Արտաշատ
Artashat
Artashat
Artashat
Artashat

Արտաշատ

Անվանումը` Արտաշատ

Հուշարձանի տեսակը՝ Քաղաքատեղի

Շրջանը՝ Արարատի մարզ

Ժամանակաշրջանը՝ Անտիկ

Անվանումը՝ Արտաշատ

Անվանումը այլ՝ Քաղաքատեղի Արտաշատ, Արտաշատի հնավայր

Հուշարձանի տեսակը՝ Հնավայր

Մարզը՝ Արարատ

Համայնքը՝ Լուսառատ

Բնակավայրը՝ Լուսառատ

Տեղադրությունը՝ Քաղաքատեղի Արտաշատ, գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ – արևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում Խոր վիրապի բլուրների վրա և շրջակայքում։ Ընդգրկված է Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պահպանվածությունը՝ Պահպանվել են տարբեր կառույցների հիմքերը:

Կոորդինատներ՝ 40°6′43″ հս․ լ. 44°43′44″ ավ. ե.

Բարձրությունը՝  ծ.մ. 1400մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ մ.թ.ա II-մ.թ. IVդդ.

Արտաշատ

📍 Արտաշատ — Հայկական Կարթագենը

Արտաշատը՝ Արտաշես Ա-ի հիմնադրած մայրաքաղաքը (մ.թ.ա. 189 թ․), գրեթե 500 տարի եղել է հելլենիստական Հայաստանի քաղաքական, մշակութային և առևտրային սիրտը։ Գտնվելով Արարատյան դաշտում՝ գետերի խաչմերուկում, այն դարձել է միջազգային առևտրի կենտրոն, որն ամրապնդել է Հայաստանի կապերը Մերձավոր Արևելքի, Իրանի և Միջերկրական ծովի հետ։

🏰 Հզոր միջնաբերդ և ճարտարապետություն

Խոր Վիրապի ժայռոտ բլուրների վրա տարածված քաղաքը ուներ ամրացված բլուրներ, բեկված գծերով կառուցված պարիսպներ ու աշտարակներ, որոնք համապատասխանում էին հելլենիստական ռազմական պահանջներին։ Միջնաբերդն ուներ սեփական պաշտպանական համակարգ, իսկ Տափերական կամուրջը՝ կարևոր ճանապարհային հանգույց էր։

🏺 Գտածոներ

Պեղումներից բացահայտվել են զինվորական կացարաններ, զենքեր, դրամներ, արձանների մասեր, խեցեղեն, բաղնիքներ և գինեգործության հետ կապված պարագաներ, որոնք վկայում են քաղաքային կյանքի բուռն ընթացքի մասին։ Արտաշատն ունեցել է փողերանոց, մաքսատուն, տաճարներ և մշակութային կենտրոններ։

📜 Պատմական վերելք ու անկում

Քաղաքը բազմիցս ավերվել է հռոմեացիների ու պարսիկների կողմից։ Մ.թ. 59-ին Կորբուլոնը այրում է քաղաքը, իսկ Տրդատ Ա-ի օրոք Արտաշատը վերակառուցվում է։ Վերջնական անկումը սկսվել է 4-5-րդ դդ․, երբ գետի հունի փոփոխման պատճառով քաղաքը կորցրեց տնտեսական նշանակությունը։

🌍 Նշանակություն

Արտաշատը եղել է մի ամբողջ տարածաշրջանի առևտրի և մշակույթի հանգույց՝ միացնելով Չինաստանը, Միջին Արևելքը և Միջերկրականը։ Այստեղ ստեղծագործել է Յամբլիքոսը՝ «Բաբելոնականք» վեպի հեղինակն ու Արտաշատը հիշատակվում է Հուստինիանոսի հրովարտակներում։

