Աղջոց վանք

Աղջոց վանք

Անվանումը` Աղջոց վանք

Հուշարձանի տեսակը` Եկեղեցի-վանական համալիր

Շրջան` Արարատի մարզ

Ժամանակաշրջան` Միջնադարյան

Անվանումը՝ Աղջոց վանք

Այլ անվանումներ՝ Ախչոյ, Աղջուց, Աղճովանք, Աղջոց Սբ. Ստեփանոս

Հուշարձանի տեսակը՝ Վանական համալիր

Մարզը՝ Արարատ

Տեղադրությունը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց

Պահպանվածությունը՝ Եկեղեցիները կիսավեր են: Խիստ ավերված են միաբանության բնակելի, տնտեսական շինությունները, պարսպապատերը, գերեզմանոցը:

Կոորդինատները՝ 40o07’09”   44o43’23”

Բարձրությունը՝ ծ.մ. 1750 մ

Դարաշրջանը և թվագրությունը՝ Վանքի հիմնադրման ստույգ ժամանակի վերաբերյալ մատենագիր աղբյուրներում տեղեկություններ չեն պահպանվել: Հիմնական աղբյուր են ծառայում վիմագրերն ու ձեռագիր հիշատակարանները: Միաժամանակ ամենավաղ թվագրությամբ (1197 թ.) պահպանված 2 խաչքարերը վկայում են, որ այստեղ շատ ավելի վաղ շրջանից գոյություն է ունեցել վանական կյանք (Ս. Կարապետյան):
Գարեգին Հովսեփյանը թվագիր արձանագրությունների հիման վրա գլխավոր` Սբ. Ստեփանոս եկեղեցին թվագրում է 1212-1217 թթ.: Անվանի վիմագրագետ Ս. Սաղումյանը վիճարկել է Գ. Հովսեփյանի առաջ քաշած տեսակետը ու եզրահանգել, որ կառուցումը կապ չունի Զաքարյան և Խաղբակյան իշխանական տոհմերի հետ, որոնց ներկայացուցիչները հիշատակվում են արձանագրություններում, այն կառուցվել է հասարակության միջոցներով (900 դահեկան կամ 4 կգ ոսկի)` 1207 թ.:

Աղջոց Սուրբ Ստեփանոսի վանք

📍 Ուսումնասիրության պատմությունը

❈ Վանքի պատմությունն ու ճարտարապետությունը ուսումնասիրվել են հայտնի հայ հնագետների և արվեստաբանների կողմից:

❈ Համալիրի ուսումնասիրությունը բացահայտում է միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքը:

❈ Վանքը եղել է կարևոր կրոնական, կրթական և արվեստի կենտրոն՝ հարուստ վիմագրերով և քանդակներով:

🏺 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն

❈ Գառնու գյուղից 6 կմ հարավ-արևելք, համանուն գետի աջ հարավահայաց ձորալանջին։

Ճարտարապետությունը

❈ Համալիրն բաղկացած է Սբ. Ստեփանոս և Պողոս-Պետրոս եկեղեցիներից, գավթից և ուշ միջնադարյան պարսպապատից՝ բնակելի ու տնտեսական շինությունների մնացորդներով։

❈ Շինությունները կառուցված են կապտավուն սրբատաշ բազալտից։

Սբ. Ստեփանոս եկեղեցի

❈ Խաչաձև ներքին հատակագիծ, ուղղանկյուն արտաքին, երկհարկ ավանդատներով կենտրոնագմբեթ կառույց (մեծությունը՝ 9,85 x 8,32 մ)։

❈ Գմբեթատակ քառակուսից թմբուկ անցումը իրականացվել է առագաստներով, միակ մուտքը արևմտյան ճակատից։

❈ Պահպանվել են պատերը և թմբուկի ստորին շարքը, հատակը սալարկող սրբատաշ քարերով։

Պողոս-Պետրոս եկեղեցի (1270 թ.)

