Կաքավաբերդ
Անվանումը` Կաքավաբերդ
Հուշարձանի տեսակը՝ Ամրոց
Շրջանը՝ Արարատի մարզ
Ժամանակաշրջանը՝ Միջնադարյան
Անվանումը՝ Կաքավաբերդ (ժողովրդական անվանումը)
Այլ անվանումներ՝ Գեղի բերդ, Քեղայի ամրոց, Գեղայո բերդ, Գեղե, Քեղի, Քեղվաբերդ, Կաքավաբերդ-Խոսրովի արգելոց:
Հուշարձանի տեսակը՝ Բերդ-ամրոց
Մարզը՝ Արարատ
Համայնքը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց
Տեղադրությունը՝ Գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Գառնուց 13,5 կմ հարավ-արևելք, Ազատ գետի աջ ափին, անմատչելի Գեղի լեռան գագաթին: Ունի դժվարամատչելի դիրք:
Պահպանվածությունը՝ Համեմատաբար լավ են պահպանվել պարիսպները:
Կոորդինատներ՝ 40o05’56” 44o49’27’
Բարձրությունը՝ ծ.մ. 2060մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ Կաքավաբերդը պատկանում էր Բագրատունիներին, 11-րդ դարում անցավ Պահլավունիներին, իսկ 12-13-րդ դարերում՝ Պռոշյաններին։
Կաքավաբերդ – Խոսրովի արգելոց
📍 Գեղի Բերդ — Պատմություն, ճարտարապետություն և լեգենդ
Հյուսիսարևելյան ժայռերի վրա կառուցված Գեղի բերդը միջնադարյան Հայաստանի կարևոր պաշտպանական կառույցներից է։ Այն հիշատակվում է 925 թ․ և 1225 թ․ ճակատամարտերում՝ որպես ապաստարան Աշոտ Երկաթի և Իվանե աթաբեկի զորքերի համար։
🏰 Ճարտարապետական գոհար
Բերդը կառուցված է գորշ ու կարմրավուն կոպտատաշ քարերով՝ հիշեցնելով Անիի պարիսպները։ 2,2 մ հաստությամբ պարսպապատերը, աշտարակները, քարաշեն հորերը և կամարակապ մուտքը վկայում են դրա պաշտպանական նշանակության մասին։ Տարածքում կան բազմաթիվ ժայռափոր խոռոչներ, մատուռ և միջնաբերդի ավերակներ։
🏺 Պեղումներ և գտածոներ
Բերդասարի ողջ մակերեսով գտնվել են խեցեղենի բեկորներ՝ ներառյալ ջնարակված նմուշներ։ Բերդի կառուցվածքը վկայում է՝ այն եղել է կայան տիպի ամրոց։
📚 Մշակութային հիշողություն
Հիշատակվում է XII–XV դդ. աղբյուրներում և գրականության մեջ։ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում բերդը դառնում է հերոսական պատմության մաս։
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանն ուսումնասիրել և նկարագրել է Գ. Հովսեփյանը, տեղադրությանն են անդրադարձել Ղ. Ալիշանը, Մ. Սմբատյանը, Ե. Լալայանը, Հ. Մանանդյանը: Հուշարձանն ուսումնասիրել են նաև Ռ. Մաթևոսյանը և Ս. Կարապետյանը:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Ճարտարապետություն
Բերդը հիշատակվում է պատմական մի քանի կարևոր դրվագներում: 925 թ. Սևանի ճակատամարտում պարտություն կրելով Աշոտ Երկաթից` արաբ Նասր ոստիկանի փոխանորդ Բեշիր զորապետը շարժվում է դեպի «յամրոցն Գեղայոյ», ուր ամրացել էր Աշոտ Երկաթի զորավարներից Գևորգ Մարզպետունին, և պաշարում է այն: Սակայն այստեղ ևս կրում է ծանր պարտություն և փախնում է Դվին` սպառնալով վրեժխնդիր լինել: Որոշ ժամանակ անց, երբ Նասր ոստիկանը վերադառնում է Հայաստան, որոշում է ի կատար ածել այդ սպառնալիքը: Ամրոցի բնակիչները, լուր ստանալով նրա գալուստի մասին, փոքրաթիվ զորամասի հետ միասին լքում են ամրոցը, և նա տիրում է արդեն դատարկ ամրոցին: Պատմական հաջորդ դրվագը վերաբերում է 1225 թ., երբ Հայաստան ներխուժած Խորեզմի շահ Ջալալ-ադ-Դինի զորքերը Գառնու մոտ պարտության մատնեցին հայ-վրացական զորքերին, և Իվանե աթաբեկը պատսպարվեց բերդում:
