Արագածի «Հսկայի Տուն» ժայռապատկերախումբ
Անվանումը` Արագածի «Հսկայի Տուն» ժայռապատկերախումբ
Այլ անվանումներներ` «Ահմադի օբա», «Թոփալ Բրոյի որդի Ալոյի յուրտ»
Հուշարձանի տեսակը` Ժայռապատկերների կուտակում
Մարզը` Արագածոտն
Համայնքը` Անտառուտ/Վարդենուտ
Բնակավայրը` Անտառուտ/Վարդենուտ
Տեղադրությունը` Գտնվում է Անտառուտից 10.5 կմ հյուսիս/Վարդենուտից 9 կմ արևմուտք
Պահպանվածությունը` Պատկերախումբն անաղարտ վիճակում է
Կոորդինատները` N40° 27՛ 15՛՛ E44° 15՛ 35՛՛
Բարձրությունը` ծ.մ. 2700-2750 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Ըստ պատմահամեմատական թվագրման, և հայագիտության մեջ առավել ընդունված սանդղակի, կերտվել են մ.թ.ա. V-II հազ. միջև։
«Հսկայի Տուն» ժայռապատկերներ
📍 Տեղադրություն
❈ Գտնվում է Արագածի հարավ-արևելյան լանջին՝ շուրջ 2730 մ բարձրության վրա։
❈ Առաջին անգամ հիշատակվել է 1893 թ. Գալուստ Տեր-Մկրտչյանի կողմից, իսկ հետագայում նկարագրվել է Մեսրոպ Տեր-Մովսիսյանի և Կոմիտասի կողմից։
🏺 Ուսումնասիրություններ
❈ Վերջին ուսումնասիրությունները քարտեզագրել են շուրջ 800 ժայռապատկեր, որոնք պատկանում են Հայաստանի ամենահին և խիտ խմբերից։
🎨 Նկարագրություն
❈ Պատկերները փորագրված են ժայռերի վրա՝ բլրի հարավային լանջին։
❈ Մոտակայքում կան կրոմլեխներ և միջնադարյան պատերի մնացորդներ։
🌍 Նշանակություն
❈ «Հսկայի Տունը» ներկայացնում է Արագածի ժայռապատկերների ամենահին շերտերից մեկը։
❈ Այցելուն կարող է բացահայտել հին մշակույթի, հավատալիքների և արվեստի բացառիկ օրինակներ՝ բնության գեղատեսիլ միջավայրում։
🔍 Ուսումնասիրության պատմությունը.
1893 թ. Գալուստ Տեր-Մկրտչյանը (Միաբան) նշել է Արագածի գագաթնամերձ մասում ժայռանկարների մասին (Միաբան 1893, էջ 775-776): 1910 թ. հուլիսի 21-ին հավանաբար հենց այս՝ «Հսկայի Տուն» պատկերախումբն են տեսել ու նկարագրել Մեսրոպ Տեր-Մովսիսյանը և Կոմիտասը (Տէր-Մովսէսեան 1913, էջ 65-66):
1914 թ. Գրիգոր Ղափանցյանը Արագածի հարավ-արևելյան լանջի վիշապ կոթողի մոտ հայտնաբերել է մոտ 50 ժայռապատկեր, որոնք, ըստ նկարագրության՝ այս պատկերախմբում են (Ղափանցեան 1914, էջ 93-95; Ղափանցյան 1945, 113, 140, 154; Բո-բոխ-յան, Ջիլիբերտ, Հնիլա 2015, 270, 276, 303: Տե՛ս նաև Թոխաթյան 2020, 350-351; Թոխաթյան 2021, էջ 63-64; Թոխաթյան, Բայրամյան, Բոբոխյան 2022, էջ 144-145):
1924-1927 թթ. Արագածի հարավ-արևելյան լանջի, նաև այս ժայռապատկերներն է լուսանկարել Աշխարհբեկ Քալանթարը, այդ մասին նշելով 1935 թ. (Քալանթար 1935, էջ 62, 73; Քալանթար 2007, էջ 313-314: Տե՛ս նաև Թոխաթյան 2021, էջ 63; Թոխաթյան, Բայրամյան, Բոբոխյան 2022, էջ 140):
1966 թ. Լավրենտի Բարսեղյանը հրատարակեց Ա. Քալանթարի հայտնաբերածների մի փոքր մասը` 24 գծանկար և 12 լուսանկար, թվով 13 ժայռապատկեր (Բարսեղյան 1966, էջ 147-159, նկ. 1-24, լուս. 25-36): ՀՊԹ-ում պահվող Ա. Քալանթարի ժողովածուում հաջողվեց գտնել այդ 12 լուսանկարն ու ևս 13-ը:
2016 թ. հուլիսի 23-ին և 30-ին «Հսկայի Տուն» պատկերախմբում (2730 մ) Արսեն Բոբոխյանը, Կարեն Թոխաթյանը, հուշարձանապահպան Կարեն Բայրամյանը և անձավագետ Արմեն Գևորգյանը գրանցել են 42 ժայռապատկեր` Գր. Ղափանցյանի նկարագրած վիշապաքարից 500 մ հարավ-արևմուտք (Թոխաթյան 2020, 350-356): Համադրելով Ա. Քալանթարի 1924-1927 թթ. գտածներին, Կ. Թոխաթյանը պարզել է, որ հենց այստեղ է նրա լուսանկարած 13 կոթողներից վեցը` անխաթար պահպանված, նույն դիրքում: Արագածում մինչև 2012 թ. հայտնի էր 24 ժայռապատկեր, առանց տեղանշման: 2012-2022 թթ. հայտնաբերվել և քարտեզագրվել է մոտ 800 հատ (պատկերների թիվն այժմ մոտ 810 է): Կ. Թոխաթյանը 2016-2022 թթ. գիտարշավների շնորհիվ նույնացրել է Ա. Քալանթարի հայտնաբերած 13 ժայռանկար և ճշգրտել նրա արշավախմբի երթուղու ինը կետ (Թոխաթյան 2021, էջ 64-65, 350-351; Թոխաթյան, Բայրամյան, Բոբոխյան 2022, էջ 147):
2022 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Պատմության ինստիտուտի միացյալ արշավախումբը (Արտակ Հախվերդյան, Կ. Թոխաթյան, ԱԹՍ օպերատոր Պարույր Միրոյան, լուսանկարիչ Հրայր Բազե) այս նույն տարածքում կատարել է ժայռապատկերների գրանցման աշխատանք, որի ընթացքում, պատկերախմբի մոտակայքում հայտնաբերվեց ևս 30 ժայռապատկեր:
🧱 Հնագիտական նկարագրությունը
Պատկերախումբը ոչ բարձր մի բլրի հարավային լանջին է, մոտ 20° թեքությամբ: Մոտակայքում կան կրոմլեխներ։ Նկատվել են կառույցների մնացորդներ, պարսպաշարեր, ամենայն հավանականությամբ՝ միջնադարյան: Վերգետնյա հնագիտական նյութ չի նկատվել: 500 մ դեպի հյուսիս-արևելք, մի այլ բլրի (2780 մ) գագաթնամերձ մասի լճակի մոտ է 1914 թ. Գր. Ղափանցյանի նշած վիշապաքարը (Բոբոխյան, Ջիլիբերտ, Հնիլա 2015, էջ 303; Թոխաթյան, Բայրամյան, Բոբոխյան 2022, էջ 146, նկ. 30):
🌍 Նշանակությունը.
Արագածի այս պատկերախումբը հանրապետական նշանակության հուշարձան է։ Այն առանձնահատուկ է Արագածի ժայռապատկերների շարքում՝ ներկայացնելով դրանց վաղագույն շերտերից մեկը:
📚 Սկզբնաղբյուրները
Բարսեղյան Լ.Ա. 1966, Նոր նյութեր Հայաստանի հնագույն շրջանի արվեստի վերաբերյալ, ՊԲՀ, №3, էջ 147-159:
Բոբոխյան Ա., Ջիլիբերտ Ա., Հնիլա Պ. 2015, Վիշապաքարերի հնագիտություն, Վիշապ քարակոթողները, Երևան, «Գիտություն», 420 էջ:
Թոխաթյան Կ. 2020, Արագած լեռան և շրջակայքի ժայռապատկերները, միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, նվիրված Պողոս Խաչատրյանի ծննդյան 90-ամյակին, Վանաձորի պե¬տա¬կան համալսարան, Երևան, «Միսմա», էջ 344-361:
Թոխաթյան Կ. 2021, Հայաստանի պատմության թանգարանի նյութերի կիրառումը ժայռապատկերաբանական հետազոտություններում, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, 8, Երևան, «Վառմ», էջ 62-66, 350-351:
Թոխաթյան Կ., Բայրամյան Կ., Բոբոխյան Ա. 2022, Աշխարհբեկ Քալանթարը Արագածի ժայռապատկերների հետազոտման ակունքներում, Ծովային Հայաստան. Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը, Երևան, «ՀԱԻ», էջ 136-149:
Ղափանցեան Գ. 1914, Հնութեան մի քանի յիշատակարաններ, Արարատ, №1, էջ 91-96:
Ղափանցյան Գր. 1945, Արա Գեղեցկի պաշտամունքը, Երևան, «ՀՍՍՌ ԳԱ», 182 էջ:
Միաբան, 1893, Հինգ նոր արձանագրութիւնք, Արարատ, №8, էջ 775-776:
Տէր-Մովսէսեան Մ. 1913, Արարատի և Արագածի գագաթներին, Արա¬րատ, №1, էջ 52-68:
Քալանթար Ա. 1935, Արագածը պատմության մեջ. ակնարկ նրա պատմական նշանակության և նյութական կուլտուրայի հուշարձանների մասին, Երևան, «Պետ հրատ», 77 էջ:
Քալանթար Ա. 2007, Հայաստան՝ Քարե դարից միջնադար. Երկերի ժողովածու, Երևան, «Գիտություն», 410 էջ:
📷 Լուսանկարները
Նկար 1 – «Հսկայի Տուն» խմբի դիրքը հարավից (Կ. Թոխաթյան)
Նկար 2 – պատկերախմբի օրթոֆոտոպլանը (Պ. Միրոյան)
Նկար 3 – Ժայռապատկերներ և վիշապաքար (Ա. Բոբոխյան)
Նկար 4 – Ժայռապատկերներ և վիշապաքար (Ա. Բոբոխյան)
Նկար 5 – Ժայռապատկերներ և վիշապաքար (Ա. Բոբոխյան)
Նկար 6 – Ժայռապատկերներ և վիշապաքար (Ա. Բոբոխյան)
Նկար 7 – Ժայռապատկերներ և վիշապաքար (Կ. Թոխաթյան)
Նկար 8 – հատված պատկերախմբից (Ա. Բոբոխյան)
Նկար 9 – կանգնեցված վիշապաքարը (Կ. Թոխաթյան)
Նկար 10 – կանգնեցված վիշապաքարը (Կ. Թոխաթյան)
Նկար 11 – դոլմենանման կառուցվածք (Կ. Թոխաթյան)
Նկար 12 – «Հսկայի Տուն» (Կ. Թոխաթյան)
Նկար 13 – կրոմլեխ (Կ. Թոխաթյան)