📖 Ավանդազրույցներ

Հույն պատմիչները նշում են, որ քաղաքը կառուցվել է կարթագենցի Հաննիբալի խորհրդով՝ նրան դարձնելով «հայկական Կարթագեն»։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Արտաշատն իբրև միասնական հայկական պետության մայրաքաղաք հիմնադրել է Արտաշես Ա թագավորը (մ.թ.ա 189-160թթ.) (Արտաշատ՝ հունարենից՝ Արտաշեսի ուրախություն): Գտնվելով խիտ բնակեցված Արարատյան բարեբեր դաշտում, առևտրական ճանապարհների հանգույցում, Արտաշատը դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև հելլենիստական Արևելքի նշանավոր և հայտնի քաղաքներից մեկը: Արտաշեսը կառուցապատելով Արտաշատը, այն դարձնում է արքայանիստ քաղաք: Շուտով, Արտաշատը դառնում է Մերձավոր Արևելքի միջազգային առևտրի կարևոր կենտրոններից մեկը և հայկական հողերը միավորող մայրաքաղաքի դերը կատարում է շուրջ հինգ հարյուր տարի: Հռոմեացի զորավար Լուկուլլոսը Արտաշատը համարում էր Հռոմին անհնազանդ «հայկական Կարթագեն» և սպառնում էր հիմնահատակ ավերել այն ինչպես Կարթագենը: Մ. թ. 58թ. Կորբուլոն զորավարի գլխավորությամբ հռոմեական զորքերը գրավեցին Արտաշատը, իսկ 59-ին հրկիզեցին և ավերեցին այն: Մ. թ. 66-ին, Տրդատ Ա–ի օրոք (52-88թթ.), Ներոն կայսեր տրամադրած միջոցներով, սկսվել են քաղաքի վերակառուցման աշխատանքները: Այդ առթիվ մ. թ. 67-ին քաղաքը անվանվել է Ներոնիա, սակայն շուտով այդ անունը մոռացվել է:  Արշակունի դինաստիայի օրոք Արտաշատը քանիցս ենթարկվել է հռոմեացիների և պարսիկների ավերածություններին: 116թ. հռոմեական զորքերը Տրայանոս կայսեր գլխավորությամբ գրավել են Արտաշատը, բայց մեկ տարի անց ստիպված են եղել հեռանալ: 163թ. հռոմեացիները կրկին պաշարել և գրավել են Արտաշատը: 164թ. մայրաքաղաքը մասամբ ավերված Արտաշատից տեղափոխվել է Վաղարշապատ: Արտաշատը շարունակել է պահպանել իր կարևոր առևտրական կենտրոնի դերը մինչև նրա շուրջ առաջացած ճահիճների ու վատ օդի պատճառով հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) իր արքունիքը տեղափոխել է Դվին: 360-ական թթ. Հայաստան ներխուժած Սասանյան Իրանի Շապուհ II արքայի բանակը գրավել ու ավերել է Արտաշատը, գերեվարել բնակչությանը: VII դ երբեմնի խոշոր քաղաքի տեղում մնում էր մի փոքր ամրոց և մի ավան, որի բնակիչները զբաղվում էին որդան կարմիր ներկի արտադրությամբ և դրանով թել ու գործվածքներ ներկելու արհեստով: Այնուհետև, երկար ժամանակ հայտնի չէր նույնիսկ նրա տեղը, քանի որ Մեծամոր գետը, որ հնում իրոք մեծ գետ էր և իր մեջ առնելով Մեծամորի (Սևջրի), Քասախի, Հրազդանի և Ազատ գետերի ջրերը, Արաքսին միանում էր Արտաշատի մոտ, հետագայում փոխելով իր հունը միայն Քասախին միանալով խառնվում է Արաքսին: 1967թ. Փոքր Վեդի գյուղում ջրագիծ անցկացնելիս հայտնաբերվել են հինգ քարե սալերի վրա փորագրված լատիներեն արձանագրություններ, որոնք առիթ հանդիսացան հին մայրաքաղաքի պեղումներն սկսելու համար: 1970 թ. Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը սկսել է պեղումներ կատարել: Պեղումներից պարզվել է, որ քաղաքի միջնաբերդը և կենտրոնական թաղամասերը տեղադրված են եղել Խոր Վիրապի մեծ բլրախումբ կազմող տաս ժայռոտ բլուրների վրա: Այդ բլրախմբից 350-400մ դեպի հարավ-արևելք կա ևս երկու բլուր, որոնց վրա պարիսպների հետքեր են պահպանվել, իսկ դրանց դիմացի հարթավայրում՝ դեպի հյուսիս-արևելք և հարավ փռված են եղել քաղաքի թաղամասերը:

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրությունը
Գտնվում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան Հայոց գավառում, Արաքս և Մեծամոր գետերի միացման շրջանում (հետագայում վերջինիս հունը փոխվել է և այն Արաքսի մեջ է թափվում Արտաշատից դեպի հյուսիս-արևմուտք):

Շերտագրությունը
Պեղումների ընթացքում պարզվել է, որ Արտաշատի բլուրները բնակեցված են եղել դեռևս վաղ երկրագործական շրջանում: Այդ են վկայում VII և VIII բլուրներում հայտնաբերված մ. թ. ա. V–IV հազարամյակի բնավայրի հետքերը: Միանգամայն անակնկալ էր անտիկ Արտաշատի տարածքում ուրարտական քաղաքի հայտնաբերումը, որը մինչ այդ անհայտ էր գիտությանը: Ուրարտական քաղաքը, որի միջնաբերդը գտնվել է II բլրի վրա (որն ամենաբարձրն է`70 մ), զբաղեցնում հսկայական տարածք:

Ուրարտական քաղաքը տարածված է եղել Խոր Վիրապի բլուրներից արևելք`մինչև Լուսառատ գյուղը: Շատ հնարավոր է, որ այս մեծ քաղաքը եղել է ուրարտացիների առաջին հենարաններից մեկը Արաքսի ձախ ափին: Ըստ հետազոտողների առկա են չորս ժամանակաշրջաններ, որոնք արտացոլում քաղաքի կյանքի չորս հիմնական փուլերը:

I Ժամանակաշրջան – ընդգրկում է երեք 3 հիմնական փուլ:  Արտաշես I

1 փուլ: մ.թ.ա 180 – մ.թ.ա 66

2 փուլ:  մ.թ.ա 66  – 58 մ.թ

3 փուլ:  մ.թ 58 –մ.թ 66թ

II  Ժամանակաշրջան – մ.թ 60 – մ.թ 160թ

III Ժամանակաշրջան – մ.թ 160- մ.թ 330 թ

IV Ժամանակաշրջան – մ.թ 330 – մ.թ 360թ

Միանգամայն հետաքրքիր պատկեր է ներկայացնում քաղաքի տարածքային բաժանումն ըստ ֆունկցիոնալ նշանակության`

– պալատական-վարչական,

– պաշտամունքային,

– արհեստավորա-առևտրական,

– ռազմա-պաշտպանական և այլն, և ըստ բնակչության սոցիալական կազմի ու իրավական վիճակի:

Ճարտարապետությունը
Քաղաքի ճարտարապետություն վերաբերյալ նյութերը բազմազան են: Քարերն իրար հետ ամրացվել են միայն հորիզոնական, ծիծեռնակապոչ փորվածքների մեջ տեղադրված փայտերով: Քարերն ունեն ռուստիկում մշակում, որը տարբերվում է մինչհելլենիստականից: Այդ ձևով մշակված քարերով շարվածքը պատին հաղորդում էր հոծության, վիթխարի տեսք, իսկ լույս ու ստվերի խաղը գեղատեսիլ տպավորություն էր թողնում: Հելլենիստական շրջանի տաճարը և հարթակը, հավանաբար, 59 թ. ավերվել է Կորբուլոնի կողմից: Տրդատ I-ի օրոք (52–88 թթ.) կառուցվել է նոր հարթակ, նոր տաճարով:

