Էջմիածին

Էջմիածնի Մայր տաճար

  • Անվանումը` Էջմիածնի Մայր տաճար
  • Հուշարձանի տեսակը` Տաճար
  • Շրջան` Արմավիրի մարզ
  • Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Էջմիածնի Մայր տաճար

Անվանումը այլ` Վաղարշապատի Սբ. Կաթողիկե եկեղեցի

Հուշարձանի տեսակը` Ամենայն հայոց կաթողիկոսության կենտրոն

Մարզը` Արմավիրի մարզ

Համայնքը` Վաղարշապատ

Բնակավայրը` Ք. Վաղարշապատ (1945–1995 թթ.` Էջմիածին)

Տեղադրությունը` Գտնվում է Վաղարշապատ քաղաքի կենտրոնում:

Պահպանվածությունը` Ամբողջությամբ պահպանված է, վերանորոգված

Բարձրությունը` ծ.մ. 870 մ

Դարաշրջանը և թվագրությունը` Վաղ միջնադարից (IVդ.) մինչ օրս

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Մայր տաճարի պատմությանն ու ճարտարապետությանն ադրադարձել են հայկական ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվող գրեթե բոլոր հեղինակները: 1955, 1956, 1959 թթ. իրականացվել են պեղումներ, աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Ալ. Սահինյանը: Գմբեթակիր մույթերի խարիսխների տակ բացվել են հնագույն շենքի` անջատ կանգնած մույթերի խարիսխներ, դրանց կից սկզբնական սալահատակի մի քանի սալեր, խարիսխների հիմքերի 2-3-ական շարքերը, ավագ խորանի ներսում` հնագույն խորանի ներքևի որմնաշարքերը: Գմբեթակիր մույթերից յուրաքանչյուրի տակ դրված են միմյանցից տարբեր կառուցվածք ունեցող 2 տարբեր շենքերի խարիսխներ: Ալ. Սահինյանի կարծիքով վերևի խարիսխները պատկանել են գմբեթակիր, ներքևի խարիսխները` բազիլիկալ կառուցվածքի: Տաճարի` Ալ. Սահինյանի կողմից Ե դ. թվագրվող կառուցվածքի հիմքերի հորիզոնի վրա բացվել են խոշոր ծավալի խճանկարի մնացորդներ (480-ական թթ. գտնվել են արդեն ավերված վիճակում), ավագ խորանի կառուցվածքի մեջ ներառված հնագույն խորանի կենտրոնում ավերված վիճակում բացվել են Դ-Ե դդ. որմնանկարչության մնացորդներ, իսկ վեմքարի պատվանդանի տակ` կրակարան` մեջը մոխիր (կարասի մեջ առնված թոնիր, ակը ուղղված դեպի արևմուտք), Ե դ. բեմի ներքևի շարվածքի մեջ հայտնաբերվել է հղկված որձաքարից պատրաստված ուրարտական շրջանի կոթող (3,10 x 0,73 x 0, 53 մ), որն այժմ գտնվում է տաճարի բակում:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Ճարտարապետություն
Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական կառույցն է: Ըստ հետազոտողների՝ Քրիստոնյա Հայաստանի առաջին Մայր տաճարն է և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4թթ.՝ պարսկական ներխուժման ժամանակ եկեղեցու խիստ վնասվելուց հետո։ Որոշ հետազոտողներ պատմիչ Ղազար Փարպեցու այն վկայությունը, որ Վահան Մամիկոնյանը հիմնովին նորոգեց տաճարը, մեկնաբանում են որպես նորից կառուցում և կարծիք հայտնում, որ Մայր տաճարի նախնական շենքը եղել է բազիլիկատիպ, իսկ մեզ հասած հորինվածքը հետևանք է VIIդ. Ներսես Գ կաթողիկոսի կողմից կատարված վերակառուցման, երբ տաճարի փայտաշեն ծածկը փոխարինվեց քարով (Տոկարսկի)։ Սակայն 1954-1955թթ. տաճարի վերանորոգման և ամրացման աշխատանքների ընթացքում կատարած պեղումների արդյունքները չհավաստեցին Մայր տաճարի նախնական շենքը բազիլիկատիպ լինելու մասին կարծիքը: Հետագա դարերում ևս տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումների։ 1604 թ., իրենց երկրի հանդեպ հայերի նվիրվածությունը թուլացնելու համար, Աբբաս I Սեֆին թալանել է Էջմիածինը՝ տաճարից մասունքներ և քարեր տանելով։
Այժմ տաճարի հատակագիծը քառանկյունի է, արտաքուստ 22.55×20.72մ չափերով: Նրա հարավային, հյուսիսային և արևմտյան կողմերից դուրս են շեշտված ներսից կիսաշրջան և դրսից հնգանիստ աբսիդները: Արևելյան աբսիդը (ավագ խորանը) տեղավորված է հյուսիսից-հարավ ձգված երկու ավանդատների միջև: Տաճարն ունի երեք մուտք: Գլխավորը` արևմտյան զանգակատան տակից է, իսկ մնացած երկուսը` տաճարի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան անկյուններին մոտ: Քառակուսի աղոթասրահի կենտրոնում տեղավորված են հատակագծում խաչաձև չորդ հզոր մույթեր, որոնք միմյանց ու հանդիպակաց պատերի հետ իացված են կամարներով: Մույթերի տեղադրությամբ առաջացած գմբեթատակ քառակուսու վրա բարձրանում են թմբուկն ու այն պսակող գմբեթը:
Տաճարի հնությունը վկայող մասեր նշմարելի են արևմտյան և հատկապես հյուսիսային ճակատներում: Դրանցից են հյուսիսային ճակատի արևելյան մասում ագուցված երկու սալաքարերը, որոնց վրա կան հունարեն մակարություններով բարձրաքանդակներ: Հունարեն արձանագրությունները հիշատակային և բարեմաղթանքային են: Սալերից մեկում պատկերված են Պողոսն ու Թեկղեն, իսկ մյուսում`շրջանի մեջ ներգծված խաչ` երկու թռչուններով: Պատկերները թվագրվում են IV-Vդդ.:
Զանգակատները կառուցվել են XVII դ. երկրորդ կեսին։ 1682թ. Եղիազար կաթողիկոսի պատվերով տաճարի կենտրոնում` գմբեթի տակ, տեղադրվել է ‹‹իջման սեղանը››: Աստվածատուր կաթողիկոսի օրոք 1720թ. տաճարի ներքին պատերը պատվել են որմնանկարներով, որոնց հեղինակն է Նաղաշ Հովնաթանյանը: Հետագայում այդ աշխատանքը շարունակել է նկարչի թոռը` Հովնաթան Հովնաթանյանը: 1869թ. տաճարի արևելյան մասում կցակառուցվել է թանգարանի շենքը։ Արդյունքում, այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Էջմիածնի Մայր տաճարի դերը հատկապես կարևորվեց անկախ Հայաստանի օրոք։ Մայր տաճարի Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ կանգնեցված են Ջուղայից պահպանված մի քանի խաչքարեր:
Մայր տաճարի բակում են թաղված Ամենայն Հայոց կաթողիկոսներից մի քանիսը:

🔨 Գտածոներ

Տարբեր տարիների պեղման և մաքրման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են թաղման կառույցներ, տարբեր դարաշրջանների կառույցների հիմքեր, թոնիրներ, խեցեղեն գտածոներ, որմնանկարների և խճանկարների բեկորներ:

🌍 Նշանակությունը

Տաճարը խոշոր ուխտատեղի է, Հայաստանի ամենաայցելվող վայրերից է։ Մայր տաճարը, 2000թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

📜 Ավանդազրույցներ

1. Մայր տաճարի տեղում ցեխ ու ճահիճ էր: Գրիգոր Լուսավորիչը չգիտեր` ուրտեղ գցի տաճարի հիմքերը: Նրան տեսլիք է լինում. Քրիստոսը երկնքից իջնում է` ոսկե ուռը ձեռքին, տեղը ցույց է տալիս` շրջան գծելով: Առավոտյան Լուսավորիչը արթնանում է և հիմքը դնում: Հիմքի քարերը Տրդատն է շալակելով բերում Մասիս սարից: Շալակելու ժամանակ Լուսավորիչը հետևից կանգնում էր և աղոթում Տրդատի համար: Մի անգամ արքան նեղվում է նրա աղոթքից և բողոքում, թե ձանձրանում է ոչ թե քարը շալակելուց, այլ իր հետևում հնչող աղոթքից: Այդ խոսքի վրա Լուսավորիչը լռում է, և Տրդատի ոտքերը մինչև ծնկները խրվում են գետնի մեջ: Տեսնելով դա` արքան հորդորում է շարունակել աղոթքը:
2. Երբ սկսում են կառուցել Մայր տաճարը, գիշերը երբ անցնում է, գալիս տեսնում են, որ տաճարի հիմքը քանդվել է: Գիշերը Գրիգոր Լուսավորիչը երազում տեսնում է Քրիստոսին, որն ասում է, թե այդ տեղում չարքերի բուն է, և ինքը ցիրուցան է անելու դրանց: Տեսնում է, թե ինչպես է Քրիստոսը գալիս տաճարի կառուցման տեղը և ձերքի ուռով սկսում է խփել նրա հիմքին: Բոլոր չարքերը ցիրուցան են լինում, որից հետո բարեհաջող ավարտվում է տաճարի կառուցումը:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն
Հարությունյան Ա. 2016, Վաղարշապատ. Վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ս. Էջմիածին, 548 էջ:
Հարությունյան Ա., Բադիշյան Ա. 2020, Զաքարիա վարդապետ Վաղարշապատցին և նրա նորահայտ դամբարանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ‹‹էջմիածին››, Ա, էջ 44-57:
Սահինյան Ալ. 1961, Էջմիածնի Մայր Տաճարի ճարտարապետական կերպարը, Էջմիածին, Ա, էջ 43-63:
Ղանալանյան Ա., Ավանդապատում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1969, 530 էջ:
Токарский Н.М. 1946, Аркитектура древней Армении, Ереван, изд. АН АССР, 381с.
Халпахчьян О.Х. 1980, Архитектурные ансамбли Армении, Москва, Искусство, 467с.

🕰️ Արխիվ

Հայաստանի պատմության թանգարանի արխիվ

Հուշարձանների ցանկ
Արմավիր 4.2/14

📷 Լուսանկարներ

1. Տաճարի հատակագիծը (Халпахчьян 1980,119):
2.Մայր տաճարի ընդհանուր տեսքը հյուսիսային կողմից, XXդ. սկիզբ (լուս. Գարեգին Հովսեփյան, Հայաստանի պատմության թանգարան):
3. Տաճարի տեսքը հյուսիս-արևելքից (լուս.Դ.Միրիջանյան):
4. Տաճարի տեսքը հարավ-արևմուտքից (լուս.Դ.Միրիջանյան):
5. Տաճարի գմբեթը առաքյալների պատկերներով (լուս. Դ. Միրիջանյան):
6.Տաճարի հյուսիսային պատին ագուցված սալերից մեկը` Պողոսի ու Թեկղեի պատկերներով (լուս. Դ. Միրիջանյան):
7. Տաճարի հյուսիսային պատին ագուցված սալերից երկրորդը` շրջանի մեջ ներգծված խաչի և երկու թռչունների պատկերներով (լուս. Դ. Միրիջանյան):
8. Տաճարի արևմտյան կողմից կառուցված զանգակատունը (լուս. Դ. Միրիջանյան):
9. Մայր տաճարի դուռը (լուս. Դ. Միրիջանյան):
10. Զանգակատան պատկերաքանդակներից մանրամասներ (լուս. Դ. Միրիջանյան):
11. Զանգակատան պատկերաքանդակներից տարբեր մանրամասներ (լուս. Դ. Միրիջանյան):
12. Զանգակատան գեղազարդված հատվածները (լուս. Դ. Միրիջանյան):
13. Մայր տաճարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի դարպասները (լուս. Դ. Միրիջանյան):
14. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տապանաքարը (լուս. Դ. Միրիջանյան):
15. Գևորգ Զ Ամենայն Հայոց կաթողիկոսի տապանաքարը (լուս. Դ. Միրիջանյան):
16. Մկրտիչ Ա (Խրիմյան Հայրիկ) Ամենայն Հայոց կաթողիկոսի տապանաքարը (լուս. Դ. Միրիջանյան):
17. Ջուղայի պահպանված խաչքարերից (լուս. Դ. Միրիջանյան):
18. Ջուղայի պահպանված խաչքարերից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