղանկյուն խորշի մեջ տեղադրված է կտիտորական բարձրաքանդակ, որտեղ ներկայացված են եկեղեցու հիմնադիր Խոսրովանույշ թագուհու որդիներ Գուրգենը (Կյուրիկե) և Սմբատը: Նրանք պատկերված են ողջ հասակով` դեմ-դիմաց կանգնած, եկեղեցու մանրակերտը ձեռքներին:
Ս. Աստվածածին եկեղեցուց արևելք գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցին: Այն կենտրոնագմբեթ փոքրածավալ մի շինություն է` դրսից կլոր, ներսից` քառախորան, խաչաձև հատակագծով: Կառուցվել է 1061թ. Դավիթ Անհողինի դուստր Հրանուշ թագուհու կողմից: Հրանուշ թագուհու կողմից է կառուցվել նաև գրատուն-մատենադարանը` 1063թ.: Շինարարական արձանագրության մեջ այն կոչվում է նշխարատուն, քանի որ այստեղ պահվել են ինչպես գրքեր և ձեռագրեր, այնպես և վանքի արժեքավոր իրերը, նշխարները, մասունքները: Գրատան հորինվածքում հաշվի են առնված մատյանների ու ձեռագրերի անխաթար պահպանման, լուսավորության, օդափոխության, ջերմաստիճանի կայունության խնդիրները:
Հոգևոր դպրոցը: Ավանդաբար կոչվում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ճեմարան:
Գտնվում է Ամենափրկիչ և Աստվածածին եկեղեցիների միջև: Սանահինի կամուրջը  Լոռու մի քանի տասնյակ կամուրջ-հուշարձանների մեջ միաթռիչք կամար ունեցող ամենամեծ կամուրջն է (18.6 մ): Գտնվում է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա, Սանահինի վանք տանող ճանապարհին: Կառուցել է Կյուրիկյան թագուհի Վանենին XII դ. վերջին ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու Աբաս Բագրատունի թագավորի: Աստիճանավոր եզրապատերի չորս անկյուններում, որպես պահապան խորհրդանշաններ, կան առյուծների մեկական բարձրաքանդակներ:

Համալիրի վերջին տարիների պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական նյութեր, որոնց մեջ ուշագրավ են խաչի պատկերագրությամբ ճակտոնները: Գտածոներից ընդգծենք նաև բազմաթիվ տապանագրերը, որոնք կարևոր սկզբնաղբյուր են վանքի գործունեության վերաբերյալ:

🌍 Նշանակությունը

Սանահնի վանական համալիրը 2001 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների գրանցամատյանում»:

📜 Ավանդազրույցներ

Սանահինի անունը ժողովրդական ստուգաբանությամբ բացատրվում է որպես սա նրանից, այսինքն` Հաղպատից, հին:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Դիվան հայ վիմագրության 2012, Լոռու մարզ, պրակ IX, կազմեցին Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան, Երևան, ‹‹Գիտություն››, 612 էջ:
  2. Կ. Ղաֆադարյան 1957, Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 209 էջ:
  3. Գ. Շախկյան 1986, Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, «Հայաստան», 184 էջ:
  4. О. Халпахчьян 1973, Санаин: Архитектурный ансамбль Армении X-XIII веков, Москва, ‹‹Искусство››, 89 с.

Լուսանկարները

1. Վանքի գլխավոր կառույցների հատակագիծը (Ղաֆադարյան 1957, 17)
2. Ս. Ամենափրկիչ վանքը (Ա. Նալբանդյան)
3. Ս. Ամենափրկիչ եկեղեցու հիմնադիր Խոսրովանույշ թագուհու որդիներ Գուրգենի (Կյուրիկե) և Սմբատի կտիտորական քանդակը («Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի կայք)
4. Ս. Գրիգոր եկեղեցին (Դ. Գրիգորյան)
5. Ս. Աստվածածին եկեղեցու զանգակատունը ( Դ. Գրիգորյան)
6. Սանահնի վանքի աղբյուրը ( «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի կայք)
7. Ս. Հակոբ եկեղեցին պեղումներից հետո (Ա. Նալբանդյան)
8. Ս. Հարություն եկեղեցին մինչ պեղումները (Ա. Նալբանդյան)
9. Ս. Հարություն եկեղեցու տապանաբակը պեղումներից հետո (Ա. Նալբանդյան)
10. Սանահինի կամուրջը («Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի կայք)
11. Սանահինի կամրջի առյուծաքանդակներից մեկը («Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ»-ի կայք)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