Lchashen 26

Լճաշեն

Անվանումը` Լճաշեն

Հուշարձանի տեսակը` Դամբարանադաշտ

Շրջան` Գեղարքունիքի մարզ

Ժամանակաշրջան` Նախապատմական

Անվանումը` Լճաշեն
Հուշարձանի տեսակը` Ամրոց, բնակավայր, դամբանադաշտ, վիշապաքար
Մարզը` Գեղարքունիքի մարզ
Համայնքը` Սևան համայնք
Բնակավայրը` Լճաշեն գյուղ
Տեղադրությունը` Լճաշենի հնավայրը գտնվում է Սևան քաղաքից 5 կմ հարավ-արևմուտք, գյուղից՝ 400 մ հարավ-արևելք։ Հուշարձանը գտնվում է Գեղամա լեռների հյուսիսային վերջավորության քարակառկառներով ձևավորված միջավայրում։Ամրոց-քաղաքատեղին արևելքից եզերում են Սևանա լճի ջրերը։
Պահպանվածությունը` Ամրոցը կիսավեր վիճակում է։ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Լճաշենում 2008-2009 թթ. ճարտարապետ Հ. Սանամյանի ղեկավարությամբ կատարվել է մասնակի ամրակայման աշխատանքներ միջնաբերդի հյուսիսային հատվածում։
Բարձրությունը` ծ.մ. 1965
Դարաշրջանը և թվագրությունը` Հուշարձանը բազմաշերտ է։ Պեղումներով և վերգետնյա նյութի դիտարկմամբ, հուշարձանում փաստագրվել են պղնձաքարեդարյան խեցեղենի բեկորներ (մ.թ.ա. V-IV հզ.), վաղբրոնզեդարյան անխառն մշակութային շերտ՝ վկայված շինություններով և դամբանային կառույցներով (մ.թ.ա. IV-III հզ. I կես)։
Միջնաբերդի տարբեր տեղամասերում և դամբանային համալիրներում, առկա են միջինբրոնզեդարյան մշակույթների իրողություններ (մ.թ.ա. III հզ. II կես – II հզ. I կես)։
Միջնաբերդի հիմնադրումը, պարսպապատերի և բնակավայրերի կառուցումը և դամբանադաշտերում թաղումների հիմնական մասը վերաբերվում են ուշ բրոնզի դարին (մ.թ.ա. XV-XIII դդ.), որը լճաշենյան մշակույթի ծաղկման ժամանակաշրջանն է։
Սևանի ավազանում, մասնավորապես Լճաշենում, առկա են ուրարտական ներկայության վկայություններ (Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, միջնաբերդի հյուսիսարևմտյան հատվածի վերակառուցումը, մ.թ.ա. VIII-VII դարեր)։ Լճաշենում առկա են նաև անտիկ, միջնադարյան մշակութային շերտեր։

Լճաշեն

📍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Լճաշենի հնավայրում պեղումները սկսվել են 1866 թ.-ից և շարունակվել են մինչև 21-րդ դար, հիմնականում հայ հայտնի հնագետների կողմից։

❈ Հետազոտվել են ամրոցը, դամբանադաշտը և միջնաբերդերը, բացահայտվել հարյուրավոր դամբանային կառույցներ և կացարաններ։

❈ Հայ-իտալական համատեղ արշավախմբերն ու ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողները կատարել են համալիր հնագիտական ուսումնասիրություններ՝ Լճաշենի պատմությունը լիարժեք ներկայացնելու համար։

🏰 Ճարտարապետությունը

❈ Ամրոցը զբաղեցնում է 17–50 հա տարածք և ընդգրկում է 15 բլուր, ձորակ, քարացրոն և քարակարկառ։

❈ Շարված է տեղական բազալտե քարերով՝ շուրջ 5 կմ երկարությամբ պարսպաշարով։

❈ Պարսպապատ տարածքը բաժանված է երկու մասի, ներսում կան 6 միջնաբերդ, որոնցից գլխավորն արևելյան մասում է՝ բարձր բլրի գագաթին։

❈ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսարևմուտքից է, պաշտպանված է աշտարակներով և ճանապարհով, միջնաբերդի երկրորդ մուտքը նեղացված է վերակառուցումներից հետո։

❈ Միջնաբերդը և հարակից տարածքները ցույց են տալիս հնագույն շինարարական վարպետություն՝ ուղղանկյուն, շրջանաձև և անկանոն կառույցներով, ինչպես նաև երկթեք և գմբեթաձև տանիքներով կացարաններով։

🔎 Գտածոներ

❈ Պեղումները հուշում են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարաշրջանների մասին։

❈ Հայտնաբերվել են խեցեղեն, քրեղաններ, կճուճներ, սայլեր, կառքեր, բրոնզե զենքեր, արձանիկներ և ոսկի, արծաթ, սարդիոն, շաղախից պատրաստված արժեքավոր իրեր։

❈ Առանձնահատուկ են եռագույն խեցեղենը և կառքերի հետ կապված բացառիկ թաղումները՝ բացառիկ վկայություն Լճաշենի մշակութային կարևորության մասին։

🛡️ Նշանակությունը

❈ Լճաշենը համաշխարհային նշանակության հուշարձան է՝ հզոր պաշտպանական համակարգով և առանձնացված միջնաբերդով։

❈ Դամբանադաշտի գտածոները ցուցադրում են համայնքի բարձրակարգ անդամների կյանքը, նրանց փոխադրամիջոցները և Արևելքի երկրների հետ առևտրային ու մշակութային կապերը։

❈ Ամրոցը և պեղված իրերը վկայում են մետաղագործության, խեցեգործության և փայտամշակության զարգացած ավանդույթների մասին։

Ավանդազրույցներ

 Լճաշենը համատեղում է ամրոց, բնակավայր և մշակութային կենտրոն՝ պահելով Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության շունչը։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

1866 թ. Ի. Ս. Պոլյակովը հետազոտում է Լճաշենի շրջակայքը և պեղումներ անում ամրոցում։
1880-ականներին Մ. արք. Սմբատյանցը հետազոտում, ապա 1883 թ. հրատարակում է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը։
1893 թ. Ա. Ա. Իվանովսկին սալարկղային երեք դամբան է պեղում Չկալովկա գյուղի տարածքում։
1904-1906 թթ. Ե. Լալայանը Սևանի ավազանում, այդ թվում Լճաշենում, կատարում է դամբանների պեղումներ։
1931 թ. Լ. Գյուզալյանը և Բ. Պիոտրովսկին հետազոտություններ են անում Լճաշենում։
1956–1975 թթ. Լճաշենի ամրոցում և դամբանադաշտում կանոնավոր պեղումներ է կատարում Հայաստանի պատմության թանգարանի գիտաշխատող Հ. Մնացականյանը, որը պեղում է 295 դամբանային կառույց և 30-ից ավել կացարաններ ինչպես ամրոցում, այնպես էլ սեպագիր արձանագրության դիմաց բացված բնակավայրում։
1960-ականներին Հ. Մնացականյանի արշավախմբի շրջանակներում և Սևանի ավազանի ամրոցների ուսումնասիրության նպատակով Գ. Միքայելյանը հնագիտական հետազոտություններ է կատարում Լճաշենի միջնաբերդում։
1978 թ. Լճաշենում պատահական բացված եռաշերտ դամբանի պեղումները կատարում է Հ. Իսրայելյանը։
1975–1986 թթ. Լճաշենի դամբանադաշտում պեղումները շարունակում է Վ. Ավետյանը:
1989–2006 թթ. Լճաշենի դամբանադաշտում ուսումնասիրությունները շարունակում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լ. Պետրոսյանը, որն այստեղ պեղում է 223 դամբան։
2004-2006 թթ. Լճաշենում հայ-իտալական համատեղ արշավախումբը (ղեկ.՝ Ս. Հմայակյան, Ռ. Բիշոնե) կատարել է համալիր հետազոտություններ։
2009, 2016 և 2021 թվականներին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (ղեկ. Հ. Սիմոնյան) պեղումներ է կատարել Լճաշենի առաջին միջնաբերդում։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Լճաշենի ամրոցը զբաղեցնում է 17 հա տարածք (Սիմոնյան 2022, 171), ըստ Գ. Միքայելյանի՝ 35 (Միքայելյան 1968, 13), ըստ Վ. Ավետյանի՝ 50 հա (Ավետյան 1994, 143)։ Լճաշենի համալիրը ներառում է 15 մեծ ու փոքր բլուրներ, ձորակներ, քարացրոններ և քարակարկառներ։ Համալիրը պարսպապատված է տեղական բազալտե զանգվածեղ քարերով շարված, շուրջ 5 կմ երկարությամբ ձգվող պարսպաշարով։ Պարսպապատ տարածքը հյուսիսարևելքից հարավարևմուտք ուղղված ձորակով բաժանվում է երկու մասի։ Պարսպապատի ներսում առանձնացվել է վեց միջնաբերդ, որոնցից գլխավորը և վաղը՝ առաջինն է, որը գտնվում է համալիրի արևելյան մասում՝ բարձր բլրի գագաթին։ Արևելք-արևմուտք ուղղված, հիմքում ձվաձև (95 մ երկ., 47 մ լայն.) բլուրը, որի վրա գտնվում է միջնաբերդը, եզրագծված է 3.5-5 մ լայնությամբ և մինչև 5 մ բարձրությամբ, բլուրի բնական ռելիեֆին համապատասխան դրված պարսպաշարով։ Հիմնական պարսպին զուգահեռ, բլրի լանջերին կառուցված են ևս երկու շարք պարիսպներ, որոնք ձևավորում են դարավանդներ։
Ամրոցի գլխավոր մուտքը (լայն. 6 մ) հյուսիսարևմտյան կողմից է, դեպի որին, տանում է երկու հզոր աշտարակներով պաշտպանված 4 մ լ այնությամբ ճանապարհը։ Միջնաբերդի երկրորդ մուտքը հյուսիսարևելյան կողմից է, որը հետագայի վերակառուցումներով՝ նեղացվել է։
Սևանի ավազանի՝ ուրարտացիների կողմից գրավումներից հետո, Լճաշենի ամրոցը նույնպես, ենթարկվել է որոշակի ձևափոխությունների։ Մասնավորապես կենտրոնական միջնաբերդում վերակառուցվել է հյուսիսարևմտյան հատվածը, որտեղ տեսանելի են լավ մշակված ուղղանկյուն քարե բլոկներ, պատերի ուղղաձիգ հատվածներ և որմնահեցեր։
Լճաշենի ուրարտական սեպագիր արձանագրության դիմաց տարածվում էր չպաշտպանված բնակատեղին, իսկ դրանից 150 մ արևելք՝ Մեծ դամբանաբլուրներով դամբանադաշտը (այս տեղամասում եղել է 120 թաղում, որոնցից 10-ում անվավոր փոխադրամիջոցների (սայլեր, կառքեր) ուղեկցությամբ թաղված են եղել Լճաշենի համայնքի առանձնաշնորհյալները։ Դամբանադաշտը տարածվում է մինչև Չկալովկա գյուղի մատույցները։

