Cathedral of Kasagh
Cathedral of Kasagh
Cathedral of Kasagh

Քասաղի բազիլիկ տաճար

Անվանումը՝ Քասաղի բազիլիկ տաճար
Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցի-վանական համալիր
Շրջան՝ Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան՝ Միջնադարյան

Անվանումը՝ Քասաղի բազիլիկ տաճար

Այլ անվանում՝ Ապարանի բազիլիկա, Ս. Խաչ եկեղեցի

Հուշարձանի տեսակը՝ Եկեղեցական համալիր

Մարզը՝ Արագածոտն

Համայնքը՝ Ապարան

Բնակավայրը՝ ք. Ապարան

Տեղադրությունը՝ Ապարան քաղաքի կենտրոնում

Պահպանվածությունը՝ Նորոգված, գործող եկեղեցի

Կոորդինատները՝ 40°35’36″N 44°21’25″E

Բարձրությունը՝ 1895 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ IV-V դ., վաղ միջնադար

Քասաղի բազիլիկ տաճար

📍 Ուսումնասիրության պատմությունը
Քասաղի բազիլիկը ուսումնասիրվել է հայտնի հայ հնագետների և ճարտարապետների կողմից՝ սկսած XIX դարից: 1944–1947 թթ. Ա. Սահինյանի պեղումները բացահայտեցին եռանավ տաճարի, ավանդատան և սյունասրահի հին հիմնապատերը, ապացուցելով հայկական ճարտարապետության ավանդույթների ազդեցությունը վաղ քրիստոնեական կառույցի ձևավորման վրա:

🏺 Հնագիտական նկարագրություն

Տեղադրություն և համալիր

❈ Եկեղեցական համալիր՝ եռանավ տաճար, հյուսիսարևելյան կողմում 15° թեքությամբ կցված քառակուսի սենյակ, միանավ թաղակապ եկեղեցի և հյուսիսային ճակատին կից սյունասրահ

❈ Մասն են կազմում նաև մեմորիալ քանդակազարդ կոթողներն ու տապանաքարերը

❈ Կառուցվել է IV–V դդ., աստիճանաբար համալրվելով ավանդատան, միանավ եկեղեցու և սյունասրահի հետ

Շերտագրություն և վերականգնում

❈ 1877 թ. նորոգվել է, տանիքը ծածկվել փայտով, ավանդատան առջև ավելացվել աստիճաններ

❈ 1980-ականներին ամբողջությամբ նորոգվել է, 1996 թ. դարձել գործող եկեղեցի, 2002 թ. վերջնական բարեկարգվել և վերաօծվել

Ճարտարապետություն

❈ Եռանավ տաճար՝ եռաստիճան հիմնախարսխի վրա, արևելք-արևմուտք առանցքով, ներքուստ պայտաձև, արտաքուստ հնգանիստ աբսիդով

❈ Աղոթասրահը բաժանված է երեք նավերի՝ T-աձև մույթերի վրա հենվող պայտաձև կամարաշարերով

❈ Երեք մուտք՝ արևմտյան և հարավային, բոլոր մուտքերն ընդգծված պայտաձև որմնակամարներով, եռանկյունաձև ճակտոններով

❈ Արտաքին զարդարանք՝ արխաիկ քանդակներ, խաղողի գալարաձև ու կենդանիների պատկերներ

❈ Միանավ եկեղեցի և սյունասրահ՝ աղյուսավորված պատերով, առաստաղը նկարազարդ եղել է գունավոր զարդանկարներով

❈ Հարավարևելյան անկյունում գտնված կոթող՝ մարդու և երեխայի կմախքերով

Գտածոներ

❈ Ճարտարապետական դետալներ, կոթողների պատվանդաններ, տապանաքարեր, դրամներ

🔎 Նշանակությունը
Քասաղի բազիլիկը Հայաստանում վաղագույն եկեղեցիներից է, կառուցված քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո: Այն յուրահատուկ է հայկական աշխարհիկ ճարտարապետության ավանդույթների վրա հիմնված ձևերով, պահպանելով իր նախնական տեսքը և վկայություն տալով վաղ քրիստոնեական հայ ճարտարապետության զարգացման մասին:

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հուշարձանի առաջին նկարագրություններն ու դիտողությունները տվել են XIXդ. ճանապարհորդներն ու տեղագիրները: Տաճարի ճարտարապետությանն ու քանդակներին անդրադարձել են հայ և օտարազգի ճարտարապետներ ու արվեստի պատմաբաններ (Յ. Ստրժիգովսկի, Հ. Գլյուկ, Ն. Մառ, Հ. Օրբելի, Թ. Թորամանյան, Ն. Տոկարսկի, Բ. Առաքելյան և այլք): 1944-1947 թթ. ճարտարապետ Ա. Սահինյանը պեղումներ է իրականացրել հուշարձանի տարածքում: Հողալիցքի թանձր շերտից մաքրվել է եռանավ բազիլիկը, բացվել են նրա եռաստիճան հիմնախարիսխը, հյուսիսային կողմում ավանդատունը, միանավ եկեղեցու և սյունասրահի հիմնապատերը: Վաղ քրիստոնեական կառույցներն ուսումնասիրողներից շատերը Քասաղի բազիլիկի ակունքները փնտրել են բյուզանդական, սիրիական կամ փոքրասիական համանման հուշարձաններում: Պեղումներով ի հայտ եկած մանրամասների և բազիլիկատիպ կառույցների ուսումնասիրությամբ Սահինյանն ընդգծել է Քասաղի բազիլիկի հայկական ծագումը՝ նախաքրիստոնեական ճարտարապետության ավանդույթների վրա:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Եկեղեցական համալիրը բաղկացած է եռանավ տաճարից, նրան հյուսիսարևելյան կողմում 15° թեքությամբ կցված քառակուսի սենյակից, միանավ թաղակապ եկեղեցուց և հյուսիսային ճակատին կից սյունասրահից: Համալիրի մասն են կազմում նաև մեմորիալ քանդակազարդ կոթողներն ու երկլանջ տապանաքարերը:

Շերտագրություն
Հուշարձանի կառուցման վերաբերյալ պատմական աղբյուրներ չկան: 1908 թ. բազիլիկի մերձակայքից հայտնաբերված Տրդատ Մեծի հունարեն արձանագրության համաձայն՝ Ապարանը (նախկինում Քասաղ) պատմական Նիգ գավառի հետ` որպես պարգև, տրվել է Գնթունի իշխանական տոհմին: Քասաղի տաճարը քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո կառուցված վաղագույն բազիլիկներից է, որը որոշ մասնագետների կարծիքով կառուցվել է հեթանոսական սրբավայրի տեղում (Ստրժիգովսկի, Թորամանյան): Եկեղեցական համալիրը ձևավորվել է աստիճանաբար՝ IV-V դդ. ընթացքում: Առաջին կառույցը եռանավ տաճարն է, որին ավելի ուշ կցվել են ավանդատունը և միանավ եկեղեցին, ապա սյունասրահը: 

1877 թ. տաճարը նորոգվել է, տանիքը ծածկվել է փայտով, որը հետագայում քանդվել է: Ավելացվել են նաև ավանդատան առջևի աստիճանները: Սահինյանի կազմած վերականգնման նախագծով տաճարն ամբողջովին նորոգվել է 1980-ականներին: 1996 թ. դարձել է գործող եկեղեցի, 2002-ին վերջնական բարեկարգվել է և վերաօծվել:

Ճարտարապետություն
Քասաղի բազիլիկը եռաստիճան հիմնախարսխի վրա տեղադրված արևելք-արևմուտք առանցքով ուղղանկյուն շենք է՝ ներքուստ պայտաձև, արտաքուստ հիմնական ծավալից դուրս շեշտված հնգանիստ աբսիդով: Աղոթասրահը երեք զույգ T-աձև մույթերի վրա հենվող պայտաձև կամարաշարերով բաժանված է երեք նավերի: Աբսիդի և եռանավ սրահի միացման հանգույցներում կառուցվածքային և որմածքների շինարարական տարբերությունը ցույց է տալիս, որ աբսիդը աղոթասրահի հետ միաժամանակ չի կառուցվել և այժմյան աբսիդի տեղում եղել է հնագույն, թերևս, ուղղանկյուն աբսիդ: 

Տաճարն ունի երեք մուտք՝ մեկն արևմտյան, երկուսը՝ հարավային ճակատներում: Բոլոր մուտքերն ընդգծված են որմնասյուների վրա հենվող պայտաձև որմնակամարով և ավարտվել են եռանկյունաձև ճակտոնով, որոնք չեն պահպանվել: Տաճարը լուսավորվում է աբսիդի, արևմտյան և հարավային ճակատներում բացված պայտաձև երեսակալներով լայն պատուհաններով: Արևմտյան ճակատի լայնանիստ պատուհանի աջ և ձախ կողմերում կան ևս երկու փոքր պատուհաններ: 

Տաճարն արտաքուստ գոտևորված է ատամնաշար քիվով: Արտաքին զուսպ հարդարանքում աչքի են ընկնում մուտքերի արխաիկ քանդակներով զարդարված բարավորները: Արևմտյան մուտքի բարավորի կենտրոնում պատկերված է շրջանի մեջ առնված հավասարաթև խաչ, որի երկու կողմերում՝ մեկական եղջերու: Նրանց ետևում արմավենիներ են, իսկ մնացած դաշտը լցված է խաղողի գալարաձև որթով ու ողկույզներով: Նույնպիսի հարդարանք ունի հարավարևելյան մուտքի բարավորը, որտեղ խաչից աջ և ձախ պատկերված են կենդանիներ տապալած երկու գազան:

Միանավ եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատերը: Այն ուղղանկյուն թաղակապ կառուցվածք է՝ խիստ շեշտված պայտաձև աբսիդով: Մուտքը հարավարևմտյան կողմում բացվում է սյունասրահի մեջ: 

Սյունասրահը երեք զույգ T-աձև մույթերով կամարակապ կառուցվածք էր, որը հետագայում հյուսիսային և արևմտյան կողմերում կառուցված պատերով փակվել է: Պեղումներով հայտնաբերված խոյակների ու թաղի քարերի վրա արված գունավոր զարդանկարները վկայում են, որ նրա առաստաղը նկարազարդ է եղել:

Տաճարի հարավարևելյան անկյունում հայտնաբերված կոթողի պատվանդանը կազմված է չորս սրբատաշ սալերից: Դրա կենտրոնում գտնվող խորշում հայտնաբերվել են տարեց մարդու և երեխայի կմախքներ:

🔨 Գտածոներ

Ճարտարապետական դետալներ, կոթողների պատվանդաններ, տապանաքարեր, դրամներ:

🌍 Նշանակությունը

Քասաղի բազիլիկը Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո կառուցված վաղագույն եկեղեցիներից է, որը գրեթե անաղարտ մեզ է հասել իր նախնական տեսքով: Եթե քրիստոնեության սկզբնական շրջանում բազիլիկների ձևերի ակունքները կապված էին հիմնականում սիրիական ազդեցության հետ, ապա Քասաղի բազիլիկը ստեղծվել է հայկական աշխարհիկ ճարտարապետության ավանդույթների վրա:

📚 Սկզբնաղբյուրները

  1.  Սահինյան Ա. 1955, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 303 էջ:

Հուշարձանների ցանկ

Արագածոտն, 2.2/2

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