❈ Միանավ բազիլիկ կառույց, ավագ խորանին կից ավանդատներով և կիսաշրջան փոքր խորաններով։

❈ Առաջին անգամ հայ արվեստում հայտնվում են առաքյալների մարդահասակ քանդակները շքամուտքի կողմերում։

Գավիթ և լրացուցիչ շինություններ

❈ 1222-1234 թթ. կառուցված ընդարձակ գավիթ՝ հյուսիսային ու հարավային պատերի մասնակի պահպանությամբ։

❈ Որմներին ագուցված վաղմիջնադարյան բեկորներ, ներառյալ V-VII դդ. բնորոշ խաչերի սրբատաշ քարեր։

❈ Համալիրն ունեցել է սեփական ջրմուղ, ջրաղաց, ձիթհան և հյուրատուն։

❈ Վանքի մոտ 100 մ արևմուտք՝ խաչքարերով հարուստ գերեզմանոց, իսկ արևելյան և հյուսիսարևելյան կողմերում՝ գյուղի ավերակներ։

Պահպանություն և պատմական իրադարձություններ

❈ Վանքը կողոպտվել է XVII դ. սկզբին, տուժել 1679 թ. երկրաշարժից, 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումներից։

🛡️ Նշանակությունը

❈ Միջնադարյան Հայաստանի գրչության կենտրոն՝ պահված ձեռագրեր XV դդ.։

❈ Աչքի է ընկնում հարուստ արտաքին ու ներքին քանդակային հարդարանքով՝ աստղեր, «Ահեղ Դատաստան», արևային ժամացույց, «Դանիելն առյուծների գբում», թռչնաքանդակներ, խաչքարեր։

🔎 Ավանդազրույցներ

❈ Վանքի հիմնադրումը կապում են Գրիգոր Լուսավորչի անվան հետ՝ հռիփսիմյան կույսերի ու Ստեփանոս քահանայի ապաստան գտնելու պատմությամբ։

❈ Վանքում պահվել են Սբ. Ստեփանոսի և Սբ. Արիստակեսի աջերը։

🔍 Ուսումնասիրության պատմությունը

Վանքի պատմության և ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվել են Ղ. Ալիշանը, Ռուսաստանի կայսերական հնագիտական արշավախումբը (Վ. Սիսոև, Տարագրոս, Խ. Դադյան), ավելի հանգամանալից` Գ. արքեպիսկոպոս Հովսեփյանը, վիմագրագետ Ս. Սաղումյանը, արվեստաբան Լ. Զաքարյանը (քանդակային հարդարանք): Անդրադարձել են այլ հեղինակներ ևս (Հ. Էփրիկյան, Ն. արքեպիսկոպոս Ծովական, Ս. սարկավագ Կարապետյան):

🧱 Հնագիտական նկարագրությունը

Տեղադրություն
Գտնվում է Գառնի գյուղից 6 կմ հարավ-արևելք` համանուն գետի աջ հարավահայաց ձորալանջին:

Ճարտարապետություն
Բաղկացած է Սբ. Ստեփանոս և Պողոս-Պետրոս եկեղեցիներից, գավթից, ուշ ժամանակաշրջանում կառուցված պարսպապատից, որին կից պահպանվել են բնակելի ու տնտեսական շինությունների մնացորդներ: Համալիրի շինությունները կառուցված են կապտավուն սրբատաշ բազալտից:
Սբ. Ստեփանոս եկեղեցին ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, անկյուններում` թաղակապ, երկհարկ ավանդատներով կենտրոնագմբեթ կառույց է (արտաքին չափերը` 9,85 x 8,32 մ): Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի թմբուկն իրականացվել է առագաստների միջոցով: Միակ մուտքն արևմտյան ճակատից է: Հատակը սալարկող քարերը սրբատաշ են: Պահպանվել են պատերը, թմբուկի ստորին շարքը:
Սբ. Ստեփանոսին հյուսիսից կից Պողոս-Պետրոս եկեղեցին (1270 թ.) կառուցվել է Երեմիա վանահոր առաջնորդության ժամանակ: Միանավ բազիլիկ կառույց է` ավագ խորանին կից ավանդատներով` կիսաշրջան փոքր խորաններով: Հարավային պատին կից կա ուղղանկյուն հատակագծով ևս 2 ավանդատուն: Առաջին անգամ հայ արվեստում հայտնվում են Պողոս և Պետրոս առաքյալների մարդահասակ քանդակները եկեղեցու շքամուտքի աջ և ձախ կողմերում:
Հուշարձանախմբի վատ պահպանված շինությունը Սբ. Ստեփանոս եկեղեցուն արևմուտքին կից ընդարձակ գավիթն է, որը կառուցվել է 1222-1234 թթ. (Գ. Հովսեփյան): Մասամբ պահպանվել են միայն հյուսիսային (ներառյալ մուտքի քանդակազարդ շրջանակի արևելյան հատվածը) ու հարավային պատերը: Հզոր խարիսխներով ու խոյակներով 2 զույգ որմնամույթերին են հենվել հատվող բարձր կամարները, որոնք կրել են երդիկը (ինչպես Խորակերտում, Վարագավանքում, Դեղձուտում): Ենթադրաբար ևս մեկ մուտք եղել է հարավից (Ս. Կարապետյան):
XIII դ. կառուցված շինությունների որմերին ագուցված են վաղմիջնադարյան առանձին բեկորներ: Կիսավեր գավթի հյուսիսային պատի (արտաքուստ) որմնախորշի մեջ տեղադրված է V-VII դդ. բնորոշ, շրջանի մեջ առնված հավասարաթև խաչի պատկերով հին տաճարի բարավորի սրբատաշ քարը (Ս. Կարապետյան):
Ունեցել է սեփական ջրմուղ, ջրաղաց, ձիթհան և հյուրատուն: Վանքից մոտ 100 մ արևմուտք խաչքարերով հարուստ գերեզմանոցն է, իսկ արևելյան և հյուսիսարևելյան կողմերում գտնվում են համանուն գյուղի ավերակները:
Վանքը հարուստ է վիմագրերով, որոնց ճնշող մեծամասնությունը XIII դ. է: Գերեզմանոցում պահպանվել են XI դ. թվագրվող խաչքարեր (Ս. Կարապետյան):
Կողոպտվել է XVII դ. սկզբին, տուժել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ: 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումների ժամանակ ավիրվել են գլխավոր եկեղեցու գմբեթը, գավիթը և Պողոս-Պետրոս եկեղեցին:

🌍 Նշանակությունը

Եղել է միջնադարյան Հայաստանի գրչության կենտրոններից մեկը (ամենավաղ թվագրվող ձեռագիրը Վարդան Արևելցու «Դանիէլի Մեկնութիւն»-ն է` 1268 թ., պահպանվել են XV դդ. ձեռագրեր):
Վանքն աչքի է ընկնում հարուստ արտաքին ու ներքին քանդակային հարդարանքով (գլխավոր եկեղեցու բեմի ճակատի ութաթև աստղեր, «Ահեղ Դատաստան»-ի տեսարանը մուտքի բարավորին, հարավային պատին` արևային ժամացույց ու «Դանիելն առյուծների գբում» քանդակը, թռչնաքանդակներ, գեղաքանդակ խաչքարեր ևն):

📜 Ավանդազրույցներ

Ավանդությունը վանքի հիմնադրումը կապում է Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Հայաստանում ապաստան գտած հռիփսիմյան կույսերն իրենց ընկերակից Ստեփանոս քահանայի հետ, խույս տալով Տրդատ թագավորի հետապնդումներից, ապաստան են գտնում Գառնու ձորերում, սակայն երկար դեգերումներից հետո ապագա վանքի տեղում քահանան մահանում է, և նրա նշխարների վրա Դ դ. սկզբին Գրիգոր Լուսավորիչը կառուցում է վկայարան, ապա վանք` անվանակոչելով Աղջոց (կույսերի անունով):
Վանքում են պահվել Սբ Ստեփանոսի և Սբ Արիստակեսի աջերը:

📚 Սկզբնաղբյուրներ

Գրականություն

  1. Материалы по археологии Кавказа, собранные экспедициями Московского археологического общества. Вып. XIII / под ред. П. С. Уваровой и Х. И. Кучук-Иоаннесова. Москва, 1916, 245 с.
  2. Հովսեփյան Գ. 1928, Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, մասն 1, Վաղարշապատ, 304 էջ, մասն 2, Երուսաղեմ, Ս. Յակոբեանց տպ., 1942, 292 էջ, հտ. 3, Նյու Յորք, 1942/3, 247էջ:
  3. Սաղումյան Ս. 1986, Պատմական մի հուշարձանի կառուցման հարցի շուրջ, Պատմաբանասիրական հանդես, N 2, էջ 190-205:
  4. Զաքարյան Լ.. 2007, Աղջոց Սուրբ Ստեփանոս, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 276 էջ:
  5. Կարապետյան Ս. 2022, «Խոսրովի արգելոց» ուղեցույց, Երևան, ՀՃՈՒ հիմնադրամ, 128 էջ:

Հայաստանի պատմության թանգարանի արխիվ

Հուշարձանների ցանկ
Արարատ 3.99.1.1

📷 Լուսանկարներ

Հատակագիծը՝ Ս. Կարապետյան, 1980-ական թթ., ՀՃՈՒ հիմնադրամ

 

Եթե ձեզ անհրաժեշտ են բարձր լուծաչափով լուսանկարներ, խնդրում ենք դիմել նախագծին՝ [email protected] հասցեով։

Մոտակա հուշարձաններ