Պաշտպանական համակարգ

Քաղաքի կառուցվածքի կարևորագույն տարրերից մեկը պաշտպանական համակարգն է: Պարիսպներով շրջապատված են եղել Խոր Վիրապի բոլոր բլուրները, բայց պարիսպները կառուցվել են ոչ թե իրարից անջատ, այլ կազմել են մի միասնական ընդարձակ, հզոր պաշտպանական համակարգ: Իրար մոտ գտնվող կամ կից բլուրներն օղակող պարիսպներն իրար միացած են եղել զուգահեռ պատերով կառուցված միջանցքներով: Պարսպի հետքերը նկատելի են բոլոր բլուրների շուրջ, բայց պահպանվել են հատվածաբար: Պարիսպները կառուցվել են տեղական կարմրավուն, կարծր քարից և մոխրագույն անմշակ մարմարից, իսկ վերևում օգտագործել են հում աղյուսի շարվածքը: Պարիսպներն ամրացվել են հենապատերով ու կիսաշրջան աշտարակներով: Պարիսպի հաստությունը տարբեր մասերում տարբեր է՝ 2,80 մետրից մինչև 4,80 մետր: Արտաշատը պաշտպանված է եղել նաև ջրային խանդակով: Անմիջապես քաղաքի դիմաց գտնվող, Արաքսի վրա կառուցված Տափերական կամուրջով գլխավոր ճանապարհն ուղղվել է դեպի հարավ-արևմուտք՝ դեպի Տիգրանակերտ: Մեծամոր գետի կամրջով ճանապահն ուղղվել է դեպի հյուսիս-արևմուտք դեպի Վաղարշապատ, իսկ հարավ-արևելք ուղղությամբ դեպի Պարսկաստան: Արտաշատին բնորոշ է եղել քաղաքային տնտեսության երեք հիմնական ճյուղերի՝ երկրագործության, արհեստագործական արտադրության և առևտրի բավական բարձր մակարդակը: Քաղաքային բնակչությունը կազմում էր ինքնավար համայնք, որը հողեր ուներ քաղաքի շուրջ և քաղաքին պատկանող բնակավայրերում՝ ագարակներում: Ըստ Ստրաբոնի և Կորնելիոս Տակիտոսի` Արտաշատն ունեցել է երկարաձիգ պարիսպներ: Պեղումներով բացվել և հետազոտվել է պարիսպների մի մասը մոտ 4500–5000 մ երկարությամբ: Արտաշատի պարիսպների երկարությունը 10 000 մ-ից ավելի է: Բոլոր բլուրները մտնում են պաշտպանական ընդհանուր համակարգի մեջ: Միջնաբերդն ընդհանուրից բացի ունի առանձին պարիսպ` դաշտի համեմատ 50-55 մ բարձրության: Դա ուրարտական պարիսպն է, որը վերականգնվել ու հարմարեցվել է հելլենիստական ռազմարվեստի պահանջներին, անկյունային կոնտրֆորսները փոխարինվել են կլոր աշտարակներով (տրամագիծը` 13–15 մ), իսկ մուտքն իջեցվել է դեպի I բլուր տանող լանջը և թևերից պաշտպանվել երկու աշտարակով (տրամ.`13 մ.): Մեծ վարպետությամբ օգտագործելով տեղանքի ընձեռած հնարավորությունները` պարիսպները կառուցվել են բեկված գծերի ձևով, ինչպես Միլետի, Էփեսոսի, Պերգամոնի, Պրիենայի, Մեանդրի վրայի Մագնեզիայի, Նոտիումի, Դուրա-Եվրոպոսի հելլենիստական շրջանի պարիսպները, որոնք կատարում էին աշտարակների դեր: Պաշտպանությունում դեռևս պարիսպները կարևոր դեր էին խաղում, սակայն գլխավոր դերը պատկանում էր աշտարակներին, որոնց վրա նետարձակ և քարանետ մեքենաներ են տեղադրվել: Հայտնաբերվել են տարբեր չափերի ռմբաքարեր, որոնց մեծ մասը հատուկ է պատրաստված:

Քաղաքը հայտնի է եղել իր կառույցներով և ճարտարապետական կոթողներով: Այն ունեցել է պարիսպներից և պատվարից բաղկացած պաշտպանական ընդարձակ համալիր և միջնաբերդ՝ արքունական պալատով: Արտաշատում կային փողերանոց, գանձատուն և մաքսատուն, մի քանի կամուրջ, որոնցից ամենահինն ու հռչակավորը «Տափերականը» կամ «Արտաշատի կամուրջն» էր Երասխի վրա: Մ. թ. ա. 53-ին, Արտավազդ Բ –ի օրոք, Արտաշատում հունարեն ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:

🔨 Գտածոներ

Պեղումներով բացվել են միջնաբերդի ամրոցներից մեկը, զինվորական բազմաթիվ կացարաններ, դարբին-զինագործի արհեստանոցներ՝ զենքերի տարբեր տեսակներով, հայտնաբերվել են Տիգրան Բ-ի արծաթյա, սելևկյան պարսկաստանի, կապադովկիական, պոնտական և հռոմեական, նաև Արտաշատ քաղաքի կնիքով քաղաքային դրամներ: Արտաշատում գտնվել է կնոջ մարմարե արձան (մ. թ. ա. 1-մ. թ. II դդ.), կոտրված արձանի ոտք և Վիկտորյա աստվածուհու մարմարյա թևերը, որմնանկարներ և խճանկարներ: Հայտնաբերվել են նաև մեծ քանակությամբ խեցեղեն, ապակեղեն և մետաղյա իրեր, որոնք վկայում են Արտաշատի երբեմնի տնտեսական ու մշակութային բուռն կյանքը: VIII բլրի վրա հայնտաբերվել են մի քանի բաղնիքներ, կիր պատրաստելու վառարան, գինեգերծության հետ կապված մի շարք պարագաներ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն եղել է արհեստավորների տարածքը: Կարասներում և մեծ անոթներում հաճախակի հայտնաբերվող նավթը (կուպր) վկայում է դրա կիրառումը ոչ միայն կենցաղում` ճրագների համար, բժշկության մեջ, այլև պաշտպանական նպատակով, որի մասին գրում են Պլինիոս Ավագն  ու Դիոն Կասիոսը:

🌍 Նշանակությունը

Արտաշատը հայկական հելլենիստական մշակույթի կենտրոն էր, նաև հին աշխարհի միջազգային առևտրի գլխավոր կենտրոններից էր: Քաղաքով էր անցնում Հեռավոր Արևելքից դեպի Միջերկրականի ափերը ձգվող տարանցիկ առևտրական ճանապարհը, որով փոխադրվում էին չինական մետաքս և այլ ապրանքներ: Պևտինգերյան ուղեցույց–քարտեզից (մ. թ. IV դ.) երևում է, որ Արտաշատում էին հանգուցավորվում Մատաղից (Փոքր Հայք), Տիգրանակերտից (Հայաստանի հվ–արմ.), Սեբաստուպոլսից (Կողքիս), Համադանից (Իրան) և Արմազիից (Վրաստան) եկող առևտրական ուղիները: Արտաշատը հռչակված էր նաև որպես տարանցիկ ապրանքների պահեստավայր, մթերանոց և առևտրական փոխանակությունների կենտրոն: Արտաշատի միջազգային նշանակությունը ճանաչվել է նաև հետագայում՝ Հուստինիանոս I-ի կայսերական հրովարտակով: Մ. թ. II դ. Արտաշատում էր ապրում ե ստեղծագործում ծագումով ասորի Յամբլիքոսը՝ «Բաբելոնականք» վեպի հեղինակը: V դ. 2-րդ կեսից Արտաշատն արդեն գյուղաքաղաք էր, իսկ հաջորդ դարում հիշվում է որպես դաստակերտ: Քաղաքի անկման հիմնական պատճառը կապված է Մեծամորի հունի փոփոխման հետ: Հայոց Խոսրով Բ արքայի օրոք (թագ. 252-մոտ 260) արքունիքը տեղափոխվեց Դվին: Պարսից Շապուհ II-ի արշավանքները (364-369) և ֆեոդալիզմի զարգացման վաղ փուլում Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները ևս որոշակի դեր կատարեցին Արտաշատի անկման գործում:

📜 Ավանդազրույցներ

Ըստ հույն պատմագիրների, Արտաշատը շինվել է կարթագենցի զորավար Հաննիբալի խորհրդով և ցուցումով:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Ժ. Խաչատրյան 1981, Արտաշատ II, Անտիկ դամբարանադաշտեր (1971-1977թթ.), Հնագիտական պեղումները Հայաստանում, N 17, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 200 էջ:
  2. Հայկական ճարտարապետության պատմություն 1996, Հ. 1, պատ. խմբ. Գ. Տիրացյան, Երևան, ‹‹Գիտություն››, 298 էջ:
  3. Ա. Տոնիկյան 1987, Արտաշատի ուշ հելլենիստական դարաշրջանի բնակելի տների ճարտարապետությունը (I բլրի պեղումների նյութերի հիման վրա), Լրաբեր, N 9, էջ 68-73:
  4. Б. Аракелян 1982, Арташат I, Основные результаты раскопок 1970-1977гг., Археологические раскопки в Армении, N16, Ереван, изд. АНАрмССР, 71с.
  5. Ф. Тер-Мартиросов 1973, Терракоты из Арташата, Вестник Общественных Наук, N 4, с. 82-91.
  6. Ж. Хачатрян, А. Канецян 1974, Стратиграфия VIII холма Арташата, Вестник Общественных Наук, N9, с. 76-91.
  7. Lichtenberger A., Schreiber T., Zardaryan M. 2022, The wall decoration of a plastered building in Artaxata-Artashat in the Ararat plain of Armenia, Project: The Armenian-German Artaxata Project (AGAP).

🏛️ Հուշարձանների ցանկ

Արարատ 3.49/2

📷 Լուսանկարները

1. Արտաշատի 1-ին բլրի հատակագիծը (Ա. Տոնիկյան, 1987):

2. Արտաշատի VIII բլրի ընդհանուր տեսարան՝ բաղնիքներով և արտեստավորական տարածքով (լուս. Վ. Վասիլյան):

3. Արտաշատյան Աֆրոդիտե, մարմար, մ.թ.ա. 2-րդ դ, գտնված Արտաշատ հնավայրից (լուս. ՀՊԹ):

4. Արտաշատից հայտնաբերված մերկ դիցուհու արձանիկ, ոսկոր, մ.թ.ա. 2-րդ դ (լուս. ՀՊԹ):

5. Արտաշատի բաղնիքի խճանկարից մի հատվածէ մեանդր գալարազարդերով (լուս. Մ. Զարդարյան):

6. Արտաշատից գտնված կավից մանրաքանդակ՝ հավանաբար Անահիտը Երվանդի հետ (լուս. ՀՊԹ):

7. Արտաշատի որմնանկաներից մի հատված (լուս. Մ. Զարդարյան):

8. Հավանաբար Աֆրոդիտեի մարմարյա արձանի ոտքը (լուս. Ժ. Խաչատրյան):

9. Արտաշատի վերակազմություն՝ ըստ Ռ. Սարգսյանի (լուս. Ռ. Սարգսյան):

10. Արտաշատի բլուրները (լուս. Վ. Վասիլյան):

11. Արտաշատի հնավայրի հավանաբար պաշտամունքային կառույցի հիմքերը (լուս. Մ. Զարդարյան):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձանները