Գառնու տաճար

Գառնու տաճար

Անվանումը` Գառնու տաճար

Հուշարձանի տեսակը` Տաճար

Շրջան` Կոտայքի մարզ

Ժամանակաշրջան` Անտիկ

Անվանումը՝ Գառնու տաճար

Այլ անվանում՝ Գառնու հեթանոսական տաճար

Հուշարձանի տեսակը՝ Տաճար, Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։

Մարզը՝ Կոտայք

Համայնքը՝ Գառնի

Բնակավայրը՝ Գառնի գյուղ

Տեղադրությունը՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։

Պահպանվածությունը՝ Վերականգնված

Կոորդինատները՝ 40°6′43″ հս․ լ. 44°43′44″ ավ. ե.

Բարձրությունը՝ ծ.մ. 1400մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Մ.թ.ա. 1- մ.թ. 3դդ.

🔍Ուսումնասիրության պատմությունը

Գառնու տաճարի հետազոտությամբ զբաղվել են Ն. Բունիաթյանը, Բ. Առաքելյանը, Ն. Տոկարսկին, Ա. Սահինյանը, Ֆ. Տեր-Մարտիրոսովը և այլ հեղինակներ։ 1930-ականներին Ն. Բունիաթյանը փորձել է վերականգնել տաճարը։ 1909-1911 թթ. ակադեմիկոս Ն. Մառի, ապա 1950-ական թվականներից  Բ. Առաքելյանի ղեկավարությամբ պարբերաբար  իրականացված պեղումների շնորհիվ համալիրի տարածքում բացվեցին մի շարք հուշարձանների մնացորդներ և ի  հայտ եկան արժեքավոր հնագիտական նյութեր: 1949 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը ձեռնարկեց հուշարձանի կանոնավոր պեղումները Բ. Առաքելյանի ղեկավարությամբ։ Արշավախմբի հետ միասին, հուշարձանի ճարտարապետական ուսումնասիրությունը սկսեց նաև Ալեքսանդր Սահինյանը։ 1969թ. հունվարին սկսվեցին վերականգնման աշխատանքները, որոնք ղեկավարում էր Ա. Սահինյանը։ Կատարված ուսումնասիրությունների հիման վրա  համալիրի  հուշարձանների մի մասի մնացորդները (եկեղեցի, բաղնիք, պալատական շենք, պարիսպներ և այլն) ամրակայվեցին, իսկ հեթանոսական տաճարը 1968-1975 թթ. ամբողջապես վերակագնվեց: Վերականգնումն ավարտվեց տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից շուրջ երեք դար անց։ Տաճարից քիչ հեռու` գեղատեսիլ կիրճի ֆոնի վրա, 1978 թ. կառուցվել է տաճարը վերակագնող ճարտարապետ Ալ. Սահինյանի հիշատակի աղբյուր-հուշարձանը:

🧱Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) և ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը (մ.թ. III դ.),, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, ուրարտական սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

Շերտագրությունը
Հնավայրը գործել է դեռևս նախապատմական ժամանակաշրջաններում, հատկապես խեցեղենի և օբսիդիանի հարուստ հանածոներով: Արգիշտի արքային պատկանող սեպագիր արձանագրությունը՝ գտնված ամրոցի տարածքից, որտեղ նշվում է Գառնիանի-Գառնի անունը, վկայում է վերջինիս ուրարտական շրջանում բնակեցված լինելու մասին՝ դեռևս մ.թ.ա. VIII դ.: III դ. այս տարածքում մեծ թվով շենքեր են կառուցվել, որոնցից ամենահիշարժանը տաճարը, պալատն ու բաղնիքներն են: Քրիստոնեության հաստատումից հետո էլ վայրը չի լքվել: Քրիստոնեական շրջանից պահպանվել են կլոր տաճարի՝ Ս. Սիոնի ավերակները, որը կառուցվել է VIIդ. և ավերվել է երկրաշարժից: Ամրոցը Բագրատունիների, Զաքարյանների ժամանակ կարևոր կենտրոն է եղել: Այնուհետև լքվել է մոնղոլների և պարսիկների ներխուժումների ժամանակ, և վերջնականապես ամայացել 1679թ. երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը Գառնին էր: Գառնիի տաճարը դարերի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Կարելի դասակարգել նրա ճարտարապետական հինգ փուլերը: Առաջին փուլը թվագրվում է հոնիական ոճի հռոմեական տաճարի կառուցմամբ, որ թվագրվում է 77 թվականով: Երկրորդ փուլը համապատասխանում է Անտոնիոսի շրջանին: Երրորդ փուլին է պատկանում տաճարի ներսում գտնված արձանագրությունը, որը վկայում է, որ կառույցի ներսույթը քրիստոնեական շրջանում վերածվել է մկրտարանի: Զարմանալի է, որ անտիկ կառույցը քրիստոնեական շրջանում կիրառվել է որպես օծման և մկրտության վայր, որն էլ պատճառ կարող էր լինել նրա պահպանմանը քրիստոնեության ընդունումից հետո: Ներսի տարածության կիսակլոր կամարը, ցելլայի հատակի խորշը, ջրամատակարարման համակարգը և հայերեն արձանագրությունը ավելացվել են V դ.: Չորրորդ փուլը դժվար է թվագրել, սակայն մի շարք ոճային փոփոխություններ առկա են ցելլայի ներսի կրկին սալարկման և մկրտության ավազանի կրաշաղախի նորացման հետևանքով: Հինգերորդ փուլը վերաբերում է 1969 թ. ձեռնարկված վերանորոգման աշխատանքներին, որը տևել է վեց տարի Ա. Սահինյանի կողմից և ամբողջությամբ նորոգվել է անտիկ քարերով: Ցելլայի խորքի կեղծ ատիթոնը և տանիքի երդիկը երևակայական հավելումներ են Ա. Սահինյանի կողմից, որոնք նպատակ ունեին շեշտելու կառույցի անտիկ բնույթը և դուրս մղելու քրիստոնեական շրջանի նրա կիրառության դրույթը:

Ճարտարապետությունը
Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ, բայց հռոմեական ոճով կառուցված պերիպտեր տիպի կառույց է (պերիպտեր՝ չորս կողմից սյունաշարերով եզերված աղոթասրահ, որը առջևից վեցը ութին համադրությամբ քսանչորս սյուների վրա է հիմնվում)։ Կանգնած է բարձր պատվանդանի վրա, որի գլխավոր մուտքի առաջ ունի ինն աստիճանից բաղկացած քարե սանդուղք։ Եռանկյուն ճակտոնը (հյուսիսային ճակատ) եզերված է ատամնաշարի և բուսական ու երկրաչափական քանդակների հարուստ համադրությամբ։ Երկթեք տանիքը ծածկված է բազալտե սալիկներով՝ միացված արճճով ամրացված գամերով։ Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով արդեն պարզված է, որ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորն իր թագավորության 11-րդ տարում, այսինքն՝ մ. թ. 77 թվականին։ Ոճով և հատակագծով համեմատական է Հռոմի Կապիտոլեումում Վեսպասիանոսի և Պերգամոնում Տրայանոսի կառուցած տաճարներին:

Մասնագետների մեծագույն մասը տաճարը համարում է «հռոմեական», «հունահռոմեական» հուշարձան կամ նրա ճարտարապետությունը կապում հելլենիստական ընդհանուր արվեստի հետ՝ գրեթե միշտ ընդգծելով (ավելի կամ պակաս չափով) հուշարձանի ճարտարապետական-կառուցողական արվեստում դրսևորվող տեսակի առանձնահատկությունները։ Մի մասը հուշարձանը դիտում է իբրև հայկական-հելլենիստական կառուցվածք, իսկ որոշ հեղինակներ, ճիշտ հակառակը, այն համարում են միանգամայն «պատահական», «օտար մարմին» հայկական հողի վրա։ Մառը, խոսելով հայ մշակույթի, մասնավորապես ճարտարապետության մասին, դրանք չի համարում օտարածին, այլ նշում է, որ դրանք միշտ եղել են իրենց «ինքնուրույն դրոշակակիրը»։ Հայկական ճարտարապետության մեջ նա տեսնում էր երկու ուղղություն՝ առաջինը տեղական, երկրորդը՝ կազմավորված հունահռոմեական ճարտարապետության ազդեցության ներքո։ Մառը գրում է, որ մեր ազգը այլ ժողովուրդներից կրած ազդեցություններն էլ այնպես է յուրացրել, որ այդ ստացածի վրա դրոշմել է իր սեփական ազգային կնիքը։ Ալեքսանդր Սահինյանն այն կարծիքին էր, որ Գառնու տաճարը հունահռոմեական, ընդհանուր հելլենիստական ու տեղում գոյություն ունեցող ճարտարապետական-կառուցողական արվեստի յուրահատուկ մի սինթեզ է, որ այն հայկական-հելլենիստական մշակույթի հուշարձան է։ Մեծ ուշադրություն է դարձվել տաճարի հարդարանքին։ Քանդակազարդման արվեստի հիմքում ընկած է միասնական հորինվածքում բազմազան մոտիվների կիրառման սկզբունքը՝ բազմազանությունը միասնության մեջ։ Միմյանց չեն կրկնում տաճարի մյուս մասերի ու մանրամասների՝ խոյակների բարձիկների, արխիտրավների՝ սոֆիտների, սյունասրահների առաստաղի սալերի՝ կեսոնների զարդաքանդակները։ Տարբեր մշակումներ ունեն նույնիսկ գլխավոր քիվի առանձին քարերի վրա փորագրված առյուծի գլուխների, խաղողի ողկույզների քանդակները։ Ն. Տոկարսկին բարձր է գնահատում կառույցում որձաքարի տաշի և քանդակման նուրբ տեխնիկան, որին, ըստ նրա, ի վիճակի էին հասնել միայն տեղական վարպետները, քան դյուրամշակ մարմարի հետ գործ ունեցող դրսից եկած հռոմեացիները։ Բայց միաժամանակ նշում է, որ Գառնու հեթանոսական տաճարը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես տեղական վարպետները հմտորեն միահյուսեցին հռոմեական ճարտարապետության առանձին հատկանիշներ, գծեր հելլենիստական հիմքի մեջ: Կառուցվածքում յուրօրինակ են 24 սյուները, որոնք համեմատվում են օրվա 24 ժամերի, և տաճարի աստիճանների մերձակայքում օրթոստատները՝ ատլանտների տեղական-արևելյան ոճով փորագրմամբ:  Ըստ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի և Հ. Հակոբյանի նրանք Միհր-Միթրայի՝ Արևի աստծո մշտական ուղեկիցներն են՝ Կաուտեսը (Արշալույսը) և Կաուտոպադը (Մայրամուտը), որոնցից մեկը հստակ նայում է դեպի Արևելք, մյուսը՝ Արևմուտք: Ըստ ուսունասիրողների՝ տաճարի ներսի ցելլայում էլ տեղադրված է եղել Միհր-Միթրայի մարմարյա արձանը, որը զոհաբերում է ցլին, որը ընդունված ավանդույթ է եղել Միթրեումներում: Տաճարի վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում, Գառնու ձորից գտնվեց հարթաքանդակի կորտրված մասը՝ ցլի մարմարյա գլուխով, որն էլ հաստատեց ուսումնասիրողների կարծիքը:

🌍 Նշանակությունը

Հունահռոմեական ճարտարապետության և հելլենիստական ազդեցությամբ կերտված տաճարը իր նմանօրինակը չունի ողջ Կովկասի տարածքում և հանդիսանում է միակ վերականգված տաճարը մեր տարածաշրջանում: Գառնու ամրոցն Արարատյան դաշտի հյուսիսարևելյան մատույցների պաշտպանական համակարգի հենակետն էր։ Անտիկ շրջանում հրվանդանի եռանկյան գագաթը կազմող բնական անանցանելի ժայռի շարունակության վրա ստեղծվել է ժամանակի համար անառիկ ամրաշինական հզոր կառուցվածք։ Ամրոցի եռանկյունաձև տարածքը, հարավից, հարավ- արևմուտքից, մասամբ արևելքից երիզված լինելով մինչև 300 մ բարձրություն ունեցող ժայռերով, հյուսիսից, հյուսիս-արևմուտքից և արևելքից շրջապատված է 14 աշտարակների հաջորդականությամբ ստեղծված պարսպապատով, որի ամբողջ պարագիծը (աշտարակների հետ) 314, 28 մ է։ Գառնու նախաքրիստոնեական տաճարը Ալեքսանդր Սահինյանը համարել է «ճարտարապետական արվեստի կատարյալ մի ստեղծագործություն», Թորոս Թորամանյանը՝ «հայ գեղարվեստի թագուհի», իսկ Հակոբ Մանանդյանը նշում է, որ «Հայկական մեծ անցյալի այս փառահեղ մնացորդը հայ ժողովուրդը պետք է պահպանի ամենամեծ խնամքով»։

📜 Ավանդազրույցներ

Մարտիրոս Սարյանի կողմից Գառնի գյուղի գերեզմանատնից հայտնաբերված խաչքարը նոր լույս սփռեց հուշարձան կառուցման և թվագրման առեղծվածի վրա: Ըստ խաչքարի վրա պատպանված հունարեն արձանագրության, տաճարը կառուցել է Տրդատ Ա-ին արքան, իր թագավորության 11-րդ տարում, այսինքն մեր թվարկության 77 թ.-ին: Շատ են ավանդազրույցները կապված Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ, քանի որ այն միակ կանգուն մնացած հեթանոսական տաճարն էր Հայաստանում, ըստ պատմիչների Գրիգոր Լուսավորիչը ավերեց բոլոր հեթանոսական տաճարներն ու զրադաշտական մեհյանները Գառնին թողեց, քանի որ ըստ մի ավանդության այստեղ էր մկրտվել Տրդատ III արքան, իսկ ըստ մյուսի՝ այստեղ էր արքայի սիրելի քրոջ՝ Խոսրովադուխտի ամառանոցը և նստավայրը, որն էլ համոզեց Տրդատին ընդունել քրիստոնեությունը: Ըստ Ֆելիքս Տեր-Մարտիրոսովի՝ արքայի քույրը՝ Խոսրովադուխտ իշխանուհին թաղվել է Գառնու տարածքում:

📚Սկզբնաղբյուրները

  1. Ալիշան Ղ. 1890, Այրարատ բնաշխարհի Հայաստանյայց։ Վենետիկ, Սբ․ Ղազար կղզի, էջ 367:
  2. Բատիկյան Հ. 1965, «Գառնիի հունարեն անձանագրությունը և Մովսես Խորենացին», ՊԲՀ N3, էջ 229–234։
  3. Բունիաթյան Ն. 1933, Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում, Երևան, Հրատ. Մելքոնյան ֆոնդի, 122 էջ:
  4. Թանանյան Գ. 2014, «Գառնի պատմամշակութային կոթողը (տաճարի վերականգման 40-ամյակի առթիվ)», ՊԲՀ, N2, էջ 25-45։
  5. Թորամանյան Թ. 2013, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության (աշխատությունների ժողովածու), Երևան, ԵՊՀ հրատ., 864 էջ:
  6. Խորենացի Մովսես,  Հայոց պատմություն, Երևան, Հայաստան, 1997, էջ 188:
  7. Մանանդյան Հ. 1946, Գառնու հունարեն արձանագրությունը և Գառնու հեթանոսական տաճարի կառուցման ժամանակը, Երևան, ԵՊՀ Հրատ., 104-135:
  8. Մառ Ն. 1989, Հայկական մշակույթ, Երևան, Հայաստան հրատ., 16-21:
  9. Մկրտիչեան Ա. 2018, Գառնիի տաճարը, Ժնև, Զանգակ, 77 էջ:
  10. Մնացականյան Ս. 1985, Հայկական ճարտարապետության հարցերը Նիկողայոս Մառի աշխատություններում, Երևան, Պատմաբանասիրական հանդես No1,  21-31:
  11. Սահինյան Ա. 1979, «Գառնիի անտիկ տաճարի կառուցման ժամանակը», ՊԲՀ N3, էջ 165–181:
  12. Սահինյան Ա. 1979, «Գառնիի անտիկ տաճարի համաչափական համակարգը», Լրաբեր հասարակական գիտությունների N12, էջ 76–92։
  13. Սահինյան Ա. 1979, «Գառնիի անտիկ տաճարի վերականգնումը», Լրաբեր հասարակական գիտությունների, N10,էջ 59–74։
  14. Սարգիսյան Հ. 1982, «Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման ճարտարագիտական հարցերը», Լրաբեր հասարակական գիտությունների, N12, էջ 70–76։
  15. Փլավիոս Հովսեպոս, Կասիոս Դիոն 1976, Հին հունական աղբյուրներ, Երևան, էջ 203:
  16. Аракелян Б. 1957, Гарни, II (Результаты работ гарнийской археологической экспедиции 1951—1955 гг. (античный период), Ереван, Изд. АН Армянской ССР, (№ 7 серии “Археологические раскопки в Армении”), 93-96.
  17. Аракелян Б. 1951, Гарни, Ереван, издательство академии наук армянской ССР, 91с.
  18. Токарский Н., 1961, Архитектура Армении IV–XIV вв., Ереван, Армгосиздат, 387с.
  19. Тревер К., 1953, Очерки по истории культуры древней Армении,  Москва, Издательство Академии Наук ССР, 397с.
  20. Khatchadourian L. 2008, «Making Nations from the Ground up: Traditions of Classical Archaeology in the South Caucasus»։ American Journal of Archaeology 112 (2), 247–278։
  21. Strzygowski  J. 1918, Die Baukunst der Armenier und Europa [The Architecture of the Armenians and of Europe, Band 1, Wien, Kunstverlag Anton Schroll & Co., 404-407.

Հուշարձանների ցանկ
Կոտայք 6.21.4

📷 Լուսանկարներ

Տաճարի փլատակները 20-րդ դարի սկզբին (հրատարակված 1918 թվականին)։ Josef Strzygowski – Strzygowski, Josef (1918). Die Baukunst der Armenier und Europa. Vienna, vol. 1 p. 13.

 

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