Հարժիսի քարավանատուն
Անվանումը՝ Հարժիսի քարավանատուն
Հուշարձանի տեսակը՝ Քարավանատուն
Շրջան՝ Սյունիքի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը` Հարժիսի քարավանատուն
Այլ անվանում` «Կոտրած» քարավանատուն, Հարժիքի (Յայջիի) քարավանատուն
Հուշարձանի տեսակը՝ քարավանատուն
Մարզը՝ Սյունիք
Համայնքը՝ Տաթև
Բնակավայրը՝ գ. Հարժիս
Տեղադրությունը՝ Հարժիսից 3.5 կմ հյուսիս, Սիսիան Գորիս ավտոմայրուղու աջ կողմում
Պահպանվածությունը՝ կիսավեր
Բարձրությունը՝ ծ.մ.1912 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ 1343 թ., զարդացած միջնադար
Հարժիսի քարավանատուն
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Հսկայական քարավանատան ուսումնասիրությունները սահմանափակ են։
❈ XX դ. կեսերին ճարտարապետությունը ուսումնասիրել է Վ. Հարությունյանը, վիմագրերը հավաքել՝ Ս. Բարխուդարյանը:
❈ Արաբատառ արձանագրությունը մասամբ վերծանել է Փ. Փոորմոհամմադին (2012 թ.):
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
❈ Որոտան գետի և նրա ձախ վտակ Վարարակնի միջև՝ հրաբխային բլուրներով շրջապատված սարահարթում, Հարժիք գյուղի մերձակայքում:
❈ Հարժիք գյուղը Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» մեջ հիշատակվում է X դարից որպես Տաթևի վանքին հարկատու գյուղերից մեկը:
Շերտագրություն
❈ Կառուցվել է 1343 թ., ինչպես վկայում է հայերեն արձանագրությունը, որի համաձայն՝ քարավանատունը հիմնադրել է Օրբելյան Բուրթել Մեծ իշխանի որդի՝ Բեշքենը, իսկ արաբատառ արձանագրությունը հիշատակում է մյուս որդուն՝ Իվանեն (Ինանիկը):
❈ Տարածքը սպասարկել է միջնադարյան կարևոր տարանցիկ ճանապարհները՝ քարավանային կանգառ հանդիսանալով Թավրիզից դեպի Կասպից ծով տանող ուղու վրա:
❈ Դեպի քարավանատուն տանող ճանապարհին պահպանվել են 1.2–1.5 մ բարձրությամբ «ցից քարեր», որոնք ձմռան լեռնային ճանապարհներում քարավաններին ցույց էին տալիս ուղղությունը, անցքերով ամրացված պարանների միջոցով:
Ճարտարապետություն
❈ Կառուցված է ներմշակ քարի հիմքով, վերնամասում՝ սրբատաշ բազալտե քարերով, կրաշաղախի միջնալիցքով:
❈ Կիսագետնափոր կառուցվածքը՝ հավանաբար, պատճառ է եղել, որ կոչվել է «Կոտրած» քարավանատուն:
❈ Համալիրը բաղկացած է արևմուտք-արևելք ձգված հիմնական մասնաշենքից՝ նրան արևելյան կողմից կցված քառակուսի նախասրահով:
❈ Մայր դահլիճը՝ չորս զույգ մույթերով եռանավ, ներքին չափերը՝ 10.2×18.2 մ:
❈ Մույթերը միացված են գլանաձև կամարներով, դահլիճը ծածկված է երկլանջ տանիքով (կղմինդրաձև սալերով), տեղադրված են մսուրներ:
❈ Մուտքը արևելյան կողմում է, բացվում է նախասրահի մեջ՝ աստիճանաձև, սրագագաթ կամարով բարավորի շրջանակով:
❈ Մուտքի բարավորի վրա փորագրված է հայերեն արձանագրություն, իսկ աստիճանաձև շրջանակից դուրս՝ արաբատառ արձանագրություն:
🌍 Նշանակությունը
❈ Հարժիսի քարավանատունը Սելիմի քարավանատնից հետո, ՀՀ-ում պահպանված ամենաունիվերսալ քարավանատունն է:
❈ Կարևոր քարավանային կանգառ՝ Արարատյան դաշտից դեպի Սյունիք և Թավրիզից դեպի Կասպից ծով տանող ճանապարհների վրա:
Ուսումնասիրության պատմությունը
«Կոտրած» քարավանատան վերաբերյալ սկզբնաղբյուրները և ուսումնասիրությունները սակավաթիվ են: XX դ. կեսերին ճարտարապետությունն ուսումնասիրել է Վ. Հարությունյանը, վիմագրերը հավաքել Ս. Բարխուդարյանը: Արաբատառ արձանագրությունը վերծանել է (թերի) Փ. Փոորմոհամմադին (2012 թ.):
Հնագիտական նկարագրությունը
Տեղադրությունը
Տեղակայված է Որոտան գետի և նրա ձախ վտակ Վարարակնի միջև, հրաբխային բլուրներով շրջապատված ընդարձակ սարահարթում, պատմական Հարժիք գյուղի մերձակայքում, որը Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» մեջ հիշատակվում է դեռևս X դարից Տաթևի վանքին հարկատու մեծ գյուղերի շարքում:
Շերտագրությունը
