Kobayr Monastery Complex

Քոբայրի վանական համալիր

Անվանումը` Քոբայրի վանական համալիր
Հուշարձանի տեսակը`Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Քոբայրի վանական համալիր

Այլ անվանում՝ Քոբայրի

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Մարզը` Լոռի

Համայնքը՝ Թումանյան համայնք

Բնակավայրը՝ քաղաք Թումանյան

Տեղադրությունը՝ Վանական համալիրը գտնվում է Դեբեդ գետի ժայռեղեն կիրճի բարձրադիր դարավանդի վրա: Անմատչելի տեղանքի պատճառով հուշարձանախումբ հասնելը բավականին դժվար է:

Պահպանվածությունը` Մասամբ պահպանվել են համալիրի երեք եկեղեցիները, սեղանատունը, մատուռների, խաչքարերի և բերդապարսպի մնացորդները, զանգակատուն-տապանատունը, որը վերականգնված է:

Կոորդինատները` 410 00′ 18.32” N 44o38’03.63” E

Բարձրությունը՝ ծ.մ. 980 մ 

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքի կառույցները թվագրվում են զարգացած միջնադարով` XII- XIIIդդ.:

Քոբայր

📍 Ուսումնասիրության պատմությունը

Քոբայրի վանական համալիրի մասին վկայում են պատմիչներ Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, Կիրակոս Գանձակեցին։ XX–XXI դարերում հայկական հայտնի հնագետները ուսումնասիրել են համալիրի ճարտարապետությունն ու որմնանկարները։ 2012 թ. պեղումների ու մաքրման աշխատանքների արդյունքում բացվել են համալիրի շրջակայքում թաքնված կառույցներ ու գտածոներ։

🏰 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Գլխավոր եկեղեցու արևելյան կողմում՝ խոր կիրճում

❈ Մայր եկեղեցուն կից՝ մատուռ-ավանդատուն

❈ «Մարիամաշեն» եկեղեցին՝ ժայռի եզրին, կիսավեր վիճակում

❈ Զանգակատուն-տապանատուն՝ հյուսիսային մասում, բարձրադիր տեղադրված

❈ Սլացող ժայռերում՝ քարանձավներ, ճգնատեղեր և «Սղնախ» հսկա քարանձավը՝ աղբյուրով

Ճարտարապետություն

Գլխավոր եկեղեցի (XII դ. վերջ)

❈ Երկայնական միանավ դահլիճ (10,40×8,50մ)

❈ Խորանը՝ երկու շարք պատուհաններով

❈ Հյուսիսային և արևմտյան մուտքեր

❈ Արևելյան ճակատ՝ ճարտարապետական զարդաքանդակներով, վարդյակներով և խաչերով

❈ Որմնանկարներ՝ Աստվածամայրը մանկան հետ, հրեշտակապետեր, սրբերի պատկերներ

❈ Շարունակված որմնանկարների պահպանություն՝ 1967-1971 թթ.

Մատուռ-ավանդատուն (XIII դ.)

❈ Քառակուսի համաչափություններ, արևմտյան մուտք

❈ Աստվածամայրը և նվիրատուների դիմանկարներ պատերին

❈ Կից բաց սրահ՝ որմնակամարներով և պահպանված որմնանկարներով

Մարիամաշեն եկեղեցի (1171 թ.)

❈ Միանավ՝ ժայռի եզրին

❈ Մուտքի բարավորի համաձայն՝ կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից

❈ Հարավից և արևելքից կցված մատուռներ

Զանգակատուն-տապանատուն (XIII դ.)

❈ Հատուկ միաձուլում՝ զանգակատան և տապանատան միատեղում

❈ Արևային ժամացույց և վրացերեն արձանագրություն՝ կառուցման վկայությամբ

❈ 2012-2014 թթ. վերականգնված գմբեթ

Սեղանատուն (XIII դ.)

❈ Հյուսիսարևմտյան բարձրադիր մաս, ուղղանկյուն դահլիճ (12,1×8,2մ)

❈ Մուտքեր հյուսիսից և հարավարևելքից

❈ Հատակ ծածկված տապանաքարերով

Չիթախանց վանք (XIII դ.)

❈ Միանավ ուղղանկյուն դահլիճ, կիսագլանաձև թաղ

❈ Ստորգետնյա տոհմական դամբարան

🔎 Նշանակությունը

❈ Զարգացած միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ օրինակ

❈ Կապված Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի և Զաքարյանների գործունեության հետ

❈ Զաքարյանների և նշանավոր հոգևոր ու աշխարհիկ գործիչների շիրիմներ

Ավանդազրույց

❈ Վանքի անվանումը ժողովրդականորեն բացատրվում է որպես «Այրիվանք»՝ այր, քարանձավ, վրացերեն քոբ բառից

❈ Արշավանքների ու կռվախնձորների ժամանակ մարդիկ ասում էին՝ «Սա, քո բերդն է՞, թե՝ ո՞ւմ»

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանական համալիրի մասին վկայում են պատմիչներ Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, Կիրակոս Գանձակեցին: Ուսումնասիրողները մանրամասն անդրադարձել են նաև համալիրի ճարտարապետությանը, վիմագրությանը և որմնանկարներին: Զանգակատուն-տապանատան վերականգնման աշխատանքներով պայմանավորված 2012թ. պեղումներ են կատարվել կառույցի շրջակայքում (Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբ, ղեկ. պ.գ.թ. Հ. Մելքոնյան), նույն թվականին մաքրման-պեղման աշխատանքներ են իրականացվել են սեղանատանը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը

Գլխավոր եկեղեցու արևելյան կողմում խոր կիրճն է, հյուսիսից կից է մատուռ ավանդատունը, արևելյան կողմում` անմիջականորեն ժայռի եզրին, կիսավեր վիճակում գտնվում է համաալիրի վաղագույն կառույցը` միանավ«Մարիամաշեն» եկեղեցին: Զանգակատուն- տապանատունը գտնվում է գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում: Տարածքը եզրագծող ժայռերում առկա են անմատչելի խորշեր, պատսպարաններ ու քարանձավներ, որոնց մի մասը ամրացված են եղել որմնաշարերով և ծառայել որպես ճգնատեղիներ:
Հուշարձանախմբի հարևանությամբ, հատկապես իր մեծությամբ ու տեղանքի բարդ պայմաններով, աչքի է ընկնում «Սղնախ» կոչվող
հսկա քարանձավը, որտեղից ջուր է հոսում:

Ճարտարապետություն

Գլխավոր եկեղեցին (XIIդ. վերջ) այժմ կիսավեր վիճակում է, պահպանվել են խորանը, հյուսիսային և արևմտյան պատերը, հարավային պատի ստորին երկու շարքերը: Այն երկայնական ձգված միանավ դահլիճ է (10,40×8,50մ): Ունի հարուստ եզրակալներով 2 մուտք. գլխավորը հյուսիսայինն է, որը բացվում է դեպի արտաքին սրահ (ավերված է): Մյուսը բացվում է արևմուտքից` հանդիպակած ժայռից 1,5 – 2 մ հեռավորությամբ: Խորանն ունի երկու շարքերում տեղադրված հինգ պատուհան (3-ը ստորին շարքում), որոնց երկու կողմերում եռանկյունաձև կտրվածքով մեկական խորշեր են: Հյուսիսային պատի եզրային որմնակամարների միջկամարային բացվածքներում եղել են նեղ պատուհաններ, որոնք ներկայումս փակված են: Արևելյան ճակատը աչքի է ընկնում ճարտարապետական տարրերով, զարդաքանդակներով և վարդյակներով զուգորդված պատուհանների շքեղ պարակալներով, բարձրության մեծ մասը բռնող հյուսկեն խաչով: Պահպանված որմնանկարների մնացորդները մեկ անգամ ևս վկայում են դրանց բարձր արվեստի և նրբագեղության մասին: Խորանի որմնանկարները կազմում են 3 շարք, որոնցից վերինում (գմբեթարդի վրա) պատկերված է Աստվածամայրը մանկան հետ (Օդիգիտրիա): Նրա երկու կողմերում հրեշտակապետերն են, միջինում` հաղորդության տեսարան է (Եվխարիստիա), իսկ ստորինում` սրբերի ֆիգուրներ են: Շարքերն իրարից բաժանված են զարդագոտիներով: Բեմի պատերին ներկայացված են եղել մարգարեների կերպարները, որոնցից համեմատաբար լավ վիճակում է Եղիայի պատկերը հյուսիսային պատի վրա: 1967թ. կատարվել են մաքրման աշխատանքներ, 1971թ. ամրացվել են որմնանկարները:

Եկեղեցուն հյուսիսից կից է մատուռ ավանդատունը (XIII դ.), որն ունի քառակուսի համաչափություններ: Մուտքը արևմուտքից է` պատած նրբահյուս պարակալով: Հյուսիսային և արևմտյան պատերին պատկերված են Աստվածամայրը և նվիրատուների դիմանկարները: Հյուսիսից մեծ եկեղեցուն և մատուռ-ավանդատանը կցվել է նաև բաց սրահը (XII-XIII դդ.), որից պահպանվել են եկեղեցուն կից որմնակամարը, 3 անկյունների որմնամույթերը, հյուսիսարևմտյան մույթը և հյուսիսային կողմի միջանկյալ 2 սյուների ութանկյուն խարիսխները: Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր: Հատակը ծածկված է տապանաքարերով:

Գլխավոր եկեղեցու արևելյան կողմում` անմիջականորեն ժայռի եզրին կիսավեր վիճակում գտնվում է միանավ «Մարիամաշեն» եկեղեցին (1171թ.): Մուտքի բարավորի շինարարական արձանագրության համաձայն եկեղեցին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից: Փաստորեն այն Քոբայր հուշարձանախմբի
ամենավաղ թվագրում ունեցող հուշարձանն է: «Մարիամաշեն»

եկեղեցու հարավային պատին հետագայում կցվել է սրբատաշ քարերով կառուցված մատուռ: Մեկ այլ, ավելի փոքր չափերով մատուռ կցվել է արևելյան կողմից:

Զանգակատուն-տապանատունը (XIII դ.) գտնվում է գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում` ավելի բարձր տեղադրությամբ: Հարավային պատուհանի արևելյան կողմում քանդակված է արևային ժամացույց: Զանգակատան գմբեթը վերականգնվել է 2012-2014թթ.: Կառույցն իր տիպով դասվում է հազվագյուտ շինությունների շարքին` առանձնահատուկ է զանգակատան և տապանատան միատեղումը: Շքամուտքի արևելյան կողմի վրացերեն արձանագրության համաձայն զանգակատունը կառուցվել է Շահնշահ ամիրսպասալարի որդի Մխարգրձելի և նրա կին Վանենիի կողմից` 1279թ.: Տապանատան մուտքի բարավորին առկա է երեք տառից բաղկացած ЭΚ° հունատառ մակագրություն, որն εκκλησία (եկեղեցի) բառի հապավումն է:

Վանքի սեղանատունը (XIII դ.) գտնվում է գլխավոր եկեղեցու հյուսիսարևմտյան բարձրադիր մասում` զանգակատուն- տապանատնից ընդամենը 2,5 մ հեռավորության վրա, գրեթե հյուսիս- հարավ դիրքով: Ուղղանկյուն ընդարձակ դահլիճ է (12,1×8,2մ): Գլխավոր մուտքը` 1,7մ բացվածքով, հյուսիսից է: Կառույցը մուտք է ունեցել նաև հարավարևելյան մասից:

Հուշարձանների այս խմբից դեպի հյուսիս` պարսպի գլխավոր մուտքից ոչ հեռու, թեքադիր տեղանքի վրա, գտնվում է միանավ թաղակապ, սրահավոր եկեղեցին (XIIIդ.):

