Shamiram
Karmravor

Կարմրավոր

Անվանումը՝ Կարմրավոր
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան

Անվանումը՝ Կարմրավոր

Այլ անվանում՝ Կարմրավոր Ս. Աստվածածին

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի

Մարզը՝ Արագածոտն

Համայնքը՝ Աշտարակ

Բնակավայրը՝ Ք. Աշտարակ

Տեղադրությունը՝ Աշտարակի հյուսիսարևելյան հատվածում, Քասաղի կիրճի աջ կողմում, բարձունքի վրա:

Պահպանվածությունը՝ Կանգուն

Կոորդինատները՝ 40°17´59.0˝N      44°21´55.7˝E

Բարձրությունը՝ 1160 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վաղ միջնադարյան հուշարձան է, շարունակաբար գործել է մինչև XIX դ., VII- XIX դդ.։

Կարմրավոր

📍 Ուսումնասիրության պատմությունը
Կարմրավոր եկեղեցու ուսումնասիրությունը կատարվել է տարբեր ժամանակաշրջաններում․ XIX դարում՝ Շահխաթունյանցի կողմից, XX դարի սկզբին՝ Ե. Շահազիզի, 1954 թ.՝ Հ. Գասպարյանի վերականգնողական աշխատանքներ, 1982 թ.՝ Վ. Գրիգորյանի ճարտարապետական ուսումնասիրություններ, 1998 թ.՝ Ս. Սաղումյանի վիմագրագիտական ուսումնասիրություններ, 2016 թ.՝ Ք. Լամուրեի և Ա. Զարյանի կողմից որմնանկարների վերականգնման աշխատանքներ:

🏺 Հնագիտական նկարագրություն

Տեղադրություն և համալիր

❈ Գտնվում է բարձրադիր հարթակի վրա՝ շրջապատված պարսպապատով

❈ Կենտրոնում՝ Կարմրավոր եկեղեցին, շուրջը՝ 12–19-րդ դդ. խաչքարերով և տապանաքարերով գերեզմանոց

❈ Կարմրավորն VII դարի փոքր խաչաձև եկեղեցիների շարքում ամենահայտնի կառույցներից է

Շերտագրություն և կառուցման փուլեր

❈ Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների և որմնանկարների՝ եկեղեցին թվագրվում է VII դ. կեսերով

❈ Կառուցվել է Աշտարակի ավագների՝ Երանոսի որդի Դավիթի և Գրիգորի ու Մանասեի որդիների կողմից

❈ XIV դարում շրջապատվել է պարսպապատով՝ Ասնավորի և Ղուտալչաքի հովանավորությամբ

❈ Ուշ միջնադարում եղել է կուսանաց վանք, որտեղ ծառայել են Հռիփսիմե և Շողակաթ կույսերը

❈ 1860 թ. կցակառուցվել է փայտածածկ աղոթարան, որը քանդվել է 1954-ին, ապա վերականգնվել Հ. Գասպարյանի ղեկավարությամբ

❈ Խաչքարերն ու տապանաքարերը պատկանում են XII–XIX դդ., մի շարք հայտնի վարպետների աշխատանքներ են (Սարքս, Հուսամ, Գամրիկել Ազիզբեկյան՝ 1426 թ.)

Ճարտարապետություն

❈ Խաչաձև հատակագծով միախորան փոքր կենտրոնագմբեթ եկեղեցի

❈ Հիմնական ծավալը՝ դարչնագույն տուֆե սրբատաշ քարերով, կանգնեցված միաստիճան ցածր հիմնախարսխի վրա

❈ Ներքին հորինվածքը՝ երեք ուղղանկյուն և արևելյան կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք միախրված են կիսաշրջանաձև որմնասյուներով

❈ Միակ մուտքը արևմտյան խաչաթևում

❈ Գմբեթարածքների և քիվերի զարդարանք՝ երկրաչափական ու բուսական դեկոր

❈ Տանիքի ծածկը՝ հարթ և կիսակլոր կղմինդրներով, եզրերի ծայրերը՝ խաչապատկեր կամ կենաց ծառի պատկերներով

