Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Անվանումը` Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Արմավիրի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Այլ անվանում՝ Տաճար «Սրբոց վկայիցս Քրիստոսի»
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի, վկայարան
Մարզը՝ Արմավիրի մարզ
Համայնքը՝ Վաղարշապատ
Բնակավայրը՝ Ք. Վաղարշապատ (1945–1995 թթ.` Էջմիածին)
Տեղադրությունը՝ Գտնվում է Վաղարշապատի հյուսիսարևելյան ծայրամասում, ոչ բարձր բլրի վրա, Երևան տանող մայրուղու ձախ կողմում
Պահպանվածությունը՝ Կառույցը կանգուն վիճակում է: Ժամանակի ընթացքում ենթարկվել է ավերումների ու վերանորոգումների, բայց հիմնականում պահպանել է իր հորինվածքային ամբողջությունը
Բարձրությունը՝ ծ.մ. 853 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Վաղ միջնադարյան հուշարձան է. Հռիփսիմեի և 32 կույսերի նահատակության վայրում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է վկայարան, որն ավերվել է հայ-իրանական պատերազմի ժամանակ IV դ. Նույն դարի վերջում Սահակ Պարթև կաթողիկոսի օրոք շինվել է երկհարկ դամբարանը. 618 թ. Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի կարգադրությամբ քանդվել է նրա վերերկրյա մասը, և դամբարանի ստորերկրյա թաղածածկ մասի վրա կառուցվել է ներկայիս տաճարը
🔍Ուսումնասիրության պատմությունը
Տաճարի գիտական ուսումնասիրության հիմքը դրել են Հ. Օրբելին (1914 թ. հրապարակել է տաճարի շինարարական արձանագրությունները), Թ. Թորամանյանը (առաջին չափագրումն արել է 1931 թ.), Յ. Ստրժիգովսկին ևն: Առավել խորն ուսումնասիրվել է XX դ. կեսերից (Ն. Տոկարսկի, Տ. Մարության ևն): Ճարտարապետությունը վերլուծել են Վ. Հարությունյանը, Մ. Հասրաթյանը ևն: Տաճարին նվիրված է մեկ մենագրություն, հեղինակ` Ա. Երեմյան (1955 թ.): Տաճարի համապարփակ նոր ուսումնասիրությունը կատարել է Ա. Ղազարյանը:
🧱Հնագիտական նկարագրությունը
Շերտագրություն
Մինչև XVII դ. տաճարի վերանորոգման մասին հիշատակություններ չեն պահպանվել: Հայտնի է, որ ուշ միջնադարում կատարվել են մասնակի վերափոխություններ ու կցակառուցումներ: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք 1653 թ. անմխիթար վիճակում գտնվող վանքում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, եկեղեցու արևմտյան մուտքին կից կառուցվել է քառասյուն նախամուտք (1653 թ.), որի վրա Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի օրոք կառուցվել է զանգակատուն (1790 թ.):
Եղիազար Այնթապցի կաթողիկոսը ևս ծավալել է շինարարական աշխատանքներ ու միաբանություն հաստատել:
Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք կանգնեցվել է գմբեթի խաչը (1765 թ.), տաճարի տարածքը շրջապատվել է հում աղյուսե պարիսպներով (1776 թ.), որոնց հարավային և արևելյան հատվածները Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի օրոք փոխարինվել են քարաշեն պատերով, կառուցվել են միաբանական սենյակները (1894 թ.), իսկ հարավարևելյան անկյունում կառուցվել է երկհարկանի վանատունը (1895 թ.), իրականացվել են նորոգման աշխատանքներ (1898 թ.):
1936 թ. վերանորոգվել են վանքի ծածկը, պատերը, պարիսպն ու օժանդակ շինությունները: Վերաշինության, ներքին բարեզարդման ու շրջապատի բարեկարգման զգալի աշխատանքներ են կատարվել 1958-1962 թթ.: Հյուսիսային պարիսպներից դուրս գտնվել են գինու հնձանի մնացորդներ:
1958 թ. մաքրվել է ներսի ծեփը, վերականգնվել են ներսի պակասող մասերը, գմբեթի ներքին սֆերիկ մակերևույթի վրա գտնվել են քարգործ վարպետների նշանները, արևմտյան մուտքի բարավորի արձանագրությունը (նախագծի հեղինակ` Հ. Հակոբյան): 1959 թ. բարեկարգվել է հուշարձանի շրջապատը, սալահատակվել է աղբյուրը և նոր սեղան կառուցվել (նախագծի հեղինակ`Ռ. Իսրայելյան), տեղադրվել են մետաղական դարպասներ (նախագծի հեղինակ`Յու. Թամանյան): Տաճարը վերանորոգվել է նաև 1985 թ. Վազգեն Ա կաթողիկոսի օրոք, փոխվել են տաճարի մուտքերի փայտե դռները, 1986-1987 թթ. հիմնովին վերանորոգվել է զանգակատունը (ճարտարապետ` Ա. Գալիկյան): Եկեղեցու հարևանությամբ 1997 թ. կառուցվել է Ս. Հռիփսիմյանց կույսերի բաց խորանատիպ հուշարձանը:
1958-1959 թթ. Հայաստանի գիտությունների ակադեմիան Ալ. Սահինյանի ղեկավարությամբ մասնակի պեղումներ է իրականացրել տաճարի ներսում: Գմբեթակիր որմնամույթերից 3 տակ հայտնաբերվել են հնագույն շենքի զարդաքանդակ քիվի բեկորներ (130 x 80 x 32 սմ), 40 սմ խորության վրա բացվել են տաճարի սկզբնական հատակը և դամբարանի սկզբնական մուտքի քարե աստիճանը:
1976-1978 թթ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտը Ռ. Թորոսյանի ղեկավարությամբ հնագիտական-հետախուզական աշխատանքներ է կատարել տաճարի շրջակայքում: Բացվել է ոչ մեծ բնակավայր, իսկ արևելյան պարսպի տակ` պայտաձև խորանով միանավ բազիլիկ եկեղեցու ավերակները (IV դ. վերջ – V դ. սկիզբ): Հայտնաբերվել են սարկոֆագներ, վաղմիջնադարյան քառանիստ կոթողի բեկորներ, այլ կառույցների մնացորդներ: 1894 թ. անմիջապես եկեղեցու վրա կառուցված պարիսպը այն բաժանում է 2 մասի: Պարսպից դուրս գտնվում է վանքի միաբանության գերեզմանը:
Ճարտարապետություն
Հռիփսիմեի տաճարն (17,5 x 22,5 մ) ունի արտաքին պատերով կազմված ուղղանկյան մեջ պարփակված գմբեթավոր քառախորան հորինվածք` 4 անկյուններում քառակուսի սենյակներով, որոնց մեջ կարելի է մտնել անկյունագծային ուղղությամբ տեղավորված շրջանաձև խորշերով: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի 12 ջլակամարներ ունեցող գմբեթի օղակաձև հիմքն իրականացվել է հովհարաձև տրոմպների և նրանցից վեր տեղադրված փոքրաչափ տրոմպների միջոցով: Թմբուկի լուսամուտներից վեր արված են 32 շրջազարդեր: Հռիփսիմե կույսի աճյունն ամփոփված է ավագ խորանի տակ գտնվող դամբարանում, որի մուտքն այժմ հյուսիսարևմտյան ավանդատնից է (ի սկզբանե այն եղել է աղոթասրահից):
Բեմի ճակատային մասում պահպանվել են ենթադրաբար XVIII դ. Հակոբ և Հարություն Հովնաթանյանների ստեղծված որմնանկարները (Տիրամայրը մանկան հետ և 12 առաքյալները, իսկ ծայրերին՝ Ս. Ստեփանոս և Փիլիպոս սարկավագները): Տաճարի մուտքերը հարավային և արևմտյան ճակատներում են: Պատերին պահպանվել են շինարարական և նվիրատվական արձանագրություններ:
🔨Գտածոներ
Հայտնաբերվել են սարկոֆագներ, վաղմիջնադարյան քառանիստ կոթողի բեկորներ, տնտեսական նշանակության կառույցների մնացորդներ:
🌍Նշանակությունը
Հռիփսիմեի կատարյալ ճարտարապետական հորինվածքը տարածում է ստացել ինչպես հայկական (Գառնահովիտ, Սիսավան, Աղթամար), այնպես և վրացական ճարտարապետության մեջ (Ջվարի):
Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
📜Ավանդազրույցները
Հռիփսիմեն Գայանե մայրապետի և 35 կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, հանգրվանում են Վաղարշապատում և քրիստոնեություն քարոզում: Հռիփսիմեն մերժում է Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի սերը և նրա կողմից նույնպես հալածանքների ենթարկվում` սպանվելով իր հավատակից 32 կույսերի հետ միասին:
📚Սկզբնաղբյուրները
Գրականություն
1.Ագաթանգեղոս 1835, Պատմութւին հայոց, Վենետիկ,Սուրբ Ղազար, 686 էջ:
2.ՊատմութիւնԱռաքելՎարդապետի Դաւրիժեցւոյ 1896,Վաղարշապատ, ՏպարանՄայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 711 էջ:
3.Հասրաթյան Մ. 2004, Հայկական ճարտարապետության պատմություն, Հ. 3, Երևան, «Գիտություն» հրատ., 346 էջ:
4.Թորամանյան Թ. 2013, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, ԵՊՀ հրատ., 864 էջ:
5.Հարությունյան Ա. 2016, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատ., 548 էջ:
6.Еремян А. 1955, Храм Рипсимэ, Ереван: Армгиз, 179 с.
7.Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и развитие традиций, Том I, Москва: Локус Станди, 388 с.
Հուշարձանների ցանկ
Արմավիր 3.2.17
📷Լուսանկարներ
1. Ընդհանուր տեսքը հարավ–արևելքից (լուս.` Ա. Վրույր)` Арутюнян В., Сафарян С. 1951, Памятники армянского зодчества, Москва: Гос. изд. лит.
по строительству и архитектуре, 244 с., таблица 26.
2. Հատակագիծ և կտրվածք դեպի հյուսիս (հեղինակ` Մ. Հասրաթյան)` Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и
развитие традиций, Том I, Москва, с. 305.
3. Հարավային ճակատ (չափագրում` Ա. Երեմյան, լրացումները և շինարարական շերտերի ընդգծումը` Ա. Ղազարյան)` նույն տեղում, էջ 306:
4. Արևելյան ճակատ (չափագրում` Ա. Երեմյան, լրացումները և շինարարական շերտերի ընդգծումը` Ա. Ղազարյան)` նույն տեղում, էջ 307:
5. Ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից, մինչև 1898 թ.` նույն տեղում, էջ 309: Բնօրինակը պահվում է ՀՊԹ-ում:
6. Սուրենյանց Վ., Հռիփսիմեի վանքը (1897), ՀԱՊ, կտավ, յուղաներկ, 81×150 սմ, մշտականցուցադրություն, ID: 26870:
7. Թադևոսյան Ե., Հռիփսիմեի վանքը. Էջմիածին (1913), Մհեր Աբեղյանի թանգարան (ՀԱՊ-իմասնաճյուղ), կտավ, յուղաներկ, 20,5×21 սմ:
8. ՍարյանՄ., Արարատը և Հռիփսիմեն, 1945 թ., Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, կտավ, յուղաներկ, 52,5×65 սմ, Շիֆր` ՄՍՏԹ-356/Ժ-131:
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։