Չիթախանց վանքը (XIII դ.) տեղակայված է հուշարձանախմբից դեպի հարավ-արևելք՝ մոտ 0,5 կմ հեռավորության վրա: Միանավ ուղղանկյուն դահլիճ է, ծածկված կիսագլանաձև թաղով` վերցված երկլանջ կտուրի տակ: Հատկանշական էն, որ եկեղեցին ունի ստորգետնյա տոհմական դամբարան: Ներքին հարկի մուտքն արևելքից է, գետնի մակարդակից ցածր, ուր իջնում են աստիճաններով (այժմ մուտքն ու ներքնահարկը լցված են հողով):

🔨 Գտածոներ

Զանգակատուն-տապանատան պեղումների արդյունքում հայտնաբերվել են խեցեղեն, մետաղե, ապակե փոքրաթիվ գտածոներ, ծածկասալերի բեկորներ, քանդակազարդ քարեր:

🌍 Նշանակությունը

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր իշխանական տների` Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների (Շահնշահ, Գիորգի, Մխարգրձել) գործունեության հետ: Քոբայրում են գտնվում Զաքարյանների տոհմի Զաքարեի որդի Շահնշահի, Գեորգիի, Մխարգրձելի (երկայնաբազուկ) և հոգևոր ու աշխարհիկ այլ նշանավոր գործիչների շիրիմները:

📜 Ավանդազրույցներ

Ժողովրդի շրջանում Քոբայր անունը բացատրվում է որպես
«Այրիվանք», այր, քարանձավ, վրացերեն քոբ բառից: Անվան վերաբերյալ պահպանված մի ավանդազրույցի համաձայն, վանքը կռվախնձոր էր դարձել և ժամանակ առ ժամանակ դրա պատկանելիությունը վիճարկելիս, արտահայտվել է հետևյալ միտքը` «Սա, քո բերդն է՞, թե՝ ո՞ւմ»:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  • Դիվան հայ վիմագրության 2012, Լոռու մարզ, պրակ IX, կազմեցին Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան, Երևան,‹‹Գիտություն››, 612էջ:
  • Դ. Միրիջանյան, Ա. Բաբաջանյան 2014, Քոբայր վանական համալիրի զանգակատան պեղման աշխատանքների արդյունքները, Պատմա- բանասիրական հանդես N1, էջ 155-163:
  • Պ. Մուրադյան 1977, Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Երևան, 362 էջ:
  • Գ. Շախկյան 1986, Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան, ‹‹Հայաստան››, 184էջ:
  • Л. Дурново 1979, Очерки изобразительного искусства средневековой Армении, Москва, Искусство, 331с.
  • И. Дрампян 1979, Фрески Кобайра, Ереван, ‹‹Советакан грох››, с. 72.
  • О. Халпахчьян 1971, Гражданское зодчество Армении, Москва, Изд. литературы по строительству, с. 246

 

Հուշարձանների ցանկ՝ Լոռի N 5.4.1.7

📷 Լուսանկարներ

  1. Վանական համալիրի ընդհանուր հատակագիծը (Շախկյան 1986, էջ 42):
  2. Գլխավոր եկեղեցու և կից կառույցների հատակագիծը (Շախկյան 1986, էջ 43):
  3. Սեղանատան հատակագիծը (Շախկյան 1986, էջ 45):
  4. Զանգակատան և հարակից շինությունների հատակագիծը (չափ. Ա. Ջալալյան):
  5. Վանքը հարավ-արևելքից (լուս. Դ. Միրիջանյան):
  6. Գլխավոր եկեղեցու որմնանկարները (լուս. Տ. Ալեքսանյան):
  7. Զանգակատուն-տապանատունը (լուս. Դ. Դավթյան):
  8. Զանգակատան բարավորի հունատառ մակագրությունը (լուս. Դ. Միրիջանյան):
  9. Զանգակատան ներսում ժայռի երկաստիճան մշակումը (լուս. Դ. Միրիջանյան):
  10. Զանգակատան տապանաբակի ընդհանուր տեսքը (լուս. Դ. Միրիջանյան):
  11. Ջրահեռացման խողովակաշարը զանգակատան
    արևմուտքում (լուս. Դ. Միրիջանյան):
  12. Զանգակատան հյուսիսային պատին կից պեղված օջախով սենյակը (լուս. Դ. Միրիջանյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