Horom
Horom

Հոռոմի հնագիտական համալիր

Անվանումը՝ Հոռոմի հնագիտական համալիր
Հուշարձանի տեսակը՝ Քաղաքատեղի
Շրջան՝ Շիրակի մարզ
Ժամանակաշրջան՝ Նախապատմական

Անվանումը՝ Հոռոմի հնագիտական համալիր

Այլ անվանումներ՝ Հոռոմ, Հոռոմի բերդ, Արծնաբերդ

Հուշարձանի տեսակը՝ Ամրոց-բնակավայր (Հոռոմ 1, Հոռոմ 2), դամբանադաշտեր, զոհարան

Մարզը՝ Շիրակ

Համայնքը՝ Հոռոմ

Բնակավայրը՝ Հոռոմ

Տեղադրությունը՝ Համալիրը գտնվում է Շիրակի մարզում, Գյումրի քաղաքից 15 կմ հվ-հվ-արևելք, Արթիկից՝ 10 կմ հս-արմ, Մանթաշ գետի ձախ ափին։ Բնակավայրերը և դամբանադաշտը տեղորոշվում է Հոռոմ և Նոր Կյանք գյուղերի միջակայքում՝ Գյումրի-Արթիկ ճանապարհի երկու հատվածներում։ Հուշարձանը տարածվում է տարածքի հանդեպ բարձր դիրք ունեցող բլուրների գագաթներին և լանջերին, իսկ դամբանադաշտը տեղորոշվում է բլուրներից հարավ-արևելք։

Պահպանվածությունը՝ Հուշարձանը կիսավեր վիճակում է։

Բարձրությունը՝ ծ.մ.1570 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Հուշարձանում ժամանակագրվել են վաղբրոնզեդարյան բնակավայր և դամբարաններ (մ.թ.ա. IV-III հզ.), միջինբրոնզեդարյան բնակավայր (XIX-XVII դդ. մ.թ.ա.), ուշբրոնզեդարյան բնակավայր և դամբաններ (XV-XIII դդ. մ.թ.ա.), վաղերկաթեդարյան ամրոց և ուրարտական ժամանակաշրջանների միջնաբերդ, բնակավայր և դամբանադաշտ (մ.թ.ա. XII-IX, VIII-VI դդ.)։

Հոռոմի հնագիտական համալիր

🔍 Ուսումնասիրության պատմությունը
Հոռոմի գիտական հետազոտությունները սկսվել են 19-րդ դարի վերջերին՝ Ն. Մառի այցելությամբ։ 1909 թ. Բ. Խալաթյանցը Հոռոմում պեղում է մ.թ.ա. II հզ. երկրորդ կեսին վերաբերող շուրջ երեք տասնյակ դամբարաններ։ 1913 թ. Թ. Թորամանյանը Ատրպետի ուղեկցությամբ, իսկ 1924 թ. միայնակ, այցելում է Հոռոմի ամրոց, հետազոտում, լուսանկարելով այն և շուրջը տարածվող բնակավայրը։ 1930 թ. Հոռոմում դիտարկումներ են կատարում Ա. Հաջյանը, Լ. Գլուզալյանը, Բ. Պիոտրովսին և Ե. Բայբուրդյանը։
1959 թ. Հոռոմի մատույցներում՝ Վարդաքար գյուղի տարածքում, բացված սալարկղային վաղերկաթեդարյան դամբարանը հետազոտվել է Թ. Խաչատրյանի կողմից։ 1967 թ. նույն հետազոտողը կատարել է հետախուզական պեղումներ, հայտնաբերվել են վաղբրոնզեդարյան իրեր՝ մ.թ.ա. III հզ. առաջին կեսին վերաբերվող (ՀՊԹ 2418/1-26)։
1987-1989 թվականներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը Հոռոմի դամբանադաշտում պեղել է 180 ՈՒԲ և ՎԵ դարերին վերաբերող դամբարաններ։ 1990-1993 թթ. Հոռոմի հուշարձանախմբի պարբերական ուսումնասիրություններով զբաղվել է հայ-ամերիկյան արշավախումբը (Ռ. Բադալյան, Ֆ. Կոլ)՝ հետազոտելով երկու ամրոցակիր բլուրները, բնակավայրը և դամբանադաշտը։

