Խոր Վիրապ
Անվանումը՝ Խոր Վիրապ
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Արարատի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան
Անվանումը՝ Խոր Վիրապ
Այլ անվանումներ՝ Խոր Վիրապի վանք
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Մարզը՝ Արարատ
Համայնքը՝ Խոր Վիրապ, գ. Փոքր Վեդի
Տեղադրությունը՝ Գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից 1.5 կմ արևմուտք: Հիմնվել է Արաքս գետի ձախակողմում, պատմական Արտաշատ մայրաքաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝միջնաբերդի տարածքում:
Պահպանվածությունը՝ Գործող եկեղեցի է, Արարատյան հայրապետական թեմի նստավայրը:
Կոորդինատները՝ 39°52′42″ հս․. լ. 44°34′34″ ավ. ե.
Բարձրությունը՝ ծ.մ. 875 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Վաղ միջնադարից ուշ միջնադար` VII-XVIIդդ.
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Խոր Վիրապի մասին հիշատակում են պատմիչ Ագաթանգեղոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, ուշ միջնադարում անդրադարձել է Զաքարիա Ագուլեցին, նաև Ղևոնդ Ալիշանը:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրությունը
Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք, ճարտարապետական հուշարձան, XVII դարի վանք-ամրոց Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Արաքս գետի ձախ կողմում Լուսառատ գյուղի մոտակայքում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ՝ Հայաստանի Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք)։
Շերտագրությունը
Ըստ Ագաթանգեղոսի, Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր Վիրապի փոսում, ուր նրան շրջապատում էին օձերն ու կարիճները։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, նա Տրդատ 3-րդի հետ ձեռնամուխ է լինում թագավորությունում քրիստոնեության տարածմանը: Գրիգոր Լուսավորիչը ավերեց հեթանոսական տաճարները և տեղում՝ այդ թվում նաև Արտաշատում, խաչեր կանգնեցրեց, որոնց պետք է պաշտեին կուռքերի փոխարեն, իսկ հետո այդ վայրերում կառուցեց եկեղեցիներ:
Մոտ 642թ. Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ, որը, ճարտարապետ Մ. Մնացականյանի կարծիքով, X դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրած՝ սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույցն է։ Մատուռն իր ծավալատարածական կոմպոզիցիայով և կառուցվածքային սկզբունքով որոշ նմանություն է ունեցել Զվարթնոցին։ Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս։ Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցը ուղղաձիգ աստիճանների (ներկայիս՝ մետաղյա) միջոցով տանում է ներքնահարկ, ուր 4, 4 մ տրամագծով, 6 մ խորությամբ, գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է։ Համալիրից պահպանվել է նաև բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են սեղանատունը, խցերը և այլ օժանդակ վանքային կառույցները։ Պարսպից ներս, կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին է, որին արևմուտքից կից է զանգակատունը։
XIII դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Վարդան Արևելցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Երզնկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, որը հետագայում Խոր Վիրապի դպրությունը բարձրացրեց նոր մակարդակի։
XVI դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թվականներին Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա XIV դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։
