Քարաշամբի դամբարանադաշտ
Qarashamb burial ground
Qarashamb burial ground

Քարաշամբի դամբարանադաշտ

Անվանումը` Քարաշամբի դամբարանադաշտ

Հուշարձանի տեսակը` Դամբարանադաշտ

Շրջան` Կոտայքի մարզ

Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը՝ Քարաշամբի դամբարանադաշտ

Այլ անվանում՝
Քարաշամբի հնավայր

Հուշարձանի տեսակը՝
Դամբարանադաշտ

Մարզը՝
 Կոտայք

Համայնքը՝
Նոր Հաճն

Բնակավայրը՝
Քարաշամբ գյուղ

Տեղադրությունը՝
Գտնվում է Նոր Գեղի և Քարաշամբ գյուղերի միջև՝  Հրազդանի արևմտյան ափին գտնվող դարավանդի վրա:

Պահպանվածությունը՝
Դամբարանադաշտի տարածքի մեծ մասը կառուցապատված է։ Ներկայումս դամբարանադաշտի տեղում Քարաշամբի ամառանոցային թաղամասն է, որի կենտրոնական մասում, շուրջ  3,5հա տարածքի վրա պահպանվել են թաղման կառույցները:

Կոորդինատները՝ 40˚23′ 49.3” N, long. – 44˚ 35′ 28.8” E

Բարձրությունը՝ ծ.մ. 1500 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝
Դամբարանադաշտը ներկայացված է միջին – ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերին վերաբերող դամբարաններով, որոնք թվագրվում են մ․թ․ա․ XXIII/XXII-IX/VIII դդ․։ Արձանագրվել են նաև երկաթի լայն յուրացման շրջանի (մ․թ․ա․ VII-VI դդ․) մի քանի դամբարան։

🔍Ուսումնասիրության պատմությունը

Դամբարանադաշտի տարածքում առաջին՝ ստուգողական պեղումները կատարվել են 1966 թվականին։ 1981 – 1984թթ. ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ղեկ.՝ Է. Խանզադյան) և ՀՍՍՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանութ¬յան և օգտագործման վարչության (ղեկ.՝ Ֆ. Մուրադյան) հնագիտական արշավախմբերը հնավայրում պեղել են միջին բրոնզ-երկաթի դարերի ավելի քան 1060 դամբարաններ: Արզնի-Քարաշամբ խճուղու վերակառուցման կապակցությամբ ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Էրեբունի» թանգարանի միացյալ արշավախումբը (ղեկ.՝ Վ. Հովհաննիսյան) 1987թ. պեղումներ է կատարել Քարաշամբի դամբարանադաշտի հյուսիսային հատվածում՝ պեղվել է Քարաշամբի մեծ դամբանաբլուրը: Սիստեմատիկ պեղումները վերսկսվել են 2008 թվականին։ 2009 թվականից պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ծրագրի ղեկ․ Պ․ Ավետիսյան, պեղ․ պատասխանատու՝ Վ․ Մելիքյան)։ 2008-2016 թվականերին պեղումներով բացվել է 776 դամբարան, որից պեղվել է 554-ը։