 

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն և տարածք
Հոռոմի համալիրն բաղկացած է երկու միջնաբերդից՝ Հոռոմ 1 և Հոռոմ 2, որոնք համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային բլուրներին, միջեւ՝ 320 մ հեռավորությամբ։ Տարածքը խիստ բլրային է, ռելիեֆը՝ անհարթ։
Բնակավայրը ձգվում է հյուսիս-հարավ առանցքով 700-800 մ, իսկ արևելք-արևմուտք՝ 600-700 մ, ընդգրկելով շուրջ 40-55 հա։

Բնակեցման փուլեր

❈ Վաղագույն փուլը՝ վերին պալեոլիթ, վկայված է բնակավայրից հարավ-արևելք ընկած տարածքից գտնված ձեռքի կացինով։

❈ Հաջորդ փուլը՝ վաղ բրոնզի դար (IV-III հզ. մ.թ.ա.), ներկայացված է Հոռոմ 1 ամրոցի լանջերի կառույցներով ու թաղումներով։

Միջին բրոնզեդարյան մշակութային շերտը ներկայացված է գունազարդ անոթների բեկորներով (XIX-XVII դդ. մ.թ.ա.)։

Ուշ բրոնզ-վաղ երկաթեդարյան շերտը (XV-IX դդ. մ.թ.ա.) ներկայացված է Հոռոմ 2-ում և Հոռոմ 1-ի արևմտյան լանջերին, ինչպես բնակավայրում, ամրոցում, այնպես էլ՝ դամբանադաշտում։

Երկաթի դարի երկրորդ շրջափուլը (մ.թ.ա. VIII-V դդ.) ներկայացված է կարմիր անգոբապատ ուրարտական և էթիունյան և/կամ ուրարտականացված սև և մոխրագույն անոթներով և այլ առարկաներով։

❈ Հոռոմ 1-ում պահպանվել են նաև անտիկ և միջնադարյան շերտերը (III-IV, VII-X դդ.)։

Ամրոցներ

Հոռոմ 1՝ շրջապատված երեք պարսպաշարերով, առաջին պարսպաշարը՝ հյուսիսարևելյան լանջին, 52 մ երկարությամբ, ավարտվում է ուղղանկյուն աշտարակով։ Երկրորդ պարսպաշարը ընդգրկում է 1.2 հա տարածք, երրորդը՝ 1.7 հա, երկու մուտք՝ ուղղանկյուն աշտարակներով։

Հոռոմ 2՝ 74 մ բարձրությամբ բլրի վրա, տարածքը՝ 0.3 հա, պարսպաշարը՝ տեղ-տեղ մինչև 2 մ բարձրությամբ, տարածվում է հարավահայաց լանջերին։

❈ Բնակավայրում նկատվում են միաշար, երկշար պատերով բազմաթիվ կառույցներ, զուգահեռ ճանապարհ (2-2.5 մ լայնությամբ) և հարթ սալահատակով բազմամաս կառույցներ։

 

🔨 Գտածոներ
Պեղումներից հայտնաբերվել են խեցեղեն, մետաղե, քարե, օբսիդիանից և ոսկորից պատրաստված իրեր։

❈ Խեցեղեն՝ կենցաղային և ծիսական անոթներ։

❈ Ընդգծելի՝ իշխանության խորհրդանշաններ (կեռխաչեր, գավազանագլուխներ, գոտիներ, ոսկուց ականջօղ)։

Ուրարտական ժամանակաշրջանի նյութեր՝ դրոշմված հիերոգլիֆներով անոթի բեկորներ։

🌍 Նշանակությունը
Հոռոմի համալիրն ունի տարածքային և տարածաշրջանային նշանակություն, Շիրակի մարզի երկաթեդարյան ամենամեծ համալիրն է, համեմատելի Արարատյան դաշտի և Սևանի ավազանի կարևոր քաղաքային կենտրոնների հետ։ Այն ներկայացնում է բրոնզ-երկաթեդարյան նյութական մշակույթի զարգացման հարացույցը։

 

📜 Ավանդազրույցներ

❈ Հոռոմ անվանումը կապված է այն բանի հետ, որ 16-19-րդ դարերում թուրքերն օգտվել են ավերակ բերդից և վերագրել այն Ջինիվիզներին և բյուզանդացիներին, որոնց Ռում էին անվանում։ Գաղթական հայերը այն անվանել են Հոռոմ՝ հայերեն տառադարձման կանոններով։

❈ Մեկ այլ վարկածով, Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը հիմնել է փոքրիկ ամրոց, որի անունով էլ գյուղը կոչվել է Հոռոմ։

❈ Եւ ևս մեկ տարբերակ՝ Պարսկաստանից եկած հռոմեացու անունով է գյուղը անվանակոչվել։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հոռոմի գիտական հետազոտությունները սկսվել են 19-րդ դարի վերջերին՝ Ն. Մառի այցելությամբ։
1909 թ. Բ. Խալաթյանցը Հոռոմում պեղում է մ.թ.ա. II հզ. երկրորդ կեսին վերաբերող շուրջ երեք տասնյակ դամբարաններ։
1913 թ. Թ. Թորամանյանը` Ատրպետի ուղեկցությամբ, իսկ 1924 թ. միայնակ, այցելում է Հոռոմի ամրոց, հետազոտում, լուսանկարում այն և շուրջը տարածվող բնակավայրը։
1930 թ. Հոռոմում դիտարկումներ են կատարում Ա. Հաջյանը, Լ. Գլուզալյանը, Բ. Պիոտրովսին և Ե. Բայբուրդյանը։
1959 թ. Հոռոմի մատույցներում՝ Վարդաքար գյուղի տարածքում բացված սալարկղային վաղերկաթեդարյան դամբարանը հետազոտվել է Թ. Խաչատրյանի կողմից։
1967 թ. Թ. Խաչատրյանի կողմից Հոռոմում կատարվել է հետախուզական պեղումներ։ Հայտնաբերվել են վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանի իրեր՝ մ.թ.ա. III հզ. առաջին կեսին վերաբերվող (ՀՊԹ 2418/1-26)։
1987-1989 թվականներին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը Հոռոմի դամբանադաշտում պեղել է 180 ՈՒԲ և ՎԵ դարերին վերաբերող դամբարաններ։
1990-1993 թթ. Հոռոմի հուշարձանախմբի պարբերական ուսումնասիրություններով զբաղվել է հայ-ամերիկյան արշավախումբը (Ռ. Բադալյան, Ֆ. Կոլ)։ Արշավախումբը հետազոտել է երկու ամրոցակիր բլուրները, բնակավայրը, դամբանադաշտը։