Բերդը հիշատակվում է նաև XII դ. ընդօրինակված մի Տոնապատճառի հիշատակարանում, բերդից 3 կմ արևմուտք գտնվող Վանստանի Սբ. Աստվածածին եկեղեցու վիմագրերից մեկում (XIII դ. երկրորդ կես), ինչպես նաև 1489 թ. կազմված պարսկերեն մի կալվածագրում (Կարապետյան 2022):
Գեղի բերդի անունով ժամանակին կոչվել է Ազատ գետի վերին հոսանքի շրջանը, երբեմն` նույնիսկ ողջ Մազազ գավառը:
Գեղի լեռան հյուսիսարևելյան անկյունում գտնվող բերդը 3 կողմից պաշտպանված է անմատչելի ժայռերով: Միակ խոցելի հատվածը հյուսիսային կողմում է և ամրացված է բուրգերով հզոր պարսպապատով, որի հաստությունը 2,2 մ է, իսկ մուտքի մոտ` մինչև 2,6 մ: Այն կառուցված է կրաշաղախով, գորշ ու կարմրավուն երանգ ունեցող կոպտատաշ քարերի կանոնավոր շարքերով և, ինչպես նկատում է Գ. Հովսեփյանը, հիշեցնում է մայրաքաղաք Անիի պարիսպները և Հավուց Թառի Ամենափրկիչ վանքը: Որոշ հատվածներում նկատելի են նորոգումների հետքեր: 7 աշտարակներից երկուսը պահպանվել են մոտ 20 մ բարձրությամբ (Գ. Հովսեփյանը նշում է 8 աշտարակների մասին): Նրանցից մի քանիսն ունեն փոքր սենյակներ, 3-ը` հրակնատներ: 8-10 մ բարձրությամբ պահպանված պարսպապատի արևմտյան կողմում է գտնվում դեպի ներս լայնացող բարձր կամարակապ մուտքը (բացվածքը` 2-3 մ): Բերդի արևմտյան կողմում` փոքր բարձրության վրա, պահպանվել են ավերված միջնաբերդի մնացորդները, իսկ մուտքից ոչ հեռու` ժայռափոր փոքր մատուռ: Տարբեր հատվածներում երևում են բազմաթիվ կառույցների հիմքերը և հետքերը, ինչպես նաև 3 հոր` կրաշաղախի միացությամբ ամուր քարերով կառուցված: Բերդասարի ողջ մակերեսով սփռված են խեցեղենի բեկորներ, որոնց մեջ հանդիպում են նաև ջնարակված և գեղազարդված նմուշներ: Վերլուծելով բերդի դիրքն ու կառուցվածքը` Ռ. Մաթևոսյանը հետևություն է անում, որ այն եղել է կայան տիպի ամրոց` ծառայելով որպես ապաստանավայր:
Բերդի մատույցներում գտնվում են մի քանի 100-ի հասնող բնական և կիսաարհեստական անմատչելի ժայռախոռոչներ, որոնք ևս ունեցել են պաշտպանական նշանակություն և հարկ եղած դեպքում պատսպարել են բնակչությանը (Կարապետյան 2022):
🌍 Նշանակությունը
Կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի միջնադարյան պաշտպանական համակարգի տարբեր օղակների ուսումնասիրության համար:
Ավանդազրույցներ Գեղի բերդը հիշատակում է գրող Մուրացանն իր ‹‹Գևորգ Մարզպետունի›› պատմավեպում, ամրոցի մասին ավանդական հիշողությունները դարձնելով գեղարվեստական պատմություն:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն, Աշխ. թարգմ. և ծանոթությունը՝ Գ. Թոսունյանի, Երևան, ԵՊՀ հրատ., 397 էջ:
- Հովսեփյան Գ. 1928, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մասն 1, Վաղարշապատ, 304 էջ:
- Մաթևոսյան Ռ. 1990, Գեղաձորի միջնադարյան ամրոցը, Գիտություն և տեխնիկա, N 10, էջ 44-49:
- Կարապետյան Ս. 2022, «Խոսրովի արգելոց» ուղեցույց, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 128 էջ:
- Материалы по археологии Кавказа, собранные экспедициями Московского археологического общества. Вып. XIII, под ред. П. С. Уваровой и Х. И. Кучук-Иоаннесова, Москва, 1916, 245 с.
🏛️ Հուշարձանների ցանկ
Արարատ 3.98.6.1
📷 Լուսանկարները
Հատակագիծը և կտրվածքը՝ Ս. Կարապետյան, 1980-ական թթ., ՀՃՈՒ հիմնադրամ: