Kayan Fortress in Lori

Կայան բերդ

Անվանումը` Կայան բերդ
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Լոռու մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Կայան ամրոց

Այլ անվանում՝ Հաղպատավանքի ամրոց

Հուշարձանի տեսակը` Ամրոց

Մարզը` Լոռու մարզ

Համայնքը՝ Ալավերդի համայնք

Բնակավայրը՝ Ամրոցը գտնվում է Հաղպատ և Ակներ գյուղերի միջև:

Տեղադրությունը՝ Գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևմտյան մասում` գահավեժ ժայռերով եզերված բարձրադիր նեղ լեզվականման հրվանդանի վրա:

Պահպանվածությունը` Պահպանվել են պարիսպները և աշտարակները, ինչպես նաև ամրոցի եկեղեցին:

Կոորդինատները` 40°27’39” N      44°39’16” E

Բարձրությունը՝ ծ.մ. 840 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Ամրոցը թվագրվում է զարգացած միջնադարով` XIIIդ.

Կայան բերդ

📍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Ամրոցի պատմությանը, ճարտարապետությանը և վիմագրերին անդրադարձել են հայ հայտնի պատմաբաններն ու հնագետները (Մ. Հովհաննիսյան, Հ. Եղիազարյան)

❈ Հաղպատի վանահայր Հովհաննեսը, ըստ որոշ ուսումնասիրողների, ոչ թե կառուցել է ամրոցը, այլ վերակառուցել

❈ Կայան ամրոցի հիշատակությունը հանդիպում է Դավթի Քոբայրեցի 1178 թ.-ին, ինչը վկայում է սելջուկ-թուրքերի կողմից ավերման մասին

❈ 1233 թ. Տեր Հովհաննեսը դժվարությամբ վերականգնել է ամրոցը

🏰 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Կայան ամրոցը տեղակայված է խոր ձորերով շրջապատված տարածքում՝ ծառայում էր Հաղպատավանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակիչների համար որպես պատսպարան

❈ Հրվանդանը կապվում է գյուղի հետ Ջաղացաձորով, անցնելով Շերեք գետի վրա կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով (XIII դ.)

Ճարտարապետություն

❈ Ամրոցի բնական պաշտպանական համակարգը ամրագրված է մոտ 15 կիսագլանաձև բուրգերով և հզոր պարիսպներով

❈ Բուրգերում պահպանվել են բացվածքներ պաշտպանական նպատակներով

❈ Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, առավելագույն լայնությունը՝ 20 մ-ից քիչ

❈ Բաղկացած է երկու մասից՝ հարավային (ավելի բարձր, կենտրոնական հենակետ) և հյուսիսային (Դեբեդի կիրճի եզրին)

❈ Ներսում պահպանվել են կացարանների, ջրավազանների և ջրագծերի ավերակներ

❈ Հարավ-արևելյան ժայռի գլխին՝ Դսեվանքի Սուրբ Աստվածածին գմբեթավոր եկեղեցի՝ ուղղանկյուն դրսից, խաչաձև ներսից, մուտք արևմուտքից, ուշագրավ բարավորով՝ երեք առանձին քարերով

❈ Մուտքի վերևի արձանագրությունը հիշատակում է ամրոցն ու եկեղեցին, կառուցված Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի Հաղպատի վանահայր Հովհաննեսի կողմից՝ 1233 թ.

Գտածոներ

❈ Մաքրման ընթացքում հայտնաբերվել են խաչքարերի, տապանաքարերի և արձանագիր քարերի բեկորներ

🔎 Նշանակությունը

❈ Կայան ամրոցը միջնադարյան Հայաստանի կարևոր պաշտպանական հենակետ է

❈ Հսկիչ դիրքը ողջ ձորի երկայնքով ապահովում էր անվտանգության և վերահսկողության հսկայական դեր

❈ Ունի հետաքրքիր և յուրահատուկ ամրաշինական տեխնիկա

Ավանդազրույցներ

❈ Ըստ ավանդույթի, այստեղ պահվում էր Սուրբ Նշանը՝ Քրիստոսի Խաչափայտի նշխարը, որը Հայաստան էր բերել կույս Հռիփսիմեն

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Ամրոցի պատմությանը, ճարտարապետությանը և վիմագրերին անդրադարձած հեղինակների մի մասը (Մ. Հովհաննիսյան, Հ. Եղիազարյան) կարծում են, որ Հաղպատի վանահայր Հովհաննեսը ոչ թե կառուցել է ամրոցը, այլ վերակառուցել: Կայան անառիկ ամրոցի մասին հիշատակություն ունի Դավթի Քոբայրեցին 1178թ., ինչը փաստում է, որ այն ավերվել է սելջուկ-թուրքերի կողմից, իսկ 1233թ. Տեր Հովհաննեսը մեծ դժվարությամբ վերականգնել է ամրոցը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Հաղպատավանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակիչների համար պատսպարան ծառայած Կայան ամրոցը երեք կողմից շրջապատված է խոր ձորերով:

Ճարտարապետություն
Ամրոցի բնական պաշտպանական համակարգը ուժեղացվել է մոտ մեկ ու կես տասնյակի հասնող կիսագլանաձև բուրգերով և հզոր պարիսպներով: Բուրգերն ունեն ներքին տարածություն, պաշտպանական նկատառումներից ելնելով պատերում թողել են բացվածքներ: Հիմնական մուտքը հարավային կողմից է, որտեղից հրվանդանը Ջաղացաձորով կապվում է գյուղի հետ: Ձորում ճանապարհն անցնում է Շերեք գետի վրա կառուցված միաթռիչք կամարակապ կամրջի վրայով (XIII դ.): Ամրոցն ունի մոտ 120 մ հարավ-հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից: Բաղկացած է երկու մասից: Հիմնականը հարավայինն է` տեղադրված ավելի բարձր և հյուսիսային մասից բաժանված առանձին պարսպով, որում կա սրահավոր թաղակապ դարպաս (ներկայումս գտնվում է ավերված վիճակում): Հյուսիսային մասը, որն անմիջապես տեղադրված է Դեբեդի կիրճի եզրին, իր երկարությամբ մոտ մեկ ու կես անգամ պակաս է հարավայինից: Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը: Ներսում պահպանվել են մեծ թվով կացարանների ավերակներ, ջրավազանների և ջրագծերի մնացորդներ:
Տարածքի հարավային մասում, արևելյան կողմի ժայռի գլխին, շրջակայքից լավ տեսանելի վայրում է գտնվում Դսեվանքի (Դրսեվանք) Սուրբ Աստվածածին ոչ մեծ գմբեթավոր եկեղեցին` դրսից ուղղանկյուն, ներսից՝ խաչաձև հատակագծով: Մուտքն արևմուտքից է` ձևավորված եզրակալով: Ուշագրավ է մուտքի բարավորը` երեք առանձին քարից, որոնցից միջինն ունի խաչաթևերի նմանվող կտրվածք, որին էլ հարմարեցված են մյուս երկուսը: Թմբուկի ցածրանիստ համաչափությունները, նրա գոտու կտրված լինելը պատուհանների բացվածքներից, փաստորեն, վկայում են գմբեթի վերափոխված լինելու մասին: Մուտքից վերև՝ ողջ ճակատի երկարությամբ փորագրված շինարարական բովանդակություն ունեցող արձանագրության մեջ հիշատակվում է ամրոցը և եկեղեցին, որը կառուցել է Զաքարե և Իվանե Զաքարյանների քրոջ որդի` Հաղպատի վանահայր Հովհաննեսը 1233թ.:

🔨 Գտածոներ

Ամրոցի մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են խաչքարերի, տապանաքարերի և արձանագիր քարերի բեկորներ:

🌍 Նշանակությունը

Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետներից մեկը և ունի հետաքրքիր ամրաշինական տեխնիկա: Այն որպես դիտակետ ամրոց, իր բարձրադիր դիրքի շնորհիվ՝ հսկիչ դեր է ունեցել ամբողջ ձորի երկայնքով և շրջակա սրբավայրերի նկատմամբ:

📜 Ավանդազրույցներ

Ըստ ավանդույթի այստեղ էր պահվում Սուրբ Նշանը: Այն Քրիստոսի խաչափայտի նշխարն էր, որը Հայաստան էր բերել կույս Հռիփսիմեն:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Դիվան հայ վիմագրության 2012, պրակ IX, Լոռու մարզ, կազմեցին Ս. Բարխուդարյան, Կ. Ղաֆադարյան, Ս. Սաղումյան, Երևան, ‹‹Գիտություն››, 612էջ:
  2. Հ. Եղիազարյան 1952, Ալավերդու շրջանի կուլտուրայի հուշարձանները, Երևան, 106էջ:
  3. Մ. Հովհաննեսյան 1970, Հայաստանի բերդերը, Վենետիկ-Ս. Ղազար, 745 էջ:
  4. Կ. Ղաֆադարյան 1963, Հաղբատ, ճարտարապետական կառուցվածները և վիմական արձանագրությունները, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 293 էջ:
  5. Գ. Շախկյան 1986, Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Երևան, ‹‹Հայաստան››, 184էջ:

Հուշարձանների ցանկ
Լոռի 5.60.2

📷 Լուսանկարներ

  1. Կայան բերդի գլխավոր հատակագիծը (Շախկյան 1986):
  2. Բերդը դիմացի բլրից (լուս. Դ. Դավթյան):
  3. Ամրոցի տեսքը հարավից (լուս. Դ. Դավթյան):
  4. Ամրոցի աշտարակներից մեկը և եկեղեցին (լուս. Դ. Դավթյան):
  5. Անմիջապես ժայռի վրա կառուցված ամրոցի աշտարակներից մեկը (լուս. Դ. Դավթյան):
  6. Ամրոցի պարսպապատից մի հատված (լուս. Դ. Դավթյան):
  7. Ամրոցից բացվող տեսարանը (լուս. Դ. Դավթյան)
  8. Դսեվանքը հարավ-արևմուտքից (լուս. Դ. Դավթյան):
  9. Դրսեվանքը հյուսիս-արևմուտքից (լուս. Դ. Դավթյան):
  10. Եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյունը (լուս. Դ. Դավթյան):
  11. Դրսեվանքի գմբեթը (լուս. Դ. Դավթյան):
  12. Մուտքի բարավորի խաչաթևերի նմանվող միջին քարը (լուս. Դ. Դավթյան):
  13. Մուտքի ձևավորման մանրամասն (լուս. Դ. Դավթյան):
  14. Եկեղեցու արձանագրության սկիզբը (լուս. Դ. Դավթյան):
  15. Արձանագրության միջին հատվածը (լուս. Դ. Դավթյան):
  16. Արձանագրության երրորդ հատվածը (լուս. Դ. Դավթյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