Գոշավանք
Goshavank Monastery Complex
Goshavank Monastery Complex

Գոշավանքի վանական համալիր

Անվանումը՝ Գոշավանքի վանական համալիր

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Տավուշի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Գոշավանքի վանական համալիր


Այլ անվանում՝
Նոր Գետիկի վանք

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր

Մարզը՝ Տավուշի մարզ

Համայնքը՝ Դիլիջան համայնք

Բնակավայրը՝ Գյուղ Գոշ

Տեղադրությունը՝ Գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջանից 15 կմ դեպի արևելք:

Պահպանվածությունը՝ Վանական համալիրի հիմնական կառույցները վերանորոգման աշխատանքների արդյունքում գրեթե ամբողջությամբ պահպանված են:

Բարձրությունը՝ ծ.մ. 1230 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանական համալիրը թվագրվում է զարգացած միջնադարով` XII-XIIIդդ.:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Պատմիչ Կիրակոս Գանձակեցին մանրամասն անդրադառնում է, թե ինչպես է վանքը  հիմնադրվել միջնադարի նշանավոր առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից՝ Հին Գետիկի վանքի տեղում, որը հիմնահատակ ավերվել էր 1186 թ.  երկրաշարժից: Սկզբնապես կոչվել է Նոր Գետիկի վանք, ապա հիմնադրի մահից հետո ստացել է Գոշավանք անվանումը: Հուշարձանը 1974թ. դարձել է արգելոց, իսկ 2003 թ. գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի մասնաճյուղ: Հուշարձանախումբը նորոգվել է 1950-1960-ական թթ. (հեղինակ` Հ. Գասպարյան, Յու. Թամանյան), ապա 2014-2017թթ. (ճարտ. Մ. Դանիելյան): ՀՀ կառավարության 2001թ. որոշմամբ այն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Գոշավանքի ճարտարապետական համալիրի մասը կազմող հուշարձանները բաժանված են երկու խմբի: Ձորակի հյուսիսային լանջին  տեղավորված է հիմնական խումբը՝ բաղկացած Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Գրիգոր եկեղեցիներից, գավիթից, գրատուն–զանգակատնից, մատուռներից, խաչքարերից: Այս խմբից հարավարևելք՝ ձորակի հանդիպակաց լանջին, իրարից փոքր-ինչ վեր տեղավորված են Ս. Հռիփսիմե երկխորան եկեղեցին և մի կառույց, որը համարվում է Մխիթար Գոշի դամբարանը:

Ճարտարապետություն
Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության նշանավոր կենտրոններից մեկը: Այստեղ գործող վարդապետարանում ուսուցանել են նաև իրավագիտություն ու պատմագիտություն, փիլիսոփայություն, ինչպես նաև արվեստներ (ճարտասանություն, մանրանկարչություն, երաժշտություն, գրչարվեստ): Այստեղ ուսանած հոգևոր գործիչները (Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին և այլք), շարունակելով իրենց դպրոցի ավանդույթները, այնուհետև իրենք են այլ տեղերում ստեղծել հոգևոր դպրոցներ: Ս. Աստվածածին  եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է 1191-1196 թթ.՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով: Մուտքերից գլխավորը գավիթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Եկեղեցու պատերին կան բազմաթիվ արձանագրություններ, որոնց մեծ մասը փորագրված է, իսկ փոքր մասը կարմիր ներկով գրված է ծեփի վրա: Գավիթը արևմտյան կողմում է, կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203 թթ.՝ աջակցությամբ  Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների: Պատկանում է քառասյուն ժամատուն-գավիթների  տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար բացի չորս սյուներից հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են: Ս. Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1241թ. գլխավորի հարավային կողմում, նույնատիպ է, ավելի փոքր չափերի: Ս. Լուսավորիչը Գոշավանքի երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241 թթ.՝ գավիթի հարավային պատին կից՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով: Այս գողտրիկ եկեղեցին իր ժամանակներում քիչ հանդիպող միանավ բազիլիկ տիպի է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով: Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը (խաչքարերից մեկը 1936թ. փոխադրվել է Հայաստանի պատմության թանգարան) հայկական խաչքարագործության լավագույն նմուշներից են: Կերտվել են մեծատաղանդ Պողոս քարգործ-վարպետի կողմից 1291 թ.: Գրատուն-զանգակատունը կրկնահարկ կառույց է, ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան: Շինության գրատունը կառուցվել է 1241 թ., զանգակատունը՝ 1291 թ.: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց  ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատուն-զանգակատան շենքի հյուսիսարևմտյան կողմում  է տեղադրված մի շինություն, որից պահպանվել են միայն պատերը, որը ենթադրաբար եղել է վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը:

🔨 Գտածոներ

Ուսումնասիրությունների ընթացքում վանքի տարածքից և շրջակայքից հայտնաբերվել են բազմաթիվ վիմագրեր, խաչքարերի բեկորներ:

🌍 Նշանակությունը

Գրատուն-զանգատունը միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտան) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար:

📜 Ավանդազրույցներ

Գոշ անվան հետ կապված մի ավանդազրույց կա, համաձայն որի Մխիթար Գոշը երազում տեսնում է Աստծուն, ով զգուշացնում է նրան, որ յոթ տարի շարունակ արգասաբեր տարիներ են լինելու, որոնց հաջորդելու է երաշտի շրջանը: Աստված խորհուրդ է տալիս Գոշին եկեղեցիներում ամբարներ կառուցել և դրանք լցնել հացահատիկով: Երբ սկսվում է երաշտի տարին, Մխիթար Գոշը վերցնում է մի մեծ զամբյուղ՝ «գուշ», լցնում է հացահատիկով և բաժանում մարդկանց: Ահա թե ինչու է հայ մեծ առակագիրը ստացել Գոշ անունը:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Կիրակոս Գանձակեցի 1961, Պատմություն Հայոց, աշխատասիրությամբ Կ. Մելիք Օհանջանյանի, Երևան, ՀՍՍՌ ԳԱ, 427 էջ:
  2. Դիվան հայ վիմագրության 1977, Իջևանի շրջան, պրակ 6, կազմեցին Ս. Ավագյան, Հ. Ջանփոլադյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 223 էջ:
  3. Խորհրդային Հայաստանի պատմական հուշարձանները 1937, Դիլիջանի շրջան, Երևան, Պետհամալսարանի տպարան, 38 էջ:
  4. Վ. Հարությունյան 1992, Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, «Լույս», 540էջ:
  5. О. Халпахчьян 1971, Гражданское зодчество Армении, Москва, Изд. Литературы по строительству, 245с.

🕰️ Արխիվ

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ:

Հուշարձանների ցանկ
Տավուշ 10.13.6.3

📷 Լուսանկարները

  1. Վանական համալիրի գլխավոր հանույթը ( Халпахчьян 1971,39):
  2. Վանքի գլխավոր հատակագիծը և կտրվածքը (Հարությունյան 1992, 325):
  3. Գոշավանքը XXդ. առաջին կեսին (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
  4. Ս. Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատը XXդ. առաջին կեսին (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
  5. Գոշավանքը 1970-1980-ական թթ. (Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության արխիվ):
  6. Վանական համալիրը հյուսիս-արևելքից (լուս. Դ. Միրիջանյան):
  7. Վանական համալիրը հարավ-արևելքից (լուս. Դ. Միրիջանյան):
  8. Ս. Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատը (լուս. Դ. Միրիջանյան):
  9. Պողոս քարգործ-վարպետի կողմից կերտված խաչքարը (լուս. Դ. Միրիջանյան):
  10. Ս. Գրիգոր եկեղեցին (լուս. Դ. Միրիջանյան):
  11. Գրատուն-զանգակատան կրկնահարկ կառույցը (լուս. Դ. Միրիջանյան):
  12. Վանքի միաբանության սեղանատունը կամ դպրոցը (լուս. Դ. Միրիջանյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