Պտղնիի վանք
Ptghni monastery
Ptghni monastery

Պտղնիի վանք

Անվանումը` Պտղնիի վանք

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Կոտայքի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Պտղնիի վանք

Այլ անվանումներ՝ Պտղնավանք, Պտղնիի տաճար

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի

Մարզը՝ Կոտայքի մարզ

Համայնքը՝ Պտղնի

Բնակավայրը՝ Պտղնի գյուղ

Տեղադրությունը՝ Տաճարը գտնվում է Պտղնի գյուղի կենտրոնում, շրջապատված է բնակելի շինություններով:

Պահպանվածությունը՝ Հուշարձանը գտնվում է ավերակ վիճակում: Ամբողջությամբ պահպանվել է միայն հյուսիսային պատը` կից թաղերով, ավանդատնով և թաղածածկ թաքստոցների հատվածներով: Որոշ չափով պահպանվել են հարավային պատի կենտրոնական ու արևելյան մասերը, հատվածաբար` արևելյան պատը և արևելյան գմբեթակիր կամարը: Արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ ավերված է:

Բարձրությունը՝ ծ.մ. 1300 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Տաճարի կառուցման մասին մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել: Մասնագիտական գրականության մեջ ընդունված էր կառույցը թվագրել VI դ. II քառորդով (Գ. Հովսեփյան), VI-VII դդ. սահմանագլխով (Մ. Հասրաթյան), VII դ. I կեսով (Ն. Տոկարսկի) կամ առաջին տասնամյակով (Ստ. Մնացականյան), մոտ 650 թ. (Պ. Դոնապետյան): Ա. Ղազարյանն իր վերջին ուսումնասիրություններում հանգում է այն եզրակացության, որ տաճարը կառուցվել է Զվարթնոցի ու Արուճի տաճարներից հետո` VII դ. III քառորդին (70-80-ական թթ. սահմաններում):

🔍Ուսումնասիրության պատմությունը

Տաճարը համարվում է իր տեսակի մեջ լավագույն օրինակներից մեկը: Նրա հիմնավոր ուսումնասիրությամբ զբաղվել է բանասեր Գ. Հովսեփյանը: Առաջին հետազոտողներից է նաև Ն. Տոկարսկին: Այն հիշատակվում է հայկական վաղմիջնադարյան ճարտարապետությանը և գմբեթավոր դահլիճներին նվիրված աշխատություններում:

🧱Հնագիտական նկարագրությունը

Շերտագրություն
Պտղնավանքը կառուցվել է ավելի հին եկեղեցու տեղում: Այդ մասին են վկայում կառույցի համաչափությունները (1 x 2), որոնք բնորոշ են հայկական եռանավ բազիլիկաներին, պատի շարվածքի առաջին շարքի քարերը, ինչպես նաև եռաստիճան հիմնախարիսխը: Հավանաբար այդ կառույցին են պատկանել խորանի պատի շարվածքում պահպանված ատամնավոր քիվի բեկորը և հարավային ճակատին վերաօգտագործված 2 քարերը (V-VI դդ.): Հարավային մուտքից աջ` լուսամուտի մոտ, կարմիր տուֆե սալին քանդակված է առյուծ` կանգնած արմավենու ծառի տակ, նրա ոտքերի տակ նստած են 2 խոյեր, իսկ վերին աջակողմյան անկյունում դեպի վեր ուղղված բաց դաստակ է պատկերված: Պատկերագրական առանձնահատկություններից ելնելով` առյուծը «Դանիելը առյուծների գբում» տեսարանի մասն է կազմել (ամբողջական հորինվածքը չի պահպանվել): Դանիելի թեման լայն տարածում է ունեցել վաղմիջնադարյան հայկական արվեստում (Աղցք, Երզնկա, Հառիճ ևն), սակայն այստեղ բացառիկ են խոյերի և արմավենու պատկերները: Վերջինս վաղագույն օրինակներից մեկն է V դ. վերջի հայկական արվեստում (Քասաղ, Ամարաս): Առյուծի քանդակից ձախ քանդակված է խաղողի որթի ոչ ամբողջական պատկեր (գլխիվայր է դրված), որը հիշեցնում է Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված բերքահավաքի տեսարանով բարձրաքանդակը (Ստ. Մնացականյան):
Հայտնի չէ, թե երբ է տաճարը կործանվել: XIX դ. 2-րդ կեսին կանգուն են եղել միայն արևելյան և հյուսիսային պատերը: XX դ. 70-ական թթ․ կանգուն էր տաճարի արեւելյան պատը։
1939-1940 թթ. կատարվել է պատերի ամրակայում: 1959 թ. կատարվել են հուշարձանի կոնսերվացման աշխատանքներ, հեռացվել է հարավային պատին կից, պահեստի վերածված եկեղեցու խարխլված շենքը, քանդվել է քարե հին ցանկապատը: Հուշարձանի տարածքը բարեկարգվել է նաև 1978 թ.:

