Գնդեվանք
Անվանումը` Գնդեվանք
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Շրջան` Վայոց ձորի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Գնդեվանք
Անվանումը այլ` Գնդեվանքի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի
Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր
Մարզը` Վայոց ձոր
Համայնքը` Ջերմուկ
Բնակավայրը` գ. Գնդեվազ
Տեղադրությունը` գյուղից մոտ 1 կմ արևմուտք, Արփա գետի կիրճի ձախ ափին, Վայք – Ջերմուկ հին ճանապարհի աջ կողմում
Պահպանվածությունը` Մասամբ վերականգնված
Կոորդինատները՝ 39°45’31.5″N 45°36’39.7″E
Բարձրությունը՝ 1567 մ
Դարաշրջան և ժամանակագրություն՝ X-XVII դարեր, գործել է բարձր միջնադարից մինչև XIX դարի վերջը
🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հուշարձանն առաջին անգամ նկարագրել են XIX-XX դդ. տեղագիրները (Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Եր. Լալայան, Հ. Եղիազարյան): Ճարտարապետությունն ուսումնասիրել են Ս. Մնացականյանը, Մ. Հասրաթյանը, որմնանկարները՝ Լ. Դուռնովոն, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Տեղադրված է Արփա գետի ձախ կողմում խորը ձորի մեջ, ժայռերով շրջապատված թեքադիր հարթության վրա:
Շերտագրություն
Ըստ XIII դ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ վանքը կառուցել է 936 թ. Սյունյաց գահերեց իշխան Սմբատի կին Սոփիան՝ անվանելով Գնդեվանք. «Վայոց ձորն անակ մատանի էր, շինեցի սա և որպես ակ դրեցի վրան»: Նա հիմնադրում է Գնդեվազ գյուղն ու Ատչար գյուղի հետ նվիրում վանքին, ինչպես նաև պատվիրում ողջ ձորում այգիներ տնկել: Վանահայր է նշանակում ձորում ճգնող մենակյացներից Սուփան Գնդունուն: X դ. վերջում վանքի առաջնորդ Քրիստափորը կառուցում է գավիթը, որն այդ տիպի թվագրված վաղ կառույցն է: 1008 թ. վանահայր Սարգիսը մեծ ջանքերով ու ծախսով մերձակա այգիները ոռոգելու համար Ձկնարած գետից ջրանցք է բերում, որը գործում է առ այսօր: Ըստ պահպանված վիմագրերի՝ եկեղեցին ու գավիթը նորոգվել են 1309 թ. Գրիգորի և 1691 թ.՝ Պետրոս վարդապետի կողմից: Հավանաբար XIII-XIV դդ. վանքը շրջապատվում է պարսպով: XVII դ. միաբանությունն ընդարձակվում է, կառուցվում են բնակելի ու տնտեսական շենքերը: Վանքը լքվում և ամայանում է XVIII-XIX դդ. ընթացքում: 1875 թ. վանքի միակ բնակիչ Հովհաննես վարդապետ Տեր-Հարությունյանցը այգեգործական աշխատանքների ժամանակ տնտեսական հորից հայտնաբերում է 1691 թ. եկեղեցական սպասքի հավաքածու, որի ճակատագիրն անհայտ է և, բարեբախտաբար, մեզ է հասել Քաջբերունու նկարագրությունների շնորհիվ: 1968-1971 թթ. իրականացվել են վանական կառույցների նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: 1981 թ. տարածքի մաքրման ընթացքում թաքստոց-հորից հայտնաբերվել է Գնդեվանքի երկրորդ «գանձը»՝ բաղկացած եկեղեցական մետաղե սպասքից ու ճենապակե գավաթներից, որոնք այժմ պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատ¬մական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահոցում:
Ճարտարապետություն
Բաղկացած է պարսպափակ բակի կենտրոնում X դ. կառուցված Ստեփանոս Նախավկա եկեղեցուց և նրան արևմուտքից կից գավթից, ինչպես նաև պարսպին կից բնակելի և տնտեսական շենքերից, սեղանատնից: Բակում կան XIII-XVII դդ. խաչքարեր և քանդակազարդ տապանաքարեր:
Ստեփանոս Նախավկա եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված քառաբսիդ, խաչաձև գմբեթավոր հատակագծով շենք է՝ արևելյան կողմում երկու ավանդատներով: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան խաչաթևերում: Արտաքուստ բոլոր ճակատներն ունեն եռանկյունաձև զույգ խորշեր, որոնց գմբեթարդներում տեղավորված են մարդկու գլխաքանդակներ: Գմբեթատակ հիմքից անցումը դեպի 16-անիստ թմբուկն իրականացված է չորս առագաստների միջոցով, որոնց վրա քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները: Ներքուստ Ավագ խորանն ու որմնամույթերը ծածկված են եղել Եղիշա երեցի ձեռքով նկարված որմնապատկերներով, որոնցից պատառիկներ են պահպանվել:
