Աղցքի հուշահամալիր
Aghtsk memorial
Aghtsk memorial
Aghtsk memorial
Aghtsk memorial

Աղցքի հուշահամալիր

Անվանումը` Աղցք

Հուշարձանի տեսակը` Դամբարանադաշտ

Շրջան` Արագածոտնի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Աղցքի հուշահամալիր

Այլ անվանում՝ Հայոց արքայական դամբարան

Հուշարձանի տեսակը՝ Դամբարան, եկեղեցի, բազիլիկ կառույց, հուշակոթողի մնացորդներ, քառակող կոթողներ, միջնադարյան գերեզմանոց

Մարզը՝ Արագածոտն

Համայնքը՝ Աշտարակ

Բնակավայրը՝ Աղձք գյուղ

Տեղադրությունը՝ Գտնվում է Աղձք գյուղի հյուսիսային մասում, Ամբերդ վտակի աջափնյա, բարձրադիր ափին:

Պահպանվածությունը՝ Դամբարանն ամբողջությամբ պահպանված է, եկեղեցու պատերը և մույթերը պահպանվել են 1,5-2մ բարձրությամբ, բազիլիկ կառույցից պահպանված է աստիճանաձև գետնախարիսխ և պատերի ստորին մասերը:

Կոորդինատները` N40°18’57    E 44°15’20

Բարձրությունը՝ ծ.մ. 1260 մ 

Դարաշրջանը և թվագրությունը՝ Հուշահամալիրը թվագրվում է վաղ միջնադարից մինչև ուշ միջնադար, IV-XVII դդ.:

🏛️ Աղցքի Թագավորական Դամբարանային Համալիր

🔍 Կարճ Պատմություն

Աղցքը հայտնի է որպես Արշակունյաց թագավորների դամբարանատեղի՝ եզակի վայրը, որտեղ պատմությունը շնչում է քարերի միջից։ Դամբարանն ու հարակից եկեղեցիներն ուսումնասիրվել են դեռևս 19-րդ դարի վերջից և պեղվել տարբեր փուլերով՝ վաղ և ուշ միջնադարյան արժեքավոր շերտերով։

🧱 Հնագիտական Համալիրը

📍 Տեղադրությունը
Աղցքը գտնվում է Արագածոտնի մարզում։ Համալիրը ներառում է դամբարան, երկու բազիլիկ եկեղեցի և հնագիտական կառույցների խիտ համախումբ։

🏰 Դամբարանը (Ք.հ. 364թ.)

❈ Թաղածածկ, կիսագետնափոր կառույց՝ սրբատաշ սև տուֆից։

❈ Ունի խորան և կողային խորշեր, որտեղ ամփոփվել են արքաների մասունքները։

❈ Խորշերի պատերը զարդարված են քանդակներով՝ խաչեր, որսի տեսարաններ, կենդանիների պատկերներ։

❈ Վերևի հարկը ծառայել է որպես աղոթարան։

⛪ Եկեղեցին (IV դ.)

❈ Վաղ քրիստոնեական բազիլիկ՝ պայտաձև խորանով և T-աձև մույթերով։

❈ Հայտնաբերվել են երեք մասունքատուփեր՝ արքայական տան անդամների մասունքներով։

❈ Համարվում է Հայաստանի ամենավաղ բազիլիկներից մեկը։

🏛️ Նորահայտ Բազիլիկան (VII դ.?)

❈ Բացահայտվել է 2017-ին՝ տուֆե սրբատաշ քարերով կառուցված մոնումենտալ կառույց։

❈ Ըստ հետազոտողների՝ ծառայել է որպես հոգևոր առաջնորդի գահադահլիճ։

🔨 Գտածոներ

❈ Թրծակավե շքաղյուսներ՝ պատկերող արջեր, ուղտեր, եղնիկներ, թռչուններ՝ սասանյան արվեստին բնորոշ ոճով։

❈ Խեցեղեն, մետաղե և ապակե բազմաթիվ գտածոներ։

🌍 Մշակութային նշանակություն

Աղցքի հուշարձանային համալիրը եզակի արժեք ունի՝ որպես վաղքրիստոնեական դամբարանային և եկեղեցական ճարտարապետության նմուշ։
Այն բացահայտում է Հայաստանի IV դարի հոգևոր, պատմական և արվեստագիտական ժառանգության ձևավորման փուլերը, դառնալով ազգային ինքնության խորհրդանիշ՝ որտեղ համադրված են հեթանոսական և քրիստոնեական մշակույթները։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Հ. Շահխաթունեանց (տեղագիր, 19-րդ դ.), Թ. Թորամանյան (ճարտարապետ, 20-րդ դ. սկիզբ): 

Հուշարձանախմբում պեղումներ են կատարվել 1974-1975թթ.  ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության կողմից, ղեկավար Հ. Սիմոնյան:

2001թ. Աղցքի համալիրում պեղումները վերսկսվեցին, ապա շարունակվեցին 2015-2021թթ., որոնք իրականացվել  են ‹‹Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն›› ՊՈԱԿ-ի կողմից` ղեկավար Հ. Սիմոնյան:

🧱Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Աղցքի հուշարձաններից հայտնին Արշակունյաց թագավորների դամբարանն է: Դամբարանի հյուսիսային կողմում տեղակայված է բազիլիկ եկեղեցին: Դամբարանից հարավ 2017թ. պեղումներով հայտնաբերվել է մոնումենտալ բազիլիկ մի կառույց: Հարավային թևում են տեղակայված նաև հուշակոթողի գետնախարիսխը, հնոցը:

Շերտագրություն
Աղցքի հուշահամալիրի բոլոր մոնումենտալ կառույցները թվագրվում են վաղ միջնադարով, IV դ. 60-ական թթ.: Ժամանակին ենթադրվել է, որ եկեղեցին կառուցվել է մի փոքր ուշ, սակայն վերջին տարիների պեղումների արդյունքները հիմք են տալիս առաջ քաշելու նոր տեսակետ, համաձայն որի եկեղեցին կառուցվել է դամբարանից առաջ և այստեղ նշանավոր հոգևոր կենտրոնի առկայությունն է պայմանավորել դամբարանի կառուցումն այս վայրում (Հ. Սիմոնյան): Զարգացած միջնադարում ևս համալիրը ակտիվ գործել է, պահպանվել են կառույցի հետքեր, խեցեղենի բազմաքանակ գտածոներ :

Ճարտարապետություն
Արքակայան դամբարանը (Ք.հ. 364թ.): Դամբարանի կառուցմանը նախորդող իրադարձությունների և Աղցքում արքաների մասունքների ամփոփման մասին վկայում են պատմիչները: Հայ-պարսկական պատերազմի սկզբում (364-368թթ.) պարսից արքա Շապուհը (309-379թթ.) հայերի ոգին կոտրելու համար հատուկ ջոկատ է ուղարկում Անի-Կամախ ամրոց՝ այնտեղ ամփոփված հայոց արքաների գերեզմանները քանդելու և մասունքները գողանալու նպատակով: Սակայն հայոց զորքը վերադարձնում է արքաների ոսկորները և, քանի որ հեթանոս ու քրիստոնյա թագավորների ոսկորները խառնված էին, ուստի նպատակահարմար են գտնում դրանք ամփոփել Աղցքում, այլ ոչ Սուրբ Էջմիածնում: 

Աղցքի դամբարանը արևելք-արևմուտք առանցքով, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ, կիսագետնափոր կառույց է (3,75×2,65×2,6մ): Արևելյան կողմում ունի կիսաշրջանաձև խորան, իսկ հարավային և հյուսիսային պատերի ուղղանկյուն, թաղածածկ խորշերում, ենթադրաբար, ամփոփվել են թագավորների ոսկորները: Խորշերի առջևի պատերի մեջ ագուցված են քանդակազարդ սալեր: Ողջ շինությունը կառուցված է սրբատաշ, սև տուֆով: Դամբարանն ունեցել է երկրորդ հարկ, որը, հավանաբար, ծառայել է որպես աղոթարան: Դամբարանի մուտքը արևմուտքից է: Դամբարանն ունի նաև քանդակներ, որտեղ ներկայացված են աշխարհիկ և կրոնական բազմաթիվ սյուժեներ՝ շրջանի մեջ ներգծված հավասարաթև խաչեր, «Դանիելը առյուծների գբում», որսի տեսարանը, տարբեր կենդանիների և թռչունների պատկերներ:

Աղցքի եկեղեցին-1970-ական թթ. պեղումների արդյունքում ամբողջությամբ բացվել է դամբարանի հյուսիսային կողմում տեղակայված բազիլիկ եկեղեցին: Եկեղեցին պայտաձև խորանով, հարավում ուղղանկյուն ավանդատնով, երկու զույգ մույթերով (հարավայինները T-աձև են, իսկ հյուսիսայինները` խաչաձև)  եռանավ բազիլիկ կառույց է:  Միակ մուտքը արևմուտքից է: Աղցքի եկեղեցին թվագրվում է IV դ. և համարվում է Հայաստանի վաղագույն բազիլիկներից մեկը: 2016թ. եկեղեցու խորանի առջև, սալահատակի տակ հայտնաբերվել են կարմիր և սև տուֆե երեք մասունքատուփեր, որոնց մեջ, ըստ ուսումնասիրողների ենթադրության՝ դրվել են արքայական տան անդամների մասունքները (Հ. Սիմոնյան): 

Նորահայտ բազիլիկ կառույցը– 2017թ. պեղումների արդյունքում հայտնաբերվել է արևելք-արևմուտք ուղղությամբ, տուֆե սրբատաշ քարերով կառուցված մի շինություն, որի պեղումները դեռ շարունակվումեն: T-աձև չորս զույգ մույթերով կառույցը բաժանված է կողային 2 նեղ և կենտրոնական ընդարձակ հատվածների: Հետազոտողների նախնական եզրակացության համաձայն՝ եռանավ շինությունը հանդիսացել է հոգևոր առաջնորդի գահադահլիճը կամ եկեղեցի, թվագրվում է վաղմիջնադարով (Հ. Սիմոնյան): 

🔨Գտածոներ

Աղցքից հայտնաբերվել են թրծակավե շքաղյուսներ, որոնց վրա պատկերված են տարբեր կենդանիներ (արջ, ուղտ, եղնիկ, թռչուններ): Ընդգծենք նաև, որ կենդանիները կրում են սասանյան արվեստին բնորոշ արքայական ժապավեն-վզնոցներ, Հայտնաբերվել են նաև խեցեղեն, մետաղե և ապակե բազմաթիվ գտածոներ:

🌍 Նշանակությունը

Հուշարձանը կարևոր նշանակություն ունի վաղքրիստոնեական դամբարանային կառույցների ճարտարապետության և պատկերագրության ձևավորման և զարգացման փուլերի ուսումնասիրման համար:

📚 Սկզբնաղբյուրները

Գրականություն

  1. Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն Հայոց 1913, աշխ. Մ. Աբեղյան եւ Ս. Յարութիւնեան, Տփղիս,, Արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, 306 էջ: 
  2. Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց1913, Թիֆլիս, տպ. Յր. Ն. Աղանեանցի, 407 էջ:
  3. Առաքելյան Բ. 1949, Հայկական պատկերաքանդակը IV-VII դարերում, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ.,128 էջ:  
  4. Մնացականյան Ս. 1982, Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձանները, Երևան, , ՀՍՍՀ ԳԱ հրատ., 196 էջ:
  5. Սիմոնյան Հ., Սաֆարյան Մ., Սիմոնյան Տ., Քալանթարյան Ն., Աթոյանց Ե. 2017-2018,, «Աղձքի արքայական դամբարանի պեղումների 2015-2017 թթ. արդյունքները», Հուշարձան տարեգիրք, ԺԲ-ԺԳ, էջ 27-29: 

Հուշարձանների ցանկ
Արագածոտն 2.8.1.

📷 Լուսանկարներ

  1. Աղցքի դամբարանի մուտքը ( Դ, Միրիջանյան)
  2. Դամբարանի կտրվածքն ու հատակագիծը ըստ ճարտարապետներ Թ. Թորամանյանի և Ն. Տոկարսկու:
  3. Հյուսիսային խորշի սալաքարերի պատկերագրությունը (լուս. Մ. Սաֆարյանի, էստամպաժը՝ Աշխարհբեկ Քալանթարի):
  4. Հարավային խորշի սալաքարերի պատկերագրությունը (լուս. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության
    ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից, էստամպաժը՝ Աշխարհբեկ Քալանթարի):
  5. Աղցքի եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից (լուս. Դ. Միրիջանյանի):
  6. Աղցքի եկեղեցու հատակագիծը (Սիմոնյան Հ., Սաֆարյան Մ., Սիմոնյան Տ., Քալանթարյան Ն., Աթոյանց Ե., «Աղձքի արքայական դամբարանի պեղումների
    2015-2017 թթ. արդյունքները», Հուշարձան տարեգիրք, ԺԲ-ԺԳ, Երևան, 2017-2018):
  7. Աղցքի վաղմիջնադարյան կառույցների հատակագիծը (Սիմոնյան Հ., Սաֆարյան Մ., Սիմոնյան Տ., Քալանթարյան Ն., Աթոյանց Ե. «Աղձքի արքայական դամբարանի
    պեղումների 2015-2017 թթ. արդյունքները», Հուշարձան տարեգիրք, ԺԲ-ԺԳ, Երևան, 2017-2018):
  8. Աղցքի հուշահամալիրի տեսքը վերևից (լուս. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից):
  9. Պատկերազարդ շքաղյուս (լուս. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից):

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

ԿԱՄ

Սկանավորել QR կոդը

Մոտակա հուշարձաններ