Ճարտարապետություն
Տաճարն արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն սրահ (15,7 x 30,4 մ, աղոթասրահը` 10,3 x 23,8 մ) է` երկայնական պատերից դուրս եկող 2 զույգ զանգվածեղ որմնամույթերով: Անցումը գմբեթին իրականացվել է տրոմպերի միջոցով: Կիսաշրջան ավագ խորանին կից գտնվում են ուղղանկյուն ավանդատները, որոնք ունեն աբսիդներ: Արևելյան պատն արտաքուստ ընդգծված է երանկյունաձև զույգ որմնախորշերով: Ավանդատների երկրորդ հարկը կազմում են թաղածածկ թաքստոցները, որոնք ունեն զգալի բարձրություն և շարված են կանոնավոր մշակված քարերով (ինչպես Թալինի մեծ տաճարում): Տաճարը կառուցվել է կարմրավուն և մոխրամանուշակագույն երանգի տուֆից և ունեցել է 3 շքամուտք, լայն բացվածքով 15 պատուհան: Քարերի վրա պահպանվել են վարպետների նշաններ:
Նախնական տեսքով պահպանվել են հնագույն քարե սալահատակը և ավագ խորանի ցածր բեմը:
Ունի հարուստ քանդակային հարդարանք` բուսական, երկրաչափական զարդաքանդակներ, խաչաքանդակներ, թռչուններ, սափորների շարք` հյուսիսային ճակատի քիվին, բացառիկ պատկերաքանդակներ: Հարավային պատուհանի կամարաղեղի վրա «Քրիստոսի համբարձումը» տեսարանն է, իսկ նրա հորիզոնական թևերին` մարդու և կենդանու մենամարտի տեսարաններ: Ձախակողմյան պատկերի վրա պահպանվել է միայն կարճ արձանագրություն, որտեղ հիշատակվում է Մանվել Ամատունին: Ամենայն հավանականությամբ պատկերված են Պտղնիի պատվիրատուները (Գ. Հովսեփյան, Զ. Հակոբյան) կամ Ամատունյաց տոհմի հերոսական նախնիները, որոնք հերոսաբար զոհվել են IV դ. հայ-պարսկական պատերազմի ժամանակ (Ստ. Մնացականյան):
Տաճարի հարավային պատին կից 1857 թ. կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին (Մ. Սմբատյանց), որը չի պահպանվել:

🌍 Նշանակությունը

Պտնիի տաճարը նշանավորում է գմբեթավոր դահլիճ կոչված տիպի կազմավորման ավարտը` հանդիսանալով այդ տիպի վաղագույն և լավագույն նմուշը:
Ավանդազրույցներ Գյուղը հարուստ է եղել պտղատու (խաղող, տանձ, խնձոր ևն) և անպտուղ ծառերով, որտեղից էլ առաջացել է «Պտղնի» անունը` պտղով լի (Մ. Սմբատյանց):

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Հակոբյան Զ. 2016, Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր):
  2. Դասախոսություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 169 էջ:
  3. Հովհաննիսյան Կ. 1978, Ճարտարապետական հուշարձանների վերանորոգումը Սովետական Հայաստանում, Երևան, «Հայաստան» հրատ., 249 էջ:
  4. Հովսեփյան Գ. 1944, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, Պրակ Գ, Նյու-Յորք, 136 էջ:
  5. Մնացականյան Ս. 1961, Պտղնիի տաճարը, Պատմա-բանասիրական հանդես, N 3-4, էջ 119-237:
  6. Սմբատեանց Մ. 1895, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, տպ. Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 843 էջ:
  7. Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и развитие традиций, Том III, Москва: Локус Станди, 692 с.

Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.54.5

📷 Լուսանկարներ

1. Հատակագիծ` Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и развитие традиций, Том III, с. 193
2. Арутюнян В., Сафарян С. 1951, Памятники армянского зодчества, М.: Гос. изд-во литературы по строительству и архитектуре, илл. 20–23.

 

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Ptghni monastery

Մոտակա հուշարձաններ