Գավիթը կառուցվել է 999 թ. Քրիստափոր վանահոր կողմից: Այն արևմուտք-արևելք առանցքով ուղղանկյուն թաղակապ կառույց է՝ ծածկված երկթեք տանիքով: Հյուսիսային պատի երկայնքով մեկ T-աձև մույթով առանձին նավ է ստեղծվել, ուր հաջորդաբար տեղավորված են երկու ավանդատները: Մուտքն արևմտյան կողմից է:
Շրջապարիսպը հավանաբար կառուցվել է XIII-XIV դդ. և վերանորոգվել XVII դ.: Այն անկանոն քառանկյուն հատակագծով, հարավային կողմում կիսակլոր աշտարակներով կառույց է: Գլխավոր մուտքը հյուսիսարևմտյան կողմում է: Այն ներքուստ սրահաձև է, որի երկրորդ հարկում կառուցվել է պահակատուն: Վանական միաբանության բնակելի ու տնտեսական շենքերը կցակառուցված են պարսպի հարավային և արևմտյան կողմերում: Դրանք միահարկ, երբեմն երկհարկ թաղակապ շենքեր են:
🔨 Գտածոներ
Եկեղեցական սպասք (քշոց, ծնծղա, մոմակալ, աշտանակ, զանգ ևն), չինական ճենապակե գավաթներ:
🌍 Նշանակությունը
Գնդեվանքը Վայոց ձորում պահպանված հնագույն վանքերից մեկն է, որը տեղադրված է գեղատեսիլ խորը ձորում՝ ներդաշնակելով բնության հետ:
📜 Ավանդազրույցներ
«Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը: Սա ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, եթե իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցությանը և կարողանա հաղթել իրեն: Պայմանը հետևյալն էր: Իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչև Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք: 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը: Հոր խորհրդով իշխանը սպիտակ կտավ է կախում զառիթափից, որպեսզի քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է և ջուրը տեղ է հասել: Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա կարողությունն արդեն սպառված էր և վանքի գմբեթի քարերը դնելու համար նա վաճառում է իր ականջի գինդերը: Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, որ ջրանցքն արդեն պատրաստ է: Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում: Հուսահատությունից նա ցած է նետվում անդունդը: Եւ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք»:
«Սմբատ թագավորի կին Սոփիան կամեցել է այստեղ մի վանք շինել: Երբ վանքն ավարտել է, մոտակա ձորերի այրերում ճգնող վանականներին հրավիրել է նոր վանքը: Օվանես անունով վանականը ծերության պատճառով չէր կարողանում կանգնել և նստած էր աղոթում, որի համար նրան Գունտ Օվանես էին ասում: Օվանեսը դառնում է վանքի առաջին վանահայրը, և վանքը նրա անունով կոչվում է Գունտ Օվանեսի վանք, Գնտավազ, հետո էլ՝ Գնդեվանք»:
📚 Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Ստեփանոս Օրբելյան 1986, Սյունիքի պատմություն (թարգմ. Ա. Աբրահամյանի), Երևան, ‹‹Սովետական գրող››, 615 էջ:
- Ժամկոչյան Ա., Մեշինյան Ա. 1996, Չինական ճենապակու նմուշներ Գնդեվանքից, Պատմաբանասիրական հանդես, N 1-2, էջ 382-385:
- Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
- Մեշինյան Ա. 2009, Գնդեվանքի եկեղեցական հավաքածուն, ‹‹Թանգարան›› գիտա¬տեսական և մեթոդական հանդես, N 1, էջ 105-112:
- Մնացականյան Ս. 1960, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 267 էջ:
- Քաջբերունի 2003, Ճանապարհորդական նկատողություններ, Երևան, ‹‹Մուղնի››, 498 էջ:
Հուշարձանների ցանկ
Վայոց ձոր 11.16/15
Գնդեվանք
🔍 Ուսումնասիրության պատմությունը
❈ Վանքը նկարագրել են XIX–XX դդ. տեղագիրները՝ Ս. Ջալալյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Եր. Լալայան, Հ. Եղիազարյան:
❈ Ճարտարապետությունը ուսումնասիրել են Ս. Մնացականյանը, Մ. Հասրաթյանը, որմնանկարները՝ Լ. Դուռնովոն, վիմագրերը՝ Ս. Բարխուդարյանը:
❈ Վանական կառույցների նորոգումներ և տարածքի բարեկարգում՝ 1968–1971 թթ.