🧱 Հնագիտական նկարագրությունը 

Քարաշամբի վաղագույն դամբարանները ներկայացված են միջին բրոնզի երկրորդ փուլի (մ.թ.ա. XXIII/XXII-XVIII դդ.) «թռեղք-վանաձորյան» հնագիտական մշակույթի համալիրներով։ Այս փուլի քարաշամբյան դամբարաններում փաստագրվել են տվյալներ և հայտնաբերվել են  նյութեր, որոնք անփոխարինելի դեր ունեն Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան շրջաններում վաղ պետական կազմավորումները առկայությունը փաստագրելու համար (մ.թ.ա. XXIII/XXII դարերից): Դա լավագույնս հիմնավորվում է Քարաշամբի մեծ դամբանաբլուրի նյութերով (ոսկուց և արծաթից պատրաստված սպասքի նմուշներ, զարդեր, իշխանության խորհրդանշաններ և այլն): Ավելին, Քարաշամբի արծաթյա գավաթի զարդագոտիների հարուստ պատկերներով տեսարանները բացառիկ տվյալներ են տալիս արքայական խնջույքի, արքայի ղեկավարությամբ ճակատամարտի, հաղթահանդես կազմակերպելու,  այդ ժամանակահատվածում ընդունված պատկերացումների և վերնախավի կենցաղի այլ մանրամասների մասին: 2009-2016 թթ. պեղվել են այնպիսի դամբարաններ, որոնցում փաստագրված նարահայտ նյութերը՝ հաղճապակուց զարդեր, անոթներ, թռչունների քանդակներ, գունազարդ խեցեղենի օրինակներ, խոշոր եղջերավոր կենդանիների զոհաբերություններ և այլն հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու մ.թ.ա XIX- XVIII դարերում ապրած հասարակության էլիտար խավի հասարակական և տնտեսական կենցաղի, թաղման ծեսի մասին: Էլիտայի թաղման կառույցները ներկայացված են գերանածածկ ընդարձակ դամբանասրահներով։ Դամբարանների հատակները պատվել են խսրով։ Արևելյան գլխապատի տակ դրվել են զոհաբերված զույգ կովերի գանգերն ու վերջույթի ոսկորները, երբեմն /դրանց միջև կամ հարևանությամբ / նաև մեկ ամբողջական կովի մարմինը։ Դիակիզված աճյունի մնացորդները, զոհաբերված կենդանիները ծածկվել են բրոնզից ու հաղճապակուց զարդկոճակներով պատված սավանով, իսկ դրանց շուրջ՝ պատերի երկարությամբ դրվել են տարատեսակ անոթներ։

🌍 Նշանակությունը

Հանրապետական

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Կարապետյան Լ., Բրոնզի դարի և վաղ երկաթի նոր հուշարձան Հրազդան գետի ավազանում, 1969, ՊԲՀ, ¹4, էջ 278-283: 
  2. Հովհաննիսյան Վ., Մետաղյա իրեր Քարաշամբի դամբարանադաշտից, 1985, ԴՀԱԱ, զեկ. թեզիսներ, Երևան, էջ  18-19: 
  3. Խանզադյան Է. և ուրիշ., Քարաշամբի դամբարանադաշտը, 1983, ԴՀԱԱ զեկ. թեզիսներ, Երևան, էջ 3-4: 
  4. Գևորգյան Ա., Քարաշամբի դամբարանադաշտի պեղումները, 1985, ԴՀԱԱ, զեկ. թեզիսներ, Երևան, էջ  17-18: 
  5. Մուրադեան Ֆ., 2014, Քարաշամբի դամբանադաշտի հետախուզական քառակուսին (2008 թ. պեղումներ), Հանդէս Ամսօրեայ, 1-12, Վիեննա-Երեւան, էջ 521-602: 
  6. Հովհաննիսյան Վ., 1987թ. պեղումները Քարաշամբի դամբարանադաշտում, 1989, ԴՀԱԱ, զեկ. թեզիսներ, Երևան, էջ 14-16: 
  7. Геворгян А., 1993, Раскопки Карашамбского некрополя, Հնագիտական աշխատանքները Հայաստանի նորակառույցներում, Երևան, էջ 50-60: 
  8. Оганесян В., Серебряный кубок из Карашамба. ՊԲՀ, 1988, 4, էջ 145-161: 
  9. Оганесян В., Раскопки карашамбского могильника в 1987г., Հնագիտական աշխատանքները Հայաստանի նորակառույցներում(1986-1987թթ. պեղումների արդյունքները), Երևան, 1993, էջ 26 – 36: 
  10. Melikyan V., 2015, Newly Found Middle Bronze Age Tombs of Karashamb Cemetry: Preliminary Report. Aramazd, AJNES IX / 1, edt. Kosyan A., Petrosyan A., Zangak, Yerevan, p. 7-28.

Հուշարձանների ցանկ
Պետ․ ցուցիչ՝ 6.66.2.1

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