1703 թվականին ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ XIX դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը։
1970-1980-ական թվականներին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ։
Ճարտարապետությունը
Vդ. վիրապի վրա վանք է հիմնադրվել և միաբանություն հաստատվել, թեև այն ուխտավայր է եղել Գրիգոր Լուսավորչի մահվանից ի վեր (325/326 թ.): X դ. պատմիչ-կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու վկայությամբ 642-ին Ներսես Գ Շինարար Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է «տաճար սրբութեան», որը Խոր Վիրապի համալիրի վաղագույն շինությունն է (հետագայում ավերվել է): XVI-XVII դդ. Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ծանր դրության պատճառով Խոր Վիրապի կառույցները վնասվել են։ Վանքի երկարամյա (1660-1695) առաջնորդ Դավիթ Բ վարդապետ Վիրապեցին (Տփխիսեցի) 1666-1669 թթ. վերակառուցել է վանքի շինությունները և վերակենդանացրել վանական կյանքը: Կառուցվել է վանքի շրջապարիսպը՝ յոթ կլոր բուրգերով եւ ներսից կցակառուցված շինություններով (բնակելի խցեր, սեղանատուն, վանահոր սենյակ, տնտեսական շինություններ)։ Վանքը վերածվել է ամրոցի, որը Հայաստանում պաշտամունքային և ամրաշինական կառույցների զուգակցման լավագույն օրինակներից է: 1669 թ. մարտին, վաճառական եւ պատմագիր Զաքարիա
Ագուլեցու եղբոր՝ խոջա Շմավոնի մեկենասությամբ համալիրի հարավ-արեւմտյան կողմում սկսվել են Լուսավորչի վիրապի` հողից մաքրման եւ նորոգման աշխատանքները: Վերանորոգումից հետո Վիրապը դարձել է ուղղահայաց պատերով, արեւելայն կողմում խորանաձեւ խորշով, մոտ 4,5 մ տրամագծով եւ 6,5 մ բարձրությամբ, գլանաձեւ քարակերտ կառույց: III դարից մեզ հասած այս շինությունը փաստորեն հայ ճարտարապետության հնագույն քարե գմբեթով կառույցն է։ Նույն թվականին սկսվել է վիրապի վրա XIII դ. կառուցված մատուռի փոխարեն Սբ. Գրիգոր թաղածածկ, սրահավոր, երկթեք տանիքով եկեղեցու շինարարությունը: Զաքարիա Ագուլեցու տեղեկությունից կարելի է եզրակացնել, որ ներսեսաշեն եկեղեցին XIII դ. Փոխարինվել է սրբատաշ քարից, թաղածածկ ոչ մեծ մատուռով, որի տեղում XVII դ. կառուցվել է նույն հորինվածքով, բայց ավելի մեծ եկեղեցի։ Վերջինիս շինարարությունն ավարտվել է 1669 թ., եւ եկեղեցին օծվել է 1670 թ. սեպտեմբերի 20-ին: Սբ. Գրիգոր փոքր եկեղեցու խորանի աջ մասից բացվում է մուտք դեպի խորափոր վիրապ, ուր կարելի է իջնել ուղղահայաց մետաղե աստիճաններով: Նրա առաստաղի արևելյան մասում պահպանվել է այն անցքը, որով բարեպաշտ այրին ամեն օր Սբ. Գրիգորին տվել է հանապազօրյա հացը: Վանքի համալիր վերանորոգման աշխատանքները շարունակվել են մինչեւ 1672 թ. եւ բակի կենտրոնում կառուցվել է Սբ. Աստվածածին գլխավոր եկեղեցին: 1679 թ. Արարատյան դաշտի մեծ երկրաշարժից Սբ. Աստվածածին եկեղեցին եւ վանքի մյուս շինություններն ավերվել են: Դրանք դարձյալ վերականգնել է Դավիթ Վիրապեցին, 1680-1695 թթ.: 1703-ին ավարտվել է Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որից հետո այն ստացել է ուղղանկյուն հատակագծով, մեկ զույգ մույթերով, խորանի աջ եւ ձախ կողմերում մեկական թաղածածկ ավանդատներով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Գմբեթը բարձր է, ներքուստ՝ գլանաձեւ, արտաքուստ 12-նիստանի թմբուկով: Միակ մուտքն արմուտքից է: Լուսավորվում է ճակատներին ու գմբեթի վրա բացված լուսամուտներով: Կառուցված է կարմիր և սև տուֆի սրբատաշ քարերով: Սբ. Աստվածածին եկեղեցու արեւելյան ճակատին ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Նրանում պատկերված է հրեշտակներով շրջապատված Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորն ու Աշխեն թագուհին: 1765 թ. Սիմեոն Երեւանցի Ամենայն Հայոց կաթողիկոսը վերանորոգել է վանքը: Նույն դարավերջին քանդվել է Սբ. Աստվածածին եկեղեցուն արեւմուտքից կցակառուցված եռակամար սրահը եւ նրա տեղում XX դարասկզբին կառուցվել է սյունազարդ զանգակատուն:
Վերջին տասնամյակներում Խոր Վիրապի վանքը քանիցս վերանորոգվել է: 1959-1961 թթ. վերանորոգվել են հուշարձանախմբի բոլոր կառուցվածքները, հատկապես՝ տանիքները, միաբանության խցերը: Տարածքը սալահատակվել է: 1970-1980-ական թթ., Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի հոգածությամբ նորոգվել են վանքի կիսավեր շինությունները, կառուցվել է մատաղատուն, հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը, որը վերածվել է դիտահրապարակի: Նորոգչական աշխատանքներ են կատարվել նաև 2001 թ.` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ:
🌍 Նշանակություն
Հայոց նվիրական սրբավայրերից է, հանրահայտ ուխտատեղի` կապված Հայոց դարձի և Գրիգոր Ա Պարթև Լուսավորչի անվան հետ: Խոր Վիրապի վանքը եղել է նաեւ կրթության, գիտության ու գրչության հռչակավոր կենտրոն:
📜 Ավանդազրույցներ
Ներկայիս վանքի տեղում եղել է արքունի բանտ։ V դ. Պատմիչ Ագաթանգեղոսը հաղորդում է ավանդախառն մի պատմություն, ըստ որի III դարավերջին Տրդատ Գ Մեծ Հայոց Արշակունի թագավորը, Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս, Գրիգոր Լուսավորչին, տեւական տանջանքների ենթարկելուց հետո, նետում է բանտի մահվան դատապարտվածների գուբը` «Արտաշատի վիրապը», որտեղ Գրիգորը մնում է 14 տարի: Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։ Այնուհետև ողջ մնալով արքայի քրոջ՝ Խոսրովիդուխտի ամենօրյա հացի շնորհիվ դուրս է գալիս Վիրապից, խոզակերպ դարձած արքային մարդկայի կերպարանք հաղորդում և Խոսրով Գ-ի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ իշխանուհու աջակցությամբ քրիստոնեությունը բերում Հայաաստան:
📚 Սկզբնաղբյուրները
- «Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց» 1909, աշխատութեամբ Գ. Տէր-Մկրտչեան և Ստ. Կանայեանց, Տփղիս, Արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, 474 էջ։
- «Յովհաննու Կաթողիկոսի Դրասխանակերտեցւոյ Պատմաթիւն Հայոց» 1912, Թիֆլիս, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Հայկական Քարտարան, 83 էջ:
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, 2002, Երևան, էջ 438-440։
- Հարությունյան Ա., Խոր Վիրապի վանքը, Երևան, Տիգրան Մեծ, 2017, 263 էջ:
- Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը 1938, Երեւան, ԵՊՀ հրատ., 2017, 190 էջ:
- Մաթևոսյան Կ. 1997, Խոր Վիրապի վանքը և նրա գրչության կենտրոնը, Էջմիածին, Բ-Գ, էջ 174-178։
- «Հայկական Սովետական Հանրագիտարան» 1979, հ. 5, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 720 էջ:
- Ալիշան Ղ. 1890, Այրարատ, Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ,590 էջ:
- Հասրաթյան Մ. 2001, Հայոց դարձի նախասկիզբ սրբավայր Խոր Վիրապի վանքը, «Հայոց սրբեր եւ սրբավայրեր», Երևան, Հայաստան հրատ. էջ 183-191:
- Թումանյան Յու. 1981, Քարե տարեգրության վերականգնումը, Երևան, «Հայաստան» հրատ., 61 էջ:
Հուշարձանների ցանկ
3․49․1
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։