Կոշի «Աղջկա բերդ» դղյակ
Անվանումը՝ Կոշի «Աղջկա բերդ» դղյակ
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը` Կոշի «Աղջկա բերդ» դղյակ
Այլ անվանումներներ` Պետրոս Ականատեսի խաչքար, Սբ. Ստեփանոս եկեղեցի, ջրամբար
Հուշարձանի տեսակը` Խաչքար, եկեղեցի, ջրամբար, դղյակ
Մարզը` Արագածոտն
Համայնքը` Աշտարակ
Բնակավայրը` գ. Կոշ
Տեղադրությունը` Պետրոս Ականատեսի խաչքար՝ Երևան-Գյումրի ճանապարհի ?? կմ-ին, Ս. Ստեփանոս՝ գյուղի հյուսիսարևելյան կողմում, ձորալանջի աջ բարձունքին, ջրամբար՝ Ս. Ստեփանոսից 500 մ հարավ, «Աղջկա բերդ» դղյակ՝ Կոշ գյուղից հյուսիս՝ ժայռոտ բլրի վրա:
Պահպանվածությունը` Խաչքարը՝ կանգուն, Ս. Ստեփանոսը՝ վերականգնված, ջրամբարը՝ կիսավեր, դղյակը՝ ամրակայված:
Կոորդինատները`
Խաչքար՝ 40°17´03.1˝N 44°10´35.7˝E
Ս. Ստեփանոս՝40°18´36.2˝N 44°09´22.1˝E
Ջրամբար՝ 40°18´34.7˝N 44°09´19.3˝E
Դղյակ՝40°18´26.1˝N 44°09´34.5˝E
Բարձրությունը` 1135 մ, 1340 մ, 1335 մ, 1332 մ
Դարաշրջանը և թվագրությունը`
Պետրոս Ականատեսի խաչքար՝ 1195 թ.
Ս. Ստեփանոս՝ VII դ.,
Ջրամբար՝ X դ.
«Աղջկա բերդ» դղյակ՝ XIII-XIV դդ.
Կոշ Ս. Ստեփանոս եկեղեցի
📍 Ուսումնասիրության պատմությունը
Կոշի հուշարձանը ուսումնասիրվել է հայ հնագետների կողմից՝ սկսած 19-րդ դարից մինչև մեր օրերը: Հետազոտություններ են իրականացվել 20-րդ դարի սկիզբից և շարունակվել մինչև 21-րդ դարը, առավելապես Թորամանյանի և մյուս հայտնի հայ հնագետների ջանքերով:
🏺 Հնագիտական նկարագրություն
Տեղադրություն և պատմական նշանակություն
❈ Կոշը (հնում՝ Կուաշ) եղել է Արշակունյաց արքայական ոստանի ավան, հիշատակվում է V դարի Վարդանանց պատերազմի և 867 թ. Արուճի վիմագրի ժամանակ:
❈ Գյուղը միջնադարում եղել է նաև գրչության կենտրոն, վերանորոգվել 921 և 1347 թթ., գործել է մինչև XVII դարը:
❈ Պետրոս Ականատես վարդապետի տեսիլքը և Արագածոտնի ազատագրումը ամրագրվել են Կոշավանքի արձանագրություններում:
Հուշարձաններ և կառույցներ
Ս. Ստեփանոս եկեղեցի (Կոշավանք)
❈ VII դարի փոքր խաչաձև միախորան եկեղեցի՝ զարդարարված ավանդատներով և յուրահատուկ «Համբարձում» տեսարանի պատկերներով
❈ Լուսամուտներ և բարավոր՝ զարդարված ծաղկած խաչերով, որմնամույթերով
❈ Վերանորոգվել է 1970-ական և 2007 թթ.
Միջնադարյան դղյակ
❈ Քառանկյուն, կիսակլոր աշտարակներով, բազալտե և կարմրավուն տուֆ քարերով
❈ Թվագրվում է վաղ միջնադադարով, հիմնանորոգումը՝ XIII-XIV դդ.
❈ Հենված է ժայռոտ բլրի վրա, բացառիկ տեսարան և պատմական հմայք
Գերեզմանոց
❈ Խաչքարերով և տապանաքարերով, կենտրոնում՝ «Կապույտ խաչ» մատուռ՝ բուժելու զորությամբ
Ջրամբար
❈ X դարի կիսավեր ջրամբար՝ եզակի վերգետնյա կառույց, երեք ջլաղեղներով և սրբատաշ քարերով
🔎 Նշանակությունը
Կոշը հանդիսանում է հարուստ միջնադարյան պատմական և ճարտարապետական կենտրոն՝ կարևոր վկայություն հայոց պատմության տարբեր շրջանների համար:
📜 Ավանդազրույցներ
Ըստ ավանդության՝ Տիրան Արշակունի արքան կուրանալուց հետո իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել Կոշի դղյակում, ամրացնելով հուշարձանի խորհրդանշական կարևորությունը:
Ուսումնասիրության պատմությունը
Հ. Շահխաթունեանց (տեղագիր, 19-րդ դ.), Թ. Թորամանյան (ճարտարապետ, 20-րդ դ. սկիզբ), Ա. Շահինյան (պատմաբան, 20-րդ դ.), Վ. Գրիգորյան (ճարտարապետ, 20-րդ դ.), Ա. Մանուչարյան (վիմագրագետ, 21-րդ դ.), Ն. Քոթանջյան (արվեստաբան, 20-րդ դ.), Լ. Կիրակոսյան (ճարտարապետ, 20-րդ դ.)
Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Կոշը հայտնի է վաղ շրջանի հնագիտական տարաբնույթ հուշարձաններով, որոնք տարածվում են հյուսիսից դեպի գյուղ ձգվող ձորի աջ ու ձախ կողմերում: Կոշը (հնում՝ Կուաշը) Արշակունյաց արքայական ոստանում գտնվող ավաններից մեկն էր, որը հիշատակվում է Տիրան Արշակունի թագավորի (338-350) կուրանալուց հետո այստեղ բնակվելու և Արշակ Բ-ի (350-368) կողմից իր եղբորորդի Գնելին այստեղ տեղափոխելու կապակցությամբ: V դարում Վարդանանց պատերազմի ժամանակ այն արքունի ձմեռանոց էր, որը մյուս բերդավանների նման գրավում և քանդում է Վասակ Սյունին: Կոշն ավելի ուշ հիշատակվում է 867 թ. Արուճի վիմագրում՝ Արուճի, Կոշի և Գավառի միջև ծագած ջրօգտագործման կռվի կապակցությամբ, որն հանգուցալուծվում է սպարապետ Սմբատ Բագրատունու միջնորդությամբ: Կոշը մատենագիր աղբյուրներում հետագայում չի հիշատակվում: Ավանի պատմության մասին տեղեկություններ են տալիս պահպանված հուշարձաններն ու վիմագրերը:
Միջնադարյան վաղ կառույցը Ս. Ստեփանոս եկեղեցին է (Կոշավանք), որն իր հատակագծային հորինվածքի համաչափություններով, ճարտարապետական դեկորատիվ մանրամասներով թվագրվում է VII դ. առաջին կեսով: X-XIV դդ. նրա տարածքներն ընդլայնվում են, XII-XIV դդ. հայտնի էր նաև որպես գրչության կենտրոն: Ըստ վիմագրերի՝ վանքը նորոգվել է 921 և 1347 թթ.: Վանքը գործում է մինչև XVII դարը:
Սելջուկյան տիրապետության վերջերին Կոշավանքում հայտնի է դառնում Պետրոս Ականատես վարդապետը: Կոշ գյուղ մտնող ճանապարհի եզրին կանգնեցված որմնափակ խաչքարի պատվանդանի արձանագրության համաձայն՝ Պետրոս վարդապետն այն կանգնեցնում է Արագածոտն գավառի ազատագրության առթիվ և հայտնում, որ դեռ 20 տարի առաջ՝ արեգակի խավարման տարում (1175 թ.), տեսիլք էր տեսել, թե ինչպես Զաքարե ու Իվանե եղբայրները ազատագրում են Հայաստանը: 20 տարի անց Արագածոտնի ազատագրման փաստը Զաքարեն ու Իվանեն ամրագրում են նաև Կոշավանքի արևելյան պատի արձանագրության մեջ, ուր հաստատում են, որ դա իրականացրել են, ինչպես ժամանակին տեսել էր Պետրոս վարդապետը:
Ս. Ստեփանոսի վերևի բարձրավանդակի վրա տարածվում է գերեզմանոցը՝ խաչքարերով, տապանաքարերով: Գերեզմանների մի մասը ավերված է գանձագողության հետևանքով: Բարձրավանդակի գրեթե կենտրոնում կա կիսավեր մատուռ, որը կոչվում է «Կապույտ խաչ», որը հազ բուժելու զորություն ունի:
Եկեղեցուց 500 մ հարավ պահպանվել է X դարի կիսավեր ջրամբարը, որը միջնադարյան ինժեներական կառույցների թվում եզակի վերգետնյա ջրամբարն է: Այն թաղակապ, ներքուստ երեք ջլաղեղներով ուղղանկյուն կառույց է՝ շարված սրբատաշ քարերով: Ջրամբարի ջուրը մաքրվել է հիմքի մոտ բացված քառակուսի անցքերով ջուրը դատարկելու միջոցով, որի խցանաքարերը ժամանակին տեսել է Թ. Թորամանյանը:
Ճարտարապետություն
Ս. Ստեփանոսը փոքր խաչաձև միախորան եկեղեցի է՝ արևելյան կողմում զույգ ավանդատներով: Արևմտյան թևը հենված է քարաժայռին: Կառուցված է դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆի մեծադիր քարերով, որոնց վրա կան մի քանի տիպի նշանագրեր: Գլխավոր մուտքը հարավային խաչաթևից է: Հարավարևելյան ավանդատունը ծածկված է գլանաձև, իսկ հյուսիսարևելյանը՝ խաչաձև թաղով: Հիմնական ծավալի և լուսամուտների պսակները հարդարված են տարբեր զարդամոտիվներով: Միակ շքամուտքը ձևավորված է