Պայտասար հնավայրի «Լիսիցյան» ժայռապատկերախումբ
Անվանումը` Պայտասար հնավայրի «Լիսիցյան» ժայռապատկերախումբ
Հուշարձանի տեսակը` Սրբազան տարածք
Շրջան` Կոտայքի մարզ
Ժամանակաշրջան` Նախապատմական
Անվանումը՝ Պայտասար հնավայրի «Լիսիցյան» ժայռապատկերախումբ
Այլ անվանում՝ Նալթափա
Հուշարձանի տեսակը՝ Ժայռապատկերների կուտակում
Մարզը՝ Կոտայք
Համայնքը՝ Գառնի
Բնակավայրը՝ Գեղարդ (մինչև 1946 թ.՝ Արթիզ)
Տեղադրությունը՝ Գտնվում է Գեղարդ գյուղից 9 կմ հյուսիս-արևելք։
Պահպանվածությունը՝ Պատկերախումբն անաղարտ վիճակում է:
Կոորդինատները՝ N40° 11՛ 17՛՛ E44° 53՛ 50՛՛
Բարձրությունը՝ ծ.մ. 2850 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝
Ըստ պատմահամեմատական թվագրման, խմբում կա մի քանի ժամանակային շերտ, որոնք մ.թ.ա. V-III հազ. միջակայքում են (Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, էջ 26; Մարտիրոսյան 1981, էջ 14-16, 24)։
🔍Ուսումնասիրության պատմությունը
1913 թ. սեպտեմբերին Գեղամա լեռների Պայտասար հրաբխից 2.5 կմ հարավ-արևմուտք գտնվող այս ժայռապատկերները հայտնաբերել և արտանկարել է 21-ամյա ուսանող, հետագայում՝ արվեստաբան, ազգագրագետ ու հանրային գործիչ Լևոն Լիսիցյանը: Նշել է խմբի տարածքը՝ «Մուսա-Բեգի վրաններ» և ճշգրիտ նկարագրել տեղանքը, փորագիր քարերը, բաշխումը և փորագրման տեխնիկան։ Մանրազնին վերլուծել և համադրել է մետաղե գոտիների կենդանապատկերների հետ և հապճեպորեն բնորոշել իբրև արվեստի խաղ և վարժություն (Լիսիցյան 1912-13; Լիսիցյան 1972):
Ըստ Կարեն Թոխաթյանի, նրա արած ինը արտանկարներից չորսը, փոքր-ինչ տարբերվելով հանդերձ, համընկնում են հնագետներ Հարություն Մարտիրոսյանի ու Հասմիկ Իսրայելյանի, Սանդրո Սարդարյանի, ճարտարապետ Սուրեն Պետրոսյանի հրատարակած արտանկարների հետ (Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, նկ. 149, 168; Սարդարյան 1979, 88, 91; Սարդարյան 2010, նկ. 130, 179, 202; Պետրոսյան 2005, նկ. 4):
1951 թ. հոկտեմբերի 12-ին Գեղամա լեռների, հավանաբար հենց այս՝ «Լիսիցյան» խմբում են ժայռապատկերներ գտել ու լուսանկարել երկրաբաններ Ալեքսանդր Դեմյոխինը և Վարդգես Ավետիսյանը (Ավագյան 1993, էջ 16): Իրենց արած լուսանկարները հանձնել են Ս.Հ. Սարդարյանին: 1963-1964 թթ. հետազոտելով տարածքը, նա այս պատկերախմբից հրատարակել է ևս երեք պատկեր (Սարդարյան 1979, 88, 91; Սարդարյան 2010, նկ. 176, 194):
1966-1971 թթ. Գեղամա լեռների, մասնավորապես նաև «Լիսիցյան» խմբի ժայռանկարներն առավել լիարժեք ուսումնասիրել է Հ.Ա. Մարտիրոսյանը (Մարտիրոսյան 1969, էջ 194-200): Այստեղ է նրա արշավախմբի հնագետ Ռաֆիկ Թորոսյանի լուսանկարած, այս պատկերախմբի ևս մեկ՝ ութերորդ հրատարակված ժայռապատկերը (Թադևոսյան 2022, 153, նկ. 24; արտանկարը տե՛ս Մարտիրոսյան 1981, աղ. 51):
1979 թ. սեպտեմբերի 23-ին Կ. Թոխաթյանը Պայտասարի հարավ-արևմտյան լան¬ջին լուսանկարել ու տեղորոշել է Լ. Լիսիցյանի հայտնաբերած ինը ժայռապատկերներից չորսը, այդպիսով պարզելով 1913 թ. նրա հետազոտած պատկերախմբի ճշգրիտ տեղը: Հետագայում, 2011 թ. հուլիսի 7-ին և 2022 թ. օգոստոսի 13-14-ին, ի լրումն հրատարակված ութի, պատկերախմբում նա գրանցել է ևս 140 ժայռապատկեր:
2022 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Պատմության ինստիտուտի միացյալ արշավախումբը (Արտակ Հախվերդյան, Կարեն Թոխաթյան, ԱԹՍ օպերատոր Առնակ Խաչատրյան, Տիգրան Իսահակյան) Պայտասար հնավայրի «Լիսիցյան» պատկերախմբում շարունակեց ժայռապատկերների գրանցման աշխատանքը: Գտնվեց ևս 20-ը, փաստագրվեց, որ բոլոր՝ մոտ 170 ժայռապատկերները պահպանված էին անաղարտ:
🧱Հնագիտական նկարագրությունը
Պատկերախումբը սարահարթի, տեղանքի համեմատ ոչ բարձր բլրի արևմտյան լանջին է, մոտ 10° թեքությամբ: Մոտակայքում կան կրոմլեխներ։ Նկատվել են կառույցների մնացորդներ, պարսպաշարեր, ամենայն հավանականությամբ՝ ուշմիջնադարյան կամ նորօրյա։ Վերգետնյա հնագիտական նյութ չի նկատվել: 2 կմ դեպի հարավ-արևելք, նոր ջրագծի մոտ է ՀՀ ամենաբարձրադիր (2820 մ) վիշապաքարերից մեկը:
🌍 Նշանակությունը
Պայտասարի այս պատկերախումբը հանրապետական նշանակության հուշարձան է։ Այն առանձնահատուկ է Գեղամա լեռների ժայռապատկերների շարքում՝ ներկայանալով դրանց վաղագույն շերտերից մեկը:
📚 Սկզբնաղբյուրները
- Ավագյան Լ. 1993, Ալեքսանդր Դեմյոխին. Հայաստանի երկրաբանության մեծ երախտավորը, Երևան, «Մանկավարժ», 50 էջ:
- Թադևոսյան Ա. 2022, Գեղամա լեռների ժայռապատկերներն ըստ Ռաֆիկ Թորոսյանի լուսանկարչական արխիվի, Ծովային Հայաստան. Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը, Երևան, «ՀԱԻ», էջ 150-161:
- Լիսիցյան Լ. 1912-13 [ռեֆերատի հավելված՝ Գառնիի ժայռապատկերների մասին. ինքնագիր, սևագիր, գերմաներեն, ՀԱԱ, ֆոնդ 428, ցուցակ 1, գործ 46, թերթ 1-16:
- Լիսիցյան Լ. 1972 [Գեղամա լեռների ժայռապատկերներից], գրված է 1913 թ., գեր-մաներենից թարգմանեց Գ.Ա. Տիրացյանը, ԼՀԳ, №1, էջ 51-57:
- Մարտիրոսյան Հ.Ա. 1969, Հայաստանի նախնադարյան մշակույթի նոր հուշարձաններ, ՊԲՀ, №3, էջ 191-200:
- Մարտիրոսյան Հ.Ա. 1981, Գեղամա լեռների ժայռապատկերները, 11, պր. III, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ», 128 էջ, 40 նկ., 81 աղ.:
- Մարտիրոսյան Հ.Ա., Իսրայելյան Հ.Ռ. 1971, Գեղամա լեռների ժայռապատկերները, 6, պր. II, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ», 66 էջ, 333 նկ.:
- Սարդարյան Ս.Հ. 1979, Հայաստանի նախնադարյան բնակչության արվեստը, Գա-րուն, №5, էջ 88-91:
- Սարդարյան Ս. 2010, Հայաստանի ժայռապատկերները քարի դարից մինչև բրոնզի դար, Երևան, «Երևանի համալսարան», 242 էջ, 205 նկ.:
- Պետրոսյան Ս. 2005, Հայկական ժայռապատկերներ, Երևան, «Եգեա», 244 էջ, 648 նկ.:
📷 Լուսանկարներ
- Նկար 1 – «Լիսիցյան» խմբի դիրքը հարավից (Կ. Թոխաթյան 20220813_141123)
- Նկար 2 – պատկերախմբի օրթոֆոտոպլանը (Ա. Խաչատրյան 20221101_100000)
- Նկար 3 – ժայռապատկեր (Կ. Թոխաթյան, Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, նկ. 322)
- Նկար 4 – ժայռապատկեր (Կ. Թոխաթյան, Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, նկ.180)
- Նկար 5 – երեք ժայռապատկեր (Կ. Թոխաթյան, Սարդարյան 1979, էջ 88, Սարդարյան 2010, նկ. 48, 91)
- Նկար 6 – ժայռապատկեր (Կ. Թոխաթյան, Լիսիցյան 1972, էջ 53)
- Նկար 7 – ժայռապատկեր (Կ. Թոխաթյան)
- Նկար 8 – ժայռապատկեր (Կ. Թոխաթյան, Սարդարյան 1979, էջ 91)
- Նկար 9 – ժայռապատկեր (Սարդարյան 2010, նկ. 13)
- Նկար 10 – ժայռապատկեր (Կ. Թոխաթյան, Մարտիրոսյան, Իսրայելյան 1971, նկ. 173)
- Նկար 11 – կանգուն վիշապաքարը (Կ. Թոխաթյան)
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։