Արգիշտիխինիլի Արմավիր
Argishtikhinili Armavir
Argishtikhinili Armavir
Argishtikhinili Armavir
Argishtikhinili Armavir
Argishtikhinili Armavir

Արմավիր

Անվանումը` Արգիշտիխինիլի-Արմավիր

Հուշարձանի տեսակը` Բնակատեղի

Շրջան` Արմավիրի մարզ

Ժամանակաշրջան` Ուրարտական

Անվանումը` Արմավիր

Այլ անվանում` Արգիշտիխինիլի Արմավիր

Հուշարձանի տեսակը` Ամրոց-բնակատեղի

Մարզը` Արմավիրի մարզ

Համայնքը` Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր

Բնակավայրը` Արմավիր

Տեղադրությունը` Գտնվում է Արմավիրի մարզային կենտրոն հանդիսացող Արմավիր քաղաքից 7-8 կիլոմետր հարավ արևմուտք, Արարատյան դաշտում, այժմյան Արմավիրի մարզի (նախկին՝ Հոկտեմբերյանի շրջանի) Արմավիր, Հայկավան և Ջրաշեն, Նոր Արմավիր գյուղերի հարևանությամբ։

Պահպանվածությունը` Ավերակ, հնավայր

Կոորդինատները` 40°09′00″ հս․ լ. 44°02′24″ ավ. ե.

Բարձրությունը՝ ծ.մ. 850մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Գոյություն է ունեցել մ.թ.ա. VIII-V դարերում։

🔍Ուսումնասիրության պատմությունը

Հայ հին պատմիչներից հատկանշական է Մ. Խորենացու հիշատակությունը Արմավիրում կառուցված հեթանոսական տաճարների և նրանց մեջ կանգնեցված հոյակապ արձանների մասին: Իսկ արդեն  XIX դ. առաջին  կեսին  Արմավիրով  հետաքրքրվել  են  Կերպորտերը,  Սեն-Մարտենը, ավելի  ուշ՝  Շանտրը:  Արմավիրի  ուսումնասիրության գործում  մեծ  դեր  են  խաղացել  նաև  Էջմիածնի  վանական  գիտնականները՝ հրատարակելով տեղանքից գտնված սեպագիր արձանագրությունները: Այդ  գործում հատկապես  մեծ  է  Մ.  Սմբատյանի  դերը,  որը,  հավաքելով  սեպագիր  արձանագրությունները,  հրատարակում  էր  դրանց  պատճենները: 1880թ.-ին Արմավիրում ձեռնարկվում են հետախուզական պեղումներ՝ Թիֆլիսում  կայանալիք  5-րդ  հնագիտական  համագումարի  համար  նյութեր  նախապատրաստելու նպատակով: Արշավախումբը՝  Ա.  Երիցյանի  և  Ա.  Ուվարովի  գլխավորությամբ մասնակի  պեղումներ  կատարեց  բլրի  գագաթին  ու ստորոտին: Հայտնագործվում է Արգիշտիխինիլին:

Հետագայում Արգիշտիխինիլի-Արմավիրի պեղումները  վերսկսվեցին  1962 թ.-ին՝ Հ. Մարտիրոսյանի և Բ. Առաքելյանի, այնուհետ՝ Գ. Տիրացանի ղեկավարությամբ:

🧱Հնագիտական նկարագրությունը

Արգիշտիխինիլիի  ուսումնասիրության պատմությունը սերտորեն  կապված  է  հետագայում  նրա  տարածքում  կառուցված  Հայաստանի  հնագույն  մայրաքաղաք  Արմավիրի  հետ:  Մ.  Խորենացին  հաղորդում  է  Հայկի  թոռան՝  Արամայիսի  կողմից  Արմավիրի  կառուցման  մասին. «Արամայիսը  իր  բնակչության  համար  տուն  է  շինում  գետի  ափին`  մի  բլրի  վրա,  և  իր  անունով  կոչում  է  Արմավիր,  իսկ  գետը  կոչում  է  Երասխ՝  իր  թոռան՝  Երաստի  անունով»: Խորենացու  մոտ  պահպանված  ավանդությունները Արմավիրի  մասին  հետաքրքրություն  են  առաջացնում  եվրոպական  գիտնականների  մոտ:

