Քարակապ 3
Անվանումը` Քարակապ 3
Հուշարձանի տեսակը` Քարակոթող
Տարածաշրջանը` Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական
Անվանումը՝ Քարակապ 3
Այլ անվանումներ՝ Ջհանգիր աղայի յայլա, Պրոսպեկտ
Հուշարձանի տեսակը՝ Վիշապաքար
Մարզը՝ Արագածոտն
Համայնքը՝ Անտառուտ (մոտակա համայնք)
Տիպը՝ Ցլակերպ
Նյութը՝ Մոխրագույն բազալտ
Պահպանվածությունը՝
- Կոթողը. Լավ (պահպանվել է ամբողջությամբ. ունի մասնակի մաշվածություն: Գլխիվայր կանգնեցված է ցեմենտի մեջ. ցեմենտից հանվել, մաքրվել և ճիշտ ուղղությամբ դրվել է մեր կողմից 31.07.2020):
- Պատկերը. Վատ (ամբողջովին ցեմենտի մեջ է): Ուղղումից հետո բացվեցին գլխամասին և կատարին վերաբերող մանրամասներ):
- Համատեքստը. Վատ (տեղահանված է, նախնական տեղը հստակ հայտնի չէ):
Չափսը՝ 342×92 սմ (սկզբնապես, ընկած վիճակում, մասամբ հողով ծածկված՝ ըստ Բ. Պիոտրովսկու), 300x110x70 սմ (կանգնած վիճակում), 359x116x44 սմ (իրական չափը՝ ցեմենտից հանելուց հետո): Կշիռը 5.2 տոննա (ըստ վերամբարձ կռունկի չափիչի):
Նախնական տեղը՝ Քարակապ
Ներկա տեղը՝ Ա. Ալիխանյանի անվան Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայան:
Կոորդինատները՝ N 40.44356°, E 044.22461°, 2868 մ (նախնական տեղը` ըստ Շիրին Ամարյանի); N 40.472332°, E 044.181848° (ներկա տեղը):
Բարձրությունը՝ ծ.մ. Մոտ 2768 մ (նախնական տեղը); 3181 մ (ներկա տեղը):
Դարաշրջանը և թվագրությունը՝ Միջին և ուշ բրոնզի դարեր, Ք.ա. XXIV-XIII դդ.
Քարակապ
📍 Տեղադրություն և պատմական նախապատմություն
Վիշապաքարը հայտնաբերվել է 1924 թ. Հուշարձանների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից՝ Արագածի բարձունքներում, Ղարադաղի ստորոտում։
Այն եղել է 3.4 մ բարձրությամբ բրգաձև մենաքար, կանգնած տեղում մինչև 1970-ականները, երբ տեղափոխվել է Քարի լիճի շրջակայք։
Տեղացիների վկայությամբ՝ տարածքը կոչվել է Ջհանգիր Աղայի յայլա, որտեղ, ըստ ավանդության, տեղի է ունեցել հարսանիք զորավար Անդրանիկի մասնակցությամբ։
🏺 Հնագիտական համատեքստ
❈ Ենթադրվում է, որ վիշապաքարը կանգնած է եղել կրոմլեխի կամ հարթակի վրա։
❈ Տարածքում պահպանվել են քարային կուտակումներ, ինչպես նաև վիշապաքարեր, կրոմլեխներ ու ժայռապատկերներ։
🪨 Երկրորդական օգտագործում
1970-ականներին վիշապաքարը տեղադրվել է բետոնի մեջ գլխիվայր, գլխամասը հարթեցվել է, իսկ հիմքում դրվել են երկու 5 կոպեկանոց մետաղադրամ (1961 թ.)՝ որպես հիշատակ։
🌍 Նշանակություն և ավանդազրույցներ
Վիշապաքարերը բնորոշ են միայն Հայկական լեռնաշխարհին, հանդիպում են մինչև 3200 մ բարձրության վրա։
Դրանք կապված են հին ավանդազրույցների հետ, որտեղ վիշապները պահպանում են ջրի տարերքը և խորհրդանշում են բնության ուժը։
✨ Մշակութային արժեք
Այս վիշապաքարը խորհրդավոր վկա է Հայաստանի դիցաբանական անցյալի, որտեղ քարերն անգամ պատմում են առասպելների և հավատալիքների լեզվով։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հայտնաբերվել է 1924 թ. օգոստոսի 12-ին Հուշարձանների պահպանության կոմիտեի արշավախմբի կողմից, որի վերաբերյալ պահպանվել է մեկ արխիվային լուսանկար: Ղոթուրի յայլայից (Հայսերի Օբա 1) արշավախումբը գնում է Արագածի բարձունքը, ապա` Անբերդ: Ղարադաղի ստորոտի յայլայի մոտ, ճանապարհից դուրս հայտնաբերվում է ևս մեկ մենաքար (առանց քանդակի, ստորին մասը լայն, վերինը` նեղ, վերջանում է բրգաձև, բարձր. 3,40 մ, ստորին մասը` 1 մ, վերինը` բրգաձև տաշվածքի տակ` 60 սմ, հաստ. 50 սմ) (Թորամանյան 1948, 229-230): Բրգաձև վերնամասը և չափսերը կասկած չեն թողնում, որ խոսքը Պրոսպեկտ 3-ի մասին է: Շիրին Ամարյանը (Ահմադի որդին՝ Զովունի գյուղից) ցույց տվեց այն վիշապի տեղը, որը տեղափոխել են Քարի լիճ: Անձամբ է տեսել, քանի որ միշտ վիշապաքարի կողքով անցնում էին՝ իրենց ամառանոց (Ահմադի Օբա) գնալիս, որտեղ ևս նման քար կար (տե՛ս Ահմադի Օբա 1). ըստ նրա՝ 1974 թ., երբ նա գնաց բանակ, քարն իր տեղում էր, իսկ 1976 թ., երբ վերադարձավ, այն այլևս չկար: Նա համոզված է, որ այստեղ է եղել Ջհանգիր Աղայի յայլան, որտեղ տեղի է ունեցել վերջինիս հարսանիքը և որին մասնակցել է զորավար Անդրանիկը:
1936 թ. այն այցելել է Ամբերդի արշավախումբը (Բարխուդարյանի արխիվ). կոթողի մասին հպանցիկ հիշատակում ունի Բ. Պիոտրովսկին, ով նույնպես այցելել է այս տեղը Ամբերդի արշավախմբի հետ:
🧱Հնագիտական համատեքստի նկարագրությունը
Անմիջական. Անհայտ է, հավանաբար՝ կրոմլեխ/հարթակ (Շ. Ամարյանի ցույց տված տեղում քարերի կուտակումներ կան, որոնք կարող են լինել նախկին կառույցներից):
Հարակից. Շրջակայքում կան այլ վիշապներ, կրոմլեխներ, ժայռապատկերներ:
Երկրորդական օգտագործումը․ Կայանի մուտքի մոտ բետոնի մեջ գլխիվայր դրված Ա. Ալիխանյանի նախաձեռնությամբ (ըստ Գ. Ասատրյանի` Պրոսպեկտ 1-ի տեղափոխումից հետո, մոտ 1970-ական թթ. սկզբին): Տեղադրելիս մասամն հարթեցրել/ուղղել/մշակել են գլխամասը, փորձել անցք բացել՝ երկաթե ձող տեղադրելու համար, բայց չեն տեղադրել: Երկու 5 կոպեկանոց են տեղադրել ցեմենտի հիմքում, որոնք թվագրվում են 1961 թ.:
🌍 Նշանակությունը
Վիշապաքարը բնորոշ է միայն Հայկական լեռնաշխարհի տարածքին և խաչքարի նման էնդեմիկ երևույթ է: Հայտնվում է ծ.մ. մինչ 3200 մ բարձրության վրա, ինչը բացառիկ երևույթ է համաշխարհային հնագիտության տեսանկյունից:
🔨 Ավանդազրույցներ
Վիշապաքարերը կրում են բարձր մակարդակի խորհրդանշական ծանրաբեռնվածություն: Նրանց անվանումը առնչվում է Հայկական լեռնաշխարհի բնակչության հնագույն և նոր մեծաքանակ և միանման ավանդազրույցներին, որոնցում վիշապները տարերային կերպարներ են կապված բնական երևույթների (հատկապես՝ ջրի) և դրանց կարգավորման հետ: Հաճախ վիշապներն առնչվում են լեռներում ապրող հսկաների հետ: Անվանումը կարող էր առաջանալ մի կողմից արձանների մեծության, մյուս կողմից՝ դրանց պատկերագրության այլաբանական մեկնաբանության արդյունքում:
📚Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Թորամանյան Թ. 1948, Հայկական ճարտարապետություն 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 307 էջ:
- Կարապետյան Ս. (խմբ.) 2014, Հայաստան. պատկերազարդ ալբոմ, Երևան, «Զանգակ», 89 էջ:
- Пиотровский Б.Б. 1939, Вишапы: каменные статуи в горах Армении, Ленинград, Армянский филиал АН СССР, 40 с.
🕰️ Արխիվ
- Քալանթար, Արխիվ 9, նկ. N 8537 (գլխիվայր ընկած է գետնին); Բարխուդարյան, Արխիվ 1, նկ. 3 (գլխիվայր ընկած է գետնին, այլ կողմից, քան Քալանթարի նկարն է. երևում է լանդշաֆտը):
- Քալանթար, Արխիվ 9 – Հայաստանի պատմության թանգարանի արխիվ, Հուշարձանների պահպանության կոմիտեի ժողովածու, Ա. Քալանթարի և Կոմիտեի լուսանկարներ, Երևան:
- Բարխուդարյան, Արխիվ 1 – Պրոսպեկտ 1, 2, 3 վիշապաքարերի լուսանկարները (2-3-ը՝ երկուական օրինակով), ամենայն հավանականությամբ արվել են 1936 թ. Արտ. Վրույրի կողմից: Արխիվում առկա է նաև Իմիրզեկ 2-ի լուսանկարը (երկու օրինակով), որը սակայն արտատապված է Марр, Смирнов 1931, таб. 19-ից: Սեդրակ Բարխուդարյանի արխիվ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Վիմագրության բաժին:
Հարցազրույց` Գագիկ Ասատրյան (Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի տնօրեն, 12.06.2013); Շիրին Ամարյան (Ահմադի որդին՝ Զովունի գյուղից, 30.07.2016):
Հուշարձանների ցանկ
ՀՊՑ, Արագածոտն, Անտառուտ 2.10.4 («Սև լճի hարավային ափին»):
📷 Լուսանկարներ
2012, 2013, 2018, 2020 (ներկա տեղը), 2012, 2013, 2016 (նախնական տեղը):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։