Մաքենյաց վանք
Անվանումը` Մաքենյաց վանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Գեղարքունիքի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Մաքենյաց վանք
Այլ անվանումներ` Մաքենոցաց, Մաքենոց, Մաքեստենից վանք
Հուշարձանի տեսակը` Վանական համալիր
Մարզը` Գեղարքունիք
Համայնքը` Վարդենիս
Բնակավայրը` Գ. Մաքենիս
Տեղադրությունը` Գյուղի արևմտյան եզրին, Կարճաղբյուր գետի աջ կողմում
Պահպանվածությունը` Վերականգնված
Բարձրությունը` ծ.մ.2187 մ
Դարաշրջանը և թվագրությունը` VII-XIX դդ., վաղ, զարգացած և ուշ միջնադար
Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանի առաջին նկարագրություններն արել են XIX-XX դդ. տեղագիրները (Հ. Շահխաթունյանց, Ս. Ջալալյանց, Մ. Սմբատյանց, Ղ. Ալիշան, Ե. Լալայան): XX դ. կեսերին ճարտարապետությունն ուսումնասիրել է Ս. Մնացականյանը, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը:
Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Գտնվում է արևմուտքից և հարավից կիրճերով պաշտպանված բլրալանջի հարթության վրա: Շրջապատված է բարձր պարիսպներով:
Շերտագրություն
Մաքենյաց վանքը հիմնվել է VIII դարից առաջ: Նրա հռչակը հայտնի էր դեռևս 701 թ., երբ վանքի առաջնորդն էր Հայրերի հայր Սողոմոնը: IX դ. սկզբին միաբանությունը ցրվել է: 827 թ. Ատրպատականից եկած Բաբեկի ասպատակությունների արդյունքում վանքն ավերվում է: IX դ. վերջին Գրիգոր Սուփան Բ իշխանի հովանավորությամբ այն վերականգնվում է և կառուցվում գլխավոր Ս. Աստվածածին եկեղեցին: Վանքը դառնում է հայտնի կրթամշակութային և գրչության կենտրոն, նվիրատվությունների շնորհիվ ընդարձակվում է տնտեսությունը: Մաքենյաց վանքում սովորելու էին գալիս Հայաստանի տարբեր ծայրերից: Այստեղ են ուսանել Ստեփանոս Սյունեցին, Վահան Գողթնեցի իշխանը, Սողոմոն Ա Գառնեցի, Մաշտոց Ա Եղվարդեցի կաթողիկոսները: Գեղարքունի գավառում շրջագայելու ժամանակ վախճանվում և Մաքենյաց վանքում է թաղվում Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը:
Ըստ պատերին պահպանված վիմագրերի՝ XVIII դ. վանքը մի քանի անգամ նորոգվել է: Գործել է մինչև 1878 թ.: Վերականգնվել է 1980-ական թթ.:
Ճարտարապետություն
Վանական համալիրը բաղկացած է երկու մասից՝ պարսպափակ տարածքում են Ս. Աստվածածին եկեղեցին, միանավ թաղակապ եկեղեցին, գավիթը և այլ շինությունների մնացորդներ: Պարսպից դուրս՝ հարավարևելյան կողմում, կան ևս երկու թաղակապ եկեղեցիներ: Բակում կան IX-XVII դդ. խաչքարեր:
Ս. Աստվածածին եկեղեցին համալիրի գլխավոր կառույցն է, որը հիմնադրել է Գրիգոր Սուփան Բ իշխանը՝ համաձայն եկեղեցու պատերին հատվածաբար պահպանված վիմագրի, որի բովանդակությունն ամբողջությամբ մեզ է հասել XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի միջոցով:
Եկեղեցին ուղղանկյուն եզրագծի մեջ ներառված խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ երեք կիսաշրջան և մեկ ուղղանկյուն աբսիդներով: Չորս անկյուններում ունի երկհարկ ավանդատներ: Արևելյան ավանդատների մուտքերը բացվում են հյուսիսային և հարավային աբսիդներում, իսկ արևմտյան կողմինը՝ արևմտյան ուղղանկյուն խաչաթևի մեջ: Հետաքրքիր է, որ հյուսիսարևմտյան ավանդատան լուսամուտը բացվում է եկեղեցու մեջ: Կենտրոնական քառակուսուց դեպի գմբեթի թմբուկ անցումն իրականացվել է երկշար տրոմպային համակարգով: Միակ մուտքը արևմտյան ճակատում է: Ներքուստ՝ բարավորի վրա պատկերված է վազող, թամբած ձիու բարձրաքանդակ: Եկեղեցու ներսում կան այլ պատկերաքանդակներ: Եկեղեցու հարավարևելյան անկյունում՝ արտաքուստ, ստորին մասում, շարվածքի մեջ օգտագործվել է «Դանիելը առյուծների գբում» տեսարանը կրող պատվանդանի քար:
Եկեղեցին կառուցված է մուգ դարչնագույն կոպտատաշ տուֆով, իսկ պատասխանատու մասերը՝ սրբատաշ քարերով: Արևելյան ճակատը ձևավորված է զույգ եռանկյունաձև խորշերով:
Եկեղեցին ենթարկվել է հետագա վերանորոգումների, որոնց հետքերը երևում են ներքուստ և արտաքուստ: Վերջին վերակառուցման ընթացքում արևմտյան ճակտոնապատի վերին մասում ավելացվել է զանգակատան ռոտոնդան:
Միանավ եկեղեցին կից է հարավարևելյան կողմում, կառուցվել է ավելի վաղ, քան Ս. Աստվածածին եկեղեցին: Ուղղանկյուն թաղակապ շենք է՝ արևելյան կողմում կիսաշրջան աբսիդով: Միակ մուտքը հյուսիսային ճակատում է:
Գավիթը Ս. Աստվածածնի արևմտյան կողմում է, քառակուսի կոպտատաշ քարերով կառուցված հասարակ շենք է, որի միայն հիմնապատերն են պահպանվել:
Շրջապարիսպը կառուցված է կոպտատաշ քարերով: Գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան կողմում է:
Իրար կից երկու թաղակապ եկեղեցիները կառուցվել են IX-X դդ.՝ ընդ որում հյուսիսայինն ավելի վաղ: Կառուցված են բազալտե սրբատաշ քարերով: Ուղղանկյուն հատակագծով և արևելյան աբսիդով փոքր շենքեր են: Երկուսի մուտքերն էլ տեղավորված են հարավային ճակատների արևմտյան կողմերում: Արտաքին պարզ հարդարանքում առանձնանում են հյուսիսային եկեղեցու արևելյան ճակատի երկու վարդյակները, լուսամուտների կամարունքերը՝ հյուսածո զարդաձևերով:
Նշանակությունը
Վանքն այնքան հռչակավոր էր, որ անվանվում էր «մեծ մայրաքաղաք Մաքենոցաց վանք»: Նշանակալի դեր է ունեցել կրթության և եկեղեցական ժամերգության կանոնների կարգավորման մեջ, տվել է շատ բարձրաստիճան հոգևորականներ: Մաքենյաց վանքն առանձնացել է Սյունյաց մետրոպոլիտական աթոռից, եղել է Գեղարքունի գավառի թեմի կենտրոնը:
📜 Ավանդազրույցներ
Մաքենյաց անունը կապվում է միաբանների՝ բրդե հագուստ կրելու հետ:
Սկզբնաղբյուրները
- Հովհաննես Դրասխանակերտցի 1996, Հայոց պատմություն (թարգմ. Գ. Թոսունյանի), Երևան, Երևանի համալսարանի հրատ., 397 էջ:
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, «Սովետական գրող», 615 էջ:
- Մնացականյան Ս. 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
- Սմբատյանց Մ. 1895, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, Վաղարշապատ, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 843 էջ:
Հուշարձանների ցանկ
Գեղարքունիք 5.64/9
📷 Լուսանկարներ
- Ս. Աստվածածնի ներսույթը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Արևմտյան մուտքի բարավորը՝ թամբած ձիու բարձրաքանդակով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Պատկերաքանդակ՝ հարավարևմտյան որմնամույթի ստորին սալաքարին (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Մաքենյաց վանքի հատակագիծը (Մնացականյան 1960, էջ 66, 134, չափագրությունը Ս. Մնացականյան)
- Ընդհանուր տեսքը հարավ-արևելքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
- Ընդհանուր տեսքը արևմուտքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
- Ս. Աստվածածին և միանավ եկեղեցիները հյուսիս-արևմուտքից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
- Ս. Աստվածածին եկեղեցին հարավ-արևելքից (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Ս. Աստվածածնի ներսույթը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Արևմտյան մուտքի բարավորը՝ թամբած ձիու բարձրաքանդակով (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Պատկերաքանդակ՝ հարավարևմտյան որմնամույթի ստորին սալաքարին (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։