Միջնադարյան Դվին մայրաքաղաք
Անվանումը` Միջնադարյան Դվին մայրաքաղաք
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Արարատի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը՝ Միջնադարյան Դվին մայրաքաղաք
Անվանումը այլ՝ Դվին քաղաքատեղի
Հուշարձանի տեսակը՝ քաղաքատեղի
Մարզը՝ Արարատ
Համայնքը՝ Արտաշատ
Բնակավայրը՝ Հնաբերդ
Տեղադրությունը՝ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում։
Պահպանվածությունը՝ Պահպանված են հոգևոր, քաղաքացիական, պաշտպանական կառույցների հիմքերը և պատերի հատվածներ:
Կոորդինատներ՝ 40°00′16″ հս․ լ. 44°34′45″ ավ. ե.
Դարաշրջանը և թվագրությունը՝ IV-ХIII դդ.
Միջնադարյան Դվին մայրաքաղաք
Դվինը՝ պատմական մայրաքաղաք և հոգևոր կենտրոն, եղել է Հայոց թագավորների նստավայր ու Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույց։ Մ. թ. 4-րդ դարում հիմնադրված քաղաքը միավորում էր մշակույթ, առևտուր ու իշխանություն՝ ընդգրկելով միջնաբերդ, քաղաքային թաղամասեր և արվարձաններ։
🏺 Ուսումնասիրության պատմություն
Դվինը ուսումնասիրության կենտրոնում է 19-րդ դարից։ Մեծածավալ պեղումները սկսվել են 1937-ին, բացահայտելով պալատներ, եկեղեցիներ, շուկաներ ու պաշտամունքային կառույցներ։ Այսօր պեղումներն իրականացվում են հայ-իտալական արշավախմբի կողմից։
🏗 Հնագիտական համատեքստ
Դվինը զարգացած պաշտպանական համակարգերով քաղաք էր՝ միջնաբերդով, բուն քաղաքով ու արվարձաններով։ Պեղումների ընթացքում բացահայտվել են եկեղեցիներ, գահադահլիճներ, ջրամատակարարման համակարգեր, երկաթի ձուլարաններ և խեցեգործական կենտրոններ։
🔄 Երկրորդ կյանք
Քաղաքը բազմաթիվ անգամներ ավերվել է արշավանքներով ու երկրաշարժերով։ Վերջնական կործանումից հետո տարածքում առաջացել են գյուղեր, որոնք մասնակիորեն ծածկում են հնավայրը։
🌍 Նշանակություն
Միջնադարյան Հայաստանի խոշորագույն քաղաքներից էր՝ մինչև 100,000 բնակչությամբ։ Արհեստագործական կենտրոնները, առևտրային համալիրը ու կրոնական կառույցները Դվինը դարձնում էին տարածաշրջանային ուժեղ կենտրոն։
🌌 Ավանդազրույցներ
«Դվին» անունը կապվում է «բլուր» իմաստով։ Քաղաքը հիշատակվում է բազմաթիվ պատմական աղբյուրներում և համարվել է ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր կենտրոն։
📌 Տեսարժանություններ
❈ Սբ. Գրիգոր Կաթողիկե եկեղեցի
❈ Կաթողիկոսական պալատներ
❈ Մեծ շուկա
❈ Միջնաբերդ
🔍 Ուսումնասիրության պատմությունը
նավայրի ուսումնասիրությունը սկսվել է XIX դ.: 1850 թ. քաղաքատեղին ուսումնասիրել է Կովկասի նահանգապետի գրասենյակի աստիճանավոր Տոկարևը, 1899 թ. հետախուզական պեղումներ է կատարել Ն. Մառը, 1904-1907 թթ.՝ Խաչիկ վարդապետ Դադյանը: Կանոնավոր պեղումները սկսվել են 1937-1939 թթ. (Ս. Տեր-Ավետիսյան) և շարունակվել Երկրորդ աշխարհամարտից հետո՝ 1946 թ.-ից, Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ: 1977 թ.-ից պեղումները ղեկավարել է Ա. Քալանթարյանը, 2010 թ.-ից՝ Հ. Մելքոնյանը, իսկ այժմ պեղումներն իրականացվում են Հ. Պետրոսյանի ղեկավարությամբ` հայ-իտալական արշավախմբի կողմից: Տասնյակ տարիների պեղումների ընթացքում ուսումնասիրվել և պեղումների շնորհիվ բացվել են քաղաքի միջնաբերդի տարածքի և կենտրոնական թաղամասի պաշտամունքային և աշխարհիկ ճարտարապետական շինությունների մնացորդները։ Պեղածո զանազան նյութերը հիմնականում պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։
🧱 Հնագիտական նկարագրությունը
Տեղադրություն
Գտնվում է Արարատի մարզի Հնաբերդ գյուղում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
Շերտագրություն
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներից Դվինը, որ շուրջ հազար տարի (IV-ХIII դդ.) եղել է երկրի վարչաքաղաքական, պաշտպանական, առևտրատնտեսական և մշակութային խոշոր կենտրոնը, գտնվում է Արարատյան դաշտի հյուսիսային մասում, Գեղամյան լեռնաշղթայի հարավային ստորոտին, այն ժամանակ այդտեղով հոսող Ազատ գետի ձախակողմյան բլրի և նրան հարակից տարածքի վրա: Դվինի բլուրը եւ շրջակայքը, պաշտպանական առումով բնականորեն հարմար դիրքի, շրջակա ոռոգելի եւ արգավանդ հողատարածքների շնորհիվ, բնակեցված են եղել դեռեւս մ.թ.ա. III հազարամյակից: Քաղաքը հիմնադրվել է մ.թ. IV դ. 30-ական թթ., Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, երբ Հայոց Խոսրով Բ Կոտակ թագավորն Արշակունիների արքունիքն Արտաշատից տեղափոխել է Դվին (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո): 470 կամ 471 թ. Վաղարշապատից Դվին է տեղափոխվել նաև կաթողիկոսական աթոռը: Արշակունիների անկումից (428 թ.) հետո Դվինը Մարզպանական Հայաստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային խոշոր կենտրոնն է եղել: Քաղաքը բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների հարձակումներին և ավերածություններին: 640 թ. արաբական զորքերը գրավել են Դվինը, կողոպտել և ավերել այն, սպանել 12.000 և գերեվարել 35.000 բնակիչ: Արաբական զորքերի հարձակումները շարունակվել են նաև հետագայում: VIII դ. վերջից, երբ Դվինը դարձել էր Արաբական խալիֆայության Արմինիա վարչամիավորման կենտրոն, արաբների հարկային ծանր քաղաքականության հետևանքով քաղաքից և մերձակայքից հեռացել են բազմաթիվ հայեր: Բագրատունիների իշխանության հաստատումից (862 թ.) և Հայաստանի անկախության վերահաստատումից (885 թ.) հետո, Դվինը կրկին ապրել է տնտեսական մեծ վերելք: XI դ. վերջին-XII դ. սկզբին քաղաքը հետզհետե կորցրել է իր դերը, որին նպաստել են օտար ցեղերի և հարևան իշխանությունների հաճախակի ասպատակությունները, ինչպես նաև՝ Դվինի արհեստավորների եւ վաճառականների Անի տեղափոխվելը: 1203թ. քաղաքն ազատագրել են հայ-վրացական միացյալ զորքերը՝ Զաքարյան իշխանների ղեկավարությամբ: 1225 թ. Խորեզմի շահ Ջալալ Էդ Դինի և 1236 թ. մոնղոլ-թաթարների արշավանքների հետեւանքով Դվինը վերջնականապես կործանվել է: Հետագա դարերում քաղաքատեղիի տարածքում առաջացել են մի քանի գյուղեր: Իր գոյատևման ընթացքում քաղաքը զարգացել և ընդարձակվել է գետի ընթացքով դեպի հարավ, և այժմ նրա քաղաքային պարսպի հետքերն ու հնագիտական մշակութային շերտերը նկատելի են մի քանի հարյուր հեկտարի վրա, ներկայիս ՀՀ Արարատի մարզի Դվին, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բերդիկ, Հնաբերդ, Այգեստան գյուղերի կառուցապատված և մշակելի հողատարածքներում:
Ճարտարապետություն
Դվինն ունեցել է խիտ կառուցապատում, հատակագծային եռամաս կառուցվածք՝ բաղկացած միջնաբերդից, բուն քաղաքից (շահաստան) և արվարձաններից: Բլրի գագաթը զբաղեցրել է արտաքին կողմից խանդակով պաշտպանված և կրկնակի հզոր պարսպապատերով օղակված միջնաբերդը: Ամրակուռ պարսպապատերով շրջափակված բուն քաղաքը տարածվել է միջնաբերդի շուրջ:
Միջնաբերդ.
Քաղաքի հիմնադրման ժամանակ պարսպապատվել է միայն բլրի գագաթը՝ ընդգրկելով 0,5 հա տարածք, որտեղ կառուցվել են Արշակունիների և հետագա բոլոր դարաշրջանների պալատական և վարչական կառույցները: Հետագայում, միջնաբերդի ընդարձակման անհրաժեշտությամբ թելադրված, պարսպապատվել է ամբողջ բլուրն իր ստորոտի եզրագծով և մասամբ ընդգրկել է նաև մի հատված հյուսիսային հարթավայրից: Այս պարիսպն ունեցել է առնվազն 44 հատակագծում կիսաշրջանաձև բուրգեր, որոնց ավերակները պահպանվել են 5-6 մ բարձրությամբ բլրակների տեսքով: Անկյունային մուտքերը, որտեղ, հավանաբար, եղել են նաև դարպասներն ունեցել են առավել մեծ տրամագիծ: Պարիսպների ստորին մասերը շարված են մոտ 1 մ բարձրությամբ անմշակ քարով, վերին մասերը՝ հում աղյուսով և արտաքինից երեսպատված թրծած աղյուսի մեկ շարքով: Միջնաբերդը բոլոր կողմերից շրջապատված է եղել պարսպին արտաքինից զուգահեռ փորված և ջրով լցված խանդակով: Արևմտյան կողմում, տարածվել է, այսպես կոչված, կենտրոնական թաղամասը՝ քաղաքի հոգևոր կենտրոնը, որն ունեցել է իր առանձին պարիսպը. միջնաբերդին ուղղված դարպասով և հաղորդակցվել է նրա հետ խանդակի վրա գցված կամրջով: Պեղումների արդյունքում այդ հատվածում բացվել են նաև դեպի կենտրոնական թաղամաս եկող ջրատարների խողովակաշարեր: Դվինում հնագիտական պեղումներով բացահայտվել են պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող մի շարք կառույցներ, որոնցից են՝
ա. Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցին
բ. Միանավ եկեղեցին
գ. Կաթողիկոսական առաջին պալատը
դ. Կաթողիկոսական առաջին պալատին կից բնակելի համալիրը
ե. Կաթողիկոսական երկրորդ պալատը
զ. Միջնաբերդի գահադահլիճը
է. Քաղաքի մեծ շուկան:
Սբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցին կառուցվել է կենտրոնական թաղամասի արևելյան մասում, միջնաբերդ տանող մուտքից ոչ հեռու: Ըստ պատմական սկզբնաղբյուրների և շինարարական շերտագրության, հիմնադրվել է IV դ. վերջին կամ V դ. սկզբին: Կառույցում պարզորոշ երևում են նրա գոյատևման ընթացքում կատարված հատակագծային և ծավալատարածական փոփոխությունները: Սկզբնական տեսքով այն եղել է եռանավ բազիլիկ՝ ընդհանուր ծավալից դուրս բերված, ներքուստ կիսաշրջանաձև, արտաքուստ յոթանիստ արևելյան աբսիդով, երկու կողմերում ավանդատներով, հետագա վերակառուցումների արդյունքում (VIIդ) աղոթասրահի կենտրոնական մասի շուրջ սիմետրիկ կառուցված չորս հզոր մույթերով եկեղեցին վերածվել է գմբեթավոր բազիլիկի: Ավելի ուշ կառույցի հյուսիսային և հարավային արտաքին պատերին հավելվել են ներսից կիսաշրջան և արտաքինից բազմասյուն կողային աբսիդներ՝ առավել ընդարձակելով տաճարի ներքին տարածքը: Վերակառուցման շինանյութն ամբողջապես եղել է տեղական գորշ և կարմրավուն սրբատաշ տուֆը:
Եկեղեցին կանգուն է եղել մինչև 894 թ. երկրաշարժը, որից այն հիմնահատակ ավերվել է և այլևս չի վերականգնվել: Կան պատմիչների հիշատակություններ, շինարարական շերտագրական ակնառու փաստեր և հետազոտական դիտողություններ այն մասին, որ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում, որի հիմնապատերը և շինանյութը մասամբ օգտագործվել են նոր կառույցի շինարարության ընթացքում:
Միանավ եկեղեցին կառուցվել է Կաթողիկե եկեղեցուց մոտ 20 մ հյուսիս, V դ. վերջին կամ VI դ. սկզբին: Այն ուղղանկյուն թաղածածկ սրահ է՝ 24,5 x 10,7 մ արտաքին չափերով, երեք զույգ թաղակիր որմնասյուներով: Ներկայումս միանավ եկեղեցուց պահպանվել են գերազանցապես հիմնապատերը, և մի քանի տեղ միայն՝ երեսապատի և որմնասյուների ստորին հատվածներ: Դատելով տեղում հայտնաբերված շինարարական բեկորներից և պատերի աղքատիկ մնացորդներից կարելի է ենթադրել, որ եկեղեցին նույնպես կառուցվել է սրբատաշ գորշ կարմրավուն տուֆից, ունեցել է թաղային ծածկ և երկթեք կղմինդրածածկ տանիք:
Vդ. կաթողիկոսական պալատը: Դվինի կենտրոնական թաղամասում պեղումներով բացահայտվել է տարբեր ժամանակների պատկանող կաթողիկոսական երկու պալատ: Առաջինը կառուցվել է 470-480-ական թթ., կաթողիկոսի նստավայրը Վաղարշապատից Դվին տեղափոխելու ժամանակ, երկրորդը՝ դրա ավերումից հետո, VII դ. երկրորդ տասնամյակում՝ Կաթողիկե եկեղեցուց մոտ 20 մ հարավ-արևմուտք: Կաթողիկոսական առաջին պալատի հորինվածքային միջուկն է կազմում 21,7 x 12,2 մ չափերով սյունազարդ, եռանավ, հանդիսավոր դահլիճը՝ արևելյան կողմից նրան հաղորդակից երկու մեծ սենյակներով: Ավելի ուշ հարավից հավելվել են օժանդակ բնույթի մի քանի սենյակներ, իսկ արևմուտքից՝ մոտավորապես քառակուսի հատակագծով քառասյուն դահլիճ՝ նախորդի լայնությանը հավասար կողմերով:
Պահպանվել են մեծ դահլիճի բոլոր՝ 3 զույգ սրբատաշ տուֆե տորաձև սյունախարիսխները 1,08 x 1,08 մ հիմքով և 0,7 մ բարձրությամբ, քարաշար գետնախարսխով հում աղյուսե պատերը՝ 0,5-1,5 մ բարձրությամբ եւ 1,5 մ հաստությամբ: Հատակը և պատերը սվաղված են կավաշաղախով: Բացահայտվել են նաև դահլիճը դրսի և կից սենյակների հետ հաղորդակցող 5 դռների բացվածքների ստորին հատվածները՝ երկուականը դահլիճի հյուսիսային և արևելյան պատերին և մեկը՝ արևմտյան պատի հարավային անկյունում: Սյունախարիսխների մեծ չափերը վկայում են այն մասին, որ մոտ 0,8 մ տրամագծով, այժմ չպահպանված սյունաբները ևս եղել են քարից:
Ծածկը եղել է փայտաշեն, որի այրված մնացորդները հայտնաբերվել են պեղումների ընթացքում: Հավանաբար այն ունեցել է ավանդական «հազարաշեն» տիպի կառուցվածք՝ երդիկային լուսավորությամբ: VI դ. 60-ական թթ. Հայաստանի պարսիկ մարզպանը, որ կաթողիկոսի պալատը դարձրել էր իր նստավայրը, փոքր դահլիճում տեղադրել է ատրուշան և այն վերածել կրակապաշտական տաճարի (ատրուշանի մնացորդները բացահայտվել են պեղումների արդյունքում): Մի քանի տարի անց՝ VI դ. 70-ական թթ., հայ ապստամբներն ամբողջովին հրկիզել և ավերել են սրբապղծված այս կառույցը, որն այլևս չի վերականգնվել:
VIIդ. կաթողիկոսական պալատը կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հյուսիսային կողմում, միանավ եկեղեցուց արևմուտք: Թվագրվում է VII դ. սկզբով: Այն ունեցել է 32,0 x 29,3 մ արտաքին չափերով, քառակուսուն մոտ կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ, որի հյուսիս-արևելյան անկյան սենյակը հետագա վերակառուցման ժամանակ 3,0 մետրով երկարացվել է դեպի արևելք: Իր գոյատևման ընթացքում կրել է նաև մի շարք ներքին այլ վերափոխումներ:
Ի սկզբանե կառույցը հատակագծում ունեցել է արտաքին քառակուսուն ներգծված խաչաձև հորինվածք՝ կից խաչաթևերի միջև սիմետրիկ զետեղված անկյունային 4 մեծ սենյակներով:
Փայտաշեն ծածկը հենվել է եզրապատերի և 4 զույգ տուֆակերտ սյուների վրա, որոնցից պահպանվել են 0,8 մ հիմքով տորաձեւ խարիսխները և մեկ զարդաքանդակ խոյակ: Մուտքերը եղել են խաչաթևերի առանցքներով՝ հարավային և արևմտյան ճակատների կենտրոնում: Դահլիճի լուսավորությունն, անկասկած, կարող էր լինել միայն երդիկից, որը, հավանաբար, ունեցել է ավանդական հազարաշեն կառուցվածք: Շինաքարը սրբատաշ տուֆն է՝ կապակցված կրաշաղախով: Պալատի ներքին վերակառուցումները կատարվել են, հավանաբար, VII դ. 40-ական թթ.՝ արաբների կատարած ավերածություններից հետո: Անկյունային չորս սենյակները քարաշեն ստվար միջնորմներով բաժանվել են 2-ական, հավասար մասերի: Նույն ձևով առանձնացվել և սենյակի է վերածվել հյուսիսային խաչաթևը: Х դ. սկզբին արաբներն արդեն կիսավեր պալատը վերափոխել են մզկիթի: Սյունախարիսխներն առնվել են թրծած աղյուսե շավածքով մույթերի մեջ, դրանց միջև տեղադրվել են առավել փոքր, հավանաբար, կամարակիր սյուներ (տեղում պահպանվել են խարիսխները), աղյուսապատվել է նաև հատակը: Շինարարական այս վերջին շրջանից պահպանվել են նաև զարդաքանդակներով և արաբերեն արձանագրությամբ գիպսե սվաղի բեկորներ:
Միջնաբերդի եռանավ սրահը պեղումներով բացահայտվել է բլրի համեմատաբար հարթ գագաթի արևելյան եզրին: Արևելք-արևմուտք ուղղվածությամբ, մոտ 23,0 x 12,5 մ ներքին չափերով, առանձին կանգնած, ուղղանկյուն հատակագծով եռանավ սրահ է՝ չորս զույգ միջանկյալ փայտե սյուներով, որոնց վրա հենվել է կղմինդրապատ փայտե ծածկը: Մայրաքաղաքի հնագույն կառույցներից է՝ ժամանակակից եռանավ Կաթողիկե եկեղեցին: Գահադահլիճին անմիջական նախորդող շերտը պատկանում է անտիկ դարաշրջանին, որից պահպանվել են բնակելի խիտ կառուցապատման դրվագներ, ճարտարապետական բեկորներ:
Իր գոյատևման ընթացքում կառույցն առնվազն մեկ անգամ, հնարավոր է VI-VIII դդ., ենթարկվել է ներքին կրող կոնստրուկցիաների արմատական վերակառուցման: Տուֆե սրբատաշ և քանդակազարդ ութ սյունախարիսխներից պահպանվել է մեկը՝ տեղահանված վիճակում:
Դահլիճի արևմտյան պատն իր երկարությանմբ կիսով չափ մնացել է ավելի ուշ՝ VIII դ., կառուցված արաբական պալատի հում աղյուսե պատի տակ, որի շինարարության ընթացքում քանդվել և խորացվել է դահլիճի հատակի այս հատվածը՝ ծայրային երկու սյունախարիսխների հետ միասին: Սրահի մոտավորապես կենտրոնական մասում բացահայտվել է դրա երկայնական առանցքով և երկու հանդիպակաց սյուների միջև քարով ու կրաշաղախով կառուցված, մոտ 3,0 x 3,0 մ չափերով և հատակից երկու աստիճան բարձրություն ունեցող, կիսաշրջանաձև հատակագծով մի հարթակ, որն ի սկզբանե մեկնաբանվել է որպես գահի պատվանդան: Այս հիմնավորմամբ էլ սրահն անվանվել է Արշակունիների գահադահլիճ: Սակայն հետագա պեղումների արդյունքում առաջ քաշվեց մեկ այլ վարկած, համաձայն որի այն եկեղեցի է, վաղագույններից մեկը՝ հայ-սիրիական ճարտարապետական առնչությունների հատկանիշներով:
Քաղաքի մեծ շուկան պեղումներով բացահայտվել է միջնաբերդից մոտ 800մ հեռու, քաղաքի հարավ-արեւելյան հարթավայրային մասում: Ուղղանկյուն հատակագծով, մոտ 1200 ք.մ. մակերեսով (40 x 30 մ), բազմասյուն հսկայական դահլիճ է, որի փայտաշեն ծածկը հենվել է արտաքին պատերի և 36 տուֆակերտ զանգվածային միջանկյալ սյուների վրա: Վերջիններս տեղադրված են երկայնական ուղղությամբ՝ 9 և լայնական ուղղությամբ՝ 4 կանոնավոր շարքերով: Շինության եզրագծային պատերը հիմնահատակ ավերված են: Պահպանվել են սրբատաշ տուֆով սալարկված հատակի հատվածներ, տորաձև մշակումով սյունախարիսխներ (մեծ մասամբ՝ տեղահանված), քարե սյունաբների բեկորներ և բարձրարվեստ քանդակազարդ խոյակներ: Ճարտարապետական այս մանրամասների հետազոտությունը թույլ է տալիս կառույցը թվագրել V-VI դարերով: Ըստ հնագիտական գտածոների ժամանակագրության շենքը կործանվել է 893 թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել X դ.: Վերակառուցման ժամանակ քարակերտ սյուները և հատակի սալերը փոխարինվել են թրծած աղյուսե կոնստրուկցիաներով:
Շենքը, հավանաբար, վերջնականապես ավերվել է քաղաքի կործանման ժամանակ՝ XIII դ. կեսերին:
Դվին քաղաքատեղիի տարբեր մասերում գտնվել են նաև վարչական շենքեր, կամուրջներ, հրապարակներ, քարավանատներ, հյուրանոցներ, կրպակներ, բաղնիքներ: Ունեցել է ջրամատակարարման համակարգ, աղբյուրներ:
🔨 Գտածոներ
Երկարամյա պեղումների շնորհիվ հնավայրում հայտնաբերվել են պատմաճարտարապետական մեծ արժեք ներկայացնող կառույցների մնացորդներ: Միջնաբերդի եւ կենտրոնական թաղամասի պեղումների ընթացքում ստորին մշակութային շերտերում բացահայտվել են բրոնզի և վաղ երկաթի դարաշրջաններին պատկանող բազմաթիվ հնագիտական արժեքներ, (խեցեղեն, կուռքեր եւ այլն): Հատկապես, նշանակալի են անտիկ դարաշրջանին պատկանող մոնումենտալ կառույցների պահպանված հիմքերը և ճարտարապետական բեկորները, որոնք մասամբ օգտագործվել են վաղ քրիստոնեական կառույցների շարվածքներում: Քաղաքի հարավային թաղերից մեկում հայտնաբերվել է միջազգային առևտրի կենտրոնական վաճառանոցը։ Քաղաքի տարբեր մասերում բրուտի արհեստանոցից գտնվել են խոտանված առարկաների մեծ կույտեր, հեթանոսական դամբարանադաշտ՝ քարե արձանների ու քանդակների բեկորներով։ Պեղումների ժամանակ հայտնաբերված խարամի զանգվածները վկայում են այն մասին, որ Դվինն ունեցել է նաև երկաթի ձուլարան, որտեղ պատրաստել են զենքեր (նետասլաքներ, նիզակներ, տեգեր, դաշույններ, սրեր), մեծ թվով տնտեսական և շինարարական երկաթե իրեր (շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար խողովակներ)։ Դվինում զարգացած արհեստներից էր պղնձագործությունը։ Գտնվել են տարբեր չափսերի կաթսաներ, սափորներ, թասեր, ձիթաճրագներ, զարդագամեր (գրեթե բոլորն էլ՝ փորագիր նախշերով, կենդանակերպ ոտներով ու բռնակներով), զարդեր (ապարանջաններ, ուլունքներ)։
🌍 Նշանակությունը
Դվինը Հայաստանի վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանի մշակութային-տնտեսական կյանքի խոշոր կենտրոն էր, Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը՝ ավելի քան 100.000 բնակչությամբ: Քաղաքը եղել է «Մետաքսի ճանապարհ»-ի հանգրվաններից, քարավանային բարեկարգ մայրուղիներով կապված է եղել հարակից և հեռավոր երկրների հետ: Դվինում արտադրվել և արտահանվել են բամբակյա բարձրորակ գործվածքներ, մետաղյա և խեցեգործական իրեր, հախճապակի, գորգեր, ներկեր:
📜 Ավանդազրույցներ
Դվինի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդում հայկական, հունական, արաբական, ասորական, վրացական սկզբնաղբյուրները: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու «դվին» բառը պարսկերեն է և նշանակում է «բլուր»։
📚 Սկզբնաղբյուրներ
Գրականություն
- Հարությունյան Վ. 1950, Դվինի V-VII դդ. ճարտարապետական հուշարձանները, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 120 էջ:
- Ղաֆադարյան Կ. 1952, Դվին քաղաքը և նրա պեղումները, հ. 1, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 298 էջ:
- Ղաֆադարյան Կ. 1982, Դվին քաղաքը և նրա պեղումները, հ. 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 162 էջ:
- Ղաֆադարյան Կ., Քալանթարյան Ա. 2002, Դվին II, Դվին քաղաքը և նրա պեղումները (1973-1980 թթ.), Հնագիտական պեղումները Հայաստանում, N 20, Երևան, ‹‹Գիտություն››, 254 էջ:
- Кушнарева К. 1977, Древнейшие памятники Двина, Ереван, изд. НА АрмССР,107с.
- Kalantarian A. 1996, Dvin. Histoire at arheologie de la ville madiavale (Civilisations du Proche-Orient, hors serie 2), Neuchatel, Paris.
🏛️ Հուշարձանների ցանկ
Արարատ 3.53.1
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։