Հարժիսի քարավանատունը XIV դարում կառուցված քարավանատներից մեկն է, որը մեզ է հասել կիսավեր վիճակում: Հարժիսի քարավանատան մուտքի ճակատակալ քարին պահպանվել է երկլեզու՝ հայերեն և պարսկերեն արձանագրություն: Վերջինս ժամանակի միջազգային լեզուն էր, որն օգտագործվում էր հատկապես հասարակական շենքերում, ինչպես օրինակ՝ Սելիմի քարավանատանը: Ըստ հայերեն արձանագրության՝ քարավանատունը կառուցվել է 1343 թ.: Խիստ հողմնահարված վիմագրի մեջ հիշատակվում է Օրբելյան Բուրթել Մեծ իշխանի որդին՝ Բեշքենը, իսկ արաբատառ արձանագրության մեջ մյուս որդին՝ Իվանեն (Ինանիկը):
Հարժիսի քարավանատունը գտնվում էր միջնադարյան տարանցիկ ճանապարհների վրա՝ քարավանային կանգառ հանդիսանալով Թավրիզից դեպի Կասպից ծով տանող ուղու՝ Սյունիքի Ծղուկ գավառով անցնող գծամասի վրա: Ինչպես և Մետաքսի մեծ ճանապարհի այլ հատվածներում, այնպես էլ դեպի Հարժիսի քարավանատուն տանող ճանապարհին պահպանվել են 1.2-1.5 մ բարձրությամբ ուղղաձիգ կանգնեցված քարեր («ցից քարեր»), որոնք նախատեսված էին ձմռանը լեռնային ճանապարհներով անցնող քարավաններին ճիշտ ուղղություն ցույց տալու համար: Ուղենիշ քարերի եզրին կլոր անցքեր են արված, որոնց միջով կապվող պարաններով այդ մոնոլիտները քարհանքից հասցվել են մինչև կանգնեցման տեղը:
Ճարտարապետությունը
Հարժիսի քարավանատունը կառուցված է հիմքում անմշակ, վերնամասում սրբատաշ բազալտե քարերով՝ կրաշաղախի միջնալիցքով: Մասնակի կիսագետնափոր է, որի պատճառով, ամենայն հավանականությամբ, կոչվել է «կոտրած» քարավանատուն: Համալիրը բաղկացած է արևմուտք-արևելք ձգված հիմնական մասնաշենքից, որին հետագայում արևելյան կողմից կցվել է քառակուսի նախասրահը: Հիմնական մասնաշենքը չորս զույգ մույթերով եռանավ դահլիճ է՝ 10.2×18.2 մ ներքին չափերով: Մույթերը միմյանց և երկայնական պատերին միացել են գլանաձև կամարների միջոցով: Եռանավ դահլիճը ծածկվել է երկլանջ տանիքով, որը, հավանաբար, կղմինդրաձև սալեր է ունեցել: Մույթերի միջև տեղավորված են մսուրները: Դահլիճի միակ մուտքը արևելյան կողմում է և բացվում է նրան կից նախասրահի մեջ: Մուտքի բարավորը ներառված է աստիճանաձև՝ վերնամասում սրագագաթ կամարով ավարտվող շրջանակի մեջ: Կիսակլոր բարավորին փորագրված է խիստ եղծված հայերեն արձանագրությունը, իսկ աստիճանաձև շրջանակից դուրս արաբատառ արձանագրությունն է:
Նշանակությունը
Հարժիսի քարավանատունը Սելիմի քարավանատնից հետո քիչ թե շատ պահպանված երկրորդ թվակիր կառույցն է ՀՀ-ում: Կարևոր կանգառ է եղել Արարատյան դաշտից դեպի Սյունիք և Թավրիզից դեպի Կասպից ծով ձգվող ճանապարհներին:
Սկզբնաղբյուրները
Գրականություն
1. Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, «Սովետական գրող», 615 էջ:
2. Բարխուդարյան Ս. 1960, Դիվան հայ վիմագրության. Գորիսի, Սիսիանի և Ղափանի շրջաններ, 2, Երևան ՀՍՍՀ ԳԱ հրատ., 240 էջ:
3. Հարությունյան Վ. 1960, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Երևան, «Հայպետհրատ», 147 էջ:
4. Փոորմոհամմադի Փ., Հայաստանի առևտրամշակութային հարաբերությունների պամությունից (ԺԳ.-ԺԴ. դդ.), Էջմիածին, 2012, Ը, էջ 64-74:
Հուշարձանների ցանկ
Սյունիք 9.56/16
📷 Լուսանկարներ
- Հատակագիծը (Հարությունյան 1960)
- Տեսքը դրոնից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
- Տեսքը դրոնից (լուսանկարը՝ Պ. Միրոյանի)
- Եռանավ դահլիճը ներքուստ (լուսանկարը՝ Ք. Ֆրանկլինի)
- Արևելյան ճակատը և նախասրահը (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
- Մուտքի բարավորը հայերեն և արաբատառ արձանագրություններով (լուսանկարը՝ Ք. Ֆրանկլինի)
- Մսուրքը (լուսանկարը՝ Ք. Ֆրանկլինի)
- ա-գ. Ճանապարհի ուղեցույց քարեր (լուսանկարը՝ Ա. Բաբաջանյանի)
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։