Մեծամոր
- Անվանումը` Մեծամոր
- Հուշարձանի տեսակը` Ամրոց
- Շրջան` Արմավիրի մարզ
- Ժամանակաշրջան` Նախապատմական
Անվանումը՝ ՄԵծամոր
Այլ անվանում՝ Մեծամորի հնագիտական թանգարան
Հուշարձանի Տեսակը՝ Ամրոց-բնակատեղի
Մարզը՝ Արմավիրի մարզ
Համայնքը՝ Մեծամոր
Բնակավայրը՝ Տարոնիկ
Տեղադրությունը՝ Գտնվում է Երևան քաղաքից 35 կմ հարավ-արևմուտք, Մեծամոր գետի ափին, Տարոնիկ գյուղի մոտ։ 1965 թվականից մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում։
Պահպանվածությունը Արգելոց թանգարան, հնավայր
Կոորդինատները՝ 40°08’21.7″N 44°11’06.3″E
Բարձրությունը՝ ծ.մ. 800-900 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին։
Մեծամոր
📍 Տեղադրություն և պատմական ակնարկ
Մեծամորը հնագույն բնակատեղի է՝ կառուցված հրաբխային կոնի վրա, շրջապատված գետերով, գտնվում է Արմավիրի մարզում։
Հնավայրը անվանակոչվել է Մեծամոր գետի անունով և զբաղեցնում է շուրջ 30 հա տարածք։
Բնակեցված է եղել մ.թ.ա. IV հազարամյակից մինչև ուշ միջնադար՝ դառնալով Արարատյան դաշտի կարևորագույն քաղաքներից մեկը։
🏛 Քաղաք և ամրոց
Քաղաքը բաժանված է միջնաբերդի և բնակելի թաղամասերի։ Միջնաբերդը՝ պաշտպանված կիկլոպյան պարսպով, ներառել է տաճարներ, իշխանական և քրմական շինություններ, ձուլարաններ և արհեստանոցներ։
Հարթավայրում տարածված բնակելի թաղամասերը պատկանել են միջին և ստորին խավերին։
Քաղաքը զբաղեցրել է մոտ 80 հա տարածք՝ ունենալով նաև առանձին սրբատեղի՝ «Կարմիր քարեր» հատվածում։
🪔 Հնագիտական ուսումնասիրություններ
Պեղումները սկսվել են 1960-ականներին Կ. Մկրտչյանի և Էմմա Խանզադյանի կողմից։ Բացահայտվել է պարսպապատ միջնաբերդ, պալատներ, սրբարաններ, հնագույն «աստղադիտարան», կացարաններ, քաղաքային թաղամասեր և հսկայական դամբարանադաշտ։
🏺 Շերտագրություն և զարգացում
Մ.թ.ա. IV դ․ Մեծամորում գործել է աշխարհի առաջին պահպանված պղնձաձուլարանը։
Քաղաքն ապրել է ծաղկունություն բրոնզի և վաղ երկաթի դարերում, իսկ մ.թ.ա. VIII դ. միացել է Վանի թագավորությանը։ Կյանքը շարունակվել է մինչև XVII դարը։
Մշակութային շերտերը հաստատում են անընդմեջ բնակեցման փաստը։
🔥 Արտադրություն և արհեստներ
Քաղաքում գործել են ձուլարաններ, հայտնաբերվել են ձուլման կաղապարներ, մետաղների թափոններ, աղյուսե հնոցներ։
Անասնապահությունը, երկրագործությունը, այգեգործությունը և առևտուրը նպաստել են քաղաքի զարգացմանը և գույքային շերտավորմանը։
🏛 Թանգարան և գտածոներ
1968 թ․ հիմնադրվել է Մեծամորի պատմահնագիտական թանգարանը, որտեղ ցուցադրվում են ավելի քան 27,000 գտածոներ։
Առանձնանում են՝
❈ Ագաթից պատրաստված բաբելոնյան թագավոր Ուլամ Վուարիշի գորտ-կշռաքարը (մ.թ.ա. XVI դ.)
❈ Կուրիգալզու թագավորի սարդիոնե կնիքը (մ.թ.ա. XV դ.)
❈ Ոսկե, արծաթե և սաթե զարդեր
❈ Ջնարակված կավամաններ և փայտե զարդատուփեր
❈ Մետաղաձուլական հնոցներ ժայռերի մեջ
❈ Բրոնզեդարյան ֆալոսներ (պաշտամունքային նշանակությամբ)
⛪ Դամբարանադաշտ
Միջնաբերդից հս-արլ. գտնված դամբարանադաշտում հայտնաբերվել են հսկայական քարե դամբարաններ, որոնցում թաղվել են առաջնորդներ՝ իրենց ձիերով, ծառաներով ու կահ-կարասիով։
Դրանք վկայում են բարդ ծիսակարգերի, հարստության և հասարակական շերտավորման մասին։
🌍 Նշանակություն
Մեծամորը եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որը կապել է Ասիան ու Հյուսիսային Կովկասը։
Այստեղ գործել է հզոր գիտական դպրոց և աստղադիտարան։
Հայտնաբերված նյութերը հաստատում են քաղաքի կարևորությունը Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական զարգացման մեջ։
🔍Ուսումնասիրության պատմությունը
Բուն անունը հայտնի չէ, ուստի հնավայրը գետի անունով կոչվել է Մեծամոր։ Հնագույն բնակատեղին գտնվում է միջին անթրոպոգենեզի շրջանի հրաբխային կոներից մեկի վրա և շրջակա հարթավայրերում, ունի 30 հա տարածք։ Գրեթե բոլոր կողմերից շրջապատված է ջրերով, հս-արմ-ից եզերվում է Մեծամոր գետով, իսկ արևելքից պաշտպանվել է արհեստական խրամապատնեշով։ Հնագիտական պեղումներով ապացուցվում է, որ մ․թ.ա․ 4-րդ հազարամյակի կեսերից մինչև ուշ միջնադար անընդմեջ բնակեցված է եղել։ Հայտնաբերվել են նաև բրոնզեդարյա դամբարաններ, այդ թվում՝ մեծահարուստ անձանց՝ հուղարկավորված իրենց ստրուկներով, ձիերով, կահ-կարասիով և զենքով հանդերձ։ 1968 թ. ամրոցի տարածքում բացվում է պատմա-հնագիտական թանգարան, որտեղ հավաքված են հիմնականում Մեծամորի հնավայրում տարբեր ժամանակների պատկանող 22000 ցուցանմուշ։ Ներկայումս թանգարանը կրում է Կ. Մկրչյանի անունը։ 1965-ից Կ.Մկրտչյանի հետ պեղումներին է մասնակցել Էմմա Խանզադյանը, իսկ 1975թ-ից անձամբ ղեկավարել է Մեծամորի պեղումները:
Մեծ բլուրի վրայի ամրոցը պաշտպանված է եղել աշտարակավոր կիկլոպյան պարսպով, որից դուրս, լայնադիր դարավանդներում կառուցված են եղել կացարաններն ու տնտեսական շինությունները։ Հայտնաբերված նյութերն ապացուցում են, որ Մեծամորում զարգացած են եղել երկրագործությունը, անասնապահությունը և արհեստները։ Պաշտամունքային նշանակությանը զուգընթաց Մեծամորի փոքր բլրաշարքն ունեցել է նաև աստղագիտական նշանակություն։ Հնագիտական ուշագրավ նյութերով են հագեցված մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի մշակութային շերտերը, որոնք հիմնավորում են այն ծագումնաբանական կապը, որ գոյություն ունի բրոնզի դարաշրջանի զարգացման փուլերի միջև։ Վաղ երկաթի դարաշրջանում (մ․ թ․ ա․ 11-9-րդ դդ․) Մեծամորը քաղաք էր։ Այն իր միջնաբերդով և դեպի համանուն լճակը տարածվող հարթավայրում կառուցված քաղաքով զբաղեցրել է մոտ 80 հա մակերես։ Հզոր կիկլոպյան պարիսպներով պաշտպանված ամրոցում հիմնականում կենտրոնացվել են իշխանավորների և քրմական դասի բնակելի շինությունները, տաճարական համալիրն ու գլխավոր արտադրական միավորները (ձուլարաններ, արհեստանոցներ, մետաղի հարստացման կառույցներ)։ Նախաուրարտական քաղաքը բաղկացած է եղել միջին և ստորին խավերի բնակելի թաղամասերից։ Քաղաքն ունեցել է առանձին սրբատեղի, որի մի հատվածը պահպանվել է «Կարմիր քարեր» կոչվող տեղամասում։ Պեղածո նյութերից երևում է, որ քաղաքի բնակչությունը զբաղվել է արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ բանջարաբոստանային մշակույթով։ Գոյություն է ունեցել ձուլման գործի հետ կապված խոշոր արտադրություն, որի մասին վկայում են աղյուսակերտ և գլանաձև ձուլարանները, դրանց մոտ հայտնաբերված թափոնների կույտերն ու ձուլման կաղապարները։ Մեծամորում խոշոր չափերով զարգացած անասնապահությունը նպաստել է գույքային շերտավորման խորացմանը։
🧱Հնագիտական նկարագրությունը
Մեծամորի հնավայրում, ավելի քան հիսուն տարի ընթացող պեղումների ընթացքում բացվել են պարսպապատ միջնաբերդ` պալատական և տնտեսական շինություններով, եզակի սրբարաններ` զոհարաններով, երկնային մարմինների դիտումների համար նախատեսված «աստղադիտարան», վաղ բրոնզեդարյան` հում աղյուսով կառուցված, կլոր հատակագծով կացարաններ, ուշ բրոնզեդարյան-երկաթեդարյան քաղաքային թաղամաս և հսկայական դամբարանադաշտ:
Շերտագրություն
1960-ականների սկզբներին երիտասարդ հնագետների եւ երկրաբանների մի խումբ Տարոնիկ գյուղի շրջակայքում` Մեծամոր գետի ափին (Արմավիրի մարզ) հետազոտություններ կատարելու ժամանակ հայտնաբերում է մեծ քանակությամբ տարբեր մետաղների ձուլված մնացորդներ: Պեղումները շարունակվում են, եւ շուտով պարզ է դառնում, որ գտնվել է Արարատյան դաշտի արքունի քաղաքներից մեկը, որտեղ գործել է աշխարհում առաջին, լավ պահպանված պղնձաձուլարանը (մ.թ.ա 4-րդ դար): Գիտնականներն ապացուցում են, որ տեղանքը բնակելի է եղել դեռեւս մ.թ.ա 3-րդ հազարամյակում: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր:
Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները:
🔨Գտածոներ
Թանգարանում հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000 -ից ավելի առարկաներ։ Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզի շրջանից մինչև ուշ միջնադար։ Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը։ Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։ Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորն ագաթից պատրաստված բաբելոնյան թագավորի Ուլամ Վուարիշի գորտ-կշռաքարն է (մ.թ.ա 16-րդ դար): Գորտի վրայի արձանագրությունը վկայում է, որ այն օգտագործվել է որպես կշռաքար: Գորտի փորի վրա նշվում է նրա կշռի չափը` 1 սիկղ (բաբելական կշռամիավոր), որը հավասար է մոտավորապես 8.5 գրամի:
Մեծամորում գորտ-կշռաքարը կորցրել է նշանակությունը եւ օգտագործվել որպես հմայիլ: Հավանաբար այդ պատճառով է, որ գորտի փորի վրա անցք է արված` թել անցկացնելու համար:
Թանգարանի ոսկե ֆոնդի շարքից է նաեւ բաբելոնյան մյուս թագավորին` Կուրիգալզուին պատկանող եգիպտական արձանագրություններով սարդիոնի կնիքը (մ.թ.ա 15-րդ դար): Գլանաձեւ կնիքը թաթախվել է հալած մոմի կամ գունավոր նյութի մեջ, այնուհետեւ գլորվել թղթի վրա, որի արդյունքում արտատպվել է կնիքի վրայի պատկերը` թագավորը եւ քրմուհին, որը գինի կամ նեկտար է մատուցում արքային:
Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առեւտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով եւ միմյանց կապել Ասիան եւ Հյուսիսային Կովկասը:
Հայտնաբերված կարասների մեջ պահվել է գինի, ցորեն եւ ջուր:
Քաղաքի միջնաբերդից 0.5 կմ հյուսիս-արեւելք տարածվող դամբարանադաշտում պեղումներով հայտնաբերվել են քարակերտ հսկայածավալ դամբարաններ` օղակված կարմիր սալերով: Այդտեղ թաղվել են առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել եւ թաղվել են նաեւ նժույգներ, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ, շներ եւ նույնիսկ ծառաներ, ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, զարդաքանդակված փայտե զարդատուփերը` ոսկուց, արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Գտնվել են նաև բորնզեդարյան ֆալոսներ՝ տղամարդու արական սկզբի պաշամունքի հետ կապված, որոնք այժմ ցուցադրված են թանգարանի բակում:
🌍Նշանակությունը
Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Հյուսիսային Կովկասը և Առաջավոր Ասիան։ Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է։ Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի դարաշրջանում (մ.թ.ա. IV-II դդ․) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր։ Հողի շերտերում հայտնաբերվել են անագի, պղնձի, ցինկի, ֆոսֆորի, սնդիկի հանքանյութեր: Քաղաքում հանքահանություն չի եղել, իսկ ձուլարանն այդտեղ է կառուցվել այն պատճառով, որ մոտակայքում գետ է հոսել: Ձուլարանների կողքին հայտնաբերվել են սպիտակ գույնի աղյուսների կույտեր: Ուսումնասիրելով այդ աղյուսների բաղադրությունը` երկրաբանները պարզել են, որ դրանք մարդիկ են պատրաստել եւ օգտագործել են մետաղները ձուլելու համար: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը եղել է խոշոր բնակատեղի, որը զբաղեցրել է 10․5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ և զիկուրատ՝ «աստղադիտարան»։ մ.թ.ա. 19 դարում ներկայիս Արմավիրի մարզի Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի(1968) տարածքում: Քաղաքի պեղումների արդյունքում հայտնաբերված բրոնզե և երկաթե դարաշրջանի հնագույն արտեֆակտեր, մեգալիթներ, քարերի վրա փորագրված հիերոգլիֆիկ գրություններ, Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին զարդեր, աշխարհում նմանը չհանդիպող գորտ-կշռաքարեր, ժայռերի մեջ կառուցված մետաղաձուլական հնոցներ: Բացառիկ փաստեր, որոնք վկայում են Մեծամորի հզոր գիտական դպրոցի, աստղադիտարանի, ծաղկուն մշակույթային և մետաղագործական կենտրոնի գոյության մասին, ինչպես նաև ընդգծում են քաղաքի պատմամշակույթային, գիտական նշանակությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում բնակվող ժողովուրդների համար:
📚Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Խանզադյան Է, Մկրտչյան Կ., Մեծամոր, Երևան, 1970:
- Խանզադյան Է., Մկրտչյան Կ., Պարսամյան Է., Մեծամոր, Էրևան, 1973:
- Խանզադյան Է., Պետրոսյան Լ., Սիմոնյան Հ., Հայաստանի ոսկին վաղ և միջին բրոնզի դարաշրջաններում. Վաղ և միջին բրոնզեդարյան հուշարձաններ (Հին Հայաստանի ոսկին գրքում), Երևան, 2007, էջ 71-77:
- Բարսեղյան Լ., Ուշ շրջանի մի քանի նորահայտ պաշտամունքային հուշարձաններ, ՊԲՀ No3, Եր., 1962:
- Փիլիպոսյան Ա., Գեւորգյան Լ., Աբգարյան Ա., Զաքյան Ա., Մեծամոր
- (Պատմահնագիտական ակնարկ), Եր. 2015, 73 էջ:
- Փիլիպոսյան Ա., Գեւորգյան Լ., Աբգարյան Ա., Գևորգյան Լ., Պողոսյան Դ., Մեծամորի ոսկին Մեծամոր պատմահնագիտակն արգելոց թանգարանի հատուկ զետեղարանի ուղեցույց, Եր., 2013:
Հուշարձանների ցանկ
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։