կիսագլաններով հարդարված որմնամույթերի վրա հենված կամարով, որն ավարտվում է երկթեք ճակտոնով: Բարավորի կենտրոնում ծաղկած խաչի յուրօրինակ հորինվածք է, իսկ ներքևի թեքադիր քիվը մշակված է շուշանածաղկի և կամարների շարով: Բոլոր խաչաթևերին ներքուստ պահպանվել են սվաղի հետքեր: Ավագ խորանում պատկերված է «Համբարձում» տեսարանի յուրօրինակ մի տարբերակ, որտեղ Քրիստոսը գինու թասի կամ հաղորդության հացի փոխարեն մեկնում է գալարափաթեթ, որը «Օրենսդիր Քրիստոսի» յուրահատուկ տարբերակ է: Եկեղեցին տևական ընդհատումներով վերանորոգվել է 1970-ական և 2007 թթ. (ճարտարապետ՝ Ռ. Դավթյան):
Միջնադարյան դղյակը քառանկյուն հատակագծով՝ չորս անկյուններում կիսակլոր աշտարակներով կառույց է, որը բարձրանում է նախօրոք մշակված ժայռոտ բլրի վրա: Միակ թաղակապ մուտքը բացվում է հարավային ճակատում:
Դղյակի պատերի ստորին շարերը կառուցված են բազալտե կոպտատաշ քարերով, իսկ վերին հատվածը՝ սրբատաշ կարմրավուն տուֆով: Տարբեր քարերով շարվածքը հիմք է տվել հետազոտողներին՝ դղյակը թվագրելու վաղ միջնադարով, իսկ հիմնանորոգումը՝ XIII-XIV դդ.: Դղյակը հնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել, ուստի թվագրության և ներքին կառույցների հատակագծային հորինվածքի մասին որոշակի դատողություններ անելն առայժմ անհնար է:
Նշանակությունը
Կոշ բնակավայրը հարուստ է միջնադարյան հուշարձաններով, որոնք կարևոր դեր են խաղացել Հայոց պատմության տարբեր շրջափուլերում:
📜 Ավանդազրույցներ
Ըստ ավանդության` Հայոց Արշակունի Տիրան արքան կուրացվելուց հետո իր կյանքի վերջին տարիներն անց է կացրել Կոշի դղյակում:
Սկզբնաղբյուրները
Եղիշե 1958, Վարդանանց պատմությունը (թարգմանությամբ և ծանոթագրություններով՝ Ե. Տեր-Մինասյանի), Երևան, «Հայպետհրատ», 224 էջ:
Թորամանյան Թ. 1948, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2, (կազմ. և խմբ. Կ.Գ. Ղաֆադարյան), Երևան, «ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն», 307 էջ:
Կիրակոսյան Լ. 1991, Կոշի վաղմիջնադարյան դղյակը, Հայաստանի հանրապետությունում 1989-1990 թթ. դաշտային հնագիտական աշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան, Երևան, էջ 107-108:
Հայկական ճարտարապետության պատմություն (պատ. խմբ.՝ Մ.Մ. Հասրաթյան) 2004, հատոր 3, Երևան, «Գիտություն», 346 էջ:
Մանուչարյան Ա. 2015, Կոշավանք, Երևան, «Լուսաբաց հրատարակչատուն», 68 էջ:
Շահինյան Ա. 1968, Կոշի կոթողը և նրա արձանագրությունը, Պատմաբանասիրական հանդես, 2, էջ 197-202:
Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.61/12
2.61/11»
2.61/11.4
2.61/9.1
📷 Լուսանկարներ
- Ս. Ստեփանոսի հատակագիծը (ՀՃՊ 2004, 37)
- Ս. Ստեփանոս եկեղեցին հարավ-արևմուտքից (Ս. Աղայան)
- Ս. Ստեփանոս եկեղեցու արևելյան ճակատը (Ս. Աղայան)
- Ս. Ստեփանոս եկեղեցու շքամուտքը (Ա. Բաբաջանյան)
- Ս. Ստեփանոս եկեղեցու Ավագ խորանի որմնանկարի հատված (Ա. Բաբաջանյան)
- Ջրամբար. Տեսքը հարավից (Ս. Աղայան)
- «Կապույտ խաչ» մատուռը (Ա. Բաբաջանյան)
- Դղյակը հարավից (Ս. Աղայան)
- Դղյակը հյուսիս-արևելքից, հեռվում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Ս. Աղայան)
- Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, վրացերեն արձանագրությունը
- Կոշի որմնափակ խաչքարը
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։