❈ Ներքին որմնանկարներ՝ ավագ խորանի գմբեթարդում «Քրիստոս փառքի մեջ», հայ եկեղեցու սրբեր, արևմտյան խաչաթևում՝ Ս. Գևորգ և Ս. Սարգիս

🔎 Նշանակությունը
Կարմրավորը միակ հուշարձանն է, որի արտաքին ձևերը պահպանվել են հիմնատակից մինչև գմբեթի կղմինդրե ծածկը առանց էական փոփոխության: Կարմրավորի տիպի եկեղեցիները Հայաստանում լայն տարածում ունեն, այլ երկրներում՝ ավելի սահմանափակ, հիմնականում դամբարանային կամ մկրտարանային ձևով:

📖 Ավանդազրույցներ
Աշտարակում երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով երիտասարդի: Ավագ քույրերը զոհաբերում են իրենց կրտսերին երջանկություն պարգևելու համար՝ ծիրանագույն և կարմիր զգեստով նետվում անդնդախոր ձորը, կրտսերը սպիտակ զգեստով նույնն է անում, իսկ Սարգիսը դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին հայտնվում են երեք եկեղեցիներ՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Շահխաթունյանց (տեղագիր 19-րդ դ.), Ե. Շահազիզ (աղբյուրագետ-պատմաբան, բանասեր 20-րդ դարի սկիզբ), Վ. Գրիգորյան (ճարտարապետ-պատմաբան 1982թ.), Հ. Գասպարյան (վերականգնող ճարտարապետ, 1954 թ.), Ս. Սաղումյան (վիմագրագետ 1998թ.) Ք. Լամուրե, Ա. Զարյան (որմնանկարների վերականգնող մասնագետներ, 2016 թ.)։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Գտնվում է բարձրադիր հարթակի վրա՝ պարփակված շրջապարսպով: Կենտրոնում Կարմրավոր եկեղեցին է, շուրջը գերեզմանոցը՝ 12-19-րդ դդ. գեղաքանդակ խաչքարերով ու տապանաքարերով:

Շերտագրություն
Կարմրավորը 7-րդ դարի փոքր խաչաձև եկեղեցիների շարքում ամենահանրահռչակ կառույցներից  է: Կարմրավոր անունը խորհրդանշական իմաստ ունի, որը կապվում է Աստվածամոր մակդիրներից մեկի հետ: 

Եկեղեցու հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների, որմնանկարների գեղազարդման կերպի և շինարարական արձանագրության հնագրության՝ եկեղեցին թվագրվում է 7-րդ դ. կեսերով: 

Եկեղեցին գոտևորող շինարարական միատող արձանագրության համաձայն՝ այն կառուցել են Աշտարակ քաղաքի վարչական և հոգևոր ավագները՝ Երանոսի որդի Դավիթը և Գրիգորի ու Մանասեի որդիները:

Եկեղեցին շարունակաբար կենսագործել է զարգացած և ուշ միջնադարում, որի մասին վկայում են նորոգությանն ու նվիրատվություններին վերաբերող թվակիր վիմագրերը, ինչպես նաև շուրջը տարածված խաչքարերի ու տապանաքարերի արձանագրությունները:

XIV դարում եկեղեցին շրջապատվում է պարսպապատով, որը, համաձայն մուտքի բարավոր վիմագրի՝ կառուցում են Ասնավորն ու իր կին Ղուտալչաքը Աղբուղա և Սիթիխաթուն Զաքարյանների հովանավորությամբ: Շրջապարիսպը կառուցված է անմշակ որձաքարերով և մասնակի վերանորոգություններ է կրել XX դարում: 