Ըստ  Խորխորյան տարեգրության  և  Վանի  Սուրբ  Սահակ  եկեղեցու  պատին  պահպանված  նրա  կրկնօրինակի`  Արգիշտի  I-ը  կառուցել  է Արգիշտիխինիլին  իր  կառավարման  11-րդ  տարում`  Ք.ա.  776  թ.,  տվել  է  նրան  իր  անունը  և  Արաքսից  ջրանցք  է  տարել  քաղաքի  համար: Քաղաքի  հիմնադրման  պատմության  ուսումնասիրության  համար  կարևոր  նշանակություն  ունի  Արմավիրից  ոչ  հեռու  գտնված  մի  այլ  արձանագրություն,  որում  Արգիշտի  I-ը  հաղորդում  է,  որ  նա  հզոր  ամրոց  է  կառուցել,  տվել  է  նրան  Արգիշտիխինիլի  անունը,  գետից  չորս  ջրանցք  է  տարել  և  այգի  է  հիմնել:    Ոչ  պակաս  մեծ  աշխատանքներ  են  կատարվել  ամրոցի  և  քաղաքի  կառուցման  համար:

Հուշարձանը զբաղեցնում  էր  մոտ  1000  հա  տարածություն:

Սարդուրի  II-ի,  Ռուսա  I-ի  և  Ռուսա III-ի օրոք շարունակվում են քաղաքի Արմավիր, արևմտյան ամրոցի սյունազարդ դահլիճը կառուցապատման աշխատանքները: Հատկապես  հետաքրքիր  են  Սարդուրի  II-ի  արձանագրությունները,  ուր  նա  հաղորդում  է  Սուսի  տաճարի  և  ՚Խալդյան  դարպասներիՙ  կառուցման  մասին: Նույն  թագավորի  այլ  արձանագրություններում  խոսվում  է  արքայական  և  տաճարային  տնտեսությունների  կազմակերպման,  խաղողի  և  պտղատու  ծառերի,  այգիների  հիմնման  և  այլ  աշխատանքների  մասին:

Արգիշտիխինիլիի  բնակչությունը բաղկացած կազմված  էր  տեղացի  և  նվաճված  բազմաթիվ  երկրներից  վերաբնակեցված  մարդկանցից:  Տնտեսական  կյանքը  աշխույժ  զարգացել  է  քաղաքի  ամբողջ  գոյատևման  ընթացքում:

Պեղումների  ընթացքում ուսումնասիրվել  է  արևմտյան  ամրոցը,  որը  գտնվել  է  արևելյանից  3400  մ  հեռավորության  վրա: Արևմտյան  ամրոցը  կառուցվել  է «Դավթի  բլրի» վրա`  52  մետրով բարձրանալով  հարթավայրից:  Ամրոցը  2  հեկտար տարածք է զբաղեցնում:    Բլրի  բնական  թույլ  պաշտպանված  հատվածները  ամրացվել  են  հյուսիսային  կողմից  եռաշարք,  իսկ  հարավային  կողմից  երկշարք  պարիսպներով:  Հիմնապատի  բարձրությունը  տեղ-տեղ  հասել  է  3-4  մ,  իսկ  լայնությունը՝ 2-5  մ:

Քաղաքի  հետ ամրոցը  հաղորդակցվում  էր  երեք  դարպասների  միջոցով,  որոնցից  երկուսը  կառուցված  էին  հյուսիսային, իսկ  մեկը`  արևելյան  ուղղություններում:  Բոլոր  դարպասները  լավ  պահպանված  էին  հզոր  անկյունային  աշտարակներով:

Արգիշտի  I-ի  օրոք  ամրոցը  զբաղեցնում  էր  1  հա  տարածք և աշտպանված  էր  մեկ  շարք  պարիսպներով:

Արևմտյան  ամրոցում  կառուցված  ամենախոշոր  շինությունը արևելք-արևմուտք  ուղղվածությամբ  պալատական  շենքն  էր`  3000  մ2  տարածքով:  Հանդիսավոր  մուտքը  կառուցված  է  արևելյան  արտաքին  պարսպի  մեջ  և  պաշտպանված  է  երկու  հզոր  աշտարակներով,  իսկ  արևմտյանը  տանում  է  դեպի  ընդարձակ  բակը:  Պալատը  վեր է խոյանում իրար  միացող  երեք  աստիճանաձև  ժայռելուստների  վրա  և  կազմված  է  19  ընդարձակ,  տարբեր  նշանակության  կացարաններից:  Նրա  հիմնական  շինությունը  մի  ընդարձակ  դահլիճ  է,  որի  ծածկը  կրում  են  քսան  փայտե  սյուներ:  Սյուների  բազալտե  խարիսխների  վրա  պահպանվել  են  Արգիշտի  I-ի սեպագիր  արձանագրությունները` «Խալդի  աստծո  մեծությամբ  Արգիշտին`  Մենուայի  որդին,  այս  տունը  կառուցեց» բովանդակությամբ:

Պալատի  սյունազարդ  դահլիճը,  ինչպես  Էրեբունիում,  հետագայում  վեր  է  ածվել գինու  մառանի,  ուր  տեղադրվել  են  35  խոշոր  կարասներ:

Պալատից  դուրս`  բակի  հյուսիսային  մասում,  կառուցվել  են  ընդարձակ  շտեմարաններ, որոնց  հատակը    ծածկված  է եղել  այրված  ցորենով:  Այս  շինությունների  մեջ  էր գտնվում   բակը,  որն  ուներ  700  մ2  տարածք  և  կապված  էր  ամրոցի  հյուսիսային  դարպասների  հետ: Դիմացի  հրապարակի   պարագծով  կառուցվել  են  երեք  տաճարներ:  Նրանցից  երկուսը  կազմված  էին  մեկ  կամ  երկու  դահլիճներից`  յուրաքանչյուրը  200  մ2  մակերեսով:    Պահպանվել  են սյունաշարի առանձին  խարիսխները,  իսկ  պատերը    ծածկված  են  եղել  բազմագույն  որմնանկարներով:

Տաճարային  համալիրի  երրորդ  շինությունը  400  մ2  մակերես  ունեցող խոշոր շենք  է,  որի  հզոր  պատերի  հիմնաշարերն  ունեն  2,5  մ,  իսկ  պարիսպներին  հարող  հատվածում`  5  մ  հաստություն:  Խնամքով  շարված  դռան  բացվածքները   հարդարված  են  քարերով:

Բացի  պալատական  համալիրներից,  արևմտյան  ամրոցի  մյուս  հատվածներում  բացվել  են  բազմաթիվ  բնակելի,  պահեստային  ու  տնտեսական  շինություններ,  որոնք  իրենց  կառուցողական  տեխնիկայով  և  հորինվածքով  բնորոշ  են  ուրարտական  ճարտարապետությանը:

1973  թ.  պեղումների  ընթացքում  առաջին  անգամ  պեղվեց  ջրավազանը:  Այն  ուղղանկյուն  շինություն  է,  որի  պատերի  հաստությունը  3,3  մետր  է:  Ունի  ձագարի տեսք:   Հիմքի  չափերն  են  5,5×3,2  մ, իսկ վերին մասում 6,75×5  մ:  Տարողությունն  ավելի  քան  80000  լիտր է:   Կարելի  է  ենթադրել,  որ    այն կառուցվել  է  Սարդուրի II-ի  օրոք:

Հետաքրքիր  կառույցներ  են  պեղվել  նաև    քաղաքի  առանձին  հատվածներում: Ընդարձակ  բնակելի  սենյակների շուրջ  տեղադրված  էին  ավելի  փոքր`  տնտեսական  նշանակության  շինություններ:  Հյուսիսարևելյան  անկյունի  կացարանում  բացվել  է գինու  ընդարձակ  մառան,  ուր  տեղադրված  էին  8  մեծ  և  3  միջին  չափսի  կարասներ,  որոնց  ընդհանուր  տարողությունը  հասնում  էր  12-13  հազար  լիտրի:  Հակառակ  անկյունում  տեղադրված  էր  գոմը,  ուր  կարող  էր  պահվել  30-40  գլուխ  մանր  եղջերավոր  անասուն:  Գոմի  հատակը  ծածկված  էր  քարե  սալերով,  որոնց  վրա  տեղադրված  էին  կերի  համար նախատեսված մի  քանի  քարե  տաշտեր: Կենտրոնական  սենյակներում  գտնվել  են  խեցանոթներ,  քարե  տափակ  տապականեր,  բազալտե  թասեր,  տուֆե  սալեր  և  երկաթից  պատրաստված  քարտաշի  կացիններ:

Այսպիսով՝ երկրորդ  տեղամասում  պեղված առաջին տունը, պատկանել  է  քարտաշ  վարպետի, իսկ  երկրորդը՝  քաղաքի  բարձր  աստիճանավորներից  մեկին՝ կնիքագործին  կամ ՚կնիք  պահողինՙ, որի  պաշտոնը  վկայված  է  սեպագրերում: Շենքի  արտաքին խոշոր  պատերը  ամրացված  են  հենապատերով:  Նրա  ընդհանուր  տարածքը  կազմում  է  614  մ քառ.: Դահլիճից  հյուսիս  պեղվել  է  մի  ընդարձակ  բնակելի  սենյակ,  որը  չորս  դուռ  ուներ:  Բացի  քարե  և  կավե  տարբեր  ձևերի  անոթներից,  այստեղ  գտնվել  է  եղնգաքարե  (օնիքս)  կնիք,  որի  վրա  պատկերված  է մի եղջերու:  Մեկ այլ կնիքի  վրա  փորագրված  է  ձիու  գլուխ:

Ներկայացվող  տունը  պատկանում  է  քաղաքի  ոչ  շատ  հարուստ  մի բնակչի: Նա զբաղվում  էր  քարե  իրեր  պատրաստելով  և  դրանց  փորագրությամբ:  Այս  տունն  ուներ  250  մ քառ.  ընդհանուր  մակերես  և  կազմված  էր  մի  քանի  սենյակներից:  Այստեղ  բացվեցին  կավից  պատրաստված  բարձր  նստարան-հարթակ և քարից  պատրաստված  մեծաքանակ իրեր, որոնք,  ըստ  երևույթին,  ուրարտական  կոնաձև  կնիքների  և  հմայիլների  պատրաստուկ   են  հանդիսացել:

Քաղաքում  պեղված  տներից  առավել  հետաքրքիր  է  երրորդ  թաղամասում  բացված  քուրմ-բժշկի  տունը:  Այն  կառուցված  է  մի  բարձր  հրաբխային  կոնի    գագաթին: Համալիրը  զբաղեցնում  է  400  մ քառ.  տարածք  և  ունի  ուղղանկյուն  հատակագիծ:  Այն կազմված  էր  տարբեր    նշանակություն  ունեցող  ինը  սենյակներից, որոնք  ունեին  բնակելի,  ծառայողական  և  պահեստային  գործառույթ:  Փլված    տանիքի  տակ  գտնվեցին  մի  կնոջ, ինչպես  նաև  տարբեր  կենդանիների  կմախքներ, բազմաթիվ  խեցանոթների բեկորներ: Դրանց  մեջ  ուշադրության  են  արժանի  նրբագեղ անգոբապատված,  փայլեցված 2-7 սմ-ոց  անոթները (թասեր,  կճուճներ,  մեկ  կանթանի  սափորներ,  երկկանթ  գավաթներ):  Դրանք  օգտագործվել  են  տարբեր  օծանելիքների,  անուշահոտ  յուղերի,    բուժախոտերի  ոչ  մեծ  դեղաքանակների  պատրաստման  և  պահպանման  համար:

🔨Գտածոներ

Արգիշտիխինիլիի  պեղումների  շնորհիվ  գտնվեց   հսկայական  հնագիտական  նյութ: Զարգացած  մետաղագործության  մասին  են  վկայում  ոչ  միայն  նյութական  մշակույթի  առարկաները,  այլ  նաև դարբին-բրոնզեձուլողի արհեստանոցը:  Այն  պեղվել  է  միջնաբերդի  արևելյան  մուտքի  երկու  աշտարակների  միջև  գտնված  աստիճանավանդակի  տեղում:

Քաղաքի  պեղումների  ժամանակ  բացվել  է  նաև  բրուտագործի    տունը,  ուր  գտնվել  են  բրուտի  դազգահի  երեք  կավե  անիվներ:  Տան  մոտ  բացվել  է  տուֆից  պատրաստված  մարդու  քանդակ:   Խեցեղեն  նյութերի  մեջ  աչքի  են  ընկնում  կարասները,  որոնք  զարդարված  են հյուսածո,  եռանկյունաձև,  կամարաձև, ուղղանկյունաձև  նախշերով  և հարթ  գոտիներով:  Այս  անոթները  հիմնականում  օգտագործվել  են  գինի և  ձեթ  պահելու  համար:  Հանդիպում  են  նաև  կարասներ,  որոնց  մեջ  պահվել  է  հացահատիկ:    Մեծ  թիվ  են  կազմում  սիգարաձև  անոթները,  որոնք  օգտագործվել  են  կորեկից  և  գարուց  գարեջուր  ստանալու  ու  պահելու  համար: Արգիշտիխինիլիում     օգտագործվում  էին  կաթնամթերք  պատրաստելու  (մածուն,  յուղ,  պանիր)  և  պահելու  համար նախատեսված  տաշտեր,  չաներ: Առանձին  բազմաձևությամբ  աչքի  են  ընկնում  տարբեր  երանգների կճուճները:  Նրանք  ունեն  ուռուցիկ,  գնդաձև,  ձվաձև  իրան,  լայն վզեր:  Կարմրավուն կճուճներից  մեկի  ուսը  զարդարված  է  մարտակառքի  գծապատկերով,  մյուսները`  ձիու,  կենաց  ծառերի  պատկերներով:  Որոշ  անոթների  վրա դաջված են  առյուծների  և  այծերի  պատկերներ:

Արգիշտիխինիլիի  պեղումները  բացահայտեցին քաղաքի  անկման  պատճառները  և  ժամանակը:  Արգիշտիխինիլին,  ինչպես  և  Թեյշեբաինին,  ընկել  է   մարա-սկյութական  հրոսակախմբերի  հարվածների  հետևանքով:

🌍Նշանակությունը

Արգիշտիխինիլի (ուրարտերեն՝ URUar-gi-iš-ti-ḫi-ni-li), քաղաք Վանի թագավորությունում, եղել է թագավորության վարչա-տնտեսական և պաշտամունքային կենտրոն։

Կառուցվել է Վանի թագավորության ընդարձակման ընթացքում՝ Անդրկովկասում՝ Արգիշտի Առաջին թագավորի կողմից մ.թ.ա. մոտ 776 թվականին և անվանակոչվել է վերջինիս անունով։ Այստեղ  գտնված կենդանիների մնացորդները  վկայում  են,  որ ուրարտացիների  տներում պատրաստվել են տարբեր  բուժիչ  դեղամիջոցներ, եղել է խոշոր ավանդական բժշկության կենտրոն:  Ս.  Մեժլումյանի  բնորոշմամբ` գտնվել  են  մուֆլոնի,  եղջերվի,  աղվեսի, գայլի  ձագի,  նապաստակի,  կուղբի,  ոզնու  և  այլ  կենդանիների  առանձին  օրգաններն ու  մարմնի  որոշակի  մասերը,  որոնք   լայնորեն  օգտագործվում   են  ժողովրդական  բժշկության մեջ:  Այսպես,  կրիայի  արյունը,  գինու  հետ  խառնված  վիճակում,  օգնում  է  հազի,  ականջացավի  և  խոցի  բուժմանը:  Հետաքրքիր  բուժիչ  հատկություն  ունի  ոզնին:  Նրա  այրված  ասեղները  բուժում  են  աչքերը, իսկ միսը  օգտագործվում  է  երիկամների,  օձի  կծածի,  հոդերի  բուժման  ժամանակ:

📜Ավանդազրույցներ

Հայտնի են սոսի-չինարի մի քանի տեսակներ, որոնք այժմ էլ կարելի է տեսնել Արմավիրի մարզի գյուղերի տարածքներում։ Հույն պատմիչ-զորավար Պտղոմեոս Կլավդիոսը, այցելել է Արմավիր, և հիացել է անտառի գեղեցկությամբ: Սոսյաց անտառի մասին և նրա բուժիչ և հմայական հատկանիշների մասին հիշատակում են հայոց պատմիչները՝ օր. Մ.Խորենացին:

📚Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Առաքելյան Բաբկեն, Հանրագ. հատ. 7, էջ`444:
  2. Ասմարյան  Ս., «Արամայիս նահապետից մինչև Արմավիր համայնք» Ե 2013
  3. Իշխանյան Ռ. Հանրագ. հ.7, էջ 443/4/
  4. Խանզադյանը Է., Էմմա Խանզադյան, Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակավայրեր Մոխրաբլուրում(Արևիկ-Արմավիր), Հանրագիտարան 2-րդ հատ., էջ` 37-38
  5. Կարապետյան Ի., Հայաստանի նյութական մշակույթը մ.թ.ա . 6- 4 դդ
  6. Հակոբյան  Թ. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», «Արմավիր» հոդվածը, էջ՝ 77-78։
  7. ՀԺՊ, ԳԱ Ակադեմիայի հրատ. 1971, հատ.1, էջ` 920-921:
  8. Ղաֆադարյան 1984; Մարտիրոսյան, Թորոսյան 1986:
  9. Մովսես Խորենացի, «Պատմություն հայոց», Մալխասյանցի թարգմանություն, 1968։էջ՝ 91 – 92:
  10. Ուրարտուի հնագիտություն (Ամրոց-բնակավայրեր և դամբանային համալիրներ), Երևան: Երևանի համալս. հրատ., 2008, 85-95 էջ:
  11. Վարդանյան Ս., Հայաստանի մայրաքաղաքներ։
  12. Տիրացյան Գ.։ Արմավիրի պեղումների 100-ամյակը։
  13. Քաղաքատեղի Արգիշտիխինիլի» Հուշարձանի, hushardzan.amА. А. Мартиросян, Аргиштихинили, Издательство АН Армянской ССР, Ереван, 1974, Ереван, 1974.
  14.  Б. Н. Аракелян, О некоторых результатах археологического изучения древнего Армавира, «Պատմա-բանասիրական հանդես, 1969, № 4:
  15.  Доурартский Армавир (III — начало I тыс. до н. э.). Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 254–275.
  16. Пиотровский Б. Б. Ванское царство (Урарту), Издательство Восточной литературы, Москва, 1959.
  17. Сергей Глинка. «Обозрение истории армянского народа от начала бытия его до возрождения области Армянской в Российской империи».Москва, 1832.
  18. Уваров А. С., Исследов. местности, на к-рой предполагались развалины Армавира. 5-й археологич. съезд в Тифлисе. Протоколы подготовит. к-та, М., 1882.

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