Հովհաննավանք
Անվանումը` Հովհաննավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Հովհաննավանք
Այլ անվանումներ՝ Օհանավանք, Հովհաննու Ս. Կարապետ, Սյուղի վանք, Սովի վանք
Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր
Մարզը՝ Արագածոտն
Համայնքը՝ Աշտարակ
Բնակավայրը՝ Գ. Օհանավան
Տեղադրությունը՝ Օհանավանի հարավարևելյան մասում, Քասաղի ձորի աջ պռնկին։
Պահպանվածությունը` Կանգուն, կիսավեր
Կոորդինատները` 40°20´22˝N 44°23´19˝E
Բարձրությունը՝ ծ.մ. 1332 մ
Դարաշրջանը և թվագրությունը՝ IV-XVIII դդ., վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար։
Հովհաննավանք. Դարերի փոթորիկներին դիմակայած վեհությունը
Արագածոտնի մարզի ամենատպավորիչ անկյուններից մեկում՝ Քասաղ գետի հիասքանչ կիրճի աջ եզրին, ծովի մակարդակից 1332 մետր բարձրության վրա, վեր է խոյանում միջնադարյան Հայաստանի հոգևոր ու մշակութային կարևորագույն կենտրոններից մեկը՝ Հովհաննավանքը (հայտնի նաև որպես Սովի վանք)։ Օհանավան գյուղի հարավ-արևելյան մասում գտնվող այս վանական համալիրը, որի պատմությունն ընդգրկում է 4-րդից մինչև 18-րդ դարերը, կատարյալ վայր է պատմության շունչը զգալու և բնության հզոր տեսարաններով հիանալու համար:
📐 Ճարտարապետական կառուցվածքը և գիտական արժեքը
Հովհաննավանքը հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշ է, որտեղ յուրաքանչյուր քար ունի իր պատմական ու կառուցվածքային արժեքը.
- Հնագույն հիմքերը (4-5-րդ դարեր). Վանքի հիմնադրումը կապվում է Գրիգոր Լուսավորչի անվան հետ (4-րդ դար)։ Համալիրի հնագույն կառույցը միանավ բազիլիկ եկեղեցին է, որն ի սկզբանե եղել է փայտաշեն, սակայն հաջորդող դարերում վերակառուցվել է քարով։ Դրա կորիզը թվագրվում է 5-6-րդ դարերին:
- Սուրբ Կարապետ Կաթողիկե եկեղեցի (1216-1221 թթ.). Կառուցվել է Վաչե Վաչուտյան իշխանի կողմից։ Այն արտաքուստ ուղղանկյուն, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր հորինվածք ունի՝ երկհարկանի ավանդատներով։ Ցավոք, 1918 թվականի երկրաշարժից եկեղեցու գմբեթը կործանվել է, սակայն արևելյան և հարավային պատերի բարդ քանդակներն ու մեդալիոնները պահպանել են իրենց շքեղությունը:
- «Իմաստուն և հիմար կույսերի» պատկերագրությունը. Կաթողիկե եկեղեցու շքամուտքի բարավորին առկա է հայկական քանդակագործության գլուխգործոցներից մեկը՝ ավետարանական հայտնի առակի պատկերումը, ինչը հազվադեպ հանդիպող ու բարձրարժեք գիտական-պատկերագրական նմուշ է:
- Հսկայական գավիթը (1250 թ.). Համալիրի կենտրոնական մասում վեր է խոյանում Քուրդ Վաչուտյանի կառուցած չորս սյուներով մեծ գավիթը, որի կենտրոնում գտնվում է բազմասյուն ռոտոնդան (երդիկը): Գավիթն աչքի է ընկնում հարուստ ներքին հարդարանքով, իսկ առաստաղին պատկերված է Քրիստոսի հարթաքանդակը:
🧐 Հետաքրքիր փաստեր զբոսաշրջիկների համար
❈ Ինչո՞ւ «Սովի վանք». Ավանդության համաձայն՝ Հայաստանում տեղի ունեցած մեծ սովի տարիներին վանքի միաբանությունն իր ամբարներից կերակրել է ժողովրդին, ինչի պատճառով ստացել է այս ժողովրդական անունը:
❈ Գիտության և կրթության կենտրոն. Վաչուտյան իշխանների հովանավորությամբ վանքում գործել է հարուստ գրադարան (մատենադարան) և դպրոց: 17-րդ դարում՝ Զաքարիա Վաղարշապատցու առաջնորդության տարիներին, այս դպրոցը համարվում էր Արարատյան նահանգի բարձրագույն կրթական օջախներից մեկը:
❈ 1679 թվականի աղետը. Արարատյան դաշտի աղետալի երկրաշարժը հարվածեց նաև Հովհաննավանքին՝ պատճառելով մեծ ավերածություններ, ինչից հետո վանքն աստիճանաբար սկսեց անկում ապրել և դատարկվեց 19-րդ դարի սկզբին:
❈ Վերականգնումը. Վանքի փրկության աշխատանքները սկսվել են դեռ խորհրդային տարիներին (գավիթը վերանորոգվել է 1938 թ.), իսկ 1990-ականներին ճարտարապետ Հ. Գասպարյանի նախագծով հիմնովին վերականգնվել է Սուրբ Կարապետ Կաթողիկե եկեղեցին՝ վերադարձնելով համալիրին իր նախկին վեհությունը:
Այսօր Հովհաննավանքը ոչ միայն հոգևոր սրբատեղի է, այլև զբոսաշրջային հանրահայտ ուղղություն, որտեղից բացվում է Քասաղի կիրճի հիասքանչ ու շունչ կտրող համանապատկերը:
🔍Ուսումնասիրության պատմությունը
Զաքարիա Քանաքեռցի (պատմիչ XVII դ.), Հ. Շահխաթունեանց (տեղագիր, XIX դ. կես), Կ.Գ. Ղաֆադարյան (հնագետ-պատմաբան, XX դ. առաջին կես), Հ. Խալփախչյան (ճարտարապետ, XX դ. վերջին քառորդ), Ա. Ժամկոչյան, Ն. Հակոբյան (հնագետներ, 2015 թ.):
🧱Հնագիտական նկարագրությունը
Շերտագրություն
Վանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգևոր կենտրոններից է, որը եղել է Արագածոտն գավառի թեմի կենտրոնը: Վանքի գլխավոր շինությունները կառուցվել են XIII դարում՝ Գրիգոր Լուսավորչի կողմից այստեղ հիմնված մենաստանի տեղում, որից կիսավեր մնացել է վաղմիջնադարյան բազիլիկ եկեղեցին, նաև VII դ. թվագրվող հուշասյունը: Ըստ ավանդության՝ այստեղ ամփոփված են Հովհաննես Մկրտչի մասունքները:
Հովհաննավանքի ծաղկման շրջանը կապված է Վաչուտյան իշխանական տան հետ, որոնց օրոք կառուցվում են Ս. Կարապետ կաթողիկե եկեղեցին, գավիթը, վանքի մյուս շինությունները, այն շրջապատվում է պարսպով, ընդարձակվում է միաբանությունը, հիմնվում դպրոց և գրադարան:
Վանքի ծաղկման հաջորդ փուլը XVII դարն է և կապվում է Զաքարիա Վաղարշապատցու անվան հետ, որը վանահայր է նշանակվում 1637 թ.: Նրա ջանքերով վերանորոգվում են եկեղեցիները, կառուցվում շրջապարսպին կից վանախցերը, տնտեսական բնույթի այլ կառույցներ: Նա կարգավորում է վանքի գրադարանը, մեծացնում դպրոցը, որը Էջմիածնի ժառանգավորաց դպրոց էր` ամենաբարձրը Արարատյան նահանգում:
Վանքի կառույցները փլվում են 1679 թ. երկրաշարժի հետևանքով, որից հետո աստիճանաբար վանքն անկում է ապրում և, վերջնականապես, ամայանում XIX դ. սկզբին:
1938 թ.՝ հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից վերանորոգվել է գավիթը, իսկ 1990-ական թթ.՝ Ս. Կարապետ կաթողիկեն (ճարտ. Հ. Գասպարյան):
Ճարտարապետություն
Համալիրը բաղկացած է վաղմիջնադարյան միանավ բազիլիկից, նրան հարավից կից Ս. Կարապետ գլխավոր եկեղեցուց, ընդարձակ գավթից և նրա ու բազիլիկ եկեղեցու միջև անկանոն հատակագծով կցակառույցից (տապանատուն): Համալիրը շրջապատված է պարսպով: Վանքում գործել է հյուրատուն, առաջնորդարան, բարձր տիպի դպրոց:
Միանավ բազիլիկ եկեղեցին, որ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնվել է IV դարում, նախապես փայտածածկ է եղել: Բազմիցս նորոգված այժմյան պահպանված կառուցվածքը վերաբերում է V դ. կես/VI դ. սկզբին: Վերանորոգություններ կատարվել են 1652 և 1734 թթ.: Նախնական մուտքը նորոգումների արդյունքում մնացել է հարավային կրկնապատի մեջ, իսկ նոր՝ հարավարևմտյան մուտքը գավթի միջից բացվել է կաթողիկեի կառուցումից հետո: Բազիլիկ եկեղեցուն հարավակողմում կից է եղել փայտածածկ գավիթ, որը քանդվել է XIII դ. սկզբին կաթողիկեի շինարարության ժամանակ: Բազիլիկ եկեղեցու արևելյան ճակատին XIII դարում ներդրվել է Վաչուտյանների տոհմանշանը ներկայացնող քանդակը:
Ս. Կարապետ կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1216-1221 թթ. ընթացքում՝ Վաչե Վաչուտյանի կողմից: Կից է բազիլիկ եկեղեցուն հարավից: Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հորինվածք է՝ չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով, ընդ որում արևմտյան կողմի ավանդատների երկրորդ հարկը տանում են քարե կոնսոլ աստիճանները: Գմբեթատակ քառակուսուց անցումը բազմանիստ թմբուկին իրականացված է առագաստների միջոցով (գմբեթը կործանվել է 1918 թ.): Արևելյան և հարավային պատերն արտաքուստ ընդգծված են եռանկյուն զույգ խորշերի միջև վրացական ճարտարապետությունից որդեգրած զարդատարրերով: Կաթողիկեի մուտքը, որը բացվում է գավթի մեջ, ունի շքեղ հարդարանք: Պարակալը գեղազարդված է հյուսկեն բուսազարդերով ութանկյուն մեդալիոնների շարով, որոնց միջև ընկած դաշտերը լցված են մանրաքանդակներով: Ճակատակալի՝ ամբողջությամբ բուսազարդ ետնախորքի վրա քանդակված է ավետարանական «Իմաստուն և հիմար կույսերի» առակի յուրօրինակ պատկերագրություն, որտեղ աղջիկների փոխարեն ներկայացված են նորամորուս երիտասարդ միաբանները:
Գավիթը արևմտյան կողմից կից է կաթողիկեին և բազիլիկ եկեղեցուն: Կառուցումն ավարտվել է 1250 թ.՝ Քուրդ Վաչուտյանի կողմից: Այն քառասյուն կենտրոնակազմ մեծ դահլիճ է, որի կենտրոնական բացվածքը պսակված է սյունազարդ ռոտոնդայով: Գավիթն աչքի է ընկնում հարուստ ներքին հարդարանքով: Առաստաղի սալաքարերից մեկին պատկերված է Քրիստոսի դիմաքանդակը: Արտաքուստ գավթի արևմտյան ճակատը աշխուժացնում են որմնասյուներն իրար միացնող եռակամար և հնգակամար որմնաղեղների շարերը: Մուտքի շրջանակը զարդարված է շեղանկյուններով ձևավորված խաչերի քանդակներով: Մուտքից վերև միջնասյուն ունեցող լայն լուսամուտն է, որի շրջանակը հարդարված է զարդաքարերով:
Վանքը երեք կողմից շրջապատված է պարսպով, որոնք ուժեղացված են կիսակլոր և ուղղանկյուն աշտարակներով: Կամարակապ մուտքը արևմտյան կողմում է: 2015 թ. պեղումներով բացվել են պարսպին կից վանախցերը, իսկ բազիլիկ եկեղեցու հյուսիսային կողմում հնձանահորեր և գինու կարասներ: Պարիսպը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի կինը՝ Նանան (Վանենի), XII դ. վերջին և հիմնանորոգվել է XVII դ.՝ Զաքարիա Վաղարշապատցու ջանքերով:
🔨Գտածոներ
Խաչքարերի ու ճարտարապետական մանրամասների բեկորներ, խեցեղեն
🌍Նշանակությունը
Զարգացած և ուշ միջնադարում եղել է Անբերդի գավառի եպիսկոպոսական թեմի կենտրոնը:
📜 Ավանդազրույցներ
Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը բարեպաշտ Տրդատ թագավորի հետ՝ այստեղ ամփոփելով Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները: Զ. Քանաքեռցին, որ լսել է Ա. Դավրիժեցուց, հայտնում է. «Երբ Ս. Լուսավորիչն այս շինեց, Սյուղոս անունով մի վերակացու նշանակեց, և նրա անունով կոչվեց Սյուղի վանք, իսկ թարգմանիչների օրերում Ղ. Փարպեցին էր առաջնորդ և գրում էր իր պատմությունը: Հովան անունով մեկին նշանակեց տեսուչ, ուստի կոչվեց Հովանավանք: Մեծ Ներսեսի օրերում բորոտներ ու քոսոտներ, որոնք սովից հյուծվել էին, հավաքվեցին այնտեղ, անվանվեց Սովի վանք»:
📚Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Առաքել Դավրիժեցի 1988, Պատմություն (թարգմ. և ծանոթ.՝ Վ. Առաքելյանի), Երևան, «Սովետական գրող», 592 էջ:
- Զաքարիա Քանաքեռցի 2013, Պատմագրություն (թարգմ. և ծանոթ.՝ Վ. Առաքելյանի), Երևան, «Հայաստան», 272 էջ:
- Ժամկոչյան Ա., Հակոբյան Ն. 2016, Հովհաննավանքի արևմտյան պարսպապատի պեղումների արդյունքները, Էջմիածին, Բ, 110-126:
- Ղաֆադարյան Կ. 1948, Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Երևան, «ՀՍՍՌ ԳԱ հրատ.», 123 էջ:
Հուշարձանների ցանկ
2.112/17
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։