🧱 Հնագիտական նկարագրությունը

Հոռոմի համալիրը բաղկացած է երկու միջնաբերդից՝ Հոռոմ 1 և Հոռոմ 2, որոնք համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային երկու բլուրներին։ Երկու միջնաբերդերի միջև հեռավորությունը կազմում է 320 մետր։ Տարածքը խիստ բլրային է, ռելիեֆը՝ անհարթ։
Հուշարձանը հյուսիսից և հյուսիսարևելքից հասնում է մինչ Գյումրի-Արթիկ ավտոճանապարհը, իսկ արևմուտքից՝ ժամանակակից Հոռոմ գյուղը։ Արևելքից և հարավից հուշարձանը ձգվում է մինչև դամբանադաշտը։ Բնակավայրը հյուսիս-հարավ առանցքով ձգվում է 700-800 մ, իսկ արևելքից-արևմուտք՝ 600-700 մ, ընդգրկելով շուրջ 40-55 հա (Badalyan et al. 1992, 35)։
Հնագիտական հետազոտությունների շնորհիվ ուրվագծվել է տարածքի բնակեցման փուլերը և ժամանակաշրջանները։ Ըստ հայ-ամերիկա-գերմանական արշավախմբի հետազոտությունների, Հոռոմի բնակեցման վաղագույն փուլը՝ վերին պալեոլիթն է, ինչի մասին է վկայում բնակավայրից հարավ-արևելք ընկած տարածքից գտնված ձեռքի կացինը (Badalyan et al. 1992, 35): Համալիրի բնակեցման հաջորդ փուլը՝ վաղ բրոնզի դարն է (IV-III հզ. մ.թ.ա.), որին վերաբերվում է Հոռոմ 1 ամրոցի լանջերի պեղումներով բացված կառույցներն ու թաղումները։ Միջին բրոնզեդարյան մշակութային շերտը Հոռոմում ներկայացված է գունազարդ անոթների բեկորներով (XIX-XVII դդ. մ.թ.ա.), որոնց հաջորդում է ուշ բրոնզ-վաղ երկաթեդարյան շերտը (XV-IX դդ. մ.թ.ա.), որը ներկայացված է Հոռոմ 2-ում և Հոռոմ 1-ի արևմտյան լանջերին։ Այս մեծ փուլը Հոռոմում ներկայացված է ինչպես բնակավայրում, ամրոցում, այնպես էլ՝ դամբանադաշտում։
Ամրոցում, բնակավայրում, դամբաններում կարմիր անգոբապատ ուրարտական և էթիունյան և/կամ ուրարտականացված սև և մոխրագույն անոթներով և այլ առարկաներով է ներկայացված երկաթի դարի երկրորդ շրջափուլը, որը Հոռոմում թվագրվում է մ.թ.ա. VIII-V դարերը։ Հոռոմ 1 ամրոցում վկայվել է նաև անտիկ և միջնադարյան շերտերը՝ III-IV, VII-X դարեր։
Հոռոմ 1 միջնաբերդը շրջապատված է երեք պարսպաշարերով, որոնք, ճիշտ է, ունեն շինարարական տեխնիկայի տարբերություններ, սակայն կառուցվել են նույն ժամանակաշրջանի տարբեր փուլերում։
Առաջին պարսպաշարը գտնվում է միջնաբերդի հյուսիսարևելյան լանջին։ Այն ձգվում է մոտ 52 մ և ավարտվում ուղղանկյուն աշտարակով։ Երկրորդ պարսպաշարը եզրագծում է բլուրը և բլրի հյուսիսարևելյան հատվածը։ Պարսպաշարը ընդգրկում է մոտ 1.2 հա տարածք, ունենալով 160 մ լայնություն և 100 մ երկարություն։ Պատերը այստեղ պահպանված են մինչև 2-3 մետր բարձրությամբ։ Պարսպաշարը երկու կողմից ունի մուտք, որոնք պաշտպանված են ուղղանկյուն աշտարակներով։
Երրորդ պարսպաշարը ընդգրկում է 1.7 հա հարթ տարածք։ Պարսպի պահպանված երկարությունը կազմում է 300 մ։ Այստեղ նկատվող 2-3 մ լայնությամբ մուտքը նույնպես պաշտպանված է երկու աշտարակներով։
Հոռոմի՝ հյուսիսային և հարավային բլուրներում բնականոն կյանքը խաթարվում է մ.թ.ա. I հզ. սկզբին՝ ուրարտական արշավանքների պատճառով։ Բնակավայրի գրավումից հետո, ուրարտացիները Հոռոմ 1-ի գագաթին կառուցում են միջնաբերդ, վերակառուցվում են պարսպաշարերը, բերդապարսպից դուրս ընկած տարածքներում հիմնում են նոր թաղամասեր։ Ճիշտ է, Հոռոմում ուրարտական ներկայությունը երկարատև բնույթ չի կրել, սակայն հստակ է, որ նոր ուրարտական ավանդույթներին զուգահեռ, շարունակվում է տեղական՝ երկաթեդարյան ավանդույթները։
Հոռոմ 2 ամրոցը տեղակայված է 74 մ բարձրությամբ բլրի վրա։ Ամրոցն ունի 0.3 հա մակերես։ Այն տարածվում է բլրի անհարթ գագաթին և հարավահայաց լանջերին։ Միջնաբերդը եզրագծված է պարսպաշարով, որը պահպանված լինելով տեղ-տեղ, երբեմն ունի մինչև 1.5-2 մ բարձրություն և շարված է ճեղքված, անմշակ խոշոր ժայռաբեկորներով։ Հյուսիսային հատվածում հիմնական պարսպին զուգահեռ առկա է ևս մեկը, որով ձևավորվում է երկրորդ դարավանդը։ Բլրի հարավային և հարավարևմտյան լանջերին տարածվում է բնակատեղին, որտեղ նկատվում են միաշար, երկշար պատերով ուղղանկյուն, բոլորաձև հատակագծով բազմաթիվ կառույցներ։ Բնակատեղիի տարածքում, առանցքով հյուսիս-հարավ, անցնում է 2-2.5 մ լայնությամբ զուգահեռ, 0.4-0.8 մ բարձրությամբ անմշակ քարերով շարված կողապատերով մի ճանապարհ։ Ճանապարհին կից են բազմաթիվ շինություններ։ Հարավային բլրի պեղումներից հիշատակելի է արևելյան հատվածում բացված բազմամաս կառույցը, որն ունեցել է հարթ սալահատակ (Badalyan et al. 1994, 16):

🔨 Գտածոներ

Հոռոմի ամրոց-բնակատեղիի և դամբանադաշտի պեղումներից հայտնաբերվել են խեցեղեն առարկաներ, մետաղից, քարից, օբսիդիանից, ոսկորից և այլ նյութերից պատրաստված իրեր։ Հայտնաբերված խեցանոթները ներկայացված են կենցաղային և ծիսական անոթներով։ Հիշատակելի են իշխանության խորհրդանշանները և համայնքում սոցիալական շերտավորում մատնանշող առարկաները (կեռխաչեր, գավազանագլուխներ, գոտիներ, ոսկուց ականջօղը, եգիպտական զուգահեռներով կոյաբզեզ-կախիկները և այլն)։ Ուրարտական ժամանակաշրջանին վերաբերող նյութերից ընդգծենք դրոշմված հիերոգլիֆ պատկերով և հետին մասում հաշվարկային կետանշաններով ուրարտական անոթի բեկորը։

🌍 Նշանակությունը

Հոռոմի հնագիտական համալիրն ունի տարածաշրջանային նշանակություն։ Այն բացառիկ է Հայաստանի հնագիտական հուշարձանների մեջ։ Շիրակի մարզի երկաթեդարյան ամենամեծ համալիրն է, որն իր չափերով և նշանակությամբ համեմատելի է Արարատյան դաշտի և Սևանի ավազանի կարևոր քաղաքային կենտրոնների հետ։ Հոռոմի ամրոց-բնակատեղին և դամբանադաշտն այն հուշարձաններից են, որտեղ դիտարկվում է բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի զարգացման հարացույցը։

📜 Ավանդազրույցներ

Ատրպետը Հոռոմ անվան հետ կապված հիշատակում է, որ 16-19-րդ դարերում թուրքերն օգտվելով ավերակ բերդից, վերագրել են դրան Ջինիվիզներին և բյուզանդացիներին, որոնց նաև Ռում են անվանել։ Այդ անվանումով (երբեմն՝ «Ռումկալա») արևելքի հին և նոր ժողովուրդները կոչում էին բոլոր հին ամրոցները, իսկ գաղթական հայերը հետևելով այդ ավանդույթին, ամրոցը կոչեցին Հոռոմ՝ հայերենի տառադարձման կանոնների համաձայն (Ատրպետ 1914)։
Առկա մյուս ավանդազրույցի համաձայն, Անիի թագավորի Հռիփսիմե անունով աղջիկը Ղալաչի լեռան վրա հիմնել է փոքրիկ ամրոց։ Վերջինիս անունով էլ գյուղը կոչվել է Հոռոմ։ Ավանդազրույցի մյուս տարբերակի համաձայն, Պարսկաստանում ապրող և Հոռոմ եկած մի հռոմեացու անունով է գյուղն անվանակոչվել (Ղանալանյան 1969, 185, պատմ. 491)։

📚 Սկզբնաղբյուրները

  1. Ատրպետ 1914 Շիրակի աչկատարեան (կիկլոպեան) ամրոցներ, Ազգագրական հանդէս, 1913, XXV, N2, էջ 168-188.
  2. Եգանյան Լ. 2015 (խմբ.) Շիրակը մշակույթի օրրան (ցուցահանդեսի կատալոգ), Գյումրի։
  3. Ղանալանյան Ա. 1969, Ավանդապատում, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 530 էջ։
  4. Badaljan B., Edens Ch., Kohl Ph., Tonikjan A. 1992, Archaeological Investigations at Horom in the Shirak Plain of Northwestern Armenia, 1990, Iran, Vol. 30, pp. 31-48.
  5. Badaljan B., Edens Ch., Gorny R., Kohl Ph., Stronach D., Tonikjan A., Hamayakjan S., Mandrikjan S., Zardarjan M. 1993, Preliminary Report on the 1992 Excavations at Horom, Armenia, Iran, Vol. 31, pp. 1-24
  6. Badaljan B., Kohl Ph., Stronach D., Tonikjan A. 1994, Preliminary Report on the 1993 Excavations at Horom, Armenia, Iran, Vol. 32, pp. 1-29.
  7. Badalyan R., Kohl P., Kroll S. 1997, Horom 1995. Bericht über die amerikanisch armenisch deutsche archäologische Expedition in Armenien, AMIT, Band 29, p. 191-228.
  8. Kohl Ph., Kroll S. 1999, Notes on the fall of Horom, Iranica Antiqua, XXXIV, p. 243-259
  9. Бадалян Р., Агекян О. 1993, Раскопки Оромского некрополя, Հնագիտական աշխատանքները Հայաստանի նորակառույցներում-1, Երևան, Հայաստանի ԳԱ հրատ., 1993, стр. 67-75.
  10. Мкртчян Р. 2001, Палеоантропология Оромского могильника, Ереван, Изд. Зангак-97, 2001, 120 с.
  11. Хачатрян T. 1975, Древняя культура Ширака III-I тыч. до н.э., Ереван, Ереванский гос. унив., 1975, 276 стр.

Հուշարձանների ցանկ

7.67.1 – Հոռոմ ամրոց
7.67.2 – Հոռոմ ամրոց
7.67.3 – Հոռոմ ամրոց
7.67.1.2 – Քաղաքատեղի «Հոռոմ»
7.67.1.1, 2.1, 3.1 – Դամբանադաշտ
7.67.1.2.1 – Զոհարան

📷 Լուսանկարներ

  1. Նկար 1 – Հոռոմի դիրքը (քարտեզ, անհրաժեշտ է)
  2. Նկար 2 – Հոռոմի համալիրի օրթոֆոտոպլանը (անհրաժեշտ է)
  3. Նկար 3 – Հոռոմի ամրոց-բնակավայրի գլխավոր հատակագիծը (Badalyan et al 1997, Abb. 3)
  4. Նկար 4 – Հոռոմ 1 և Հոռոմ 2 բլուրները (Հյուսիսային և հարավային, առաջին պլանում՝ Հոռոմ 2) (լուս.Բ.Վարդանյան)
  5. Նկար 5 – Հոռոմ 1 (տեսքը հյուսիսից) (լուս.Բ.Վարդանյան)
  6. Նկար 6 – Հոռոմ 1-ի երկրորդ պարսպաշարի հյուսիսային մուտքը (B1) (լուս.Բ.Վարդանյան)
  7. Նկար 7 – Հոռոմ 1-ի երկրորդ պարսպաշարից հատված (լուս.Բ.Վարդանյան)
  8. Նկար 8 – Հոռոմ 1-ի երկրորդ պարսպաշարի արևելյան հատվածի պարիսպը (B2, C1) (լուս.Բ.Վարդանյան)
  9. Նկար 9 – Հոռոմ 2 ամրոցը` տեսքը արևելքից (լուս.Բ.Վարդանյան)
  10. Նկար 10 – Հոռոմ 2 ամրոցի արևելյան հատվածում պեղված կառույցը (M1, M2) (Badalyan et al 1994, Fig. 16)

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