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
❈ Արփա գետի ձախ կողմում, խորը ձորի մեջ, ժայռերով շրջապատված թեքադիր հարթության վրա:
Շերտագրություն և պատմական զարգացում
❈ 936 թ. հիմնադրվել է Սյունյաց գահերեց իշխան Սմբատի կին Սոփիայի կողմից՝ որպես Գնդեվանք:
❈ X դ. վերջում վանահայր Քրիստափորը կառուցել է գավիթը, 1008 թ. Ս. Սարգիսը այգիների ոռոգման ջրանցք է բերում:
❈ Եկեղեցին և գավիթը վերանորոգվել են 1309 և 1691 թթ.:
❈ XIII–XIV դդ. շրջապատվել է պարսպով, XVII դ. ընդարձակվել է միաբանությունը՝ բնակելի ու տնտեսական շենքերով:
❈ XVIII–XIX դդ. լքվել և ամայացել է վանքը:
❈ 1875 և 1981 թթ. հայտնաբերվել են եկեղեցական սպասքի հավաքածուներ՝ պահպանվել են թանգարաններում:
Ճարտարապետություն
❈ Ստեփանոս Նախավկա եկեղեցի (X դ.)՝ քառաբսիդ, խաչաձև գմբեթավոր, արևելյան կողմում երկու ավանդատներով, երկու մուտքեր (հարավային, արևմտյան), արտաքին պատերին եռանկյունաձև զույգ խորշեր՝ մարդկու գլխաքանդակներով, ներսում որմնապատկերների փխրուն մնացորդներ:
❈ Գավիթ (999 թ.)՝ ուղղանկյուն, երկթեք տանիքով, T-աձև մույթով, երկու ավանդատներ:
❈ Շրջապարիսպ՝ XIII–XIV դդ., վերանորոգված XVII դ., անկանոն քառանկյուն, հարավում կիսակլոր աշտարակներով, ներքուստ սրահաձև, երկրորդ հարկում պահակատուն:
❈ Բնակելի և տնտեսական շենքերը՝ միահարկ և երբեմն երկհարկ, կցակառուցված պարսպի հարավային և արևմտյան կողմերում:
🔨 Գտածոներ
❈ Եկեղեցական սպասք՝ քշոց, ծնծղա, մոմակալ, աշտանակ, զանգ և այլն
❈ Չինական ճենապակե գավաթներ
🌍 Նշանակությունը
❈ Գնդեվանքը Վայոց ձորում պահպանված հնագույն վանքերից մեկն է:
❈ Գեղատեսիլ ձորի մեջ տեղակայված՝ ներդաշնակված է բնության հետ և հանդիսանում է հոգևոր, ճարտարապետական և պատմական կարևոր հուշարձան:
📜 Ավանդազրույցներ
❈ Սոփիայի և երիտասարդ իշխանազնի մրցույթ՝ ջրանցք և վանքի կառուցում, որի արդյունքում Սոփիան նետվում է անդունդը, և վանքը կոչվում է Գնդեվանք:
❈ Վանքի առաջին վանահայր Օվանեսը ծերության պատճառով նստած էր աղոթում, անվանվում է Գունտ Օվանես, և վանքը այս անունով սկզբում կոչվել է Գունտ Օվանեսի վանք, հետո՝ Գնդեվանք:
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։