Նորատուսի մեծ գերեզմանոց
Անվանումը` Նորատուսի մեծ գերեզմանոց
Հուշարձանի տեսակը` Խաչքար
Շրջան` Գեղարքունիքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Նորատուսի մեծ գերեզմանոց
Այլ անվանումներ` Նորատուսի խաչքարեր, «խաչքարերի անտառ»
Հուշարձանի տեսակը` Գերեզմանոց
Մարզը` Գեղարքունիք
Համայնքը` Գավառ
Բնակավայրը` Գ. Նորատուս
Տեղադրությունը` Գյուղի արևելյան մասում
Բարձրությունը` ծ.մ.1937 մ
Դարաշրջանը և թվագրությունը` IX-XVIII դդ.
Նորատուսի մեծ գերեզմանոց
📍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Նորատուս գյուղի պատմամշակութային հուշարձանները ուսումնասիրել են XIX-XX դդ. հայ գիտնականները: Նորատուսի խաչքարերի մեծ մասը ներկայացված է բազմաթիվ հեղինակավոր ուսումնասիրություններում և կատալոգներում:
🏰 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն:
❈ Գյուղը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին, լճի մեջ առաջացած նեղ պարանոցի մերձակա հարթության վրա
❈ «Խաչքարերի անտառ» մեծ գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 1 հա տարածք՝ գյուղի միջով անցնող Գավառագետի աջ կողմում
Շերտագրություն:
❈ Նորատուսը Սյունիք նահանգի Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է
❈ Հիմնադրվել է Հայկ նահապետի թոռ Գեղամի կողմից
❈ Միջնադարում եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոն
❈ XVI դարում հաստատվել է Ազարյանների մելիքական տոհմը
Հուշարձաններ:
❈ Գյուղի կենտրոնում՝ Ս. Աստվածածին եկեղեցի (IX դ.)
❈ Հարավ-արևելքում՝ Ս. Գրիգոր / Դափուց վանք (կուսանոց)
❈ Արևելյան կողմում՝ «Խաչքարերի անտառ» մեծ գերեզմանոց
Խաչքարերի առանձնահատկություններ:
❈ 400+ խաչքար ու տապանաքար, IX-XVIII դդ.
❈ Մեծ մասը՝ XIII-XVII դդ., կազմված ընտանեկան գերեզմանատներ
❈ Ուղղանկյուն և երկթեք սրածայր գագաթով խաչքարեր
❈ Գեղարվեստական բարձրարժեք գործեր՝ վարպետների՝ Քիրամի, Ներսեսի, Բաբի, Մելիքսեթի անուններով
❈ Նույն տեղում՝ XII-XIV դդ. հարթ տապաններ և XV-XVI դդ. բազմաստիճան պատվանդանների վրա կանգնեցված տապանաքարեր
❈ Սյուժետային քանդակներ՝ խնջույք, արհեստ, կյանքի տեսարաններ
Մատուռներ:
2 մատուռ՝ 30 մ հեռավորությամբ՝ հոգու փրկության պատարագների համար
❈ Հարավային՝ XIII դ.
❈ Հյուսիսային՝ 1714 թ., վերականգնվել 1977 թ.
Այլ նշանավոր խաչքարեր:
❈ 7 «Ցասման խաչ»՝ բնակիչներին պաշտպանում է հանկարծահաս արհավիրքներից
❈ Հյուսիսում՝ «Հազախաչ»
🔎 Նշանակությունը
❈ Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից հետո՝ խաչքարերի ամենամեծ համալիր
❈ Արժեքավոր մշակութային և պատմական ժառանգություն
✨ Ավանդազրույց
«Ժամանակին թուրքերը հարձակվել են Գեղամ թագավորի վրա: Շատ քիչ զինվորներ ունենալով՝ նա խաչքարերին զինվորի շորեր է հագցնում, և ինքն իր փոքրիկ խմբով կանգնում է դրանց առաջ: Թուրքերը կարծում են, թե զորք է, փախչում են, և Գեղամ թագավորն իրենց հետևից անցնելով՝ հաղթում է»:
Ուսումնասիրության պատմությունը
Նորատուս գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները նկարագրել են XIX-XX դդ. տեղագիրները (Հ. Շահխաթունյանց, Ս. Ջալալյանց, Մ. Սմբատյանց, Ղ. Ալիշան): XX դ. կեսերին ճարտարապետական կառույցներն ուսումնասիրել է Ս. Մնացականյանը, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը: Նորատուսի գերեզմանոցի վերաբերյալ առանձին ուսումնասիրություն չկա: Խաչքարերի մի մասը ներկայացվել է դրանց նվիրված մենագրություններում և կատալոգներում:
Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Նորատուս գյուղը տեղակայված է Սևանա լճի արևմտյան ափին, լճի մեջ առաջացած նեղ պարանոցի մերձակա հարթության վրա: «Խաչքարերի անտառ» մեծ գերեզմանոցը գտնվում է գյուղի միջով անցնող Գավառագետի աջ կողմում: Զբաղեցնում է մոտ 1հա տարածք:
Շերտագրություն
Նորատուս գյուղը պատմական Սյունիք նահանգի Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, որի տարածքում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Ըստ ավանդության՝ բնակավայրը հիմնադրել է Հայկ նահապետի թոռ Գեղամը՝ անվանելով Նորատունս: Հետագայում «ն» տառը սղվել է և մնացել է Նորատուս: Բնակավայրի մասին հիշատակում են միջնադարյան պատմիչները Նորատուս, Նորատուք, Նորատուաց անուններով: Հայտնի էր որպես նշանավոր ձկնորսարան: Զարգացած միջնադարում եղել է Ծմակ գավառի վարչական կենտրոնը, որտեղ նստում էր Զաքարյանների կառավարիչը: XVI դարում այստեղ է հաստատվում Ազարյանների մելիքական տոհմը:
Գյուղի կենտրոնում է գտնվում գմբեթավոր դահլիճ տիպի Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Գեղարքունի գավառի տեր Գրիգոր Սուփան Բ իշխանի եղբայր Սահակ Սյունին IX դ. վերջին, որը թաղվել է իր կառուցած եկեղեցու առջև:
Գյուղի տարածքում պահպանված հուշարձաններից հայտնի է նաև հարավ-արևելքում գտնվող Ս. Գրիգոր կամ Դափուց վանքը, որը կուսանոց է եղել:
Նորատուսի ամենահայտնի հուշարձանը «Խաչքարերի անտառ» մեծ գերեզմանոցն է՝ գյուղի արևելյան կողմում, բարձրադիր հարթության վրա: 1972-1973 թթ. իրականացվել են տարածքի բարեկարգման և խաչքարերի ամրացման աշխատանքներ:
Նորատուսի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում «Խաչքարերի անտառից» հաշվառված են 400-ից ավել խաչքար ու տապանաքար, որոնք թվագրվում են IX-XVIII դդ.: Դրանք սփռված են բլրի բարձրադիր հարթության արևմտյան մասում, իսկ արևելյան ընդարձակ հատվածում տարածվում է ժամանակակից գերեզմանոցը: Միջնադարյան գերեզմանոցում մեծամասնություն են XIII-XVII դդ. խաչքարերն ու տապանաքարերը, որոնց զգալի մասը խմբավորված է՝ կազմելով առանձին ընտանեկան գերեզմանատներ: Խաչքարերը հիմնականում կանգնեցված են պատվանդաններին: Դրանք մեծ մասամբ ուղղանկյուն սալեր են՝ արևմտահայաց քանդակազարդ երեսով: Հանդիպում են նաև քիվով կամ երկթեք սրածայր գագաթով խաչքարեր, որը հատուկ է XIII դ. և հետագա շրջանին: Խաչքարերի մեջ կան գեղարվեստական բարձրարժեք գործեր, որոնք կրում են դրանց կերտող վարպետների՝ Քիրամի, Ներսեսի, Բաբի, Մելիքսեթի անունները:
Գերեզմանոցի երկարատև գոյության ընթացքում հանդիպում են ժամանակի հետ փոփոխվող XII-XIV դդ. բնորոշ հարթ ուղղանկյուն, երկլանջ տապաններ, ավելի ուշ՝ XV-XVI դդ. տարածվում են ուղղանկյուն կանգնեցված տապանաքարեր՝ երբեմն բազմաստիճան պատվանդանների վրա: Դրանց նիստերին պատկերված են ուշագրավ սյուժետային քանդակներ՝ խնջույք, արհեստ ներկայացնող բազմազան տեսարաններով:
Մեծ գերեզմանոցում կան իրարից մոտ 30 մ հեռավորության վրա գտնվող երկու մատուռներ՝ հանգուցյալների հոգու փրկության պատարագներ մատուցելու համար: Հարավային մատուռը կառուցվել է XIII դ.: Ըստ պահպանված վիմագրի՝ հյուսիսային կողմի մատուռը կառուցվել է 1714 թ. Ալեքսանի կողմից: Վերականգնվել է 1977 թ.:
Բացի մեծ գերեզմանոցից գյուղի չորս կողմերում կանգնեցված են 7 Ցասման խաչ կոչվող խաչքարերը՝ գյուղի բնակիչներին հանկարծահաս արհավիրքներից պաշտպանելու համար: Եվս մի նշանավոր խաչքար կա գյուղի հյուսիսային ծայրում, որ «Հազախաչ» են անվանում:
Նշանակությունը
Նորատուսի «խաչքարերի անտառ» գերեզմանոցը Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից հետո խաչքարերի ամենամեծ համալիրն է:
📜 Ավանդազրույցներ
«Ժամանակին թուրքերը հարձակվում են Գեղամ թագավորի վրա: Շատ քիչ զինվորներ ունենալով՝ նա այս խաչքարերին զինվորի շորեր է հագցնել տալիս, և ինքն իր փոքրիկ խմբով կանգնում է այդ քարերի առաջ: Այս որ տեսնում են թուրքերը՝ կարծում են, թե բոլորը զորք է և փախուստի են դիմում: Գեղամ թագավորն իր փոքրիկ խմբով ընկնում է նրանց ետևից ու բոլորին կոտորում»:
Սկզբնաղբյուրները
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, ‹‹Սովետական գրող››, 615 էջ:
- Բարխուդարյան Ս. 1973, Դիվան հայ վիմագրության, 4, Գեղարքունիք. Կամոյի, Մարտունու և Վարդենիսի շրջաններ, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 526 էջ:
- Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
Հուշարձանների ցանկ
Գեղարքունիք 5.71/4
📷 Լուսանկարներ
- Նորատուսի խաչքարադաշտի ընդհանուր տեսքը արևմուտքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
- Հյուսիսային մատուռը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Հարավային մատուռը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- 10-րդ դ. խաչքար (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Խմբակային խաչքարեր (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Խմբակային խաչքարեր (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Պատվանդանավոր խաչքարեր (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Խարքարեր և երկլանջ տապանաքարեր (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Տապանաքար սյուժետային տեսարանով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Տապանաքար սյուժետային տեսարանով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Տապանաքար սյուժետային տեսարանով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Տապանաքար սյուժետային տեսարանով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։