Գեղարդի վանք
Geghard Monastery
Geghard Monastery

Գեղարդի վանք

Անվանումը` Գեղարդ

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Կոտայքի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Գեղարդի վանք

Այլ անվանումներ՝ Գեղարդավանք, Յոթ եկեղեցիներ, Այրիվանք (ժայռափոր կառույցներից), Քառասուն խորաններ

Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր

Մարզը՝ Կոտայք

Համայնքը՝ Գառնի

Բնակավայրը՝ Գողթ գյուղ

Տեղադրությունը՝ Գտնվում է Գառնի գյուղից հյուսիս-արևելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին:

Պահպանվածությունը՝ Կանգուն, գործող

Բարձրությունը՝ ծ.մ. 1800 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Մատենագրական տվյալներով գոյություն է ունեցել դեռևս վաղ միջնադարում և ասպատակվել արաբական տիրապետության ժամանակ: Պարիսպներով շրջափակված հուշարձանները հիմնականում վերաբերում են զարգացած միջնադարին` XIII դ.:

🔍Ուսումնասիրության պատմությունը

Հայկական ճարտարապետության պատմությամբ զբաղվող գրեթե բոլոր ուսումնասիրողներն անդրադարձել են վանական համալիրին: 1932թ. ճարտարապետ Թ. Թորամանյանի ղեկավարած արշավախումբը, որին մասնակցում էին նաև Ս. Բարխուդարյանը, Տարագրոսը, Գեղարդի արևմտյան կողմում` ժայռի թեք լանջին պեղումներով բացել է ուղղանկյուն հատակագծով և քանդակազարդ որմնասյուներով վիմափոր խոշոր դահլիճ (մոտ 140 մ2 մակերեսով)` կառուցված ոմն Մկրտչի կողմից 1250-1290-ական թթ.: 1967 թ. կառույցն ամբողջությամբ փլվել է:
Հիմնական վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 1969-1972 թթ.:

🧱Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Իր վիմափոր և վերգետնյա եկեղեցիներով, դամբարանով, մատուռով, հարյուրից ավելի խցերով, տնտեսական բազմաբնույթ սենյակներով, ժայռերին փորագրված ու առանձին կանգնեցված տասնյակ խաչքարերով, վանքը հիրավի ճարտարապետական կառուցվածքների ու բնության դաշնության անկրկնելի օրինակ է:

Ճարտարապետություն
Կաթողիկեն (1215 թ.) կառուցվել է Իվանե և Զաքարե Զաքարյանների օրոք, կենտրոնաձիգ խաչագմբեթ եկեղեցի է` շեշտված դեկորատիվությամբ: Հատակագծում ուղղանկյուն է, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով:
Արևմտյան կողմից կցված է ընդարձակ գավիթը (1215-1225 թթ., ներքին չափերը` 15,0 x 16,6 մ): Պատկանում է քառասյուն գավիթների տիպին` արևելյան անկյուններում երկհարկ ավանդատներով: Ուշագրավ է 4 հզոր սյուների վրա հենվող կենտրոնական ծածկը` քարաքերտ շթաքարերից կազմված բարդ հորինվածքով: Հյուսիսային պատին փոխարինում է բնական ժայռապատը, որում բացված երկու մուտքերը տանում են դեպի ժայռափոր եկեղեցիները: Վիմափոր առաջին կամ Ավազան եկեղեցին (13-րդ դ. 40-ական թթ.) Խաղբակյան Պռոշ իշխանի հրամանով է կառուցվել: Քառակուսի հատակագծով, արևելք-արևմուտք առանցքով դեպի հյուսիս փոքր-ինչ շեղված եկեղեցու արևելյան կողմում կիսաշրջան խորան է, իսկ հարավայինում` քանդակազարդ խորշ` Խաղբակյանների շինարարական արձանագրությամբ: Շինության ներսում վերարտադրվել են խաչվող կամարներով ծածկի համակարգի ձևերը: Կամարներից մեկի վրա էլ նշմարվում է ճարտարապետ Գալձակի անունը: Հյուսիսային պատի մոտ փորված ջրավազանից հոսող ստորգետնյա ջրերը համարվում են բուժիչ:
Վիմափոր 2-րդ` Սբ. Աստվածածին եկեղեցի (1283 թ., հորինվածքով նման է կաթողիկեին) մտնում են ոչ մեծ չափերի քառանկյունի հատակագծով նախասրահով: Նրա հյուսիսային կողմի խորշը ժայրակերտ սյունով բաժանվում է կամարաձև երկու բացվածքների: Սյան վերևում բարձրաքանդակների հորինվածք է` ցլի գլուխ, որի բերանից կախված օղակից աջ ու ձախ դուրս եկող պարաններից կապված են առյուծներ, նրանցից ներքև մագիլներում գառ բռնած թևատարած արծիվ է: Ընդունված է համարել, որ այս հորինվածքը Խաղբակյան իշխանների տոհմական զինանշանն է: Եկեղեցու մուտքի աջակողմյան պատին ոսկերչական նրբությամբ փորագրված է գեղաքանդակ մի խաչ, շուրջը վարդյակներ, հասակով մեկ կանգնած մարդիկ:
Ընդարձակ ժամատուն-հանգստարանը կառուցված է 1288 թ., Պռոշի որդի Պապաքի պատվերով: Այն պատկանում է քառասյուն ժամատների տիպին:
Համալիրը շրջափակված է բուրգավոր պարիսպներով: Հյուսիսային կողմից դրանց փոխարինում են ուղղաձիգ ժայռերը: Գլխավոր մուտքը հարավ-արևմտյան անկյունից է, երկրորդականը, որը տանում է դեպի Ազատ գետակը, հարավ-արևելյան անկյունից:

🌍 Նշանակությունը

Վանական համալիրը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս:

📜 Ավանդազրույցներ

Գեղարդավանքն անունը ստացել է տեղում պահվող նիզակի անունից, որով, ըստ ժողովրդական ավանդության վիրավորվել է Քրիստոսի կողը: Այստեղ պահվել են նաև Սբ. Անդրեասի և Սբ. Հովհաննեսի նշխարները:
1. Համաձայն ժողովրդական ավանդության` վանքը կառուցել են ազնվական ծագում ունեցող քույր ու եղբայր` ցանկանալով անմահացնել իրենց հիշատակը: Նրանք առանձնանում են ձորում, և երկար ժամանակ եղբայրը, չիմանալով, թե որտեղից սկսի գործը, դիմում է Աստծու օգնությանը: Լուսաբացին քնից արթնանալով` նա իր կռանը գտնում է դրված ապառաժի ծայրին, այնտեղ, որտել պետք է կառուցվեր տաճարը: Երկուսով անմիջապես անցնում են գործի: Եղբայրը ջարդում է ապառաժը, իսկ քույրը կոտրված քարերը մազերի մեջ դնելով` բարձրացնում է ձորից վեր: Երկար տարիների տքնաջան աշխատանքից հետո նրանք ժայռի մեջ փորում, ավարտում են հրաշակառույց տաճարը, բնակություն հաստատում այնտեղ և մահանում:
2. Աշխարհակալ Լենկթեմուրը, երբ լուր է առնում սուրբ վանքի հրաշագործությունների մասին, կամենում է անձամբ տեսնել դրանք, անթիվ զորքով հարձակվում է ամայի ձորի վրա, ծաղրելով ու հոխորտալով պահանջում է իր մոտ բերել Գեղարդի Սբ. Նշանը: Բայց երբ նիզակով կամենում են հարվածել Սբ. Նշանին, ամեն կողմից անմիջապես հայտնվում է անմարմին բյուրավոր զորքի գունդ` զրահապատ ու երփներանգ զգեստով և հարձակվում թշնամու վրա: Զորքի մեջ իրարանցում է սկսվում. մի մասը փախուստի է դիմում, ուրիշների ձեռքերն են գոսանում, շատերը կուրանում են: Տեսնելով այս ամենը` Լենկթեմուրը մեղքերի թողություն է խնդրում, մեծամեծ ընծաներ է նվիրաբերում և լքում է վանքը:

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Ի. Ղարիբյան 2003, Հրաշագործ Սուրբ Գեղարդ, Երևան, 64 էջ:
  2. Ա. Ղանալանյան 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ:
  3. О. Х. Халпахчьян 1980, Архитектурные ансамбли Армении (8 в. до н. э. – 19 в. н. э.), Москва, «Искусство», 480 с.
  4. Sahinian A., Manoukian A., Aslanian T. A. 1978, G(h)eghard, Documenti di Architettura Armena 6, Milano, Edizioni Ares, 73 p.

Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.24/29

📷 Լուսանկարներ

Հատակագիծ՝ Cuneo P. 1988, Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, T. 1, De Luca Editore, p. 136, p. 137.

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Գեղարդի վանք

Մոտակա հուշարձաններ