Հովհաննես Կարապետ վանք
Անվանումը` Հովհաննես Կարապետ վանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Արարատի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Հովհաննես Կարապետ վանք
Այլ անվանումներ՝ Սուրբ Կարապետի վանք, Ուրցաձորի Սուրբ Հովհաննես Կարապետ վանք
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Մարզը՝ Արարատ
Համայնքը՝ Լուսաշող համայնք
Բնակավայրը՝ Շաղափ և Լուսաշող
Տեղադրությունը՝ Համալիրը գտնվում է Արարատի մարզում, այժմ լքյալ Ջնջռլու գյուղատեղիից 1կմ հյուսիսարևելք, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում:
Պահպանվածությունը՝ Վերականգնված, գործող
Կոորդինատները՝ 39°33′02″ հս․ լ. 46°01′43″ ավ. ե.
Բարձրությունը՝ ծ.մ. 2000 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ XIV դար
Հովհաննես Սուրբ Կարապետ վանք
Գտնվում է Արարատի մարզում, Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք՝ Ուրծի լեռների փեշին։ Վանքը կառուցվել է XIV դ. սկզբին՝ Օրբելյանների կողմից, որպես տոհմական գերեզմանատուն։ Ժամանակին վանքը համարվել է նաև ուխտատեղի և բուժման կենտրոն:
📜 Պատմական ակնարկ
Պատմական աղբյուրները վանքի մասին գրեթե լռում են։ Միայն Ղ. Ալիշանն է այն թռուցիկ հիշատակում։ Արձանագրությունները վկայում են, որ վանքը կառուցվել է 1301 թ․-ին, իսկ 1593-ին դեռ ծաղկուն է եղել։ 1679-ի երկրաշարժից ավերվել է, իսկ XIX դարի վերջին որոշ ժամանակ վերականգնվել է։ Հ. Եղիազարյանը վանքը մանրամասն ուսումնասիրել է իր 1962 թ․ հոդվածում։
🏗 Ճարտարապետություն
Վանական համալիրը ներառում է՝
❈ Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցի (1301) – գմբեթավոր դահլիճ՝ կառուցված ճարտարապետ Բուտի կողմից, բարձրարվեստ բարավորով ու Աստվածածնի պատկերով՝ Մարիամը՝ մանուկ Հիսուսը գրկին, և հրեշտակներ։
❈ Երկհարկ դամբարան, ժամատուն (XIV դ.)՝ այժմ ավերված, պարսպապատ համալիր (1897)։
❈ Եկեղեցու ներսում պահպանվել է Պռոշյանների տոհմանիշը՝ թևատարած արծիվը խոյը ճանկերում։
❈ Գերեզմանոցում՝ նուրբ զարդաքանդակ խաչքարեր։
❈ Գործել է ջրմուղ՝ կավե խողովակներով։
🌍 Նշանակություն
Վանքը ծառայել է որպես Օրբելյանների ընտանեկան դամբարան և ուխտատեղի։ Վանական համալիրը նաև ընդունել է հիվանդներ՝ որպես ապաստարան և բուժման վայր։ 2015-ին մշակվել է վերականգնման նախագիծ՝ համալիրի ամբողջական ամրացման ու վերակառուցման համար։
🌌 Ավանդազրույցներ
Ըստ ավանդության, Սուրբ Կարապետը համարվել է ոչ միայն սիրահարների խնդրակատար, այլ նաև հիվանդների և կարիքավորների բարեխոս։ Շատերը եկել են այստեղ ուխտի՝ հույսով գտնելու առողջություն, սեր և խաղաղություն։
🔍Ուսումնասիրության պատմությունը
Պատմական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը: Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները XIVդ. սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ 1593թ. կրող մի այլ արձանագրությունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725թ. կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679թ. մեծ երկրաշարժից։ 1896թ. կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897թ. կառուցված վանքի պարիսպը և 1898թ.՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը XIX դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։ Հուշարձանախումբը քիչ թե շատ ուսումնասիրել է Հ. Եղիազարյանը` իր «Հովհաննու Կարապետի վանքը և նրա վիմագիր արձանագրությունները» հոդվածում («Էջմիածին», 1962, N1):
🧱Հնագիտական նկարագրությունը
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արարատի մարզի Լուսաշող գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Մոշաղբյուր գյուղատեղիում, Ուրծի լեռների հյուսիսային փեշին, Վեդի-Լուսաշող ճանապարհի աջ կողմում։
Ճարտարապետությունը
Համաձայն վանքի սակավաթիվ վիմագիր արձանագրություններից մեկի, այն հիմնել են Օրբելյանները XIV դ. սկզբներին` որպես իրենց տոհմի գերեզմանատուն: Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը բաղկացած է Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցուց (1301 թ.), ժամատնից (XIV դ.), երկհարկ դամբարանից, միաբանության շենքերից (1896 թ.), պարսպից (1897 թ.): Սպիտակավոր եկեղեցին, ըստ հարավային պատի վիմագիր արձանագրության, կառուցել է Բուտ ճարտարապետը 1301 թ.