Միջնաբերդը և շրջապատող պարիսպները շարված են զանգվածեղ բազալտ քարից՝ միդիս եղանակով։ Վերջիններս ունեն 2-5 մ լայնություն, տեղ-տեղ բարձրությունը հասնում է 2-4 մ։ Պարիսպները կառուցված են բլուրների բարձր լանջերին՝ օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները։ Միջնաբերդում և դրան հարող բնակավայրերում կատարված պեղումներով բացվել են ուղղանկյուն, շրջանաձև և անկանոն հատակագիծ ունեցող կառույցների մնացորդներ։ Լճաշենի ամրոցում պեղված մոտ 40 կառույցներից 4-ն ունեցել են երկթեք տանիքներ, իսկ հիմնական մասը ծածկված են եղել գմբեթաձև (կեղծ թաղի սկզբունքով)։ Պեղված կացարանների մեծ մասում բացվել են ծածկի կառուցվածքը կրող չորս սյուների խարիսխներ, ինչպես նաև գլխատան մասին վկայող իրողություններ։

🔨 Գտածոներ

Պեղումներով հայտնաբերվել են խեցեղենի բազմաթիվ ձևեր և տեսակներ՝ վերաբերվող վաղ, միջին, ուշ բրոնզի դարաշրջաններին և երկաթի դարին։ Հիշատակելի են քառակող արկղը՝ հայտնաբերված կացարանից, քրեղաններ, կճուճներ, սկիհներ և այլն։ Հայտնաբերվել են նաև նիզակի ծայրակալ, տեգ և մետաղե այլ առարկաներ։ Դամբանադաշտից հայտնաբերվել են փայտե երկանիվ և քառանիվ սայլեր, կառքեր և դրանց բրոնզե խմբաքանդակ-արձանադրոշներ, թռչունների, եղջերուների արձանիկներ, բրոնզից սրեր և դաշույններ, սակրեր, կացիններ, տապարներ, նիզակներ, տեգեր, նետասլաքներ, արդուզարդի պարագաներ թանկարժեք մետաղներից, շաղախից, սարդիոնից և այլ նյութերից։ Հայտնաբերված առարկաների մեջ հիշատակելի են կավից պատրաստված քառակող, պատուհաններով արկղերը, պատվանդանները, կողային սեղանաձև ելուստներով կճուճները, երկկողմ ներճկումով քրեղանները, բազմափող անոթները և եռագույն խեցեղենը, որը Լճաշենի ուշբրոնզեդարյան մշակույթի ուրույնությունն է։

🌍 Նշանակությունը

Լճաշենը համաշխարհային նշանակության հուշարձան է։ Ամրոցի և դամբանադաշտի պեղումներից հայտնաբերված առարկաներն առանձնահատուկ նշանակություն ունեն տարածաշրջանի հնագույն շրջանի պատմության լուսաբանման համար։
Հզոր պաշտպանական համակարգ ունեցող ամրոցը՝ իր առանձնացված միջնաբերդով, դամբանադաշտում հայտնաբերված ավելի քան երկու տասնյակ անվավոր փոխադրամիջոցներով (սայլեր, կառքեր) և դրանց ուղեկցությամբ առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեցող անձանց թաղումներով, առաջավորասիական երկրների հետ կապեր ցույց տվող առարկաներով (կնիք, զենքեր, խեցեղեն առարկաների ձևեր), մետաղագործական, խեցեգործական, փայտամշակության զարգացած ավանդույթներով:

📚 Սկզբնաղբյուրներ

Գրականություն

  1. Ավետյան Վ. 1994, Լճաշենի կիկլոպյան ամրոցի ժամանակագրության հարցի շուրջ, Լրաբեր հասարակական գիտությունների, №1, էջ 142-150։
  2. Ծերեթյան Լ., Մանասերյան Ն., Մկրտչյան Լ., Սանամյան Հ., Սիմոնյան Հ. 2021, Լճաշենի քաղաքատեղիի կենտրոնական միջնաբերդի պեղումների հիմնական արդյունքները, Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը, Երևան, էջ 171-187։
  3. Միքայելյան Գ. 1965, Լճաշենի կիկլոպյան ամրոցի կոմպլեքսը, Պատմաբանասիրական հանդես, №1, էջ 284–290։
  4. Միքայելյան Գ. 1968, Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Հայաստանի հնագիտական հուշարձանները №1, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ., 116 էջ։
  5. Մնացականյան Հ. 1965, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Պատմա-բանասիրական հանդես, №2, էջ 95–114։
  6. Պետրոսյան Լ. 2018, Լճաշենի դամբարանադաշտը, հ. I, Երևան, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ հրատ., 416 էջ
  7. Սանամյան Հ. 2010, Լճաշենի բերդշենի կազմավորման փուլերը և պաշտպանական համակարգը, «Հուշարձան» տարեգիրք, հտ. Զ, էջ 45–52:
  8. Мнацаканян А. 1957, Раскопки курганов на побережье оз. Севан в 1965, Советская археология, № 2, стр. 146–153.
  9. Parmegiani N., Raffaele B. 2004, Armenian-Italian Archaeological Expedition, Field Season 2004, Studi Micenei ed Egeo-Anatolici, pp. 284-295.
  10. Sanamyan H. 2002, Architectural Structure, Defensive Systems and Building Rechnique of the Fortifications, in: Biscione R., Hmayakyan S., Parmegiani N. (ed.), The North Eastern Frontier: Urartians and non-Urartians in the Sevan Lake Basin, vol. I, The Southern Shores, Roma, CNR Instituto di Studi Sulle Civiltà dell’ Egeo e del Vicino Oriente, p. 325–350.
  11. Հայաստանի պատմության թանգարան, ֆոնդ 1, ցուցակ 6, գործ 353։

Հուշարձանների ցանկ․

  1. Ուրարտական սեպագիր արձանագրություն – 4.40/1
  2. Դամբանադաշտեր – 4.40/3-4

📷 Լուսանկարներ

Նկար 1 – Լճաշենի ամրոցի տեղադրությունը (քարտեզ, անհրաժեշտ)
Նկար 2 – Լճաշենի ամրոցի օրթոֆոտոպլանը (անհրաժեշտ է)
Նկար 3 – Լճաշենի միջնաբերդի տեսքը հյուսիսից (հեղինակային, անհրաժեշտ է)
Նկար 4 – Լճաշենի միջնաբերդի տեսքը արևելքից (հեղինակային, անհրաժեշտ է)
Նկար 5 – Լճաշենի ամրոցի գլխավոր հատակագիծը (Սանամյան 2010, գծ. 1)
Նկար 6 – Լճաշենի միջնաբերդի հատակագիծը (Ծերեթյան և այլք, 2021, նկ. 7)
Նկար 7 – Լճաշենի միջնաբերդի հյուսիսարևմտյան մուտքը (հեղինակային, անհրաժեշտ է)
Նկար 8 – Հատված Լճաշենի ամրոցի պարսպաշարից (Բ.Վարդանյան)
Նկար 9 – Հատված Լճաշենի բնակավայրից (Բ.Վարդանյան)
Նկար 10 – Հատված Լճաշենի Մեծ դամբանաբլուրների դամբանադաշտից (Բ.Վարդանյան)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