Սև բերդ
Անվանումը` Սև բերդ
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Շիրակի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան
Անվանումը` Սև բերդ
Այլ անվանում` Ալեքսանդրապոլի ամրոց
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Մարզը` Շիրակ
Համայնքը` Գյումրի համայնք
Բնակավայրը` Քաղաք Գյումրի
Տեղադրությունը` Տեղակայված է Գյումրի քաղաքի հարավարևմտյան բարձրադիր մասում` ‹‹Մայր Հայաստան›› հուշարձանի հարևանությամբ:
Պահպանվածությունը` Ալեքսանդրապոլ ամրոցից այժմ վերականգնված է «Սև բերդ» աշտարակը:
Բարձրությունը` ծ.մ.1535 մ
Դարաշրջանը և թվագրությունը` Ամրոցը հիմնադրվել է XIX դ., կառուցվել է 1830-1850-ական թթ.:
Ուսումնասիրության պատմությունը
1875թ. «Ալեքսանդրապոլ» բերդի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտանբերվել է «Զինվորի դամբարան»-ը (թաղման խցում հայտնաբերվել է զենք, այստեղից էլ` դամբարանի անվանումը): Համապատասխան զեկուցագրով նյութը ուղարկվել էր Ս. Պետերբուրգ և մինչև օրս էլ այն պահվում է Էրմիտաժում: 1900թ. գերմանացի պատմաբան Էմիլ Ռոսլորը հարավային աշտարակի` Սև բերդի ստորոտում, կատարել է հնագիտական ուսումնասիրություններ և պեղել 4 դամբարան: 1908թ. նույն տարածքում պեղումներ են իրականացրել և հայտնաբերված գտածոները նույնպես պահվում են Էրմիտաժում:
1991թ. «Ալեքսանդրապոլ» բերդի մոտ հողային աշխատանքների ընթացքում բացվել է խեցեղենով և այլ նյութական մնացորդներով հարուստ մշակութային շերտ: Այս տարածքը հայտնի էր իր վաղ երկաթեդարյան դամբարաններով (1990-ական թթ. սկսած տվյալ տարածքում հնագիտական պեղումները իրականացրել է Շիրակի երկրագիտական թանգարանի արշավախումբը): 1993թ. այստեղ կատարվել են հետախուզական պեղումներ`130 ք. մ ընդհանուր մակերեսով: Պեղված տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խեցանոթների բեկորներ, որոնք հիմնականում վերաբերվում էն բրոնզե դարին: Հայտանբերվել են տարբեր դարաշրջանի դամբարաններ: 2005 թվականից շարունակվել են
«Ալեքսանդրապոլ» բերդի հարավային աշտարակի`«Սև բերդի» հնագիտական աշխատանքները, որտեղ հայտնաբերվել է Ք. ա. IX-VI դդ. ժամանակաշրջանի դամբարանադաշտ:
2013-2016թթ. վերականգնվել է Բալասանյանների ընտանիքի օժանդակությամբ:
Հնագիտական նկարագրությունը
Տեղադրությունը
«Ալեքսանդրապոլ» ամրոցը հյուսիս-արևելք ձգված համարյա ուղղանկյուն հատակագծով շինություն է և տեղանքի անհարթության պատճառով միայն մի կողմն է ստացել ձևավորություն`պարսպապատ բերդապատերով:
Ճարտարապետություն
1830-ական թթ. Գումրի բնակավայրի մեծանալուն զուգահեռ կարևորվում էր նաև նրա քաղաքական, ռազմական և տնտեսական նշանակությունը: Այս հանգամանքով էր պայմանավորված, որ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 1-ինը 1834թ. հունիսի 2-ին արձակեց հրաման նոր ամրոցի նախագծի կազմման վերաբերյալ: Բերդը կառուցվել է 10 տարվա ընթացքում` ամրոցաշինության նոր կանոնների համաձայն: 1837թ. հոկտեմբերի 3-ին Գումրի է գալիս Նիկոլայ 1-ին կայսրը: Ուսումնասիրելով բերդի տեղանքը նա միաժամանակ որոշում է հիմնադրել Ս. Ալեքսանդրա անունը կրող ուղղափառ եկեղեցին: Հատկանշական է, որ նոր կառուցված բերդամրոցը 1836թ. կոչվել է Ալեքսանդրապոլ և ոչ թե Գումրի բնակավայր, իսկ 1837 թ. Գումրին, ստանալով քաղաքի կարգավիճակ, իր վրա վերցրեց նաև բերդի Ալեքսանդրապոլ անվանումը: Նորակառույց բերդահամալիրի մեջ մտնում էին զորանոցներ (մինչև 15 հազար զինվորի համար), զինամթերքի, հանդերձանքի և պարենամթերքի պահեստներ, եռահարկ քարե ամուր պարիսպներով հիվանդանոց, կոմունալ-տնտեսական նշանակության տարբեր շինություններ: Բերդն ուներ վառոդի 36 սենյակ, 200 թնդանոթ, ցորենով ու գարով լցված ամբարներ: Ղրիմի պատերազմից հետո` 1850-ական թվականների վերջին, «Ալեքսանդրապոլ» բերդի աջ և ձախ կողմերն ամրապնդվել են առանձին «Հյուսիսային Ֆորտ» և «Հարավային Ֆորտ» ամրություննեով: Կառուցված երկու մեծ աշտարակները` սև, կարմիր սրբատաշ տուֆաքարով պատճառ դարձան այն կոչելու ամրոց «Սև բերդ» («Հարավային») և «Կարմիր բերդ» («Հյուսիսային»): Այդ աշտարակներն իրենցից ներկայացնում են շրջանաձև հատակագծով պաշտպանական կառույցներ: Դրանք ներքևում ունեն մի քանի մուտքաձև բացվածքներ, իսկ դրանցից վեր կային կանոնավոր դասավորված պատուհանաձև բացվածքներ` հրակնատներ, ամրոցի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով: Ամրոցների ներսում պատերի երկայնքով տեղադրված են եղել զինանոցներ և այլ օժանդակ կառույցներ:
🔨 Գտածոներ
1993թ. պեղումների ժամանակ հայտնաբերվել է թրծակավից պատրաստված ցուլի խիստ ոճավորված արձանիկ:
2005թ. «Սև բերդի» մեջ կատարված հողային աշխատանքների ժամանակ բացվել է նաև 18 մ խորությամբ, կոնաձև շարվածքով ջրհոր, որն ունեցել է քարե ծածկ:
Նշանակությունը
Տեղի հմուտ վարպետների ձեռքով կառուցված բերդն իր փառահեղ դիրքով քաղաքին յուրահատուկ շուք ու հանդիսավորություն էր տալիս: Հանդիսանալով ամրոցաշինության նոր խոսքի դրսևորում` Ալեքսանդրապոլի ամրոցը ուղղակիորեն հնարավոր չէր համեմատել տարածաշրջանի մեկ այլ նմանօրինակ կառույցի հետ, որը իրապես համարվում էր դարի զինվորական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:
Սկզբնաղբյուրները
Գրականություն
- Ի. Ավագյան, «Սև ամրոց» հուշարձանի դամբարանադաշտը, Հայաստանի հնագույն մշակույթը, Տելեմակ Խաչատրյանի 70-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան, Մուղնի, 2003, էջ 128-134:
- Վ. Հարությունյան 1992, Հայկական
ճարտարապետության պատմություն, Երևան, ‹‹Լույս››, 540 էջ: - Ս.Տեր-Մարգարյան, Ի. Ավագյան, «Սև բերդ» հուշարձանի բնակատեղին և դամբարանադաշտը, Շիրակի պատմամշակութային ժառանգությունը հանրապետական չորրորդ գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթներ, ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտությունների կենտրոն, Գյումրի, 2000, էջ 9-11:
- Ս.Տեր-Մարգարյան, Ի.Ավագյան, «Սև ամրոց» հուշարձանի ուշ անտիկ դամբարանադաշտը, Զեկուցումների հիմնադրությթներ, Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Քրիստոնեության 1700-ամյակին, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտ, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան, Երևան, 2001, էջ 24-26:
Հուշարձանների ցանկ
Շիրակ 7.1.2
📷 Լուսանկարներ
- Ալեքսանդրապոլ ամրոցի գլխավոր հատակագիծը (‹‹Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն››-
ՊՈԱԿ-ի արխիվ): - Սև բերդի ընդհանուր տեսքը (լուս. Դ. Միրիջանյան):
- Սև բերդի հրակնատները (լուս. Դ. Միրիջանյան):
- Բերդի մուտքը (լուս. Դ. Միրիջանյան):
- Բերդից մի հատված (լուս. Դ. Միրիջանյան):
- Բերդի ժամանակակից դուռը (լուս. Դ. Միրիջանյան):
- Բերդի ներսից մի հատված (լուս. Դ. Միրիջանյան):
- Մի հատված բերդի ինտերիերից (լուս. Դ. Միրիջանյան):
- Բեդի կենտրոնի ժամանակակից բեմը (լուս. Դ. Միրիջանյան):
- Բերդի ժամանակակից ջահերից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):
- Թնդանոթներից մեկը (լուս. Դ. Միրիջանյան):
- Թնդանոթն իր գնդակներով (լուս. Դ. Միրիջանյան):
Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։