Lmbatavank

Լմբատավանք

Անվանումը` Լմբատավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Լմբատավանք

Այլ անվանում՝ Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցի, Սառնաղբյուրի Սբ. Ստեփանոս եկեղեցի, Կարմիր վանք

Հուշարձանի տեսակը`Եկեղեցի

Մարզը` Շիրակի մարզ

Համայնքը՝ Արթիկ

Բնակավայրը՝ Արթիկ քաղաք

Տեղադրությունը՝Գտնվում է քաղաքից 1,5 կմ հարավ-արևմուտք:

Պահպանվածությունը` Կանգուն, գործող

Կոորդինատները` 40o36’2 9” 43o57’27”

Բարձրությունը՝ ծ.մ. 1827 մ 

Դարաշրջանը և թվագրությունը՝ Եկեղեցու կառուցման ժամանակի վերաբերյալ արձանագրություն կամ պատմական տեղեկություններ չեն պահպանվել: Թվագրվում է (VI դ.) Զ դ. (Վ. Գրիգորյան), Զ դ. վերջով (Մ. Հասրաթյան), Զ. դ. 2-րդ կեսով (Ստ. Մնացականյան), Է դ. վերջին քառորդով (Ա. Ղազարյան): Հանդիսացել է Պահլավունյաց տոհմի սեփականությունը:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Եկեղեցին հիշատակվում է վաղմիջնադարյան հայ ճարտարապետությանն ու որմնանկարչությանը նվիրված աշխատություններում:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Գտնվում է քաղաքից 1,5 կմ հարավ-արևմուտք:

Շերտագրություն
1953-1955 թթ. կազմակերպվել են շրջապատի մաքրման աշխատանքներ: 1954 թ. պեղումներ են կատարվել եկեղեցու շուրջը: Բացված 1 մ լայնությամբ և 1,2 մ խորությամբ մաքրված հատվածում գտնված ճարտարապետական բեկորները, ծածկի կղմինդրներն օգտագործել են վերանորոգման մեջ: Վերանորոգվել են բացված գետնախարիսխները, ճակտոնների երեսպատերը, քիվերը, ամբողջ գմբեթը, ցածր լանջերի և վեղարի ծածկասալերը, ներսում` արևմտյան որմնամույթի երեսապատը խոյակի հետ և կամարի 2 քարերը: Հյուսիս-արևմտյան մասին ավելի ուշ կցված թաղակապ ծածկով կառույցի պատերը մեկ շարք բարձրացվել են, տեղադրվել ուղղանկյուն պատուհան, տանիկը ծածկվել է թիթեղյա ժամանակավոր ծածկով և ներկվել համապատասխան գույնով: Կառույցը տուժել է 1926 թ. և 1988 թ. երկրաշարժերից: 1989 թ. իրականացվել են վերականգման աշխատանքներ, որոնց ընթացկում պարզվել է, որ եկեղեցին նորոգվել է նաև ԺԲ-ԺԳ դդ.: 1970-ական թթ. վերանորոգվել են որմնանկարները: 2013-2016 թթ. Ա. Զարյանը և Ք. Լամուրեն կատարել են որմնանկարների շարքի մաքրման, ամրակայման, պահպանական վերականգման աշխատանքներ: 2014-2017 թթ. մաքրվել են ներքին պատերի ու սվաղի վրա կուտակված մուրը, պարաֆինը, ամրակայվել են պատերը:

Ճարտարապետություն
Պատկանում է արտաքուստ ուղղանկյուն խաչաթևերով միախորան կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին (փոքր, կենտրոնագմբեթ խաչաձև հատակագծով եկեղեցի է): Կառուցված է Արթիկի վարդագույն և դեղնակարմիր երանգների սրբատաշ մեծադիր տուֆից: Ի սկզբանե տանիքը եղել է կղմինդրածածկ, հետագայում փոխարինվել է սալաքարերով: Ունի 7 լուսամուտ. 4-ը` թմբուկին, 1-ական` հարավային, արևմտյան, արևելյան պատին (բացվել է հետագայում` վնասելով որմնանկարը): Միակ մուտքը արևմտյան կողմից է` առանցքից շեղված դեպի հյուսիս: Պահպանել է նախնական հորինվածքը, թեև դարերի ընթացքում ենթարկվել է բազմաթիվ նորոգությունների, ավելացվել են արևմտյան պատի կցակառույցները: Պահպանվել են քարգործ վարպետների նշանները:

🌍 Նշանակությունը

Վաղմիջնադարյան այն եզակի հուշարձաններից է, որոնց ներսում պահպանվել են արժեքավոր որմնանկարներ (Կարմրավորի Սբ. Աստվածածին, Մաստարայի Սբ. Հովհաննես, Արուճի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Կոշի Սբ. Ստեփանոս ևն): Ավագ խորանում պատկերված են Համբարձումը՝ «Քրիստոսը փառքի մեջ» և առաքյալների պատկերները` զուգակցված Եզեկիել և Եսայի մարգարեների Աստվածահայտնությունների (Տեոֆանիաների) պատկերման հետ: Հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան խաչաթևի պատին` խորանին կից,  պատկերված են սուրբ զորավար ձիավորները` Սբ. Սարգիսը (կամ Սբ. Թեոդորոսը) և Սբ. Գևորգը` ձեռքերին խաչ-գավազան: Ուշագրավ է, որ գունափոշիների հետ մեկտեղ օգտագործել են լույսից փայլփլող մետաղական մասնիկներ (Զարյան, Լամուրե, 2019): 1953 թ. արվեստաբան,  վերականգնող-նկարիչ Լ. Դուռնովոյի գլխավորությամբ արվել են որմնանկարների ընդօրինակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Եկեղեցու ներսում պահպանվել են նաև նույն շրջանին բնորոշ զարդաքանդակներ: Բացառիկ է արևմտյան խաչաթևի թաղի վրայի բարձրաքանդակ մեծ խաչը (1,2 մ): Պահպանվել են հավասարաթև խաչի հարթաքանդակներ` կլոր շրջանակի մեջ առնված, որոնք ավելի վաղ թվագրություն ունեն (Ե-Զ դ.): Ամենայն հավանականությամբ, եկեղեցին կառուցվել է մեկ այլ շինության տեղում կամ նրան կից (Վ. Գրիգորյան, Ա. Ղազարյան): Հայաստանում եզակի հանդիպող լուծում ունեն նաև հյուսիսային և հարավային ուղղանկյուն խաչաթևերը, որոնք ծածկված են ոչ թե թաղերով, այլ գմբեթարդներով:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Եղիազարյան Հ. 1960, Լմբատավանքը և նրա վիմագրությունները, Էջմիածին, N 2, էջ 50-57:
  2. Գրիգորյան Վ. 1982, Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ.,  187 էջ:
  3. Թամանյան Յու. 1988, Հուշարձաններին նոր կյանք, Երևան, «Հայաստան» հրատ., 208 էջ:
  4. Զարյան Ա., Լամուրե Ք. 2019, Որմնանկարների վերականգնումը վաղ քրիստոնեական հայկական մի շարք եկեղեցիներում, Երևան, «Տիգրան Մեծ» հրատ., 329 էջ:
  5. Казарян А. 2012, Церковная архитектура стран Закавказья VII века: формирование и развитие традиций, Том III, Москва: Локус Станди, 692 с.

Հուշարձանների ցանկ
Շիրակ 7.2.1

📷 Լուսանկարներ

Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 254.

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