` Օրբելյան Տարսայիճ իշխանի որդի Ջալալի կին Գոմցայի պատվերով: Եկեղեցին մեկ զույգ որմնամույթով, խորանի երկու կողմում ուղղանկյուն, երկհարկ ավանդատներով գմբեթավոր դահլիճ է, որի սլացիկ, գլանաձեւ թմբուկով գմբեթը պսակված է հովանոցաձեւ ծածկով: Արևմտյան շքամուտքի բարավորին և նրանից վերև բարձրարվեստ բարձրաքանդակներ են շատ գեղեցիկ և նուրբ մշակված սրբապատկերներով, ուր ծաղկեհյուս-մանրանկար ֆոնի վրա Մարիամ Աստվածածինը բազմած բարձի վրա՝ մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին, իսկ կողքերին մի-մի հրեշտակ. հարավում Գաբրիելն ու Միքայելը՝ կանգած և ձեռքերը տարածած դեպի տիրամայրը։ Դրանցից վերև պատկերված է Ադամը, շուրջը ավետարանիչների կենդանակերպերի նշանները, աջ կողմում մեծ տառերով գրված է ԱԴ։ Բարձրաքանդակների հեղինակը Սարգիս վարդապետ նկարիչն է: Եկեղեցու ներսում ընկած մի մեծ քարի վրա Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակն է` թևատարած արծիվը, խոյը ճանկերում բռնած: Ժամատունը կառուցված է Սբ. Աստվածածին եկեղեցու հարավարևմտյան կողմում: Թվագրվում է XIV դ.: Այն ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է (այժմ` քանդված): Արևմտյան կողմից ժամատանը կից կառուցված է երկհարկ եկեղեցի-դամբարանը: Միաբանության շենքերը կառուցված են վանքի պարսպին կից եւ թվագրվում են 1896թ.: Վանքը շրջափակող ուղղանկյունաձեւ պարիսպը կառուցվել է 1897թ.: Վանքի գերեզմանոցում պահպանվել են նուրբ զարդաքանդակներով խաչքարեր և կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր: Վանական համալիրը ունեցել է նաև իր առանձին ջրմուղը` կավե թրծված խողովակներով, որոնք ձգվում էին մինչև ջրամբար: Հովհաննես Ս. Կարապետ վանական համալիրը դարեր շարունակ կանգուն է եղել, սակայն մի քանի երկրաշարժերի ժամանակ մեծ վնասներ է կրել։ Ժամանակն ու փորձությունները, սակայն, չեն ստվերել սրբավայրի զորությունը: Մեր ժողովրդի հիշողության մեջ բազմաթիվ հրաշագործություններ են պահպանվել վանք այցելող ուխտավորների և նրանց իղձերի կատարման մասին: Այսօր էլ սրբավայրը սիրված ուխտատեղի է բազմաթիվ հայորդիների համար: 2015 թ. պատրաստվել է վանական համալիրի վերակառուցման նախագիծը՝ շինարարության կազմակերպման գլխավոր հատակագծով ու աշխատանքների կատարման ժամանակացույցով։ Նախագծի կարևոր կետերն են՝ Սբ. Աստվածածին եկեղեցու ամրակայումը և նորոգումը, դամբարանի, տապանատան նորոգումը, ամրակայումը և վերականգնումը, նաև վանական կացարանների մասնաշենքերի վերակառուցումը:
🔨 Գտածոներ
Եկեղեցու ներսում ընկած մի մեծ քարի վրա` Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակն է, թևատարած արծիվը` խոյը ճանկերում բռնած:
🌍 Նշանակությունը
Ըստ վանահայրերի տեղեկության, այս վանքային համալիրը կառուցվել է որպես Օրբելյան իշխանական տան տոհմական գերեզմանոց և ծառայել է որպես կարևոր ուխտատեղի հավատացյալների համար: Վանքային համալրում գործել է բորոտների, հիվանդների, ընկնավորների բուժման կենտրոն, որտեղ բուժման են եկել հազարավոր ուխտավորներ:
📜Ավանդազրույցներ
Ըստ ավանդության Սբ. Կարապետը ոչ միայն սիրահարների խնդրակատարն էր, այլև հիվանդներին ապաքինողը, կարիքավորների ապաստան և կերակուր շնորհողը:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան 2002, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ, Երևան, էջ 1040-1041:
- Բարխուդարյան Ս. 1963, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 381 էջ:
- Եղիազարյան Հ. 1962, Հովհաննու Կարապետի վանքը եւ նրա վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», N1, էջ 57-63:
- Մելքոնյան Յ. 2003, Սուրբ Յովհաննու Կարապետի վանքը, Հանդէս Ամսօրեայ, թիվ 1-12, Վիեննա-Երևան, էջ 189-250:
- Г. Овсепян 1913, Потомство Тарсаича и Мина Хатуны “Христианский Восток”, т. 2, в. 2, СПб.
Հուշարձանների ցանկ
Արարատ 3.48.14.1
📷 Լուսանկարներ
- Սբ. Հովհաննես Կարապետ վանքը գարնանը (լուս. Վ. Վասիլյան):
- Սբ. Հովհաննես Կարապետ վանքային համալիրը (լուս. Վ. Վասիլյան):
- Սուրբ Կարապետ վանքի խորաքանդակները՝ Տիրամայրը՝ մանկան հետ (լուս. Վ. Վասիլյան):
- Սբ. Կարապետ վանքի խորաքանդակները՝ Ադամը կամ Քրիստոսը՝ քառակերպի հետ (լուս. Վ. Վասիլյան):
- Եկեղեցու ներսի խորանի արձանագրություններից (լուս. Վ. Վասիլյան):
- Հովհաննես Կարապետի կիսավեր զանգակատունը ներսից (լուս. Վ. Վասիլյան):
- Պռոշյանների տոհմանիշ բարձրաքանդակը (լուս. Վ. Վասիլյան):
- Բարձարաքանդակների ընդհանուր տեսքը՝ եկեղեցու մուտքի դիմաց (լուս. Վ. Վասիլյան):
- Ուխտավորները Սբ. Կարապետին նվիրված տոնին (լուս. Վ. Վասիլյան):
- Մոմավառություն ուխտավորիների կողմից (լուս. Վ. Վասիլյան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։