Ամբերդ բերդ

Անվանումը` Ամբերդ բերդ
Հուշարձանի տեսակը` Ամրոց
Շրջան` Արագածոտնի մարզ
Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Ամբերդ ամրոց

Անվանումը այլ՝  Ամբերդ

Հուշարձանի տեսակը՝ ամրոց

Մարզը՝ Արագածոտն

Համայնքը՝ Աշտարակ

Բնակավայրը՝ Բյուրական գյուղ

Տեղադրությունը՝ Բյուրականից 6 կմ հյուսիս, Արագածի հարավային լանջին, Անբերդ և Արխաշան գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանի վրա:

Պահպանվածությունը՝ Մասնակի վերականգնված

Բարձրությունը՝ ծ.մ. 2160 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ X-XIV դդ., զարգացած միջնադար

Անբերդ բերդ

Ուսումնասիրության պատմություն

Ամրոցը ուսումնասիրվել է հայտնի հայ հնագետների կողմից՝ 1920-ական թվականներից մինչև 2000-ականները:

Հնագիտական նկարագրություն

Տեղադրություն
❈ Անկանոն եռանկյունի ամրոց՝ հզոր պարիսպներով, աշտարակներով ու երկու գլխավոր դարպասներով (Անբերդաձոր և Արխաշան):
Ներառում է՝
      • Դղյակ-միջնաբերդ
      • Կաթողիկե եկեղեցի (1026 թ.)
      • Մատուռ
      • Բաղնիք
      • Ջրամբարներ
      • Բնակելի և արհեստագործական շինություններ
      • Գաղտնուղիներ

Շերտագրություն
❈ Կառուցվել է X դարում, պատկանել է Պահլավունիներին:
❈ 1064 թ. գրավվել է սելջուկների կողմից, 1196 թ.՝ հայ-վրացական զորքերի կողմից Զաքարյանների գլխավորությամբ:
❈ Վաչուտյանների շրջանում ընդարձակվել է նոր պարիսպով՝ դառնալով ռազմական ու վարչական կենտրոն:
❈ XIII դարից կորցրել է ռազմական նշանակությունը և տարածվել որպես բնակավայր:
❈ Վերականգնման աշխատանքներ՝ 1970-ական և 2005-2007 թթ.:

Ճարտարապետություն

Պարիսպներ
❈ Կառուցված են բնականից լավ պաշտպանված հրվանդանի մասերում
❈ Համալրված կիսաբոլոր աշտարակներով
❈ Երկու գլխավոր դարպաս՝ Անբերդաձորի և Արխաշանի ձորի կողմերում

Դղյակ-միջնաբերդ
❈ Եռահարկ, խուլ պատերով, միջհարկային ծածկերով
❈ Առաջին հարկում՝ օժանդակ սենյակներ, վերևի հարկերում՝ բնակելի
❈ Հարավարևմտյան բուրգից բացվում է երկրորդ մուտք

Կաթողիկե եկեղեցի
❈ Կառուցվել է 1026 թ., կենտրոնագմբեթ, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներ
❈ Ներքուստ գլանաձև, արտաքուստ թմբուկով, զարդարված գնդաձև խարիսխներով
❈ Հարավային ճակատը առանձնահատուկ շքամուտքով

Բաղնիք
❈ Սրբատաշ քարերով, ուղղանկյուն հատակագիծ
❈ Լողասրահ, հանդերձարան և ջեռուցման սենյակ
❈ Ջրային համակարգ՝ երկաթե խողովակներ, բրոնզե ծորակներ
❈ Զվարճանքի և հանգստի վայրեր

Ջրամատակարարում
❈ Կավե խողովակաշար, երեք ջրամբար՝ բնակչության ու անասունների կարիքների համար
❈ Գաղտնուղիներ դեպի Անբերդաձոր

Մատուռ
❈ Փոքր, քառանկյուն, միայն հարավային մուտքով

Գտածոներ

❈ Խաչքարեր, ճարտարապետական դետալներ, խեցեղեն, մետաղե ու ապակե գտածոներ, դրամներ
❈ Առաջարկում են պատկերացում միջնադարյան Հայաստանի ռազմական, կենցաղային և շքեղ կյանքի մասին

Նշանակությունը

❈ Անբերդը մեկ է այն բացառիկ միջնադարյան ամրոցներից, որը ամբողջական ամրաշինական համակարգ է պահպանել
❈ XI-XIII դդ. կարևոր դեր է ունեցել Հայաստանի պատմության առանցքային ժամանակաշրջաններում

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Եր. Տեր-Մինասյանի արշավախումբ (Թ. Թորամանյան, Գ. եպս. Հովսեփյան, Ս. Տեր-Հակոբյան, Տարագրոս, 1922 թ.), Հ. Օրբելի (արևելագետ, 1936 թ.), Տ. Իզմայլովա (արվեստաբան, 1940-ական թթ.), Ն. Տոկարսկի, Ս. Հարությունյան (ճարտարապետ, հնագետ 1963-1972 թթ., 1991 թ.), Գ. Կարախանյան, Հ. Մելքոնյան (հնագետներ, 1989 թ.):

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Ամրոցն ունի անկանոն եռանկյունու ձև և ընդգրկում է պարիսպները՝ Արխաշանի և Անբերդաձորի դարպասներով, դղյակը՝ հյուսիսարևմտյան բարձրադիր մասում, Կաթողիկե եկեղեցին՝ բերդաքաղաքի կենտրոնում՝ Արխաշանի պարսպի մոտ, մատուռը, բաղնիքը, ջրամբարները, բնակելի և արհեստագործական շինություններ, գաղտնուղին:

Շերտագրություն
Կառուցվել է X դարում, պատկանել է Պահլավունիներին, եղել Բագրատունյաց շրջանի ռազմական հզոր հենակետերից մեկը: Պահլավունիները կառուցում են դղյակ-միջնաբերդը, պարիսպների մեծ մասը, եկեղեցին, բաղնիքը և այլ շինություններ: 1064 թ. ամրոցը գրավում են սելջուկները և դարձնում զորակայան: 1196 թ. Անբերդը սելջուկներից հետ են նվաճում հայ-վրացական միացյալ ուժերը՝ Զաքարյան եղբայրների գլխավորությամբ, որի մասին վկայում են 1965 թ. պեղումներով հայտնաբերված արաբատառ արձանագրությունը և այդ առթիվ 1200 թ. Անտառուտում կանգնեցված խաչքարի վիմագիրը: Զաքարյաններն Անբերդը հանձնում են Վաչուտյաններին, որոնք ամրոց-բնակավայրը շրջափակում են նոր, ավելի ընդարձակ պարիսպով, որն իր մեջ ներառում է ամբողջ հրվանդանը: Անբերդը դառնում է Վաչուտյանների ռազմական և վարչական կենտրոնը: Մոնղոլական արշավանքների արդյունքում ամրոցը հրդեհվում և ավերվում է, իսկ Վաչուտյանները ստիպված հեռանում են: XIII դ. վերջին Վաչուտյաններին հաջողվում է վերադարձնել Անբերդը մինչև Լենկ Թեմուրի արշավանքները: Այդ շրջանում Արխաշանի նոր դարպասից հրվանդանի լայնքով կառուցվում է կիսակլոր աշտարակներով պարսպապատը, և ամրոցն ամփոփվում է դղյակ-միջնաբերդի և նրան հարող փոքր տարածքի սահմաններում: XVI-XVII դդ., երբ ամրոցն այլևս գոյություն չուներ, նրա տեղում տարածվում է սովորական բնակավայր:
Վերականգնման աշխատանքներ են տարվել 1970-ական թթ., նաև 2005-2007 թթ.:

Ճարտարապետություն

Պարիսպները կառուցվել են բնականից լավ պաշտպանված հրվանդանի առավել խոցելի մասերում՝ համալրված կիսաբոլոր աշտարակներով: Պարիսպը սկսվում է միջնաբերդի արևմտյան պատից և 40 մ իջնելով դեպի ներքև ուղիղ անկյան տակ թեքվում է հարավ ու միանում ժայռերին: Պարսպի մյուս հատվածը սկսվում է հրվանդանի հարավարևելյան ծայրից, թեքվում հյուսիս-արևմուտք և անընդհատ ձգվելով միանում միջնաբերդին: Զաքարյանների շրջանում հրվանդանի հարավային և արևմտյան մասերում կառուցվել են կրկնակի պարիսպներ: Երկու գլխավոր դարպասները բացվում են Անբերդաձորի և Արխաշանի ձորի կողմերում:
Դղյակ-միջնաբերդը վերահսկում է ամբողջ ամրոցի տարածքը: Այն եռահարկ շինություն է` խուլ բարձր պատերով, գերանակազմ միջհարկային ծածկերով: Արևմտյան կողմում արտաքին պատերը ամրացված են կիսակլոր աշտարակներով, պատուհանները միայն հարավային կողմում են: Առաջին հարկում տեղակայված են օժանդակ, իսկ վերևի հարկերում բնակելի սենյակները, դեպի ուր տանում են հանդիսավոր աստիճանները: Բագրատունյաց շրջանում միջնաբերդի միակ մուտքը հարավային կողմից էր, որը փակվել է քարե դռնով: Զաքարյանների օրոք հարավարևմտյան բուրգից բացվել է երկրորդ մուտքը:
Կաթողիկե եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թ. և այստեղ հաստատել Անբերդ գավառի եպիսկոպոսական աթոռը: Եկեղեցին ուղղանկյուն պարագծի մեջ ներգծված խաչով կենտրոնագմբեթ կառուցվածք է: Առաջին եկեղեցիներից է, որ չորս անկյուններում ունի կրկնահարկ ավանդատներ: Արտաքին հարդարանքը զուսպ է: Ներքուստ գլանաձև, արտաքուստ 12 նիստեր ունեցող թմբուկը հարդարված է գնդաձև խարիսխներ ու խոյակներ ունեցող զույգ որմնասյուներով և պսակված լայն ծալքավոր հովհարաձև վեղարով: Ճակատների հարդարանքում բացառություն է կազմում հարավայինը, որն ընդգծված է սյունափնջերի վրա նստած կամարակապ շքամուտքով:
Ամրոցի կենցաղային կառույցների մեջ կարևոր է բաղնիքը, որը գտնվում է դղյակի և Արխաշանի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով: Ունի ուղղանկյուն հատակագիծ, որի երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղադրված են հանդերձարանը, լողասրահը և հնոցը: Լողասենյակն ու հանդերձարանն ունեն բաց երդիկներով գմբեթարդ առաստաղներ, իսկ ջեռուցման սենյակը` կամարակապ ծածկ: Պատերը ծածկված էին անջրաթափանց կրաշաղախով և պատած կարմրաներկ ցանցով: Տաք և սառը ջրերը կարգավորվել են երկաթե խողովակների և բրոնզե ծորակների միջոցով: Միջնադարյան Հայաստանում բաղնիքները նաև զվարճանքի, հանգստի վայրեր էին: Բաղնիքի կողքին հայտնաբերվել է Անբերդի ամրոցի տերերին հանգստի ժամանակ զվարճացնող ծաղրածուներից մեկի կմախքը` աքաղաղի ոսկորների ուղեկցությամբ:
Ջրամատակարարումը ապահովվել է կավե խողովակաշարով, կառուցվել են նաև մի քանի ջրամբարներ՝ պաշարման ժամանակ բնակչության և անասունների կարիքները բավարարելու համար: Դրանցից առաջինը գտնվում է դղյակի առաջին հարկում, երկրորդը՝ դղյակի հարավակողմում, իսկ երրորդը՝ բաց կլոր ավազանի տեսքով եկեղեցուց արևմուտք:
Ամրոցն ունի դեպի Անբերդաձորն իջնող գաղտնուղիներ՝ խողովակաշարի խափանման կամ թշնամու կողմից հայտնաբերման դեպքում ջրի աղբյուրին հասնելու համար:
Մատուռը գտնվում է բաղնիքից արևմուտք: Քառանկյուն հատակագծով փոքր թաղակապ շինություն է: Միակ մուտքը հարավային կողմից է:

🔨 Գտածոներ

Հայտնաբերված հնագիտական հավաքածուներում (ճարտարապետական դետալներ, խաչքարեր, խեցեղեն, մետաղե, ապակե գտածոներ, դրամներ) առկա ռազմարվեստի և դղյակի տերերի կենցաղում օգտագործվող առօրյա և շքեղ նմուշներն իրենց արժեքով կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև Առաջավոր Ասիայի հնագիտության համար:

🌍 Նշանակություն

Միջնադարյան Հայաստանի ամբողջական և կուռ ամրաշինական համակարգ ունեցող ամրոցներից մեկն է, որը XI-XIII դդ. կարևոր դերակատարություն ուներ Հայաստանի պատմության առանցքային դրվագների ժամանակ:

📚 Սկզբնաղբյուրները

  1. Հարությունյան Ս. 1978, Անբերդ, Երևան, «ՀՍՍՀ ԳԱ հրատ.», 110 էջ:
  2. Տեր-Ղևոնդյան Ա. 1971, Զաքարիայի և Իվանեի արաբատառ արձանագրությունը Անբերդում, Պատմաբանասիրական հանդես, N1, էջ 185-187:
  3. Измайлова Т. 1947, Керамика из раскопок в Анберде, Труды отдела Востока Государственного Эрмитажа, т. IV, с. 181-204.
  4. Орбели И. 1963, Баня и скоморох XII века, Избранные труды, Ереван, «Изд. А АрмССР», с. 316-322.
  5. Токарский Н. 1961, Архитектура Армении IV-XIV вв., Ереван, «Армгосиздат», 388 с.

Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.28/5

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձանները