Marmashen

Մարմաշեն

Անվանումը` Հառիճավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը` Մարմաշեն

Այլ անվանում` Մարմաշենի ճարտարապետական համալիր

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Մարզը` Շիրակ

Համայնքը` Ախուրյան

Բնակավայրը` Վահրամաբերդ գյուղ

Տեղադրությունը` Վանական համալիրը գտնվում է Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, իսկ Գյումրի քաղաքից` 9կմ հյուսիս-արևմուտք,Ախուրյան գետի ձախափնյա մի հարթավայրի վրա:

Պահպանվածությունը` Գլխավոր եկեղեցին և նրանից հարավ գտնվող եկեղեցին պահպանվել են ամբողջությամբ, մյուս եկեղեցիներից են պահպանվել են պատերը և հիմքերը: Մարմաշենի վանքը բազմիցս նորոգվել է: 1870 թ. վանքը նորոգել է Մկրտիչ Ջալալյանը և նրան կից հիմնել դպրոց: 1900 թ. վանքում նորոգման աշխատանքներ է կատարել Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ) կաթողիկոսը: 1950-ական թվականներից պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: 2001 թ. Կաթողիկե եկեղեցին վերանորոգվել է իտալահայ Գայանե Կազնատիի ջանքերով:

Բարձրությունը` ծ.մ.1538 մ

Դարաշրջանը և թվագրությունը` Վանքի կառույցները թվագրվում են զարգացած միջնադարով` X- XIդդ.:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանական համալիրի ճարտարապետությանն առաջին անգամ ամփոփ անդրադարձել է Թորոս Թորամանյանը: 1972 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացրել վանքի տարածում (ղեկ. Ս. Հարությունյան), որոնց ընթացքում հայտնաբերվել են զանգակատան, գավթի և այլ կառույցների պատերի ստորին շարվածքները, իսկ 1973 թ. տարածքում բարեկարգման աշխատանքներ է իրականացրել ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության վարչությունը: 1980-1982 թթ. պեղումների արդյունքում (ղեկ. պ.գ.թ. Ս. Հարությունյան) բացվել են վանքի պարիսպը, կլոր եկեղեցին, հյուսիսային գավիթը, կենցաղային և արտադրական կառույցներ: Վանքի տարածքում պեղումներ են իրականացվել նաև 2020 թ.` հուշարձանի ամրակայման և վերականգնման նախագիծ կազմելու շրջանակներում (ղեկ. Ա. Նալբանդյան):

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Հուշարձանախումբը բաղկացած է չորս եկեղեցուց, գավթից և այլ կառուցվածքներից: Հիմնական խմբից անջատ, հյուսիսակողմյան մի
բարձունքի վրա պահպանվել է կիսավեր մի եկեղեցի: Փոքր ինչ
հարավ-արևելք՝ Ախուրյան գետի երկու ափերին, պահպանվել են նաև հին կամրջի մնացորդները:

Ճարտարապետություն
Կաթողիկե կամ Վահրամաշեն եկեղեցին համալիրի գլխավոր հոգևոր շինությունն է` կառուցված 988-1029թթ.: Եկեղեցու կառուցման մասին վկայում են ինչպես պատմիչները, այնպես և հարավային ճակատի բազմատող արձանագրությունը: Երկու վկայագրերում էլ որպես գլխավոր եկեղեցու կառուցող հիշատակվում է իշխան Վահրամ Պահլավունու անունը: Գլխավոր եկեղեցին Xդ. արդեն կանոնիկ դարձած, Շիրակի և այլ ճարտարապետական դպրոցներում լայն կիրառություն ստացած, իր ձևերով ու բոլոր հատկանիշներով կատարյալ գմբեթավոր դահլիճ է` ավանդատներով միայն ավագ խորանի երկու կողմերում, եռանկյունաձև զույգ որմնախորշերով արտաքին պատերում (բացի արևմտյանից): Ոսկերչական նրբությամբ են մշակված ճարտարապետական բոլոր մանրամասները` որմնասյուների խարիսխներն ու խոյակները, լուսամուտների երեսակալները, արևմտյան շքամուտքը: Գմբեթի բազմանիստ թմբուկը պսակված է հովհանոցաձև վեղարով:
Գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից հետագայում կցվել է գավիթը, որը Պահլավունիների իշխանական տան հանգստարանն է: Պատկանում է չորս սյուներով գավիթների տիպին: Հուշարձանից պահպանվել են պատերի միայն ստորին մասերը: Հյուսիսարևելյան անկյունում գտնվում է իշխան Վահրամ Պահլավունու գերեզմանի տապանաքարը, որը եկեղեցու հետ միասին նորոգվել է XIXդ. վերջին:

Երկրորդ եկեղեցին գտնվում է գլխավոր եկեղեցուց հյուսիս, որից պահպանվել են միայն հյուսիսային և արևելյան պատերը: Այն պատկանում է գմբեթավոր դահլիճի տիպին և ժամանակակից է գլխավորին:

Երրորդ եկեղեցին տեղադրված է գլխավորից փոքր-ինչ հեռու, հարավային կողմում: Փոքր չափերի այս հուշարձանը պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին` չորս անկյուններում ավանդատներով:

Չորրորդ եկեղեցին շրջանաձև պարագծում ներգծված խաչ է` չորս խորաններով, որոնց միջև տեղավորված են մեկական ավանդատներ: Հուշարձանը թվագրվում է XIդ.:

🔨 Գտածոներ

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ քարե, կավե, ապակե գտածոներ:

🌍 Նշանակությունը

Մարմաշենը հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոնը:

📜 Ավանդազրույցներ

Համաձայն ավանդույթի, Մարմաշենի կաթողիկե եկեղեցին կառուցել է միջնադարի տաղանդաշատ ճարտարապետ, Անիի Մայր տաճարի
կերտող Տրդդատը:

📚 Սկզբնաղբյուրները

  1. Ղ. Ալիշան 1881, Շիրակ, Վենետիկ-Ս. Ղազար, 192 էջ:
  2. Դիվան հայ վիմագրության 2017, Շիրակի մարզ, պրակ X, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, ‹‹Գիտություն››, 212 էջ:
  3. Թ. Թորամանյան 1948, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հատ. II, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 307 էջ:
  4. Վ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, ‹‹Լույս›› 1992, 540էջ:
  5. Ս. Սաղումյան, Մարմաշենի վանք, Վաղարշապատ, 1998, 64 էջ:
  6. Ս. Հարությունյան 1977, Մարմաշենի պեղումները, ՀՍՍՀ-ում 1975-1976 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված զեկուցումների թեզիսներ, Երևան, էջ 40-41:
  7. Ս. Հարությունյան 1983, Մարմաշենի 1980-1982 թթ. պեղումների արդյունքները, ՀՍՍՀ-ում 1981-1982 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, զեկուցումների թեզիսներ, Երևան, էջ 35:

Հուշարձանների ցանկ

Շիրակ 7.108.10

📷 Լուսանկարներ

1․ Վանական համալիրի հատակագիծը (Հարությունյան 1992, էջ 228):
2. Վանական համալրը արևելքից, XX դ սկիզբ, հեղինակ Թորոս Թորամանյան, Հայաստանի պատմության թանգարան:
3. Վանական համալիրի ընդհանուր տեսքը հարավ- աևելքից, XX դ սկիզբ, հեղինակ Թորոս Թորամանյան, 1905-1909թթ., Հայաստանի պատմության թանգարան:
4. Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության
ծառայություն, Կաթողիկե եկեղեցի հարավային ճակատ, 1947թ.
5. Համալիրի երեք եկեղեցիները արևմուտքից (լուս. Դ. Միրիջանյան):
6. Երկրորդ եկեղեցին (լուս. Ա. Նալբանդյան):
7. Մարմաշենի շրջանաձև եկեղեցին (լուս. Ա. Նալբանդյանի):
8. Իշխան Վահրամ Պահլավունու արձանագիր տապանաքարը (լուս. Դ. Միրիջանյան):
9. Իշխան Վահրամ Պահլավունու կնոջ արձանագիր տապանաքարը` 1015թ. (չափ. Ս. Աղայան):
10. Իշխան Վահրամ Պահլավունու որդու կնոջ արձանագիր տապանաքարը (չափ. Ս. Աղայան):
11. Պեղումների արդյունքում հայտնաբերված եկեղեցու ջրախողովակի մի հատվածը (լուս. Ա.Նալբանդյան):
12. Պեղումներով հայտնաբերված կարասի քարե
խուփ (լուս. Ա. Նալբանդյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