Ուշ միջնադարում մինչև 1813 թ. Կարմրավորը կուսանաց վանք է եղել, որի միաբան վերջին կույսերն էին Հռիփսիմեն և իր աշակերտուհի Շողակաթը: Կույս Հռիփսիմեի շիրիմը Կարմրավորի բակում է՝ բանաստեղծական ոճով արված տապանագրով: Շողակաթի՝ վանքից հեռանալուց հետո Կարմրավորը եղել է ուխտատեղի մինչև 1860 թ., երբ ծխականների համար կցակառուցվում է փայտածածկ աղոթարանը: Այն քանդվում է 1954-ին և Հ. Գասպարյանի ղեկավարությամբ վերականգնվում Կարմրավորի նախնական տեսքը:

Եկեղեցու շուրջ գտնվող խաչքարերն ու տապանաքարերը վերաբերում են XII-XIX դդ.: Դրանցից ուշադրության արժանի են վարպետ Սարքսի (1184 թ.), Աշտարակ քաղաքագյուղի ձեռնավոր Հուսամի (XIII դ.), դեպի Կարմրավոր բարձրացող սանդղահարթակում Գամրիկել Ազիզբեկյանի 1426 թ. կանգնեցրած խաչքարերը: Վերջինս ժողովուրդը Հազախաչ է կոչում: Եկեղեցուց հյուսիս-արևմուտք, բակում թաղված է XX դ. հայ, գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը:

Ճարտարապետություն
Կարմրավորը ներքուստ և արտաքուստ խաչաձև հատակագծով միախորան փոքր կենտրոնագմբեթ եկեղեցիների շարքում միակն է, որը մեզ է հասել ամբողջությամբ կանգուն, առանց էական փոփոխության, և բնօրինակ կղմինդրե տանիքով: Հիմնական ծավալը՝ կառուցված դարչնագույն տուֆի սրբատաշ քարերով, կանգնեցված է միաստիճան ցածր հիմնախարսխի վրա: 

Ներքին հորինվածքը կազմված է երեք ուղղանկյուն և արևելյան կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք միմյանց հպվում են կիսաշրջանաձև որմնասյուներով: Միակ մուտքը բացվում է արևմտյան խաչաթևում: 

Հիմնական ծավալի թեքադիր քիվերը մշակված են հյուսածո զարդամոտիվով, իսկ գմբեթատակ քառակուսու և թմբուկի քիվերը՝ ոճավորված տերևազարդերի հորիզոնական շարքով: Հիմնական ծավալի լուսամուտների պսակները հարդարված են երկրաչափական ու բուսական զարդաձևերով: 

Տանիքի ծածկն իրականացված է հարթ և կիսակլոր կղմինդրների համադրությամբ: Տանիքի եզրերի պսակող կիսակլոր կղմիդրները ավարտվում են խաչապատկեր ճակտոններով, որոշները՝ կենաց ծառի պատկերով:

Ներքուստ ավագ խորանը և արևմտյան խաչաթևի պատերը հարդարված են որմնանկարներով: Ավագ խորանի գմբեթարդում աստղազարդ երկնագույն ետնախորքի վրա «Քրիստոսը փառքի մեջ» տեսարանն է, որից ներքև համաքրիստոնեական և հայ եկեղեցու սրբերը: Լուսամուտից աջ «երեք մեծ կապադովկիացիներն» են, իսկ ձախ՝ Գրիգոր Լուսավորիչը և, հավանաբար, Ստեփանոս Նախավկայի նկարի մնացորդը: Եկեղեցու հայրերի ձեռքերն ու դեմքերը ժամանակին՝ հավանաբար պատկերամարտության շրջանում, դիտավորյալ քանդվել են: Արևմտյան խաչաթևում պատկերված են Ս. Գևորգ և Ս. Սարգիս զորավարները՝ համապատասխան գրություններով:

🌍 Նշանակությունը

Կարմրավորը, ըստ էության, միակ հուշարձանն է, որի արտաքին ձևերը հիմնատակից մինչև գմբեթի կղմինդրե ծածկը, չեն վերափոխվել: Կարմրավորի տիպի հուշարձանները ոչ մի երկրում այնպիսի տարածում և բազմազանություն չեն դրսևորել, ինչպես Հայաստանում: Վրաստանում դրանք շատ չեն,բյուզանդական ճարտարապետության մեջ հանդես են եկել բացառապես դամբարանային և մկրտարանային հորինվածքներում:

📜 Ավանդազրույցներ

«Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով երիտասարդի: Կրտսեր քրոջը երջանկություն պարգևելու համար՝ ավագ քույրերն իրենց զոհաբերում են և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով՝ իրենց նետում անդնդախոր ձորը: Լուրն իմանալով՝ կրտսեր քույրը սպիտակ զգեստ է հագնում և նույնպես ձորն է նետվում, իսկ Սարգիսը դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը»:

📚 Սկզբնաղբյուրները

  1. Լամուղե Ք., Զարյան Ա., Կարմրավոր եկեղեցու որմնանկարների վերստեղծում, Հուշարձան տարեգիրք, 2017-2018, ԺԲ-ԺԳ, էջ 122-142:

  2. Հայկական ճարտարապետության պատմություն (պատ. խմբ.՝ Մ.Մ. Հասրաթյան) 2004, հատոր 3, Երևան, «Գիտություն», 346 էջ:

  3. Շահազիզ Եր. 1987, Աշտարակի պատմությունը, Երևան, «Հայաստան», 251 էջ:

  4. Սաղումյան Ս. 1998, Աշտարակ. Պատմական անցքեր, հուշարձաններ, վիմագիր արձանագրություններ, Երևան, «Գիտություն», 346 էջ:

Հուշարձանների ցանկ

Արագածոտն 2.1/15

📷 Լուսանկարներ

  1. Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու հատակագիծը (ՀՃՊ 2004)
  2. Եկեղեցին հարավ-արևմուտքից (Ա. Բաբաջանյան)
  3. 1292 թ. Մեծ առուն Հակոբ երեցի կողմից նորոգելու մասին արձանագրությունը (Ա. Բաբաջանյան)
  4. Քիվերը (Ա. Բաբաջանյան)
  5. Կենաց ծառի և խաչի պատկերով կղմինդրի ճակտոններ (Ա. Բաբաջանյան)
  6. Երեք խաչքար հարավային շրջապարսպի մոտ. Կենտրոնականը՝ Կարմրավորի խաչքարերից վաղ թվակիրն է (1184 թ.) (Ա. Բաբաջանյան) 
  7. Շրջապարսպի մուտքը՝ բարավորին 1324 թվակիր արձանագրությամբ Ասնավորի և նրա կնոջ Ղուտալչաքի կողմից այն կառուցելու բովանդակությամբ (Ա. Բաբաջանյան)
  8. Տեր Հուսամի խաչքարը (13-րդ դարի երկրորդ կես) (Ա. Բաբաջանյան)
  9. 1426 թ. Գամրիկել Ազիզբեկյանի կանգնեցրած խաչքարը՝ սանդղահարթակին (Ա. Բաբաջանյան)
  10. Գևորգ Էմինի տապանաքարը (Ա. Բաբաջանյան)
  11. Ավագ խորանը՝ «Քրիստոսը փառքի մեջ» որմնանկարը և/կամ  «Երեք կապադովկիացիները» (Ա. Բաբաջանյան)
  12.  Արևմտյան խաչաթևի «Ս. Սարգիս» որմնանկարը (Ա. Բաբաջանյան)
  13.  Արևմտյան խաչաթևի «Սուրբ Գևորգ» որմնանկարը (Ա. Բաբաջանյան)
  14.   ՀՊԹ N 6796 սկիհ
  15.  Վ. Այվազյան, Կարմրավոր (1955)
  16. Մ. Սարյան, Կարմրավոր (1956)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