Odzaberd
Odzaberd
Odzaberd
Odzaberd
Odzaberd

Օձաբերդ

Անվանումը` Օձաբերդ

Հուշարձանի տեսակը` Ամրոց

Շրջան` Գեղարքունիքի մարզ

Ժամանակաշրջան` Ուրարտական

Անվանումը` Օձաբերդ

Այլ անվանում` Ծովինար

Հուշարձանի տեսակը` Քաղաք-բնակատեղի, ամրոց,  միջնաբերդ, արտաքին բնակավայր, դամբարանադաշտ, սեպագիր արձանագրություն

Մարզը` Գեղարքունիքի մարզ

Համայնքը` Մարտունի

Բնակավայրը` Ծովինար

Տեղադրությունը` Օձաբերդը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Արծվանիստ և Ծովինար գյուղերի միջև, Արփա-Սևան ջրատարի ելքից մոտ 70 մ հարավ։

Պահպանվածությունը` Բավական լավ պահպանվել են ամրոցի հարավային պարսպաշարերը, ամրոցի հարավ-արևելյան դիտակետ աշտարակը: Հուշարձանի հյուսիս-արևմտյան քարաժայռերից մեկին փարագրված Ռուսա Առաջին արքայի սեպագիր արձանագրության մի քանի  հատվածներ ժամանակի ընթացքում բավական վնասվել են բնակլիմայական տարբեր գործոնների պատճառով: Ամրոց հարավ տարածվող արտաքին բնակավայրը բավական վնասվել է խորհրդային տարիներին տարածքում իրականացված մելորացիոն աշխատանքների արդյունքում: Վնասված է նաև ամրոցից հարավ-արևմուտք բլուրներից մեկին ֆիքսված դամբարանն՝ իր կրոմլեխով: Հուշարձանի ամրոցի տարածքում 2014-2019 թվականներին իրականացված պեղումները ցույց են տալիս, որ Օձաբերդում են  հայտնաբերվել Սևանի հարավային ավազանում դեռևս մեզ հայտնի կանոնավոր շարվածքով առավել լավ պահպանված ուշուրարտական կառույցները:

Կոորդինատները` 40° 9’10.21″N, 45°29’43.09″E

Բարձրությունը` ծ.մ. 1971մ 

Դարաշրջանը և թվագրությունը` Հուշարձանը գլխավորապես կարելի է թվագրել Ք. ա. 8-6-րդ դարերով: Սակայն, պետք է նշել, որ այստեղ վերգետնյա հնագիտական հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է նար Վաղ բրոնզի դարաշրջանի Ք. ա. 3-րդ հազարամյակով թվագրվող խեցեղեն բեկորներ: Հուշարձանի տարածքում պեղվել են նաև ուշ անտիկ ժամանակաշրջանի թաղումներ, բացի այդ վերգետնյա ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերվել է նաև զարգացած միջնադարյան ժամանակաշրջանի խեցեղեն:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1860-ականների սկզբից՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցի կողմից ամրոցի բլրի արևմտյան քարաժայռերից մեկին փորագրված արձանագրության հայտնաբերվելուց հետո: Հենց այստեղ էլ վկայված է հնավայրի անունը, որը ուրարտական միապետը կոչել է ամրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ «Թեյշեբա աստծո քաղաք»: Հուշարձանում առաջին պեղումներն իրականացվել են հայ անվանի ազգագրագետ և հնագետ Ե. Լալայանի կողմից: Վերջինս նշում է. Գեօտակ-բուլաղից անցայ Քեօլանի-ղըռըղ, ուր գտնվում է մի հինաւուրց ամրոցի հիմքեր և մի սեպաձև արձանագրութիւվն` այս ամրոցի անմիջապես մօտը` լճափին: Որոնելով ամրոցի շուրջը դամբարաններ, ես կարողացայ միայն երեք հատ գտնել, որը և´ պեղեցի: Սրանցից մինը գտնւում էր ամրոցի արևմտահարավային կողմը, մի բլրի գագաթի: Կլոր էր, շուրջանակի քարերով պատած, 7 մետր տրամագծով: Երկու մեծ սալեր վերցնելուց յետոյ բացուեց գերեզմանը, որ տաշած քարով պատած էր. Երկարութիւնն էր 3 մետր, լայնութիւնը 1,50 մետր. ամբողջովին լիքն էր հողով:  Մոտ 2 մետր պեղելուց յետոյ բացուեց մի երկարագլուխ կմախք, հիւսիսից հարաւ ուղղուած և սաստիկ փթած: Մօտը ոչ մի իր կամ պուլիկ չգտնուեց: Այսպէս էին նաև միւս երկու դամբանները, դարձեալ հիւսիսից հարաւ ուղղուած գերեզմաններով, և մի կմախքներով, միայն սրանք պատեր չունէին, այլ մի մեծ սալ ձգուած էր յատակին, ու ննջեցեալը դրա վրայ պառկեցրած: 2015 թվականին Օձաբերդի հնագիտական արշավախմբի կողմից ամրոցից հարավ-արևմուտք գտնվող բլրի գագաթին ֆիքսվել են շրջանաձև կառույցի հետքեր: Դրա մեջտեղում պարզ երևում են փորվածի հետքեր և մակերեսին դրված մեծ տափակ քար, որը սալաքարերի են հիշեցնում: Բացի այդ, բլրից քիչ հյուսիս-արևմուտք երևում է ուղղանկյուն մի կառույց, որի մեջ ակնհայտորեն երևում են փորվածքի հետքեր : Ըստ երևույթին, հենց այս տարածքում էլ Ե. Լալայանը կատարել է վերը նշված պեղումները: 1930-ական թթ. սկզներին հուշարձանում  Բ. Պիոտրովսկու, Ա. Աջյանի և Լ. Գյուզալյանի կողմից իրականացվել է հուշարձանի վերգետնյա ուսումնասիրությունը: 1934 թ. Օձաբերդում պեղումներ են իրականացվել Բ. Պիոտրովսկու կողմից: Սակայն, հնագիտական աշխատանքները տևել են ընդամենը մեկ տարի, և, ցավոք, դրանց արդյունքները հրատարակվել են միայն հաղորդումների կամ հուշերի տեսքով: Համաձայն դրանց՝ 1934 թ. հետախուզական պեղումների ժամանակ ֆիքսվել են ուրարտական և վաղբրոնզեդարյան շերտեր: Օձաբերդից արևելք և հարավ-արևելք գտնվող բլուրներին նշանավոր հնագետը ֆիքսել է ոչ մեծ չափերի հասնող դամբարաններ: 1934թ. պեղումների հնակենդանաբանական ուսումնասիրությունների արդյունքում Վ. Գրոմովայի կողմից առանձնացվել են խոշոր եղջերեվար անասունների (Bos taurus), ընտանի ոչխարի (Ovis aries), և ընտանի խոզի (Sus scrofa domestica) ոսկորներ: 1960-ական թթ. Օձաբերդում չափագրումներ և ուսումնասիրություններ է կատարել Գ. Միքայելյանը , իսկ 1990-ականներին այստեղ վերգետնյա հնագիտական հետազություններ և չափագրումներ են իրականացվել Սևանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից: Արդյունքում արվել է հուշարձանի տեղահանույթը, երկրաբանական  հետազոտություններ, մեծ ուշադրութուն է դարձվել հուշարձանի ճարտարապետությանը և ճարտարապետական ավանդույթներին, ինչպես նաև՝ կատարվել են վերգետնյա ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հավաքագրված տարաժամանակյա խեցեղենը վերաբերում է Վաղ բրոնզի շրջափուլից մինչև զարգացած միջնադարը ներառող ժամանակահատվածին:

2014-2019 թվականներին Օձաբերդի տարածքում պեղումներ է իրականացրել հայ-իտալական (2014-2015 թթ.) միացյալ և ապա հայկական (2016-2019 թթ՝ արշավախմբի ղեկավար՝ Միքայել Բադալյան) հնագիտական արշավախումբը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Օձաբերդը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Արծվանիստ և Ծովինար գյուղերի միջև, Արփա-Սևան ջրատարի ելքից մոտ 70 մ հարավ: Ուրարտական ժամանակաշրջանում Սևանի  լճի արևմտյան և հարավային ափամերձ տարածքում եղել են իրենցից բավական հզոր ուժ ներկայացնող փոքրիկ իշխանություններ կամ գուցե ցեղային միություններից:  Դատելով վերգետնյա նյութից՝ հուշարձանն ունեցել է վաղ շերտեր: Ռուսա I-ի կողմից նվաճվելուց հետո, ըստ երևույթին այն ենթարկվել է վերակառացումների:

Շերտագրություն
Սևանի ավազանի հայ-իտալական հնագիտական արշավախմբի կողմից Օձաբերդում իրականացված վերգետնյա հնագիտական հետազոտությունների ընթացքում փաստագրվել է վաղբրոնզեդարյան խեցեղեն՝ թվագրվող Ք. ա. 3-րդ հազարամյակով: Բացի այդ, նույն արշավախմբի կողմից  ֆիքսվել են նաև զարգացած միջնադարով թվագրվող խեցեղեն բեկորներ:

2014-2019 թվականներին Օձաբերդում իրականացրած հնագիտական պեղումները փաստեցին, որ հուշարձանը գլխավորապես գործել է Ք. ա. 8-6-րդ դարերն ընկած ժամանակահատվածում: Օձաբերդի ծաղկման փուլը կարելի է համարել հետուրարտական-երվանդյան ժամանակահատվածը: Այդ են փաստում ինչպես ամրոցում ու միջնաբերդում, այնպես էլ արտաքին բնակավայրում պեղված շերտերն ու կառույցները: 

Արտաքին բնակավայրում արված ուշ թաղումները վկայում են, որ, հավանաբար, ուշ անտիկ փուլում բնակավայրը լքվել է, իսկ վերջինիս պատերը սկսել են օգտագործվել թաղումներ անելու նպատակով: Արտաքին բնակավայրի, ինչպես նաև ամրոցի մակերեսին հայտնաբերված անտիկ շրջանի խեցեղեն բեկորների առկայության փաստը թույլ է տալիս ենթադրելու, որ հուշարձանը գործել է նաև այդ ժամանակահատվածում:

Առկա ութ ռադիոածխածնային անալիզների արդյունքների ստորին նիշերը տեղակայվում են Ք. ա. VI դ. կեսերն ընկած ժամանակահտավածում: Այս փաստը կարող է ուղենիշ հանդիսանալ Օձաբերդի հետուրարտական-երվանդյան ժամանակաշրջանի վերջին փուլի սահմանման համար:

Ճարտարապետություն
Օձաբերդ հուշարձանը բաղկացախ է մի քանի հատվածից՝ ամրոց, միջնաբերդ, արտաքին բնակավայր և դամբարաններ: Օձաբերդի ամրոցի պարսպաշարերը ներկայացնում են ուրարտական և տեղական էթիունյան ճարտարապետական ավանդաույթների համադրություն: Այստեղ կարելի է նկատել վաղերկաթեդարյան կիսակոպլյան շարվածք՝ համադրված ուրարտական ճարտարապետությանը բնորոշ որմնանկարներով: Ամրոցն ունեցել է առնվազն երեք՝ հյուսիս-արևելյան, հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան ճանապարհներ: Ինչպես ամրոցի, անպես էլ միջանաբերդի շարերն ունեն քարերով միջնալիցք: Կարևոր տեղ է զբաղեցնում հուշարձանի ամրոցի հարավ-արևելյան հատվածում պեղված որմնահեցերով կառույցն, որը իր ճարտարապետական հատակագծով կարող է հիշեցնել ուրարտական սուսի տաճարներին: Հուշարձանի արևելյան հատվածը կարծես թե կտրված է խանդակով և հուշարձանը բաժանում է ժայռաբլուրներից: Այստեղ նկատելի են քարերի կտրտման հետքեր: Չի բացառվում, որ այդ հատվածից են բերվել Օձաբերդի կառուցման համար նախատեսված քարերը: Օձաբերդի առանձնահատկություններից մեկը կարելի է համարել միջնաբերդի երկայնքով տարածվող թեքահարթակի առկայության փաստը: Նման կառույցներ հայտնի են Մարգավիտ և Նորաբակ 1 հուշարձաններում: Օձաբերդում պեղված թեքահարթակը իր տեսքով թերևս ամենաազդեցիկն է: Այդ կառույցները կարող էին ունենալ ինչպես պաշտպանական, այնպես էլ գեղագիտական գործառույթ: Այն հանգամանքը, որ միջնաբերդի պատերը դրված են ուրարտական աղյուսների վրա, թույլ է տալիս կարծելու, որ Օձաբերդի թեքահարթակը պետք է թվագրվի միջին և/կամ ուշ երկաթի շրջափուլերով: Աղուսների վրա պարսպաշարերի առկայության փաստը թույլ է տալիս քննարկել մի քանի տարբերակ՝ ա. միջնաբերդի պարսպաշարերը դրվել են ուշ փուլում և միջնաբերդը հետուրարտական-երվանդյան ժամանակաշրջանում է կառուցվել, բ. աղյուսները, թեքահարթակը և վերը նշված պարսպաշարերը սինխրոն են իրար և կարելի է թվագրել ուրարտական ժամանակաշրջանով: Ինչպես նկատել է Հ. Դանիելյանը, նման դարավանդաձև հարթակներով համակարգն իր զուգահեռներն ունի փոքրասիական և մասնավորապես խեթական աշխարհի (Խաթթուսաս) նմանատիպ կառույցների միջավայրում: Արտաքին բնակավայրում իրականացված պեղումները փաստում են, որ այստեղ բնորոշ են եեղել երկշար, կամ միջնալիցքով երկշար պատերի շարերը: Եվ ամրոցում, և միջնաբերդում ու արտաքին բնակավյրում գլխավորապես օգտագործվել են կավածեփ հատակներ:

🔨 Գտածոներ

Հուշարձանից գլխավորապես հայտնաբերվել են տարատեսակ խեցեղեն բեկորներ: Արտաքին բնակավայրում իրականցված պեղումների ժամանակ գտնվել է նաև ձկան կանթի ծանրոց, բրոնզե օղ: Ամրոցում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել են երակթե գամեր, կավե իլիկի գլուխներ, միականթ սափորիկ: Հյատնաբերված գտածոների ճնշող մեծամասնությունը կարելի է թվագրել Ք. ա. 8-6-րդ դարերով: Օձաբերդի արտաքին բնակավայրում՝ հարավ-արևելյան հատվածում, պարսպաշարին կից բացվել է նաև կարասային թաղում: Վերականգնման և ամրակայման աշխատանքների շնորհիվ հնարավոր է եղել ամբողջացնելլ կարասը, որը կարելի է թվագրել 3-4-րդ դարերով:

🌍 Նշանակությունը

Ըստ երևույթին, Օձաբերդն իրավամբ հանդիսացել է Սևանի լճի հարավային ավազանի կարևորագույն կենտրոններից մեկը: Ուրարտացիների համար Օձաբերդը չափազանց կարոր նշանակություն ուներ: Այն կարևոր կետ էր, որը հսկում էր Սևանի ավազանի հարավային ավազանի երկայնքով տարածվող ճանապարհն ու ամրոցների շղթան: Այս համատեքստում, չպետք է մոռանալ Սոդքի ոսկե հանքերի մասին: Օձաբերդն իր կարևոր նշանակությունն ուներ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան գոտու կիկլոպյան ամրոցների համակարգում։

📜 Ավանդազրույցներ

Ժամանակին՝ ընդհուպ մինչև Արփա-Սևան ջրատար թունելի կառուցումը (1963-1981 թթ.), ամրոցի տարածքը լի է եղել օձերով, ինչի պատճառով էլ այն տեղացիների կողմից ստացել է Օձաբերդ անվանումը : Այս համատեսքտում հետաքրքիր է ծնունդով ծովինարցի պ. գ. թ. Նելլի Մինասյանի մեզ հայտնած մի հաղորդումը, որը նա լսել է իր պապից և տատից: Ըստ վերջիններիս` Օձաբերդի գլխին ապրում է մի վիշապ, որը ժամանակ առ ժամանակ իջնում է ամրոցից, լողանում Սևանա լճում ու վերադառնում: Ասում են, որ հաճախ կարելի է տեսնել վիշապի հետքերը:

📚 Սկզբնաղբյուրներ

Գրականություն

  1. Բադալյան Մ., Միքայելյան Ա., Դան Ռ., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Եղիազարյան Ա., Կզլյան Վ., Հովսեփյան Ռ., Վիտոլո Պ., Զաքյան Ա. 2016, Օձաբերդի 2014-2015 թթ. պեղումների նախնական արդյունքները (համառոտ ակնարկ), Փիլիպոսյան Ա. (խմբ.), Հայաստանի հնամարդաբանության և հնաժողովրդագրության հարցեր, Միջազգային գիտաժողով նվիրված Վանի պեղումների 100-ամյակին, Երևան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, էջ 31–34:
  2. Բադալյան Մ., Միքայելյան Ա., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Հովսեփյան Ռ., Նահապետյան Ս., Եղիազարյան Ա. 2017, Օձաբերդի 2014-2016 թթ. պեղումների նախնական արդյունքները, Մեծամորյան ընթերցումներ, № I, Երևան, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, էջ, 205–246:
  3. Բադալյան Մ., Սիմոնյան Հ., Գաբրիելյան Ա., Միքայելյան Ա., Եղիազարյան Ա., Կյուրեղյան Հ. 2022, Օձաբերդի արտաքին բնակավայրում պեղված թաղումները, Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր, Գյումրի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն, էջ 30:
  4. Բադալյան Մ., Միքայելյան Ա., Եղիազարյան Ա., Կյուրեղյան Հ., Հովսեփյան Ռ., Սիմոնյան Հ., Նահապետյան Ս. 2022, Օձաբերդի 2017-2019 թթ. Պեղումների նախնական արդյունքները, Ծովային Հայաստան. ՈՒսուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը (խմբ. Բադալյան Մ., Բոբոխյան Ա., Մարտիրոսյան-Օլշանսկի Ք.), Երևան, էջ, 345-360:
  5. Դանիելյան Հ. 2014, Նոր տվյալներ հնագույն Հայաստանի պաշտպանական համակարգերի վերաբերյալ, Մերձավոր Արևելք, № IX-X, Երևան, էջ 124–132:
  6. Եզիազարյան Ա. 2021, Օձաբերդի 2018 թ. գտնված միականթ սափորի մասին, Մերձավոր Արևելք, № XV, Երևան, էջ 73–81:
  7. Միքայելյան  Գ., Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները. Հայաստանի հնագիտական հուշարձանները 1, Երևան,  1968, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
  8. Քալանթար Ա., Յերկու սեպագիր արձանագրություն ՌուսաԱ-ի, Սարդուրիի վորդու, Որագիր ՀԽՍՀ Հնությունների պահպանության կոմիտեի 3, Յերեվան1927:. Լալայեան Ե., Նոր-բայազետի գավառ կամ Գեղարքունիք. Նախապատմական շրջան. Ազգագրական հանդես 13, 1907, 166-206.
  9. Badalyan M., Kzlyan V., Iskra M., Mikayelyan A., Kyureghyan H. 2016, Odzaberd (Tsovinar): A Brief Preliminary Report on the 2014-2015 Excavations, in: Narimanishvili G., Kvachadze M., Shanshashvili N. (ed.), Aegean World and South Caucasus: Cultural Relations in the Bronze Age, Tbilisi, Mtsignobari, p. 163–177.
  10. Hmayakyan S., The Urartians on the southern coast of the lake Sevan, , Documenta Asiana VII, Roma 2002:  277-300.
  11. Sanamyan H., Fortress of Tsovinar (Odzaberd), “The City of [god] Teisheba, The North-Eastern Frontier Urartians and Non Urartians in the Sevan Lake Basin, Documenta Asiana VII, Roma, 2002,  319-324
  12. Пиотровский Б., Гюзаляан Л., Крепости Армении доурартского и урартского времени , Проблемы истории материальной культуры, 5-6, Ленинград, 1933, 50-59.

Հուշարձանների ցանկ
Գեղարքունիք  5.52/1

📷 Լուսանկարներ

  1. Օձաբերդը հարավից: Օդալուսանկար: Օձաբերդի արշավախումբ: Օձաբերդի Ռուսա Առաջինի սեպագիր արձանագրությունը: Օձաբերդի արշավախումբ:
  2. Օձաբերդի տեղագրական հանույթը՝ կարմիրով ընդգծված տեղամասերով: Օձաբերդի արշավախումբ:
  3. Օձաբերդի A տեղամասում բացված հետուրարտական կառույցն՝ իր կավածեփ հատակներով: Օձաբերդի արշավախումբը:
  4. D 1 տեղամասի արևմտյան պատի մուտքն՝ շուրթերով դեպի հատակն ուղղված երկու կարասների վերնամասերի ֆիքսված իրավիճակով: Օձաբերդի արշավախումբ:
  5. D 3-ի տեղամասի հյուսիսային պատի հյուսիսային արտաքին շարի և 3 մ պատի հյուսիսային անկյունում՝ հատակին ֆիքսված սափորիկը: Օձաբերդի արշավախումբ:
  6. D 3 տեղամասից հայտնաբերված իլիկների երեք կավե օղակաձև գլուխները: Օձաբերդի արշավախումբ:
  7. D 3 տեղամասի արևմտյան պատը՝ պեղված վերջնական իրավիճակով: Օձաբերդի արշավախումբ:
  8. Օձաբերդի արտաքին բնակավայրում ֆիքսված հետուրարտական երկու սենյակները: Օձաբերդի արշավախումբ:
  9. G տեղամասի անկյունային ստուգողական փոսորակում ֆիքսված աղյուսները և նրանց վրա բարձրացող պատը: Օձաբերդի արշավախումբ:
  10. G տեղամասի թեքահարթակի համար նախատեսված հենապատը: Օձաբերդի արշավախումբ:
  11. G տեղամասը 2019 պեղաշրջանի ավարտին: Օձաբերդի արշավախումբ:
  12. Արտաքին բնկավայր:H տեղամասը պեղաշրջանի ավարտին և հիմնական խեցեղեն գտածոները: Օձաբերդի արշավախումբ:
  13. H տեղամասում բացված կարասային թաղումը: Օձաբերդի արշավախումբ:

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