Հառիճավանք
Անվանումը` Հառիճավանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Հառիճավանք
Այլ անվանում` Հառիճի վանական համալիր
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Մարզը` Շիրակ
Համայնքը` Արթիկ
Բնակավայրը` Գյուղ Հառիճ
Տեղադրությունը` Գտնվում է Հառիճ գյուղի հարավային մասում` երկու ձորակներով գոյացող հրվանդանի վրա:
Պահպանվածությունը` Վանական համալիրի կառույցները գրեթե ամբողջությամբ պահպանված են: Վերակառուցման աշխատանքներ իրականացվել են ինչպես միջնադարում, այնպես և հետագայում: Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Հառիճավանքն ավերվել է XI դ. սելջուկյան արշավանքների ժամանակ և նորոգվել XII դ. Գրիգոր առաջնորդի կողմից: Նման աշխատանքներ է կատարել նաև 1850 թ. Գյումրիում ստեղծված «Հառիճի» ընկերությունը: 1850-1881թթ. հուշարձանախմբից հյուսիս` ավերված պարսպի տեղում կառուցվել է ուսումնարան, մառան-խոհանոց, ննջարան, սեղանատուն և տնտեսական շինություն: Հետագայում ուսումնարանի շենքի վրա ավելացվել է 2-րդ հարկ` որպես վեհարան, իսկ տնտեսական շինության վրա` ժառանգավորաց դպրոցը: 1883-1884թթ. կառուցվել է համալիրի 2-րդ կամարակապ դարպասը` կից կրկնահարկ շինությամբ: 1995-1999 թթ. ընթացքում մասնակիորեն վերանորոգվել է արգենտինահայ բարերար Էդուարդո Սեֆերյանի միջոցներով: 2005-2006 թթ. այստեղ կատարվել են նաև վերանորոգման աշխատանքներ Դավիթ Վարաքյանի նախաձեռնությամբ: Հառիճավանքն այժմ գործող է, ուր 2010 թ. վերանորոգման աշխատանքներ են կատարվում Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հովանավորությամբ:
Բարձրությունը` ծ.մ.1990 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Վանական համալիրը թվագրվում է վաղ և զարգացած միջնադարով` VII-XIII դդ.: XIX դ. կառուցվել է երկհարկ զանգակատունը:
Ուսումնասիրության պատմությունը
Վանքի մասին ուսումնասիրությունները մեծամասամբ անդրադարձ են ճարտարապետական կառույցներին (Թ. Թորամանյան, Հ.Խալպախչյան, Ա. Ջալալյան,): 1980-ական թվականներին հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը վերականգնման աշխատանքներ է իրականացրել վանքի տարածքում: Աշխատանքներին զուգահեռ տարածքի տարբեր հատվածներում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից պեղումներ են իրականացվել մոտ 800 քառ. մետր տարածքում (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.թ. Ֆ. Բաբայան): Պեղումների շնորհիվ բացվել են բնակելի, տնտեսական, արտադրական նշանակության տարբեր կառույցներ:
Հնագիտական նկարագրությունը
Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, գավիթներից, մառուռներից, գրատուն-դպրատնից, քաղացիական բնույթի շինություններից (սեղանատուն, վեհարան, դպրոց, բուժարան և այլն):
Հուշարձանախումբը նախկինում շրջապատող պարսպից այժմ պահպանվել է մի փոքր հատված: Վանքից հյուսիս-արևելք փռված է գյուղի հին գերեզմանոցը, որտեղ գտնվում են բազմաթիվ հին տապանաքարեր և Ս. Հարություն եկեղեցու ավերակները:
Ճարտարապետություն
Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի հնագույն կառույցներից է, թվագրվում է VIIդ.: Ըստ հորինվածքի պատկանում է կենտրոնագմբեթ-խաչաձև եկեղեցիների տիպին: Հարավ-արևելյան ավանդատունը կցվել է Xդ., իսկ հարավ-արևմտյան ավանդատունը` XIIIդ.: XIXդ. արևմտյան մուտքի առաջ կառուցվել է զանգակատունը: Դպրատուն-գրատունը գտնվում է Ս.Գրիգոր եկեղեցու հարավարևելյան կողմում: Պահպանվել է դպրատան քառասյուն գավիթների տիպի կառույցի հյուսիսարևմտյան փոքր հատվածը: Եղել է գրչության ու մանրանկարչության կենտրոն: Այստեղ գրվել և ծաղկվել են մի շարք ձեռագրեր, որոնցից առավել հայտնի են 1209 և 1212 թթ. երկու ձեռագրերը: Դրանցից առաջինը կազմել և ծաղկել է գրիչ Մարգարեն:
Ս. Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի ինքնատիպ հուշարձանն է: 1201թ. կառուցել են Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները, երբ Հառիճը գնելով Պահլավունիներից, այն վերածել են վանք-ամրոցի: Այն գմբեթավոր դահլիճ կոչված եկեղեցիների տիպին է պատկանում` որոշ առանձնահատուկ գծերով: Չորս անկյուններում կան ավանդատներ, որոնցից արևմտյանները կրկնահարկ են: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունն ունի շեշտված դեկորատիվություն: Հատկապես աչքի է ընկնում արևելյան ճակատը, որտեղ կենտրոնական լուսամուտի վերևում զետեղված է Զաքարյան եղբայրների կտիտորական բարձրաքանդակը` ձեռքներին եկեղեցու մանրակերտը, որն այժմ բացակայում է: Հարդարանքի մասն են կազմում հարավային պատի արևի ժամացույցը, զարդանախշ վարդյակները, քանդակազարդ քիվերը, արևմտյան ճակտոնի գագաթը պսակող եկեղեցու ճշգրիտ մանրակերտը: XIIIդ. առաջին քառորդում Վահրամ Հեճուպ իշխանի, վանքի առաջնորդներ Տեր Հովհաննեսի և Համազասպի ջանքերով եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է քառասյուն գավիթը: Դարաշրջանին բնորոշ այս հուշարձանի մեջ ուշագրավ են առաստաղի հորինվածքները և շքամուտքը` իր աստղաձև, ռոմբերով և հնգակողմ քանդակազարդ քարերից կազմավորված մոզայիկ բարավորով:
«Ճգնավորի մատուռը» գտնվում է համալիրի հարավարևմտյան մասում, ձորակի եզրին: Ժայռազանգվածի հետ միասին անջատվել է տարածքից և թեքվել դեպի ձորը: Ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ կտուր, որի միակ մուտքը հյուսիսից է: Կառուցման ժամանակն անհայտ է:
🔨 Գտածոներ
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են խեցեղեն անոթների թրծման հնոցներ, որոնք փորված են ժայռի մեջ, իսկ շինարարական կիր ստանալու համար նախատեսված երկու կառույցները շարված են գետաքարերով:
Վանքի արևմտյան կողմում բացվել են ճգնավորների համար կառուցված ժայռափոր շինություններ: Հայտնաբերվել են բազմաթիվ խեցեղեն, մետաղե գտածոներ:
Նշանակությունը
Հայաստանի նշանավոր վանական համալիրներից է, որտեղ կատարված հնագիտական պեղումները փաստեցին, որ այս տարածքը հեթանոսական շրջանում ևս կարևոր նշանակություն է ունեցել, որի մշակույթի հենքի վրա ստեղծվել է նորը` քրիստոնեականը:
📜 Ավանդազրույցներ
Սելջուկների արշավանքի ժամանակ (11-րդ դարի կեսեր) եկեղեցում բազմաթիվ մարդիկ են մտել և անհետ կորել։ Սելջուկներն այդ հրաշքը բացատրում էին, որ մարդիկ հոգու զորությամբ եկեղեցում վերածվել են աղավնիների և թռել գնացել։ Սակայն եկեղեցում կար մի գաղտնարան, որով հայ փախստականները կարողացել են իջնել ձորը։ Եկեղեցի մտնելով սելջուկները մարդ չգտնելով կատաղել են և որոշել են եկեղեցին հողին հավասարեցնել։ Նրանք ձիերի օգնությամբ քաշել պոկել են զանգակատունն իր վրա պահող 4 սյուները, սակայն եկեղեցին չի փլվել։ Նման հրաշքից վախենալով սելջուկներն այլևս չեն փորձել քանդել կառույցը։
Մեկ այլ ավանդության համաձայն իշխանական օրիորդներից մեկը սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցած մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին, ժայռը երկու մասին է բաժանվել և նման հրաշքից վախեցած սելջուկները փախել են և օրիորդը փրկվել է։
Սկզբնաղբյուրները
- Ֆ. Բաբայան 2003, Հառիճի վանական համալիրը` իբրև պատմահնագիտական հուշարձան, ‹‹Հայաստանի հնագույն մշակույթը››, N3, Տելեմակ Խաչատրյանի 70-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, ‹‹Մուղնի››, Երևան, էջ 135-144:
- Ֆ. Բաբայան 1984, Միջնադարյան նորահայտ նյութեր Հառիճի պեղումներից, Լրաբեր հասարակական գիտությունների, N11, էջ 90-98:
- Դիվան հայ վիմագրության 2017, Շիրակի մարզ, պրակ X, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, ‹‹Գիտություն››, 212 էջ:
- Ա. Ջալալյան 1986, Հառիճի հուշարձանախումբը (ճարտարապետական սրբագրումներ), Լրաբեր հասարակական գիտությունների, N2, էջ 81-93:
- О. Халпахчьян 1973, Архитектурный ансамбль Армении X-XIII веков, Москва, ‹‹Искусство››, 89 с.
Հուշարձանների ցանկ
Շիրակ 7.63.18.3
🕰️ Արխիվ
Հնագետ Ֆ. Բաբայանի արխիվ
📷 Լուսանկարներ
- Վանքի գլխավոր հատակագիծը (Ֆ. Բաբայանի արխիվ):
- Հառիճավանքը հարավից 1890թ. (Ֆ. Բաբայանի արխիվ):
- Հառիճավանքը հարավ-արևմուտքից 1890թ. (Ֆ. Բաբայանի արխիվ):
- Հառիճավանքը հյուսիս-արևմուտքից (լուս. Դ. Միրիջանյան):
- Զաքարյան եղբայրների կտիտորական բարձրաքանդակը եկեղեցու արևելյան ճակատին (լուս. Դ. Միրիջանյան):
- Եկեղեցու հարավային պատի արևի ժամացույցը (լուս. Դ. Միրիջանյան):
- Ս. Աստվածածին եկեղեցու գավիթի շքամուտքը (լուս. Դ. Միրիջանյան):
- ‹‹Ճգնավորի մատուռը›› (լուս. Դ. Միրիջանյան):
- Պեղումներով բացված միջնադարյան հորը (Ֆ. Բաբայանի արխիվ):
- Պեղումների ընթացքում հայտնաբերված խեցեղեն անոթները (Ֆ. Բաբայանի արխիվ):
- Պեղումների ընթացքում հայտնաբերված հայերեն արձանագիր գտածոները (Ֆ. Բաբայանի արխիվ):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։